23 Դեկտեմբեր 2014, 11:47
5731 |

Բդից` հեռու, տոլմից` կուշտ. 10 նվեր ամանորին

Ունիկալ և արտասովոր իրերով հայտնի Eli.am-ի թիմը մեր փոխարեն մտածել է՝ ի՞նչ նվիրել Ամանորին։ Մտածել ու մի հարկի տակ հավաքել քաղաքի ամենայուրահատուկ նվերները: Imyerevan.com-ը վերցրեց լուսանկարչական ապարատն ու սկսեց փորփրել խանութի՝ հազար ու մի գժական նվերներով լցված դարակները: Ընտրեցինք ու առանձնացրեցինք յուրօրինակ նվերների տասնյակը:

Էլի գարուն կգա…
Այս նվերը մանր իրերի սիրահարները հաստատ կհավանեն: Ձմեռը ամենահարմար ժամանակը չէ հեծանիվ կամ սքեյթ վարելու համար, բայց սրանց օգնությամբ տանը կամ աշխատավայրում հնարավոր է մի պահ հիշել ամառային տաք օրերը:

 


Ամբողջ կյանքի համար

Նվեր, որ կօգտագործվի ամբողջ կյանքում: Փայտից պատրաստված օրացույցը բաղկացած է պատյանից, ամսվա օրերը ցույց տվող երկու խորանարդիկներից և տարվա 12 ամիսները հուշող երեք երկար փայտիկներից:

 


Երկաաաաաաար նվեր

Շաաաաատ երկար «Զեեեբր» անունով գլխարկ-շարֆը մեծ պահանջարկ ունի: Ի դեպ, այն պատրաստված է Հայաստանում եւ ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:

 


Ես նեռվային եմ

Ռուբլու կուրսից, դրամի արժեզրկումից, խոզի բդի թանկությունից հոգնած ու նյարդայնացած մարդկանց համար հիանալի նվեր. Հակասթրեսինը՝ նույն ինքը «Ճտասալիկ», օգնում է լիցքաթափվել, պարզապես հանում ես գրպանիցդ անձնական օգտագործման հակասթրեսինն ու… ճստ-ճստ-ճստ:

 


Դեղնուցակուլ ձկնիկը

Եղել է չէ՞, որ թխվածք կամ մեկ այլ ճաշատեսակ պատրաստելիս դժվարանաք ձվի դեղնուցը անջատել սպիտակուցից: Խոհանոցային աքսեսուար ռետինե ձկնիկը հաշված վայրկյանների ընթացքում կուլ կտա դեղնուցը ու կդնի Ձեր ընտրած տարայի մեջ:

 


Ալարկոտի երազանք

Ամանորին հաճախ այնքան ենք հոգնում, վազվզում այս ու այն կողմ, որ ալարում ենք նույնիսկ մեկ բաժակ սուրճ պատրաստել: Այս սարքն ամեն ինչ կանի ձեր փոխարեն՝ ապահովելով հիանալի տրամադրությւոն։

 


Ե՛վ հաց, և՛ խրախճանք

Ամանորի հասարակ թխվածքաբլիթներն այս գրտնակի շնորհիվ կդառնան տոնական: Նվերը հատկապես բարձր կգնահատեն գեղեցիկի սիրահարները:

 


Նանո-նվեր

Pebble խելացի ժամացույցները Bluetooth-ի միջոցով միանում են սմարթֆոնին: Այն գերազանց նվեր է հեծանվորդներին, վազորդներին, երաժշտության սիրահարներին ու նորարարական տեխնոլոգիաներով տարված մարդկանց: Pebble-ի համար հազարավոր ծրագրեր ու հավելվածներ են գրվել:

 


Սխալները ջնջող պահպանակ

Վտանգավոր նվեր ամուսնացած տղամարդկանց, էլ չենք խոսում կանանց համար: Փոխարենը նվերն ըստ արժանվույնս կգնահատեն կատակասերները: Ռետինով հնարավոր է ջնջել տառասխալներն ու ավելորդ տողերը:



Քիթ չսրբող թաշկինակը

Նոթատետրը հարմար նվեր է դասական ոճը գերադասողների համար: Փոքրիկ չարաճճիին կարելի է դնել արտաքին գրպանում: Դժվար թե իրական թաշկինակից տարբերություն նկատվի:

Այս թեմայով