21 Նոյեմբեր 2014, 11:50
510 |

Փողոցային սպորտի ապագան Հայաստանում


Նոյեմբերի 20-ին Երևանում «Զանգվածային սպորտի զարգացումը Հայաստանում» առաջին միջազգային կոնֆերանսն էր: Միջոցառման հատուկ հյուրն էր միջազգային Street workout կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը:

2012-ից Հայաստանում սկիզբ առած Street workout շարժումը երկու տարվա ընթացքում հասցրել է հարյուրավոր համախոհներ հավաքել Հայաստանի 18 քաղաքներում: Կոնֆերանսի ընթացքում հայաստանյան Street workout-ի համահիմնադիրներ Ղազար Հակոբյանն ու Արթուր Հարությունյանը ներկայացրին սպորտաձևի՝ Հայաստանում անցած ճանապարհը: Հայաստանում նույնպես workout-ով կարելի է զբաղվել ամեն տեղ ու ամեն վայրկյան՝ օգտագործելով նստարանները, խորհրդային տարիներից մնացած խաղահրապարակներն ու էլի հազար ու մի իրեր:

Սպորտաձևի վարպետները համոզված են՝ գաղափարը տարածելու համար շատ բան պետք չէ՝ ինքնանվիրում և ինքնակազմակերպում: Նախկին խորհրդային երկրներում Street workout-ով զբավելու համար հատուկ գույքի կամ պրոֆեսիոնալ մարզասարքերի կարիք չկա՝ 10 բակից 9-ում փոքրիկ հրապարակներ, պտտաձողեր ու հին մարզասարքեր կան: 

Միջոցառման հատուկ հյուր, միջազգային Street workout-ի ղեկավար Դենիս Մինինն առաջին անգամ չէր Հայաստանում: Նախորդ անգամ եկել էր մասնակցելու Mix battle fest միջոցառմանը։ Հայստանում սպարտաձևի զարգացումը բավականին բարձր է գնահատում, ավելին՝ խոստացավ 2015-ի Street workout-ի աշխարհի առաջնությունը կազմակերպել հենց Երևանում։

Մարդկանց առողջ ապրելակերպով ու մարզաձևով վարակելու լավագույն տարբերակը Դենիսը դեռ չի գտել, բայց արդեն 10 տարի համառորեն տարածում է իր գաղափարները: Workout-ը աշխարհում լայնորեն տարածվեց նաև նրա շնորհիվ. Մինինի մարզումների և տրյուկների հոլովակը Youtube-ում 5 մլն մարդ դիտեց:

Այժմ աշխարհի 75 երկիր պաշտոնապես միացել է Street workout շարժմանը: Ղազախստանում այն պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև: Ուկրաինայում շարժմանը միացել է 350 000, Ռուսաստանում՝ 200 000, Բելառուսում՝ 40 000, Ղազախստանում՝ 60 000 մարդ:

Ուկրաինայում սպորտաձևի տարածման համար անհրաժեշտ ծախսերը մասամբ հենց Դենիսն է հոգում հատուկ այդ նպատակով բիզնես է սկսել, եկամուտի մի մասը տալիս է ֆեդերացիային, վստահ է՝ տարիներ անց Street Workout-ը կփոխի մարդկանց կյանք ու միջավայրն ավելի հարմարավետ կդարձնի: Ներդրած փողը կտա ցանկալի արդյունքը:

Հայաստանում առողջ ապրելակերպի տարածման այս տարբերակին վերջերս խոստացավ օգնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինքն էլ զարմացավ, ծախսվող գումարը մեծ չէ, արդյունքը՝ աննկարագրելի արագ ու հուսադրող:


Այս թեմայով