29 Մայիս 2014, 16:46
2513 |

Փողոցային սպորտի փառատոն (տեսանյութ)

Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի խուլերի միավորման շենքում տեղի կունենա առողջ ապրելակերպի Mix Battle Fest – Armenia 2014 առաջին բացառիկ մարզա-ժամանցային միջազգային փառատոնը: Այն կմիավորի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են փողոցային վորքաութը (street workout), սպորտային մարմնամարզությունը, պարկուրը (Free Running), բրեյք-դանսը, կապոեյրան և արմռեսլինգը: Այդ մասին Արամի 80 հասցեում գտնվող «Բնակարանում» պատմեցին փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները՝ «Street Workout & Streetlifting Federation in Armenia» հասարակական կազմակերպությունը (streetworkout.am):

Համահիմնադիր և վարչության խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանի խոսքով՝ կազմակերպությունը նպատակ ունի առողջ կենսակերպ, ուժային փողոցային մարզանք քարոզել, ինչպես նաև մեր երկրում նոր հնարավորություններ ձևավորել առողջ և ինտելեկտուալ երիտասարդության զարգացման համար: Street Workout & Streetlifting Federation in Armenia-ի ղեկավար Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ հիմնական նպատակը ոչ միայն կոնկրետ փողոցային մարզական ոճերի առաջխաղացումն է, այլև առողջ կենսակերպի վերաբերյալ երիտասարդության ընկալումը: «Առողջությունը մարդու կյանքում կարևորագույն դեր ունի: Բայց մեր երկրում կան կարծրատիպեր, իբր պետք է մեծ գումար ծախսել մարզադահլիճում, որպեսզի լավ մարզավիճակում լինես: Մենք մեր օրինակով ուզում ենք ցույց տալ, որ բավական է պարզապես դուրս գալ փողոց և մարզվել»:

Փառատոնի մեկնարկը կտա զանազան փողոցային մարզական ուղղությունների մասնակիցների ցուցադրական շոուն, տեղի կունենան մրցություններ: Վերջում հանդիսատեսի համար կանցկացվի վարպետության դաս, իսկ ցանկացողները զուգափայտերի վրա կկարողանան տեղում փորձել իրենց ուժերը:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում ներկա կլինեն Street Workout միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը (Ուկրաինա) և գերմիջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը: Փառատոնը տեղի կունենա «Yerevan 2.0» նախագծի ու Yerevan Productions-ի աջակցությամբ:

Այս թեմայով