22 Հոկտեմբեր 2014, 16:01
1107 |

Պահպանվում է Ֆեյսբուքի կողմից

Պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը վերլուծում է Ֆեյսբուքի և մյուս առցանց գործիքների դերը վերջին տարիներին Երևանի պաշտպանության գործում՝ կինո «Մոսկվայի» ամառային դահլիճից մինչև Աֆրիկյանների շենքը, և փորձում հասկանալ, թե ինչ ապագա ունի քաղաքային ակտիվիզմը:

Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը Ֆեյսբուքի մե՞ջ է
Մի քանի տարի առաջ երիտասարդ դասախոսների համար նախատեսված ծրագրով հայտնվել էի ամերիկյան հայտնի համալսարաններից մեկում: Ինձ առաջարկեցին մի հոդված գրել Հայաստանին վերաբերող որևէ թեմայի մասին: Եվ ես, առանց կասկածելու, որոշեցի գրել «Հայաստանի ֆեյսբուքյան սերնդի» մասին: Շատ լավ հիշում եմ այդ օրը. նստած էի Սան-Ֆրանցիսկոյի դաունթաունում (երևանյան լեզվով ասած «փոքր կենտրոնում») մի սրճարանում, եղանակն արևոտ էր, ինչը ՍանՖրանցիսկոյի համար հազվագյուտ երևույթ է: Ինձ պատել էր լավատեսության մի ալիք. ես գրում էի Երևանի ակտիվիստների մասին, այն մասին, թե ինչպես են նրանք օգտագործում սոցիալական ցանցերը և ինտերնետի ընձեռած նոր հնարավորությունները: Գրում էի այն մասին, թե ինչպես չթողեցին, որ քանդվի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը և այն մասին, թե դրանից հետո քանի նոր նախաձեռնություն առաջացավ, և որքան անսպասելի էր այդ ամենը հին կարծրատիպերով մտածողների համար: Եվ ես համոզված էի, որ հենց նրանք էլ փոխելու են Երևանի դեմքը: Կամ, ավելի ճիշտ, չեն թողնի, որ Երևանի դեմքը կամայականորեն փոխվի:

Իհարկե, ես կասկածներ ունեի, որ այս ամբողջ ոգևորության պատճառը «պանդուխտի էֆեկտն» էր, երբ Հայաստանից հեռու լինելով սկսում ես այն պատկերացնել միայն վառ գույներով: Բայց երբ շուտով վերադարձա Երևան, պարզվեց, որ միայն ես չէի ոգևորված: Թվում էր, թե առաջադեմ և ընդդիմադիրոտ երևանցի երիտասարդությունն ապրում է երկու բանով. սոցիալական ցանցեր և քաղաքացիական ակտիվիզմ: Հենց նոր հաջողությամբ էր պսակվել կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի պահպանման համար պայքարը: Թվում էր՝ եթե հաջողվել է լուծել նման բարդ խնդիր, ապա այլ նմանատիպ խնդիրներ լուծելը լինելու է շատ ավելի հեշտ:

Ին՞ չ եղավ այս տարիների ընթացքում: Եթե ասեմ, որ իմ լավատեսությունն արդարացավ, և Երևանը դարձավ միանգամայն մի նոր քաղաք, թերևս սխալ կլինի: Բայց արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ ակտիվիզմը տապալվեց: Այսօր արդեն կարելի է սթափ հայացք նետել երևանյան ակտիվիզմի պատմության վրա և արձանագրել, որ այն անցել է բավականին լուրջ ճանապարհ, ունեցել է հաղթանակներ և պարտություններ: Այո, «ֆեյսբուքյան սերնդի» հետ կապված ոչ բոլոր հույսերն էին արդարացված: Բայց նաև, խոստովանենք, որ առանց դրա մեր քաղաքում շատ բան կարող էր լինել ավելի վատ, քան այսօր է:

Կյանքը Ֆեյսբուքից առաջ. նախաֆեյսբուքյան ակտիվիզմի պատմությունից
Իհարկե, Երևանում կար ակտիվիզմ Ֆեյսբուքից առաջ: Քաղաքացիական ակտիվիզմը թերևս նույնքան հին է, որքան Երևանը փոխելու մոլուցքը: Այն ժամանակ, երբ սկսվեց ամբողջապես կերպարանափոխվել Երևանի կենտրոնը, արդեն կային քաղաքացիներ, այդ թվում երիտասարդ, ում դուր չէին գալիս այդ փոփոխությունները, և նրանք չէին ամաչում դրա մասին բարձրաձայնել: Բայց նրանք քիչ էին, իսկ «մեսիջը» տեղ հասցնելու նրանց հնարավորությունները՝ սահմանափակ: Ես հիշում եմ այն ժամանակվա ակցիաները. տասը-տասնհինգ երիտասարդներ հավաքվում էին քանդման ենթակա որևէ շենքի մոտ, լուռ կանգնում այնտեղ, պարզում պաստառներ, երբեմն մոմեր վառում: Որոշ ակցիաներ ավելի բազմամարդ էին: Բայց այդ ակցիաների արձագանքը սահմանափակ էր: Իշխանական լրատվամիջոցները դրանց մասին ընդհանրապես չէին խոսում: Ընդդիմադիրները, ճիշտ է, խոսում էին, բայց նրանց համար այս ամենն ընդամենը «հանցավոր վարչակարգի» հանցավորության հերթական վկայությունն էր, և նրանք անիմաստ ու միամիտ էին համարում որևէ «տեղական նշանակության» խնդրի համար պայքարելը: Արդյունքում, այն մարդկանց, ում իրապես հուզում էր Երևանի պահպանման խնդիրը, պատել էր անօգնականության և հուսահատության մի զգացում: Հիշում եմ ընկերներիցս մեկի՝ այդ տարիներին գրված մի հոդված. նա փնտրում էր «քաղաքային պարտիզանին», քանի որ իրավիճակն այնքան անհույս էր, որ քաղաքն այլանդակող բութ և անհասկանալի ուժին կարող էր դիմակայել միայն «քաղաքային պարտիզանությունը»: Ցավոք, նա այդպես էլ չհայտնվեց: Բայց նրա փոխարեն երևանյան իրականության մեջ հայտնվեց մի նոր գործոն՝ Մարկ Ցուկերբերգը և յուր Ֆեյսբուքը:

150 դրամ, ի վերջո, չվճարեցինք
150 դրամ, ի վերջո, չվճարեցինք

Մարկ Ցուկերբերգը և հայ իրականությունը
Եվ ահա եկավ սոցիալական ցանցների, բլոգերի, Յություբի և այլ կիսահասկանալի ու անհասկանալի բառերի ժամանակը: Կասկածելի քաղաքաշինական նախագծերը մնում էին երևանյան իրականության անբաժանելի մասը: Ավելին, չի կարելի ասել, որ այդ նախագծերի դեմ ակտիվորեն պայքարող մարդկանց քանակը շեշտակի աճեց. ի վերջո, ամենաեռանդուն պայքարող ակտիվիստների քանակը միշտ էլ բավական փոքր էր: Բայց այժմ ակտիվիստների ցանկացած ակցիա, հատկապես եթե այն հետաքրքիր էր և անսպասելի, լուսաբանվում էր ինտերնետի ընձեռած հնարավորությունների միջոցով:

Մի քանի ակտիվիստներ իրենց նախաձեռնած ակցիային կարող էին հրավիրել հարյուրավոր մարդկանց, իսկ այդ ակցիայի լուսանկարները և տեսագրությունները Յություբում և Ֆեյսբուքում նայում էին հազարավոր մարդիկ: Ավելին, եթե որևէ ոստիկան ձեռք բարձրացներ ակտիվիստի վրա կամ որևէ դժգոհ չինովնիկ հայհոյեր ակտիվիստին, այդ տեսագրությունը կդիտեին արդեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Ֆեյսբուքյան քվեարկությունների արդյունքներով կամ էլ պարզապես «լայքերի» ու «ըթենդինգների» քանակով արդեն պարզ էր դառնում, որ այս կամ այն նախաձեռնությանը աջակցում են ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր, այլ հազարավոր և տասնյակ հազարավոր մարդիկ: Արդեն ոչ միայն ճղած ջինսերով «ջակի-ջուկի» երիտասարդներն էին տեղեկանում այս ակցիաների մասին, այլև այն մարդիկ, ում ընդունված է անվանել «ազգաբնակչության լայն շերտեր»: Հիշում եմ մի դեպք, երբ իմ բնակարանում վերանորոգում անող վարպետին սկսեցի պատմել երևանյան նախաձեռնություններից մեկի մասին, նա ինձ ընդհատեց՝ ասելով, որ այդ ամենի մասին շատ լավ տեղյակ է: «Ո՞րտեղից», — զարմացած հարցրեցի ես: «Յություբից», — անվրդով պատասխանեց զրուցակիցս:

Մաշտոցի պու- րակի էպիկական պայքարը. Ֆեյս- բուքի սերունդը հաղթեց, քանի որ «սիրուն չի»
Մաշտոցի պուրակի էպիկական պայքարը. Ֆեյս- բուքի սերունդը հաղթեց, քանի որ «սիրուն չի»

Երևանը՝ մարտադաշտ. Մաշտոցի պուրակի ճակատամարտը 
Վերջին տարիների ընթացքում Երևանը տեսել է բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ կամ, ինչպես ասում են ակտիվիստները, «պայքարներ»: Թերևս, դրանցից ամենաերկարատևն ու համառը Մաշտոցի պուրակի համար պայքարն էր: Չգիտեմ, գուցե պատճառն այն է, որ մասնագիտությամբ պատմաբան եմ, բայց Մաշտոցի պուրակի դեպքերն ինձ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտերը:

Ինչպես Առաջին աշխարհամարտի տարիներին, հակառակորդ բանակները խրամատներ էին փորում և ամիսներով, գերագույն լարման գնով պահում իրենց դիրքերը, այդպես էլ Մաշտոցի պուրակում էր: Մի կողմից՝ ակտիվիստները և մյուսից՝ քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը դիրքավորվել էին և ոչ մի գնով չէին ուզում զիջել: Առաջին աշխարհամարտի տարիներին կողմերը փորձում էին առավելության հասնել՝ երբեմն օգտագործելով անակընկալ հարձակումներ, երբեմն՝ նոր զենք կիրառելով, երբեմն էլ ճակատային գրոհների միջոցով: Այսպես էլ Մաշտոցի պուրակում էր: Մի ձմեռային գիշեր ոստիկանները փակեցին տարածքը և սկսեցին «բուտիկների» մոնտաժումը: Մի ուրիշ անգամ, թմբուկների թնդյունի ներքո ակտիվիստների «առաջապահ» գունդը՝ կազմված աղջիկներից, «ներխուժեց» բուտիկներ, և քանի որ մարտի 8-ն էր, ոստիկանությունը այլ տարբերակ չուներ, քան սահմանափակվել նրանց ծաղիկներ նվիրելով:

Ի վերջո, Մաշտոցի պուրակը վերածվեց մի յուրահատուկ Ավարայրի. ինչպես կասեր Եղիշեն, «ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Իհարկե, այս դեպքում թերևս ավելի ճիշտ կլիներ ասել, որ երկու կողմն էլ հաղթանակ տարան: Կարծում եմ, իրենք ակտիվիստներն էլ մինչ այժմ չեն եկել միևնույն հայտարարի, թե, ի վերջո, որն էր Մաշտոցի պուրակի պայքարի արդյունքը:

Այո, այգին պահպանվեց և բուտիկներն ապամոնտաժվեցին: Ծնվեց հայ ինտերնետի ամենատարածված և կենսունակ մեմերից մեկը՝ «Սիրուն չի, Տարոն ջան»: Մյուս կողմից՝ ակտիվիստներից շատերը գտնում էին, որ հարցը լուծվեց ոչ իրավական ճանապարհով, և բուտիկների ապամոնտաժումը գնահատում էին որպես նախընտրական փիառ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ: Առավել ևս, որ պուրակի մյուս կողմը մնաց անբարեկարգ և լքված:

Ակտիվիզմը և լայն զանգվածները. Փակ շուկան և Հարյուր դրամը.
Թերևս, Մաշտոցի պուրակի պայքարի ավարտը չառաջացրեց այն ոգևորությունը, որը կարող էր, նաև այն պատճառով, որ Երևանի պահպանման համար մղվող պայքարի ճակատում մեկ այլ տեղ ակնհայտ անհաջողություն գրանցվեց: Փակ շուկան, որը Երևանի խորհրդանիշներից մեկն էր, վերածվեց մի սովորական շոփինգ մոլի: Պարզվեց, որ շուկան իր ճաշակով ձևափոխող օլիգարխը կարող է հավաքել մի ամբողջ բանակ, ընդ որում՝ դրա համար բոլորովին անհրաժեշտ չեն սոցիալական ցանցերը:

Սա այն դառը պահերից մեկն էր, երբ ակտիվիստները գիտակցեցին, որ սոցիալական ցանցերը երբեմն անզոր են, իսկ Ֆեյսբուքում ստացված հազարավոր լայքերը դեռևս չեն նշանակում, որ փողոցում կլինեն թեկուզև հարյուրավոր ցուցարարներ: Մինչդեռ, հակառակ կողմում հայտնվեցին մարդիկ, ում ամենօրյա ապրուստը կախված էր մեկ օլիգարխից: Բացի դրանից, ինչը թերևս ոչ պակաս կարևոր է, նրանցից շատերը ազնվորեն չէին հասկանում, թե ինչու են տարօրինակ, ոչ այնքան «հայեցի» շորերով երիտասարդներն այդպիսի աղմուկ բարձրացրել «կռիսանոցի» համար:

Փակ շուկայի «վերակառուցման» ժամանակ քիչ չէին մարդիկ, ովքեր դուրս էին եկել ակ- տիվիստների դեմ
Փակ շուկայի «վերակառուցման» ժամանակ քիչ չէին մարդիկ, ովքեր դուրս էին եկել ակտիվիստների դեմ

Փակ շուկան այն առիթն էր, երբ ակտիվիստներին շատերը սկսեցին մեղադրել «կյանքից կտրված լինելու», «ժողովրդին չհասկնալու», «վիրտուալ իրականությամբ ապրելու» և այլ նմանատիպ մեղքերի մեջ: Շուտով երևանյան ակտիվիստները ստացան այդ մեղադրանքները հերքելու փայլուն հնարավորություն: Քաղաքապետարանը որոշեց բարձրացնել քաղաքային տրանսպորտի ուղեվարձը և ի հայտ եկավ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնությունը: Այժմ արդեն չէր կարելի ասել, որ Արևմուտքից ֆինանսավորվող գրանտակեր մասոնները և երևանյան փոքրաթիվ հիփսթեհիփսթերուհիները փորձում են օրվա հացից զրկել «հասարակ ժողովրդին»: Ընդհակառակը, նրանք հայտնվեցին մարշրուտկայի համար վերջին հարյուր դրամը վճարող տատիկ-պապիկների պաշտպանի դիրքում: Թերևս ամենահետաքրքիրը «Հարյուր դրամի պայքարի» օրերին այն էր, որ թանկացման դեմ ամենաակտիվ հանդես եկողներն այն մարդիկ էին, որոնց կարելի է դասել «միջին խավի» շարքերին: Բազմաթիվ հաջողակ երիտասարդ (և ոչ այնքան երիտասարդ) մարդիկ՝ բիզնեսմեններ և մենեջերներ, ծրագրավորողներ և ճարտարապետներ, նույնիսկ երգիչներ և դերասաններ, սկսեցին իրենց մեքենաներով անվճար տեղափոխել մարդկանց, անուններն ու «չվացուցակները» բոլոր ցանկացողների համար հրապարակվում էին պայքարի կայքում, ֆեյսբուքյան էջում: Այն մարդիկ, ում մեղադրում էին «վիրտուալ իրականությունում» ապրելու և «հասարակ ժողովրդից» հեռու լինելու մեջ, հայտնվեցին հենց այդ «հասարակ ժողովրդի» կողքին: Արդյունքը հետևեց շատ շուտով. քաղաքային իշխանությունը հրաժարվեց թանկացումից: Եվ, չնայած պաշտոնյաները, գծատերերի հետ միասին, համոզում էին, որ առանց թանկացման Երևանի քաղաքային տրանսպորտի համակարգը կաթվածահար կլինի, արդեն մեկ տարուց ավելի պահպանվում է հին գինը:

Ակտիվիստներն ու Աֆրիկյանների շենքը
Ակտիվիստներն ու Աֆրիկյանների շենքը

Աֆրիկյանների շենք. արդյոք սա ակտիվիզմի վե՞րջն է
Եվ վերջապես այս տարի տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը գուցե եզրափակեց մի ամբողջ փուլ երևանապահ ակտիվիզմի պատ-մության մեջ: Հայտնի Աֆրիկյանների շենքը, որի համար պայքարը արդեն վաղուց էր տարվում, ի վերջո ապամոնտաժվեց (ինչպես և մնացած նման դեպքերում՝ իշխանությունները պնդում են, որ այն պետք է վերականգնվի): Մինչև վերջերս ակտիվիստներին հաջողվում էր պահել Աֆրիկյանների շենքը, այնտեղ անգամ համերգներ էին կազմակերպվում, Աֆրիկյանների շենքը, ասում էին ակտիվիստները, «պահպանվում է հասարակության կողմից»: Եվ ահա այսօր այդ շենքն այլևս չկա, համենայն դեպս՝ իր տեղում:

Աֆրիկյանների ակումբի շենքին չօգնեց այն, որ ակտիվիստներին միացան Տիգրան Համասյանն ու Արթուր Իսպիրյանը
Աֆրիկյանների ակումբի շենքին չօգնեց այն, որ ակտիվիստներին միացան Տիգրան Համասյանն ու Արթուր Իսպիրյանը

Այն, ինչ տեղի էր ունենում Աֆրիկյանների շենքի շուրջ, հիշեցնում էր Մաշտոցի պուրակի պատմությունը, բայց այս անգամ ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ մոտ ապագայում ընտրություններ չկան կամ, որ չափազանց լուրջ շահեր էին ներգրավված այս խնդրում: Լսվեցին նաև ձայներ, որոնք ասում էին, թե ակտիվիզմը այն ձևով, որով կար վերջին տարիներին, սպառել է իրեն, որ Ֆեյսբուքի խմբերով և Յութուբի հոլովակներով արդեն ոչ ոքի չես զարմացնի և անհրաժեշտ են նոր մեթոդներ (ճիշտ է, որոնք են նոր մեթոդները, սովորաբար չի նշվում):Իհարկե, հիասթափությունը հասկանալի է:

Բայց, կարծում եմ, դեռևս վաղ է քաղաքային ակտիվիզմը համարել անցած փուլ: Այո, քաղաքային ակտիվիստները գուցե և չկարողացան հասնել այն ամենին, ինչի համար պայքարում էին: Այո, գուցե նրանք շատ տարվեցին ինտերնետով և տեխնոլոգիաներով և ինչ-որ պահի ինչ-որ չափով դարձան Ֆեյսբուքյան վիրտուալ իրականության պատանդը: Բայց, ակտիվիստների բոլոր հաղթանակներն ու պարտությունները հաշվի առնելով, կարծում եմ, որ այսօր մեր քաղաքը մի փոքր ավելի լավն է, քան կարող էր լինել: Եվ, ի վերջո, «ակտիվիստը» ոչ պաշտոն է, ոչ էլ մասնագիտություն: Ակտիվ քաղաքացի դառնալու ճանապարհը յուրաքանչյուրիս համար բաց է: Իրոք, Ֆեյսբուքով այսօր ոչ ոքի չես զարմացնի: Բայց, թերևս արդեն ստեղծվել է այն օնլայն գործիքը, որի միջոցով իրենց ձայնը լսելի կդարձնեն վաղվա ակտիվ քաղաքացիները:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով