12 Օգոստոս 2013, 13:16
2563 |

Եկա, տեսա, հասկացա

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության, պլանավորման և պահպանման ֆակուլտետի ղեկավար, ճարտարապետ Մարկուս Դոչանթսկին Yerevan Productions ընկերության հրավերով Երևանում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրեց Global Textures ճարտարապետության ու դիզայնի սահմանների մասին դասախոսությունը:

Հայաստանի ու Երևանի մասին
Այս տարվա սկզբին Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներիս Մոսկվա էի տարել, որտեղ ծանոթացանք Skolkovo մենեջմենթի դպրոցի նախագծին: Այնտեղ հանդիպեցի Ռուբեն Վարդանյանին ու ճարտարապետ Թիմ Ֆլինին, ով Ռուբենի նախաձեռնությամբ Դիլիջանում կառուցվող դպրոցի վրա է աշխատում: Առաջարկեց ուսանողներիս հետ Հայաստան այցելել ու մտածել, թե ինչ նախագիծ կարող ենք ներկայացնել Դիլիջանում: Մտածեցի, որ շատ եմ լսել Հայաստանի մասին, հայ ընկերներ ունեմ, բայց երբևէ չեմ եղել այնտեղ: Ի դեպ, համալսարանում իմ օգնականը ազգությամբ հայ է: 1995-ին առաջին անգամ ծանոթացա ազգությամբ հայի հետ: Ընդհանրապես, երբ Հայաստանի մասին լսում էի, միանգամից մտքիս էր գալիս ընկերս, ով Լոնդոնում է ապրում: Այնքան ջերմ ու ուրախ անձնավորություն է, որ ուզում էի գնալ ու տեսնել նրա հայրենիքն ու հասկանալ՝ այդ ի՞նչ տեղ է, որ մարդիկ միշտ ծիծաղում են, դրական էմոցիաներ են հաղորդում: Նյու Յորքում էլ շատ հայ ընկերներ ունեմ, ու բոլորն էլ ուրախ մարդիկ են:
Երբ ուսումնասիրում ես Հայաստանը, ակնհայտ է դառնում, որ երկիրը շատ հնարավորություններ ունի, նաև խնդիրներ, որոնք ևս կարելի է հնարավորության վերածել ու օգտագործել: Բայց որքան էլ ուսումնասիրես տվյալ քաղաքը հեռվից հեռու՝ օգտվելով բազմաթիվ աղբյուրներից, կարևորագույն խնդիրը քաղաքի բնակիչներն են, մարդիկ, ում կյանքին պետք է ծանոթանաս հենց տեղում:

Երևանյան փողոցները ակտիվ են, լի կյանքով, այստեղ այնքան շատ են բացօթյա սրճարանները և շատ ուրախալի է, որ մարդիկ օգտվում են հանրային տարածքներից: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ երևանցիները սիրում են դրսում լինել, բոլորը հետիոտներ են, առավել ևս, որ եղանակն այստեղ բարենպաստ է նման ժամանցի համար: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե ավտոմեքենաների կայանատեղերը գետնանցումներում լինեին, և այս հարցը խստացվեր:
Դեռ չեմ հասցրել շատ բան նկատել, բայց մի բան ակնհայտ է՝ մարդիկ չափազանց ջերմ ու հյուրընկալ են: Կարծում եմ՝ մարդիկ այստեղ հավասարակշռված են, միգուցե նյույորքցիների հետ եմ համեմատում, դրա համար: Փողոցում երթևեկությունը շատ ակտիվ է, բայց ոչ ոք չի գոռում կամ հայհոյում: Հաճելի է, որ բնա-կելի վայրերը ծայրամասերում չեն, սա բակերի քաղաք է. բակից բակ ես անցնում ու հանկարծ ռեստորանի առջև ես դուրս գալիս, նման հայտնագործությունները այնքան հաճելի են: Շատ տպավորիչ էր Կասկադը, շատ հետաքրքիր լուծումներ են օգտագործվել աստիճան-ներն ու մյուս էլեմենտները իրականացնելու համար: Բայց ամենամեծ հայտնագործությունը սպասն էր:

Երկնաքերերի մասին
Չգիտեմ՝ որքանով ճշգրիտ է այս տեղեկությունը, բայց Երևանը քամու շրջանառության լավ համակարգ ունի: Դա է պատճառը, որ օդի աղտոտվածությունը այստեղ նվազագույն մակարդակի է հասնում. քամին ինքն իրենով օդափոխում է քաղաքը, իսկ օդային միջանցքները չափազանց կարևոր են: Եթե Երևանը շարունակի զարգանալ, ապա բարձրահարկ շենքերը կավելանան այստեղ:

Նյու Յորքի մասին
Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր, Նյու Յորքը միայն ինքնաթիռից եմ պատկերացնում: Սիրում եմ դիտել քաղաքները օդից, կարծես քարտեզ լինի, մտովի փոքրացնում եմ տարածքն ու հասնում մինչև իմ ամենասիրելի հատվածը, որտեղ սուրճ եմ ըմպում:

Փոփոխությունների մասին
Քաղաքը պետք է փոփոխությունների ճկուն համա-կարգ ունենա, վստահ եմ: Չես կարող կանգնեցնել մայրաքաղաքում կամ մարզկենտրոնում ընթացող ճարտարապետական աճը, որովհետև հենց դա է բավարարում մարդկանց պահանջները ամեն ոլորտում: Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել մեր անցյալը՝ կառույցների միջոցով, որովհետև հենց դրանք են փոխանցում մեզ մշակութային ու պատմական ժառանգությունը: Համոզված եմ, յուրաքանչյուր ժամա-նակաշրջան պետք է իր լեզուն ունենա: Պետք չէ չափազանց սենտիմենտալ լինել, հարկավոր է պարզա-պես կառավարել այդ աճն ու նրա մասշտաբները, հրավիրել լավագույն մասնագետների ու գործել, որովհետև եթե քաղաքը աճելու ու զարգանալու պահանջ է զգում, պետք է օգնես նրան: Օրինակ՝ Նյու Յորքը կառուցված է առաջխաղացման ու զարգացման վրա: Այն պահին, երբ այդ աճը դադարեցվի, քաղաքը կմահանա: 100 տարի հետո մարդիկ ասելու են՝ «Նայեք, սա 2012 թվականին է ստեղծվել»:

Հաճախորդների մասին
Մալավիում աղջիկների համար նախատեսված ակա-դեմիա է կառուցվում: Ես զբաղվում եմ դիզայնով: Կառուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Այս ակադեմիայի հիմնադրումը Մադոննայի գաղափարն էր: Վերջերս էլ Նյու Յորքում պարային ստուդիայի դիզայն էի իրականացրել, որի սեփակա-նատերերից մեկը Գվինեթ Փելթրոուն է: Նախագծերս իրոք բազմազան են՝ համալսարանից մինչև խոհանոց: Պատվիրատուների մեջ էլ ում ասես չես տեսնի:

Ուսուցիչների մասին
Կուռքեր չունեմ, ունեմ ուսուցիչներ: Չկա կոնկրետ մեկը, ով ոգեշնչում է ինձ, քանի-որ բազմաթիվ հրաշալի ու տաղանդավոր մարդիկ են ազդեցություն ունեցել ինձ վրա: Անպայման ցանկանում եմ նշել Օսկար Նիմայերի աշխատանքը, որ ոգեշնչել է ինձ դեռևս ուսանողական տարիներից: Զահա Հադիդի հետ աշխատելու ընթացքում շատ բան եմ սովորել, նույնը կարող եմ ասել նաև Արատա Իսոզակիի հետ աշխատելու մասին: Դա իմ առաջին աշխատանքային փորձն էր՝ ճարտարապետության համալսարանի ուսանող էի ու հնարավորություն ստացա վերապատրաստվելու Ճապոնիայում: Արատա Իսոզակիի գրասենյակում սկսեցի աշխատել՝ համեստ, տաղանդավոր անձնավորություն, ով բացեց աչքերս ճարտարապետության գլոբալ աշխարհի վրա: Այժմ էլ շարունակում եմ ոգեշնչվել ու սովորել, օրինակ՝ հենց ուսանողներիցս:

Բանաձևի մասին
Ես այն մարդկանցից եմ, ով վստահ է՝ աշխարհը, ինքն իրենով, արդեն գեղեցիկ ու հիասքանչ է: Կարծում եմ բանաձևս հենց դրանում է՝ տեսնել, նկատել ու հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր գեղեցիկ ու յուրահատուկ է: Երբ շրջապատված ես տարբեր կրոններ ու քաղաքական ուղղվածություններ ունեցող երկրներով, մի հետաքրքիր եզրակացության ես գալիս՝ ընդունելով դիմացինիդ կրոնն ու քաղաքական կողմնորոշումները, աշխարհը հիասքանչ կդարձնես: Ծննդավայրից ոչինչ կախված չէ, մարդ պետք է ինքը վաստակի իր հավատքն ու մտածելակերպը՝ որպեսզի հասկանա, թե ով է: Ճարտարապետությունը նորաձևություն չէ, այն, քիչ թե շատ, մշտական բնույթ է կրում: Որևէ կառույց ես ստեղծում, որը ազդեցություն է ունենում ոչ միայն այնտեղ ապրող մարդկանց, այլ նաև շրջապատի վրա: Ճարտարապետությունը, արվեստն ու մշակույթը կամուրջ են մարդկանց միջև:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով