05 Դեկտեմբեր 2014, 13:01
1269 |

Ստեփան Սաֆարյան. «Ուելբեքը դեղամիջոց է»

Հոկտեմբերի 4-ին The Club ակումբում «Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագրի շրջանակներում անցկացվեց գրքի հերթական քննարկումը։ Այն կազմակերպել էր «Անտարես» հրատարակչությունը և Ժամանակակից արվեստի միությունը։ Այս անգամ քաղաքագետ, «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայ գրքասերերին ներկայացրեց վերջին քսանամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները», որը հայերեն թարգմանվեց այս տարի։

«Մինչ ես մտածում էի, թե ո՞ր գիրքն ընտրել քննարկման համար՝ պարզվեց, որ ցանկում հանդես եկող մնացած բոլոր վեպերն արդեն «զբաղված» են։ Մնացել էր միայն Ուելբեքը», - խոստովանում է Սաֆարյանը։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ փաստորեն գիրքն է ընտրել իր ընթերցողին, ստիպում է Սաֆարյանին էլ ավելի պատասխանատվությամբ վերաբերվել գործին։ «Ուելբեքի վեպը միայն գեղարվեստական ստեղծագործություն չէ, որտեղ ճամփորդում ես հեղինակի երևակայությամբ ստեղծված աշխարհում»։ Ըստ Սաֆարյանի՝ պատմությունը երկու բաղադրիչներից է բաղկացած՝ գիտական և էրոտիկ։ Ընդ որում, եթե այս երկուսից մեկը բացակայի՝ վեպը կդառնա չոր, գիտական կամ պոռնոգրաֆիկ ստեղծագործություն։

Ուելբեքը ժխտում է ժամանակակից կյանքի բոլոր գաղափարներն ու սկզբունքները՝ կրոնը, բոլոր հնարավոր գաղափարախոսություններն ու, ի վերջո, «սպառողական դաս» հասկացությունը։ Իր կարծիքով՝ քաղաքակրթությունը սպառվել է, և վեպում հերոսների՝ կյանքից ինքնակամ հեռանալը խոսում է ապագայում հենց քաղաքակրթության ինքնասպան լինելու մասին։ Ըստ նրա՝ նմանատիպ գրողներ շատ անհրաժեշտ են ժամանակակից աշխարհին։ Նույնիսկ եթե նրանք սխալ լինեն, և իրենց մարգարեությունը չիրականանա, նրանց գրքերը մարդկությանը կստիպեն մտածել և վերանայել արժեքները, - «Ափսոսում եմ, որ հայ հասարակությունում բացակայում են այնպիսի հեղինակներ, որոնք կկարողանային մատնանշել մեր սխալ արժեքները, թեկուզ և այն տարբերակով, ինչպես Ուելբեքն արեց»։

Ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը հրատարակվել էր 1998-ին, և շատ քննադատների կողմից համարվում է կարևոր գրական ստեղծագործություն, քանի որ ընդգծում է երկու հազարամյակների միջև անցումային փուլը։ 1998-ին Ուելբեքը արժանացել է «Նոյեմբերի մրցանակ» հեղինակավոր գրական պարգևին։ Մրցանակի հիմնադիր Ֆիլիպ Դեները բողոքեց մրցանակը Ուելբեքին շնորհելու համար և հրաժարական տվեց։

Այս թեմայով