23 Հուլիս 2014, 14:21
10282 |

Երևանի «սյուռ» դեմքերը. մաս առաջին

Ցույցը ցույց չէ առանց Սասուն պապի, ՀՀԿ տատի ու Գասպարիի: Քաղաքում ոչ մի ցուցադրություն ու բեմականացում չի անցնում առանց Մաշայի, մետրոն դատարկ է, երբ վագոնում չէ Ալվարդը կամ Բախշի պապը: Երևանի հայտնի երևանցիների ցանկը. մաս առաջին:

Գևորգ
«Ես ձայնակցում եմ Երևանին»,-ասում է Գևորգը: Հյուսիսային պողոտայի «Պեպիտոն» Երևանին ձայնակցում է ինքնամոռաց: Ասում է' փողը երբեք չի հետաքրքրում նրան. նվագում է, որովհետև չնվագել չի կարող: Երազում է խումբ ունենալու մասին, ու այն մասին, որ իրեն այլևս չխանգարեն նվագել անտաշ անցորդները, որովհետև երբ նեղացած է ու անտրամադիր, նվագել չի կարողանում:

 


Սասուն պապ
«Մեր ազգը խորը քուն ա մտած, հազար տարին մեկ ա իր ցավերի մասին հիշում: Մանիշակ ենք, բա ի՞նչ ենք»: Սասուն պապի այս խոսքերը լսել է ցանկացած երևանցի, ով վերջին մի քանի տարում գոնե մեկ անգամ ինչ-որ ցույցի կամ հավաքի է մասնակցել: Զինվորական համազգեստով, եռագույն գլխարկով ու միշտ ժպտերես աշխարհի ամենաբարի «քնած մանուշակը» ապրում է Երևանում ու վաղուց արդեն դարձել է քաղաքի խորհրդանիշերից մեկը:

 


Մաշա տատ
Քաղաքում ոչ մի ցուցադրություն ու ներկայացում առանց նրա չի անցնում: Քիմիկոս Մաշան վաղուց հասկացել է, որ արվեստն ամեն ինչի կենտրոնն ու աղբյուրն է: «Արվեստի գաղտնիքը գտնելուց հետո հասկանում ես՝ չկա քաղաքականություն, կրոն, ոչինչ, կա միայն մարդ արարած»,-ասում է նա: Երևանի բոլոր տոմսավաճառներն ու հսկիչները նրա բարեկամներն են: Մաշան միշտ տոմս ունի: Նրա մասին ոչ միանշանակ կարծիքներ են հնչում, բայց դա քաղաքի ամենաարվեստասեր կնոջը չի հուզում: Նա շտապում է. ներկայացումից ուշանալ չի կարելի:

 


Կոնդեցի Փիրուզ
Միշտ սիրահարված, միշտ բոհեմային ու երազող նկարչուհի Փիրուզն ամբողջ կյանքը նվիրել է նկարիչներին' բնորդ աշխատելով: Նա աշխարհին ու մարդկանց միշտ նայում է զարմացած: «Ես անընդհատ զարմացած եմ, ոնց որ էրեխան, ինչ տեսնում եմ՝ մոտենում եմ, նայում, շոշափում», -ասում է Փիրուզը: Երևի դրա համար են կոնդեցիներին իրեն «տուրիստ» անունով կնքնել: Կոնդի «տուրիստի» համար տունը հյուրանոց է, օրվա մեծ մասը դրսում է. վաճառում է իր նկարները:

 


Շերիֆ Աբո
Երիտասարդի առույգությամբ 75-ամյա Շերիֆ Աբոն Կենտրոնի ամենահայտնի բնակիչներից է: Կովբոյին բնորոշ քայլվածքով, մետաղապատ կոշիկները գետնին հարվածելով՝ Աբոն արդեն ինչքան ժամանակ է՝ զարմացնում է երևանցիներին: Իր մասին պատմել չի սիրում, բայց մեծ սիրով ցույց է տալիս իր գործը. նա կոշիկներ է պատրաստում: Եթե հայտնվեք Շերիֆի «թագավորությունում», հանկարծ չհարցնենք նրա անցյալի ու սպիների պատմության մասին. սրանք հարցեր են, որոնք Աբոն չի սիրում:

 


ՀՀԿ տատիկ
ՀՀԿ-անունով կնքված ու երբեմն Սուսան, երբեմն էլ Էմմա անունով ներկայացող տատիկը Երևանի ամենասկանդալային դեմքերից է: Մասնավորապես, նաև այն պատճառով, որ չի սիրում լրագրողներին ու բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն «կպնել» հարազատ կուսակցությանը: ՀՀԿ տատիկը հատկապես դեմ է բողոքի երթերին ու ցույցերին: Նա է «պորտը տեղը դնում» հանդուգն ցուցարարների, ովքեր համաձակվում են ասել, որ «բալը թանկ է», կամ դեմ են կենսաթոշակային ֆոնդերին: «Ինչ էլ անի մեր կառավարությունը, լավ կանի, իրանք շատ լավ գիտեն, թե ոնց անեն, ու դուք չէ, որ պիտի իրանց սովորացնեք»,-համոզված է տատը:

 


Գասպարի
ՀՀԿ տատիկի «դասակարգային թշնամին» Վարդգես Գասպարին է: Ավելին' նրանք մի անգամ հանդիպել են, բայց քանի որ Գասպարին գետնին պառկած էր ու որոշել էր չխոսել, նրանց հանդիպումը կարճ տևեց: Հանդիպումից հետո ՀՀԿ տատին անկեղծացավ՝ Գասպարիին առանձնապես լուրջ չի վերաբերվում: Շատ իզուր, Վարդգես Գասպարին հայտնի է բազմաթիվ ակցիաներով ու ոստիկանների հետ «տետ-ա-տետ մարտերով», որոնց մեծ մասն ավարտվում է նրան բերման ենթարկելով: Քչերը գիտեն, որ Գասպարին գործարար է, ընկերության տնօրեն, որն արդեն քանի տարի է' պայքարում է բյուրոկրատական քաշքշուկների դեմ:

 


Լևոն
Հայտնի «ռոլիկ քշող պապիկը» զարմացնում է բոլորին իր պատանեկան եռանդով: Ամեն օր Լևոնն ականջակալներով դուրս է գալիս փողոց՝ շրջելով մայրաքաղաքում իր քառանիվ կոշիկներով՝ չզլանալով ժամանակ առ ժամանակ բարդ հնարքներ կատարել և գրավել անցորդների և վարորդների ուշադրությունը: Մարդիկ տարբեր բաներ են խոսում նրա մասին՝ «խելագար է», «ախպար է կամ ընդհանրապես արտասահմանցի», նույնիսկ՝ «լրտես»: Եվ քչերին է հայտնի, որ Լևոնը մասնագիտությամբ կիբեռնետիկ է, աշխատել և դասավանդել է պոլիտեխնիկում: Ու մի օր արմատապես փոխել իր կյանքը:

 


Ալվարդ
«Տարբեր տեսակի խաչբառեր, անձեռոցիկներ, ծամոններ»: Չկա մետրոյով երթևեկող մարդ, ում ծանոթ չի տիկին Ալվարդի ձայնը: Նա մետրոյաբնակ է արդեն 17 տարի' այն օրից, երբ կորցրեց «Հայէլեկտրո» գործարանի աշխատանքը: Տիկին Ալվարդն աշխատանքից չի դժգոհում, թեև օրեր են լինում, որ գրեթե ոչինչ չի վաճառում: Ասում է' երբեք մարդկանց շատ մոտ չի գնում ու չի ստիպում ինչ-որ բան առնել'«Ավելի լավ է սոված մնամ, քան մարդկանց ստիպեմ կամ համոզեմ ապրանքս առնել»: Ալվարդի հետ մետրոյում է նաև որդին,որը մեծացել է մետրոյի ուղևորների աչքի առջև:

 


Բախշի պապ
Ալվարդի «կորպորատիվ» մրցակիցն է Բախշի պապը: Ճիշտ է' տարբեր բաներ են վաճառում, բայց նույն տեղում են, շուկան նույն է: Պապը գրիչներ է վաճառում ու դժգոհ չէ առևտրից. օրվա վերջում տոպրակում ոչինչ չի մնում, իսկ թե մնում էլ է' նվիրում է: Մետրոյի աշխատողները նրան շատ են սիրում, բարի է ու առատաձեռն: Բախշի պապը 3 տասնամյակ ոստիկանությունում է աշխատել, բայց թոշակի անցնելուց հետո գրիչներ է վաճառում: Արդեն 5 տարի մետրոյի մշտաբնակը ամենաշուտն է աշխատանքի գալիս: Մետրոյի աշխատողներն ասում են' «երբեք չի ուշանում ու երբեք չի բացակայում»:

Այս թեմայով