16 Մայիս 2013, 17:06
3333 |

Սասուն պապի քնած մանուշակները

Սասուն պապը 76 տարեկան է: Չորս երեխա ու թոռներ ունի: Կնոջից վաղուց է բաժանվել: Երկար տարիներ միայնակ է ապրում: Ինքն իր հետ՝ ինքն իր հոգսերով, իր ազգի հոգսերով: Հավատում ու մյուսներին էլ փորձում է հավատացնել, որ ավելի լավ ժամանակներ են գալու:

Սասուն պապի հետ ծանոթացա, երբ մանուշակները դեռ քնած էին: Հունվար ամսվա վերջին օրերն էին. Երևանի փողոցները հաճախ էին բազմամարդ լինում: Աշխույժ էր hատկապես Ազատության հրապարակը: Էդ օրերին Սասուն պապը երկու հասցե ուներ՝ մեկն իր տունը, մյուսն էլ էնտեղ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու ժողովուրդը: Հանրահավաքների ընթացքում մեկ-երկու անգամ խոսել էի պապի հետ, մի քանի անգամ էլ լուսանկարել: Իսկ նա մարդկանց դեմքերը կարողանում է մտապահել: Մի օր մոտեցավ, թե «ինձ ե՞րբ ես նորմալ նկարելու»: Ու ես նկարեցի, ու նաև գրեցի…

Սասուն պապը չունի ո՛չ բջջային, ո՛չ քաղաքային հեռախոսահամար, համացանցից էլ չի օգտվում, թեև գիտի, որ սոցցանցերում, ինչպես իրական կյանքում, իր մասին շատ են խոսում: Ժամադրվելու համար մեզ մնում էր միակ՝ XXI դարի համար բավական էքտրեմալ տարբերակ՝ էս ինչ ժամին, էս ինչ վայրում: Հանդիպեցինք Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, մարտ ամսի ինչ-որ մի օր, ինչ-որ ժամի: Ոտքով քայլեցինք դեպի մոտակա կանգառն ու նստեցինք Նոր Նորքի երկրորդ զանգվածով անցնող առաջին պատահած ավտոբուսը: Շուկային մոտ կանգառում իջանք, սկսեցինք քայլել: Սասուն պապի համար ես՝ լրագրողս, էդ պահին հյուր էի, իսկ նրա համար հյուրերին «տեղը տեղին» դիմավորելն ու ճանապարհելը պատվի հարց է: Ու քանի դեռ ես իրավիճակն էի գնահատում, պապի գնումների տոպրակները գնալով կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում էին...

Հասանք տուն: Սասուն պապն ապրում է Տորք Անգեղի արձանի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկում: Ուշադիր անցորդը հաստատ կկռահի՝ ում տունն է, հատկապես, եթե աչքովդ ընկնի մուտքի դռան վերևում գտնվող՝ Սասուն պապի փոքրիկ կիսանդրին: Պապն ապրում է տան երկրորդ հարկի մեկսենյականոցում, բայց առաջին հարկում գտնվող երկու առանձին սենյակների կողպեքներն էլ չեն ժանգոտվում: «Ներքևի հարկում ավելի հով է, հատկապես ամռան շոգին, երբ հյուրեր եմ ունենում, նրանք նախընտրում են էդ հովին քնել», -ասում է նա:

Տան երկու հարկերն էլ իսկական թանգարան են հիշեցնում: Արցախյան շարժման առաջին օրից երդվյալ ֆիդայի դարձած պապը բոլորին սիրով ցույց է տալիս իր տունն ու զրույցը համեմում անցած-գնացած օրերի հուշերով: Տան ամեն անկյունը հագեցած է միայն նրան բնորոշ իրերով՝ լուսանկարներից մինչև ծաղրանկարներ, եռագույներ և այլն: Իսկ ամենից շատ պապը հպարտանում է իր մասին պատմող փաստագրական ֆիլմերով և արտասահմանյան պարբերականներում տպագրված հոդվածներով: Ու համեստորեն է խոսում իր՝ չորս լեզվի իմացության մասին: Մայրենիից բացի խոսում է նաև ռուսերեն, անգլերեն ու ադրբեջաներեն:

Սասուն պապը՝ նույն ինքը Սասուն Մխիթարյանը, ծնվել է 1937-ի մարտի 27-ին Տավուշի մարզի Արծվաբերդ՝ նույն ինքը՝ Ղրղի գյուղում: Սասուն անունը կնքել է 4 եղբայրներից մեկը՝ Սասունցի Դավթի պատվին: Մայիսի 12-ին երեխայի ծննդյան վկայականը ստանալիս արդեն 85-ը բոլորած հայրը, մտածելով, որ սա իր վերջին զավակն է, որոշեց անունը դնել Աստվածատուր: Արդյունքում նորածինն ունեցավ երկու ծննդյան օր ու երկու անուն:

Ծատուր, Աստվածատուր կամ Սասուն պապը մեր քաղաքում առավել հայտնի է որպես «քնած մանուշակ»: Հենց այս կերպ է նա դիմում բոլոր ծանոթ-անծանոթներին: «Մեր ազգը խոր քուն ա մտած, հազար տարին մեկ ա իր ցավերի մասին հիշում: Մանիշակ չենք, բա ի՞նչ ենք»,- կարծում է նա: Իր այգում էլ մանուշակներ կան, բայց մարտի սկզբին Նորքի երկրորդ զանգվածում ձյուն-ձմեռ էր, մանուշակն էլ՝ դեռ հողի տակ քնած: Սասուն պապը խոստացավ, որ հենց մանուշակը դուրս գա, ինձ էլի կհրավիրի իր տուն:

Այգու մանուշակները քնից արթնացան իմ առաջին այցից մոտ երկու շաբաթ հետո: Ու ես պապին հյուրընկալվեցի երկրորդ անգամ: Այգին Սասուն պապի պարծանքներից է: Էստեղ ինչեր ասես, որ չի աճեցնում՝ ծիրան, տանձ, խաղող, պնդուկ, հոն: Ու, իհարկե, ծաղիկներ: Նախապես տեղյակ լինելով գալուս մասին՝ անակընկալ էր պատրաստել. աքրոստիքոս՝ իմ անվան տառերով: Ավելի ուշ հասկացա, որ աղջիկներին աքրոստիքոս ձոնելը նրա մոտ բարի ավանդույթ է: Առհասարակ, պապը գրել-ստեղծագործել սիրում է:

 Վերջին այցիս մասին նախապես չէի զգուշացրել: Բայց զրույցի ժամանակ անկեղծացավ. սպասում էր: Զարմացա. պապին շնորհավորելու ոչ ոք չէր եկել: Մենք նրա միակ հյուրերն էինք: Ասաց, որ առաջին ծննդյան օրը՝ մարտի 27-ին, շատ մարդ էր եկել, քեֆ-ուրախություն է եղել տանը: Փաստորեն, երկրորդ ծննդյան տոնն ավելի համեստ ստացվեց` երկու հյուր, ծննդյան տորթ, մոմեր ու մտքում պահված ինչ-որ երազանք:

Մայիսին պապի այգին անճանաչելիորեն փոխվել էր: Կանաչել էր ու թարմությամբ էր բուրում: Ծառերի վրա երևում էին առաջին պտուղները, ծաղիկները բացվել էին: Ու միայն մանուշակն էր նորեն խորը քուն մտել, ու նորեն՝ մեկ տարով:

Այս թեմայով