21 Հուլիս 2014, 12:07
5863 |

Քնքուշ մաչոները

Ուժեղ տղամարդ՝ պատրաստ աշխարհը պատառ-պատառ անել, բայց միևնույն ժամանակ՝ քնքուշ, ռոմանտիկ, զգացմունքային. ոչ թե տղամարդ, այլ իսկական մուրազ: Այն էլ՝ հասանելի: imyerevan.com կայքը գտավ տարբեր մարզաձևերի ուժեղագույն հայ ներկայացուցիչներին, որոնք համատեղում են իրենց մեջ երկու՝ առաջին հայացքից անհամատեղելի հատկանիշեր՝ ուժ և քնքշություն:

Վլադիմիր Սիմոնյան, մարտեր առանց կանոնների մարզաձևի Եվրոպայի, Իրանի, Ուկրանինայի և Հայաստանի հնգակի չեմպիոն
Քնքշությունը հրաշալի հատկանիշ է, որը ես անսահման գնահատում եմ: Բայց, գրողը տանի, իմ մեջ այն չկա: Ոչ, ես կոպիտ չեմ, պարզապես այդ քաղցր-մաղցր զգացմունքայնությունն իմ մեջ չկա: Կարծում եմ, որ դա ամեն դեպքում իմ կենսակերպի հետ է կապված: Բայց քնքուշ լինելը, միանշանակ, հրաշալի հատկանիշ է:

 


Սերգեյ Ասատուրով, ուժային եռամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ
Քնքշության ամսին խոսելը շատ պատասխանատու գործ է: Բայց այնուամենայիվ, մարզիկների մեծ մասը բարի է ու նուրբ: Դա իրականում իր բացատրությունն ունի: Մարդը, ով ժամերով մարզվում է, պարզապես չի կարող բացասական լիցքեր ունենալ: Մարզումները հոգին մաքրում են: Եվ երևի հենց սա է պատճառը, որ ուժի հետ համատեղ մարզիկները միաժամանակ քնքուշ են ու բարի:

 


Արմեն Չափողյան, արմռեստլինգի աշխարհի չեմպիոն
Իմ ուժը ես միայն սպորտում եմ կիրառում: Իսկ, առհասարակ, ես շատ քնքուշ եմ, հատկապես երեխաների ու կանանց հետ:

 


Վրեժ Սեդրակյան, արմռեստլինգի աշխարհի չեմպիոն
Լինում են իրավիճակներ, երբ պարզապես հնարավոր չէ նուրբ ու հոգատար չլինել: Օրինակ' վերջերս մի աղջկա հետ ծանոթացա. քայլում էինք ու հանկարծ անձրև սկսվեց: Ես նրան ձեռքերի վրա առա ու վազեցի, որ հնարավորինս քիչ թրջվի:

 


Սևակ Մանուկյան, եռամարտի աշխարհի չեմպիոն
Ուժեղ մարդիկ ռոբոտներ չեն: Նրանք նույնպես թուլություններն ունեն ու դրանցից մեկը քնքշությունն է, հատկապես, երբ հարցը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին է վերաբերում:

 


Վահագն Խաչերյան, փողոցային մարտիկ
Քնքշությունը հենց սերն է ու բարությունը: Ես համոզված եմ, որ ուժեղ մարդիկ, անկախ իրենց կամքից, քնքուշ են: Երբ գիտակցում ես, որ ուժեղ ես, մյուսներին օգնելու, շրջապատին օգտակար լինելու ցանկություն է առաջանում: Երբ գեղեցիկի հետ ես առնչվում, ուզում ես պաշտպանել, հոգատարություն դրսևորել: Ներդաշնակությունն առաջանում է հակադրություններից, հենց սրան է ձգտում բնությունը: Ուժեղը ցանկություն ունի պաշտպանել, հոգատարություն ցուցաբերել թույլի, անպաշտպանի, քնքուշի նկատմամբ: Ինչպես գիշերն ու ցերեկը, աջն ու ձախը, շոշափելի մարմինն ու անշոշափելի հոգին, և վերջապես՝ ինչպես տղամարդը, որը ձգտում է դեպի կինը և կինը՝ տղամարդուն ձգտող: Ու հենց նույն կերպ էլ ուժեղ մարմնի հետևում միշտ թաքնված է նուրբ ու փխրուն հոգի:

 


Դավիթ Խաչատրյան, ProFC վարկածով մարտեր առանց կանոնների մարզաձևի աշխարհի երկակի չեմպիոն, միջազգային մրցույթների դափնեկիր և Հայաստանի բազմակի չեմպիոն
Բոլորն ասում են, որ ես նուրբ եմ ու անպայման շեշտում, որ արտաքինս չի համապատասխանում ներքին էությանս: Եթե անկեղծ, չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդպես մտածում: Երևի բարի աչքեր ունեմ:

 


Ոստան Գևորգյան, սթրոնգմենի «Երկաթ մարդ» միջազգային մրցույթի չեմպիոն, Կովկասի փոխչեմպիոն, Հայաստանի առաջին ոսկե մրցանակակիրը սթրոնգմեն մարզաձևում
Քնքշությունը նույն սերն է: Դաժան ու չար մարդը ուժային սպորտաձևերում հաջողության հասնել չի կարող: Նախ՝ որովհետև այդ հորմոնները ոչնչացնում են մկաննները և երկրորդ՝ ես վտահ եմ, որ Աստված ուժ է տալիս միայն այն մարդկանց, ում մեջ չարություն չկա:

Այս թեմայով