12 Ապրիլ 2013, 18:06
2102 |

Հնդկական շունչը Հայաստանում

Վաթսունից ավելի նկարներ, խտացած ու հագեցած գույներ և գեղարվեստական թեմաներ: Հայաստանի նկարիչների միության գլխավոր ցուցասրահը վերածվել էր փոքրիկ Հնդկաստանի՝ միայն այդ երկրին բնորոշ կախարդական գույներով: Անատոլի Ավետյանը, Վլադիմիր Սիմոնյանը, Վարդան Ավետյանն ու Սուրեն Խորենյանն այցելել են հնդկական հինգ քաղաքաներ ու վերադառնալուց հետո իրենց տպավորությունները հանձնել կտավին, որն էլ հիմք է հանդիսացել Նկարիչների միությունում այս գունագեղ ցուցահանդեսը կազմակերպելու համար:

15 նկարի հեղինակ, նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանն իր նկարներում հիմնականում օգտագործել է դեղինի ու կանաչի երանգները: Նրա նկարները տարբերվում էին պլեներային ոճով: «Սովորեցի գույները էլ ավելի վառ ներկայացնելու հմտությունը, ինչպես աշխատել տաք գույների հետ», - Հնդկաստանից ստացած տպավորություններն է կիսում գեղանկարիչը:

10 նկարի հեղինակ, Ջերմուկ քաղաքի պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Վարդան Ավետյանի համար այդ երկշաբաթյա ժամկետը ակնթարթի պես կարճ է տևել: Նա պատմում էր Հնդկաստանի տեսարժան վայրերից, սրբատեղիներից: «Ես կրկին կցանկանայի մեկնել այս կախարդական երկիրը ու նորից ու նորից զգալ ու վերարտադրել այն իմ նկարներում»,- ասաց նա: 25 նկարի հեղինակ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը ապշած էր Հնդկաստանի բնության լռությամբ: Իր ռեալիստական նկարներում նա օգտագործել է դեղինի ու նարնջագույնի երանգները:

Ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 18-ը, նվիրվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Այն կազմակերպվել է Երևանում Հնդկաստանի դեսպանության և Նյու Դելիի մշակութային կապերի հնդկական խորհրդի կողմից:

Այս թեմայով