02 Հունիս 2014, 16:23
2104 |

Անշապիկ չկոնֆերանս

Արդեն վեցերորդ տարին է, ինչ Երևանում անց է կացվում BarCamp չկոնֆերանսը: Այստեղ յուրաքանչյուր ոք հնարավությունուն ունի ներկայացնելու իր մտքերը, ծրագրերը կամ պարզապես կիսվելու հետաքրքիր գաղափարներով:

BarCamp Yerevan-2014-ն այս անգամ մայիսի 31-ից հունիսի 1-ն էր: Ամերիկյան համալսարանում համախմբված ՏՏ ոլորտի մասնագետների թիվն այս տարի աճել էր: Եթե նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցում էին շուրջ 1200 հոգի, ապա այս տարի նրանց թիվը հասավ 2000-ի:

BarCamp Yerevan-2014 տեխնոլոգիական չկոնֆերանսի մեկնարկը տրվեց դեռևս համացանցում, երբ ֆեյսբուքյան պաշտոնական էջում խոստացան բոլոր գրանցված մասնակիցներին շապիկներ նվիրել: Բայց բացումից մի քանի ժամ ուշացած այցելուներին գրանցման տաղավարում դիմավորեց «Շապիկ ՎԱՊՇԵ չկա» հումորային գրությունը: Շապիկի բացակայությունը, անշուշտ, տխրեցնող էր: Ամեն մեկն ուզում է տարվա գլխավոր ՏՏ կոնֆերանսից հուշանվեր տանել իր հետ:

Վեցամյա միջոցառումն այս տարի նույնպես անցավ ազատ ու «առանց փողկապի» մթնոլորտում: Յուրաքնչյուրը հնարավորություն ուներ գրանցելու իր ելույթը ժամատախտակի վրա, ընտրել լսարանն ու ժամը ու բաց ամբիոնից ներկայացնել իր ծրագրերը:

Գաղափարները տարածելուց զատ միջոցառումը նաև կրթական բնույթ է կրում: Արդեն ավանդական դարձած վարպետության դասերն այս տարի վարում էին Bitcoin JS–ի համահիմնադիրներից մեկը' Ripple Labs Inc. ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Թոմասը, OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project), YanukovychLeaks.org նախագծի համահիմնադիր Վլադիսլավ Լավրովը և այլ հրավիրված մասնագետներ:

Տարվա նորարարություններից մեկը BarCamp Yerevan-2014-ի խորհրդանիշն էր՝ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի 8 բիթանոց պատկերը: Տարեսկզբից այս շենքի քանդման մասին բողոքներ էին պտտվում համացանցում, իսկ բարքեմփյան հարթակը լավագույններից մեկն է, որտեղ կարելի է լուծումներ գտնել նմանատիպ խնդիրների համար: Կազմակերպիչները համոզված են, որ միաձուլելով հասրակական կարծիքը, անցյալի ֆուտուրիստական պատկերացումներն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները, հնարավոր կլինի մեծ փոփոխություների սկիզբ դնել:

Սիլիկոնային հովտի ձևաչափն ընդօրինակած չկոնֆերանսի հաջողության գրավականը մասնակիցները տեսնում են ազատ ամբիոնում: Իրենց կարծիքով, BarCamp Yerevan-2014-ը երիտասարդ մասնագետների համար իրենց արտադրանքը ֆոկուս խմբերին ներկայացնելու հիանալի տարբերակ է՝ հնարավորություն գտնել թերությունները, սեփական նախագիծը համընդհանուր քննարկման դնել:

Այս թեմայով