30 Սեպտեմբեր 2013, 14:29
2245 |

Ոչ ֆորմալ մոտեցում. մաս երկրորդ

Դժվարի փորձություններ հաղթահարելուց հետո իր վերջնագիծը հատեց BarCamp Gyumri 2013-ը: Երկօրյա կոնֆերանսի արդյունքներն այս տարի միանշանակ գերազանցեցին նախորդ տարվան:

«Ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է…. սխտոր կերեք»
Տեխնոլոգիական կոնֆերանսն այս տարի անցնում էր «Մշակույթ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո: Տեխնոլոգիաների պակաս չէլ զգացվում, իսկ մշակութային ավանդական պատկերացումները միանգամից փոխվեցին, երբ երկրորդ օրվա սկիզբը դրվեց առավոտ կանուխ հյուրատան դռների թակոցներով: Քնահարամ, դեռ նախորդ օրվա տպավորությունները չմարսած մասնակիցների գլխին ընկավ «Խաշամուժը»՝ ավանդական խաշի տեսքով: Հայրաքաղաքի անկրկնելի հյուասիրությունը գուցե և ոմանց ստամոքսի համար չափազանց էր, բայց գիտակցության համար՝ միանշանակ անփոխարինելի: Ծանրաբեռնված առավոտյան կերուխումով ու նոր տպավորությունների ակնկալիքով՝ մասնակիցները լքեցին հյուրատունն ու շտապեցին համար 23 դպրոց:

Գայթակղիչ ամբիոն
Գյումրու նորկառույց՝ «Մուշ 2» թաղամասի հիմնական դպրոցի երկրոդ հարկում տեղեկատվական ու տեխնոլոգիական պատերազմներ էին: Դպրոցի հանդիսությունների դահլիճն ու մաթեմատիկայի երկու դասասենյակները վերածվել էին մտքի, ստեղծարարության կռվահարթակի: Մտքերի մարաթոնը ֆորմալ կոնֆերանսային դաշտից իջել էր որ ֆորմալ մտերմիկ հարթավայր, որտեղ դեռ երեկվա անծանոթներն այսօր արդեն միասին քննարկում, քննադատում կամ հավանության են արժանացնում միմյանց մտքերն ու գաղափարները:

ԲարՔեմփին նախապես հրավիրված խոսնակներն անշուշտ ներկայացրեցին իրենց զեկուցումները, սակայն մասնակիցները նույնպես զերծ չմնացին ամբիոնից ելույթ ունենալու գայթակղությունից:

Ճտերն աշնանն են հաշվում
Այս տարի թեև BarCamp Gyumri 2013-ը մեկ անգամ հետաձգվեց, մասնակիցների քանակն այնուամենայնիվ գերազանցեց 200 –ը, ինչը անցած տարվա համեմատ կրկնակի բարձր ցուցանիշ է: Ինչպես նշեց կոնֆերանսի համակարգող Կարեն Տերտերյանը, բազում հետաքրքիր զեկույցներ դուրս մնացին հենց օրվա փոփոխության հետևանքով: Այս տարի ԲարՔեմփ Գյումրու մասնակիցների աշխարհագրությունը նույնպես ընդլայնվել էր՝ Երևան, Վանաձոր, Աբովյան:

Այս քաղաքներից ժամանած երիտասարդների համար Բարքեմփն արդեն անցյալում է: Այս տարվա կոնֆերանսն իր բոլոր ցուցանիշներով միանշանակ գերազանցում էր նախորդին, կազմակերպիչները հավատացնում են՝ այս տենդենցը կպահպանվի նաև հաջորդ տարի:

Այս թեմայով