12 Մայիս 2014, 15:29
1151 |

Տարօրինակ քաղաքապետեր համայն աշխարհի

Պարզվում է՝ քաղաքապետի ստանձնած պարտավորությունները ոչ միշտ են պաշտոնական և ոչ միշտ են սահմանափակվում գրասենյակային աշխատանքով: Աշխարհի որոշ քաղաքապետեր հայտնի դեմքեր են դարձել իրենց պաշտոնի հանդեպ ունեցած անսովոր մոտեցմամբ: Հիշվելու համար շատ բան պետք չէ՝ հումորի զգացում, խենթ ապրելակերպ ու անսահման սեր դեպի սեփական քաղաքը:

Լոնդոնի քաղաքապետ ասպետը
Լոնդոնցիներից շատերն իրենք էլ են զարմանում, թե ինչպես 2008-ին 48-ամյա Բորիս Փֆեֆել Ջոնսոնը դարձավ Լոնդոնի քաղաքապետ: Daily Telegraph-ի առաջատար քաղաքական սյունակագիր և 2000-ից Spectator պարբերականի խմբագիր Ջոնսոնը հայտնի է նաև բրիտանացիներին բնորոշ հումորի զգացումով: Սեփական անունը բրենդ դարձրած քաղաքապետը ստացել է Brand Boris կեղծանունը, իսկ The Times-ն այսպես է արտահայտվել նրա մասին՚. «Նա հումորի զգացում ունի: Հենց դա էլ հարկավոր է մեր քաղաքին»: Նրան հաճախ կարելի է տեսնել մետրոյում կամ Լոնդոնի նեղ փողոցներով երթևեկող «Ուայթմասթեր» հայտնի կարմիր երկհարկանի ավտոբուսներում թերթ ընթերցելիս և մարդկանց հետ անմիջական կատակներ անելիս: Բորիս Ջոնսոնը աշխատանքի է գնում նախընտրելով երթևեկության ամենապարզ և ամենահարմար տարբերակը՝ հեծանիվը: Ջոնսոնը մի անգամ նույնիսկ մի երիտասարդ աղջկա է ազատել կողոպտիչների հարձակումից, ինչից հետո քաղաքը նրան անվանեց «փայլող հեծանվով ասպետ»:

Բուֆորդի միայնակ քաղաքապետը
Ոչ ոքի համար դեռ երբեք այնքան բարդ չի եղել ստանձնել քաղաքապետի պարտականությունները, որքան Դոն Սեմմոնսի: Բանն այն է, որ Բուֆորդը քաղաքը, որը նա կառավարում էր 2007-2012-ին, ամբողջովին դատարկ էր: Գնացել էին բոլորը, քաղաքին հավատարիմ էր մնացել միայն նա: 1886-ին հիմնադրված Բուֆորդը իր պատմության ամենահաջող շրջանում ունեցել է ընդամենը 2 000 բնակիչ, ովքեր, սակայն, սկսեցին լքել այն անցյալ դարավերջին: 1992-ին՝ կնոջ մահից հետո, Սեմմոնսը գնել է քաղաքը՝ այդպիսով դառնալով քաղաքապետ: Ի դեպ, այդ պաշտոնից զատ նա նաև դռնապան, խանութի վաճառող, բենզալցակայանում լիցքավորող և նմանատիպ մի քանի այլ «հաստիքներ» է զբաղեցրել: Միայնակ քաղաքապետը ԱՄՆ-ում հայտնի անձ էր և հաճախ էր հայտնվում հեռուստացույցի էկրաններին: Նա դարձել էր ֆիլմերի հերոս, թերթերը չէին դադարում գրել նրա մասին: Սակայն ծերությունը հարկադրեց նրան հրաժարվել քաղաքապետի պարտականություններից, սիրելի քաղաքից և տեղափոխվել որդու մոտ՝ այլ քաղաք: 2012-ին ամբողջ քաղաքն աճուրդի ներկայացնելով՝ Սեմմոնսը վաճառեց այն 900 000 դոլարով վիետնամցի մի գործարարի: Աճուրդից հետո նա խոստովանեց լրագրողներին, որ դժվարությամբ է կարողացել զսպել արցունքները, երբ լսվել է մուրճի հարվածի որոշիչ ձայնը:

Ռեյկյավիկի ծաղրածու քաղաքապետը
Ռեյկյավիկի 45-ամյա քաղաքապետ Յոն Գնառին միանշանակ աշխարհի ամենատարօրինակ «քաղաքահայրն» է: Երիտասարդ տարիքում նա փանկ ռոքեր էր, «Runny Nose» խմբի բասս կիտառահառը: Հետո աշխատել է տաքսու վարորդ, ծաղրածու, բանաստեղծ, իսկ 2009-ին հիմնել է երգիծական «Լավագույն կուսակցությունը» և ընտրվել Ռեյկյավիկի քաղաքապետ: Յոնը հաճախ է մասնակցում գեյ-շքերթների՝ հագնելով կանացի զգեստներ, կազմակերպում ներկայացումներ՝ կերպարանափոխվելով ծաղրածուի: Մի անգամ էլ քաղաքի բնակիչներն իրենց քաղաքապետին տեսել են «Աստղային պատերազմների» Օբի-Վան Քենոբիի հերոսի հագուստով: Յոն բարձր է գնահատում ժամանակակից փողոցային արվեստը. նրա գրասենյակի պատերին կախված են անգլիացի գրաֆֆիտի նկարիչ Բենքսիի նկարները:

 

Բոսնիա և Հերցեգովինայի ծածկված գլխով քաղաքապետը
2012-ին Բոսնիա և Հերցեգովինայում հայտնվեց Եվրոպայում հիջաբ կրող առաջին քաղաքապետը՝ Ամրա Բաբիչը: 43-ամյա մահմեդական կինը հաղթել է Վիսոկո փոքր քաղաքի ընտրություններում: Մասնագիտությամբ՝ տնտեսագետ, քաղաքականության մեջ ոչ սկսնակ կինը Բոսնիայի և Հերցեգովինայի ֆինանսների նախարարն էր: Այսօր Բոսնիայում ապրող կանայք չեն կրում հիջաբ, չնայած մահմեդական գլխաշորը քաղաքապետի դրես-կոդի մշտական և պարտադիր մասն է: Հարավսլավիայի բաժանումից հետո՝ 1992—1995-ի քաղաքացիական պատերազմում զոհվել էր Ամրայի ամուսինը, և նա իրեն նվիրել էր կրոնին: Այսօր Ամրա Բաբիչն ընդգծում է, որ ծածկված գլուխը կրոնական խորը համոզմունքների և հավատքի նշան է:

Ալյասկայի աստղը
Տալկիտնի քաղաքապետը քնում է իր գրասեղանի վրա՝ չհարուցելով բնակիչների զայրույթը: Ավելին՝ վերջիններս հավատացնում են, որ հենց դրա համար էլ սիրում են իրենց քաղաքապետին: Ստաբս անունով կատուն ղեկավարում է 900 հոգանոց բնակչություն ունեցող քաղաքը, որը ստեղծել են քաղաքի բնակիչների գրանցման հարցը լուծելու համար: ԱՄՆ-ում գոյություն ունեցող նման տարածքներն անվանում են CDP' վիճակագրորեն մեկուսացված տարածք: Սա նշանակում է, որ այդ տարածքը չի կարող ունենալ տեղական ինքնակառավարման մարմիններ: Շիկամազ կատուն քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 15 տարի առաջ՝ դեռ մի քանի ամսական լինելով: Նրան գտել էր մի տղամարդ ավտոկայանատեղիում թողնված արկղում: Ընտրություններից առաջ բոլոր թեկնածուներից հիասթափված տալկիտնցիները հիացմունքով ընդունեցին ինչ-որ մեկի կատակ-առաջարկը կատվին դարձնել քաղաքապետ: Նման օրիգինալ ընտրությունը քաղաքը հայտնի դարձրեց, հայտնվեցին հազարավոր զբոսաշրջիկներ: Կատուն, որը մարդկային հաշվարկներով 70 տարեկան է, արդեն մի քանի տարի վերընտրվել է: Տալկիտնցիները գոհ են Ստաբսից. նա չի ստում, չի գողանում և կաշառք չի վերցնում, ադմինիստրատիվ հարցերը կարգավորելու համար կան օգնականներ: Կատուն հազարավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում Ֆեյսբուքում նրա անձնական էջը:

Այս թեմայով