07 Հոկտեմբեր 2014, 12:21
2821 |

Հանրության ձայնը

Այս տարվա ապրիլին Ամերիկայի երկրորդ ամենահայաշատ քաղաքը՝ Գլենդեյլը, ընտրեց նոր քաղաքապետ: Պաշտոնը զբաղեցրեց Զարեհ Սինանյանը: Վերջինիս հետ զրուցեցինք իր ամառային երևանյան այցի ժամանակ: Քննարկվող թեմաների թվում են՝ Երևանի ճարտարապետական դեմքի աղավաղումը, Գլենդեյլի քաղաքաշինական մեխանիզմները, հանրության դերը երկու քաղաքների զարգացման գործում:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Երևանում:
— Անցյալ տարի, նորից ամռանը: Ընդհանրապես, հաճախ եմ գալիս, միայն մեկ-երկու անգամ մի քանի տարվա ընդմիջումներ են եղել: Բացի այդ, ծնվել եմ այստեղ ու ապրել մինչև 14 տարեկան: Ապրել ենք Բաղրամյան-Բարեկամություն հատվածում, անգլիական դպրոցում եմ սովորել: Մինչև մեկնեցինք ԱՄՆ՝ 1988-ի փետրվարին:

Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը
Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը

Ընդմիջումներով Երևան գալու շնորհիվ երևի կարող եք կողքից ավելի լավ տեսնել կատարվող փոփոխությունները: Շա՞տ է փոխվել քաղաքը 80-ականներից մինչև այսօր:
— Իմ մանկության Երևանի գլխավոր առանձնահատկությունը, տարբերությունն այսօրվանից՝ մարդիկ էին: Մի յուրահատուկ միջավայր էր, ընդհանուր հարթակ, որտեղ կարելի էր հանդիպել ֆիզիկոսների, քիմիկոսների, աստղագետների, դերասանների, երաժիշտների, շարքային բանվորների… Հիմա այդ հանրությունը կազմող մարդկանց մեծամասնությունը լքել է քաղաքը: Ինչ վերաբերում է ֆիզիկական փոփոխություններին, ապա այստեղ առաջինը, ինչ զարնում է աչքին՝ բացարձակապես գոյություն չունի որևէ մտածված ճարտարապետական ծրագիր: Երևանը զարգանում է քաոտիկ կերպով, արտաքինը ամբողջովին աղավաղված է: Հերիք է մի քանի րոպե քայլել կենտրոնում և տեսնել անհամա-չափ շինությունները, որոնք հայտնվել են վաղուց արդեն կայացած միջավայրում ու խախտել ամեն բան: Եվ այդ պրոցեսը կարծես թե չի էլ պատրաստվում կանգ առնել: Եվ հատկապես զայրացնում է այն, որ շատ դեպքերում կարծես պատմական շենքերը հատուկ չեն էլ փորձում վերականգնել, որ մաշվի, հետո ավելի հեշտ լինի քանդելը ու դեռ մի բան էլ սկսում են քարոզարշավ այն մասին, թե այս կամ այն շենքը ոչ թե պատմություն է, այլ «կռիսանոց»:

Գլենդեյլում այսպիսի իրավիճակ հնարավո՞ր է:
— 1980-ականների վերջին և հաջորդ տասնամյակի սկզբում Գլենդեյլում շինարարական բում սկսվեց: Հատկապես դաունթաունում մեկը մյուսի հետևից սկսեցին վեր խոյանալ երկնաքերներ: Դրա հետ զուգահեռ, առանձնատների փոխարեն սկսեցին կառուցվել բազմաբնակարան շենքեր, քանի որ դա շատ ավելի եկամտաբեր էր: Այս ամենը կատարվեց անշնորհք կերպով, չմտածված: Հարավային Գլենդեյլում այսօր կան բազմաթիվ շենքեր, որոնք պարզապես արժանի չեն լինելու մեր քաղաքում:

Նման է մեր այսօրվա պատմությանը…
— Ինչ-որ առումով այո, բայց կա շատ կարևոր տարբերություն: Երևանում այս նոր շենքերը շատ են աչք ծակում, քանի որ խցկված են պատմական միջավայրի մեջ: Գլենդեյլի դեպքում բոլոր վատ շենքերը կառուցված են իրար կողք, մի վայրում:

Իսկ ինչպե՞ս այդ ալիքը դադարեցվեց:
— Դադարեցվեց բնակչության ջանքերով: Եկավ մի պահ, երբ հատկապես Հյուսիսային Գլենդեյլի բնակիչները սկսեցին պահանջել, որ այլևս չկառուցվեն բազմաբնակարան շենքեր և, ընդհանրապես, նոր շինարարության պրոցեսը շատ ավելի խստացվի, որ պակասեն կոռուպցիոն ռիսկերը և այլն: 

Այսինքն՝ այսօր արդեն Գլենդեյլի քաղաքաշինության ոլորտում փո՞ղը չէ որոշիչ:
— Ճիշտ այդպես: Կան մեծ տարածքներ քաղաքում, որտեղ ժամանակին՝ 1950-60-ականներին, գործել են հոգեբուժարաններ, որտեղ բազմաթիվ հայտնի մարդիկ են բուժվել, այդ թվում հոլիվուդյան աստղեր: Եվ բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի այն վերացվի, չնայած որ զուտ ճարտարապետական տեսանկյունից առանձնապես մի բան իրենից չի ներկայացնում:

Իսկ ինչպե՞ս է գործում այդ զսպիչ մեխանիզմը, որի շնորհիվ ֆիլտրվում են բոլոր նմանատիպ նախագծերը:
— Ներդրողը գտնում է որևէ մեկին, որը պատրաստ է հող վաճառել շինարարության համար: Դրանից հետո սկսվում է իշխանություններից զանազան թույլտվություններ ստանալու շղթան: Երբ դրանք կան, ներդնողը կատարում է մի շարք վճարումներ՝ քաղաքային ծառայությունների համար, այնուհետև ներկայացնում քաղաքաշինության բաժնի հատուկ կոմիտեին իր նախա-գիծը: Քաղաքային իշխանությունների ազդեցությունը ահռելի է: Կարող ենք ոչ միայն տեխնիկական սահմանափակումներ դնել՝ հարկայնության, բարձրության և այլնի վերաբերյալ, այլև ընդհուպ մինչև ոճական: Օրինակ, եթե շրջակայքում բոլոր շենքերը իսպանական ոճի են, իսկ ներկայացվողը՝ միջերկրական revival, ապա պետք է փոխել և ոճը: Ու եթե արդյունքում բաժինը տալիս է հավանությունը, սկսվում են հանրային լսումները: Ցանկացած մարդ կարող է գալ լսել, հարցեր տալ, ազդեցություն ունենալ: Երբեմն ամբողջ թաղամասերով են գալիս և ակտիվ մասնակցություն ունենում: Դրանից հետո քաղաքային խորհուրդը պետք է քվեարկությամբ հաստատի նախագիծը:

Շինարարության ժամկետների հետ սահմանափակումներ կա՞ն:
— Անշուշտ, ոչ ավելի քան 18 ամիս: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի շինարարական փոշին և աղբը տարիներով ցրվեն ողջ քաղաքով, ինչպես դա լինում է Երևանում: Եթե ժամկետները խախտվեն, բոլոր լիցենզիաները հետ են վերցվում: Շինարարության ընթացքում էլ մենք վերահսկում ենք ամբողջ ընթացքը: Ու քանի որ միայն թույլտվություններ ստանալը նստում է ներդրողի վրա մոտ մեկ միլիոն դոլար, ապա բոլորը մեծ պատասխանատվությամբ են մոտենում այս ամենին՝ ոչ ոք չի ուզի կորցնել իր միլիոնը:

Գլենդեյլի բնակչությունը կազմում է մոտ երկու հարյուր հազար մարդ, որից շուրջ 40 հազարը հայեր են: Ինչպես է տեղի ունեցել այդ հայիֆիկացումը:
— Դժվար է հստակ ասել: Հավանաբար սկզբում մի քանիսն են եկել, հետո կանչել են մյուսներին, ու էդպես հավաքվել են: Քանի որ շատ գրավիչ քաղաք է՝ լավ մտածված կոմունիկացիաներով, տնտեսությամբ, աշխարհագրական պայմաններն էլ հրաշալի են: Հիմա, ի դեպ, կա հայերի արտահոսք, քանի որ շատ է թանկացել կյանքը, հատկապես տները:

Բազմաէթնիկ բնակչության հետ շփումը բարդ չէ՞:
— Էմիգրանտական համայնքների հետ որպես կանոն որևէ խնդիր չի լինում, որովհետև մենք իրար լավ ենք հասկանում՝ մոտավորապես նույն ժամանակ են այնտեղ եկել, նույն պատճառներով և այլն: Իսկ անգլոսաքսոնական հատվածը, որոնք մեծ հաշվով նույնպես բնիկ չեն, ավելի խստապահանջ են: Ես կասեի՝ նույնիսկ բարդույթներ ունեն, մտածում են, թե՝ «սա մերն էր, իսկ դուք եկաք ձեր մշակույթով, խախտում ենք մեր կարգերը» և այլն: Բայց դա էլ հաղթահարելի է, անշուշտ:

Ո՞ր կարևոր խնդիրներն են, որոնց լուծումը ձեզ համար, որպես քաղաքապետ, առաջնային են:
— Ես ինձ համար առանձնացրել էի երեք կարևոր կետ: Առաջինը բիզնես միջավայրի առողջացումն էր: Անհրաժեշտ է անել այնպես, որպեսզի քաղաքը գրավիչ դառնա հնարավոր բոլոր ներդրողների համար ամբողջ Կալիֆոռնիայից և դրանից դուրս: Եվ հիմա ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Որպես խոսուն օրինակ՝ հիմա կառուցվում են շուրջ երեք հազար բնակարան ունեցող բազմաբնակարան շենքեր, ինչը նշանակում է, որ ներդրողները վստահ են, որ մարդիկ դրանք կզբաղեցնեն, իսկ բոլոր առաջին-երկրորդ հարկերում կտեղակայվեն նոր խանութներ և ընդհանրապես հանրային սպառման կետեր: Այս ամենը ընդհանուր վերելքի վկայությունն է: Երկրորդ կարևոր խնդիրը ցածր եկամուտ ունեցող մարդկանց բնակարանով ապահովելն է: Ցավոք, այդ խմբում ճնշող մեծամասնությունը հայերն են, շատերը ծերեր են: Ունենք երկու ծրագիր, երկուսն էլ դաշնային ֆինանսավորմամբ են տեղի ունենում: Եվ երրորդը՝ կապված երթևեկության հետ: Երևանի և Գլենդեյլի նմանություններից՝ երկուսն էլ շատ ապահով քաղաքներ են, կարող ես գիշերվա հազարին հանգիստ դուրս գալ փողոց ու գնալ ուր ուզում ես: Գլենդեյլը ամբողջ Ամերիկայի մասշտաբով մտնում է տասը ամենաապահով քաղաքների մեջ, իսկ միջին չափի քաղաքների շարքում ընդհանրապես առաջինն է: Եվ դա, իհարկե, հպարտանալու առիթ է: Բայց մենք ունենք սարսափելի վատ ցուցանիշ երթևեկության զոհերի քանակով: 9 մարդ է մահացել 2014 թվականի ընթացքում, բոլորը ավտոյի տակ են ընկել: Իննից ութը՝ հայեր են: Վարորդների մեծ մասը նույնպես՝ հայեր: Յոթը՝ հետիոտն են, երկուսը՝ հեծանվորդ:

Եվ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել:
— Պատժիչ գործողությունները արդեն այն մաքսիմումին էին հասցված, որից բարձրն արդեն որևէ օգուտ չի տա: Դրա համար հիմա շեշտը դնում ենք կրթական մասի վրա, մարդկանց բացատրում ենք, թե ինչ է պետք անել անվտանգության համար: Հայերի դեպքում խնդիրներից մեկը այն է, որ հատկապես տարեցները միշտ հագնում են մոխրագույն պիջակներ, որևէ ռեֆլեկտիվ տարրեր չեն ունենում, թեկուզ ձեռքի ժամացույց, որ էլեկտրական լույսից արտացոլվի և գլուխները կախ են քայլում: Դե վարորդներն էլ, իրենց հերթին, հաճախակի անզգույշ են լինում, քշում են արագու անշնորհք: Հայերը Գլենդեյլ բերել են իրենց մշակույթը՝ բոլոր լավ ու վատ կողմերով, սա իրականություն է:

Ո՞րն է ձեր կարծիքով այն առաջին քայլը, որը պետք է արվի՝ Երևանում խնդիրներին նմանատիպ լուծումներ գտնելու համար:
— Եթե շատ կարճ ձևակերպեմ, այ այսպես՝ հանրության ձայնն է պետք լսել: Չէ՞ որ այս քաղաքի միակ գործառույթը քաղաքացիներին ծառայելն է: Բայց արի ու տես, որ նույնիսկ երբ հանրությունը փորձում է ձայն բարձրացնել, ողջ ապարատը լծվում է կասկածելի ու ոչ միանշանակ որոշումները ամեն կերպ արդարացնելով, փոխանակ գոնե փորձ կատարվի հաշվի նստելու մարդկանց հետ: Հենց որ հանրությունը պետական մակարդակով ներգրավվի որոշումների ընդունման մեջ, ամենը կսկսվի շտկվել: Դեռ ոչ մի բան կորած չէ, Երևանը շատ ավելի տխուր
օրեր է ունեցել: Ամեն ինչ մեր ձեռքում է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով