19 Ապրիլ 2014, 18:50
6085 |

Լոռվա գանձերը

Թումանյանի հայրենիքը պատկերացնելիս աչքիդ առաջ գալիս են սաղարթաշատ անտառներն ու դրանց գրկում ապաստանած հուշարձանները: Մի քանիսը բարեբախտաբար արդեն զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրեր են դարձել, մյուսները համեստորեն սպասում են իրենց հերթին՝ գնահատվելու ու հիացմունքի առարկա դառնալու: Լոռվա մարզում տեսարժան վայրերն անպակաս են. բավական է գլխավոր մայրուղուց մի քիչ շեղվես, բնությունը բացահայտում է շատ ավելին, քան պարզապես հուշարձաններ:

Սրբազան բարձունքը 

Լեռնային ապարը ճեղքող թունելների միջով անցնող ճանապարհն աստիճանաբար վերածվում է գալարապտույտ վերելքի: Միայն մարդատարներով, միկրոավտոբուսներով, մեկ էլ հին ու բարի «ՊԱԶ» ավտոբուսներով հաղթահարելի նեղլիկ ճանապարհը գալարը գալարի հետևից բարձրացնում է վեր՝ հեռանալով Դեբեդ գետի շառաչյունից: Իսկ վերևում Օձունի սբ Աստվածածին եկեղեցին է վեհորեն բազմած:

Ըստ ավանդության՝ Օձունի եկեղեցին հիմնադրվել է դեռևս 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն միանավ բազիլիկ են կառուցել նույն տեղում՝ ի կատար ածելով քրիստոնեությունը տարածելու առաքելությունը: Եկեղեցու այսօրվա շենքը կառուցվել է 5-րդ դարում նույն տեղում և արդեն եռանավ բազիլիկ է, որի գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացվել են 6-րդ դարում, իսկ 1888-ին՝ զանգակատները: Ի դեպ, 1930-1950-ականներին եկեղեցու գմբեթի խաչը փոխարինվել էր հինգթևանի աստղով՝ ստալինյան աթեիստական բռնապետությանը զոհ չգնալու համար:

Եկեղեցու կողքին 5-6-րդ դարերի մահարձան է՝ աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում քրիստոնեական պատկերագրության փորագրված դրվագներ ու նախշազարդեր կրող սյուներ են։ Հայաստանում մահարձաններ քիչ չեն, բայց այս մեկի նմանը ոչ մի տեղ չես գտնի: Այն կարծես եկեղեցին հսկող պահակ լինի, նրա քունն ու դադարը պահպանողը: Վարդագույն քարով կառուցված երկու կոթողները, թվում է, արևից են շիկացել, տեղ-տեղ՝ անգամ վառվել, բայց դրանից միայն առավել աչքի են ընկնում կանաչի ֆոնին: Եկեղեցու շուրջը նաև բազմաթիվ տապանաքարեր, այլ մահարձաններ ու խաչքարեր կան՝ հիմնականում միջնադարյան հոգևորականների գերեզմաններ:

Եկեղեցու շուրջը հավատացյալների բանակի պես դասավորված են Օձուն գյուղի տները, որոնց տանիքները պատարագի ժամանակ խոնարհված գլուխներ են հիշեցնում: Գյուղացիների համար եկեղեցին և՛ սրբավայր է, և՛ աղոթատեղի, և՛ մեկուսանալու, և՛ քահանայի խրատն ու խորհուրդը ստանալու վայր: Այստեղ եկեղեցի մուտք գործելը պատվի ու առաքինության հարց է: Դրա վառ վկայությունը դարձավ փոքրիկ, բայց տպավորիչ մի տեսարան: Մահարձանի աստիճաններին շարվել էին գյուղացիները, իսկ նրանց առջև սևազգեստ քահանան էր. հավաքի առիթը գյուղի երեխաներից մեկի անկարգ պահվածքն էր: Երկար-բարակ խրատելուց հետո քահանան կարգադրեց տղային կա՛մ ներողություն խնդրել նրանից, ում նեղացրել էր, կա՛մ այլևս ոտք չդնել եկեղեցի: Հիրավի մեծ պատիժ։

Քարանձավների մենակյացը

Օձունից իջնելով ու Դեբեդի երկայնքով փոքր-ինչ շարժվելով դեպի հարավ՝ Թումանյան քաղաք չհասած աջ թեքվելու տեղ կա: Եվս մի քանի տասնյակ մետր վեր ու վար շարժվելով քարքարոտ ճանապարհով՝ շունչդ կտրվում է, բայց արդյունքում աչքիդ առաջ բացվող պատկերը հատուցում է բոլոր տանջանքները: Տեսարանը դժվար է ներգծվում մեր երևակայած իրականության մեջ. հսկայական լեռան լանջին ամրացած, գրեթե կառչած է Քոբայրի եկեղեցին, որն արդեն 8 դարի պատմություն ունի: Ի սկզբանե կառուցվելով որպես մենաստան, ինչի համար էլ նման դժվարամատչելի ու մեկուսացած վայր էր ընտրվել, Քոբայրավանքն արդեն 12-րդ դարի կեսերին հռչակվեց որպես հայ միջնադարյան կարևոր գրչօջախ ու մշակութային կենտրոն: Այստեղ է 12-րդ դարում իր գործունեությունը ծավալել նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցին: 

Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից... Ավելի ճիշտ, բաղկացած է եղել... Ու նաև շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ մատուռների ավերակներ, խաչքարեր. ուր էլ քայլես՝ շուրջդ, վերևում և անգամ ոտքիդ տակ քարերի մեջ կարծրացած պատմություն է: Այսօր համալիրի կառույցներից ոչ մեկն ամբողջությամբ չի պահպանվել, բայց անգամ կիսավեր վիճակում այն չի կորցրել իր խորհրդավորությունն ու մենաստանին հատուկ ամփոփվածությունը:

Հայկական մոնումենտալ գեղանկարչության բարձր կատարման մասին ավելի շատ լսել ենք, քան տեսել: Քոբայրի վանական համալիրը մեկն է այն քիչ վայրերից, որտեղ պահպանվել են դրվագներ հայ միջնադարյան որմնանկարներից: Դրանք զարդարում էին համալիրի 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահն ու զանգակատան տապանատունը: Բայց այսօր պահպանված կտորները պակաս տպավորիչ չեն՝ Քրիստոսի, սրբերի, հրեշտակապետերի պատկերները կանգ են առել ժամանակի մեջ՝ պահպանելով հոգևորն ու զերծ չմնալով աշխարհիկ կյանքի ազդեցություններից:

Քոբայրի պատմությունը սերտորեն կապված է միջնադարյան Հայաստանի ամենահայտնի նախարարական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի գործունեության հետ: Քոբայր անունը կազմվել է վրացերեն «քոբ» և հայերեն «այր» բառարմատներից և նշանակում է քարայր: Համալիրը շրջապատող քարանձավներն են հուշել անվանումը և 8 դար հետո այն դեռևս արդիական է: Եկեղեցին բարձրանալու լեռնոտ ճանապարհին է տեղի ամենախոշոր քարայրներից մեկը, որի խորքում քեզ կրկին կարող ես նախնադարյան մարդ զգալ և կամ էլ վայելել այնտեղից բացվող տեսարանը: Լեռներից սկիզբ առնող աղբյուրն է այդտեղով հոսում՝ մատակարարելով վանքի տարբեր հատվածները: Իսկ վանքի պատերին կարելի է ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն մեծ թվով արձանագրություններ նկատել, որոնք արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների վերաբերյալ: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիները, հոգևոր և աշխարհիկ մի շարք նշանավոր գործիչներ:

Հազարամյա ամրոցը

Քրիստոնեության հիմնադրումից ի վեր սրբավայր դարձած Օձունից ու միայն հետաքրքրասերների առջև իր գաղտնիքները բացող Քոբայրից հետո հասանք Լոռի Բերդ: Քոբայրից արևմուտք՝ Ստեփանավան չհասած՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման կետում գտնվող բարձրաբերձ բլուրին վեր է խոյանում 1005-1020թթ. Դավիթ Անհողինի հիմնած բերդաքաղաքը: Ժամանակին այն 35 հա տարածք է զբաղեցրել, մինչդեռ այսօր միայն քաղաքի ավերակներն են մնացել:

Եթե ձեռքիդ տակ քարտեզ չունենաս, դժվար է անգամ պատկերացնել, թե որտեղ ինչ է եղել՝ միջնաբե՞րդ, պալատ, սեղանատո՞ւն, թե՞ ուրիշ բան: Ամենուրեք միայն կիսավեր պատեր, մեկ-երկու կանգուն շինություն, պարիսպներ ու կառույցների հիմքեր են: Բայց միայն բլուրից բացվող տեսարանն ամեն ինչ արժե. աջ նայես՝ անդնդախոր կիրճն է, ձախ նայես՝ գետը թափվող ևս մեկ անհայտ, աղմկոտ ու անհանգիստ ջրվեժը, որին տեղացիները կես-կատակ, կես-լուրջ հենց Լոռեբերդ էլ ասում են:

Լոռի Բերդը ժամանակին շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան պարզապես հզոր բերդաքաղաք լինելը: Այդ են վկայում տարածքում վերջին տարիներին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները: Այդպես մի բրոնզե թիթեղ է հայտնաբերվել, որի վրա արաբերենով գրված են 16-17-րդ դարերի Արևելքի կարևորագույն քաղաքների անունները: Վրաստանը պարբերաբար փորձեր է կատարում սեփականացնելու այս հուշարձանը, մինչդեռ տարածքում վրացական ծագման մասին հուշող ոչինչ չկա: Փոխարենն ամենուրեք ժամանակի հզորության ոգին է սավառնում՝ հերթական անգամ փաստելով վաղ միջնադարյան Հայաստանի զարգացման, վերելքի ու ձեռքբերումների մասին:

Այս թեմայով