30 Հուլիս 2014, 12:24
4270 |

Ավտոստոպի պլյուսներն ու մինուսները

Ավտոստոպով ճանապարհորդելու մասին մտածում են գրեթե բոլոր խենթերը: Սա լավագույն տարբերակն է մինիմում գումարով մաքսիմում վայրեր այցելելու համար: Բացի այդ, ավտոստոպը լավ հնարավորություն է առօրյա միապաղությունից դուրս գալու և աշխարհն ավելի լավ ճանաչելու համար: Տարբերակը ռիսկային է, ոչ ոք չի վիճում, բայց, միևնույն ժամանակ, առեղվածային է, գրավիչ, գլխապտույտ առաջացնող:

Եթե կա ճանապարհ, ուրեմն կա նաև երթևեկություն: Եթե կա երթևեկություն, ուրեմն կա տրանսպորտ, որը Ձեզ կփոխադրի, ու կանի դա անվճար
Սա, իհարկե հրաշալի է հնչում, բայց չմոռանանք չնախատեսված պատահարների մասին: Օրինակ, հնարավոր է՝ այդ մայրուղին այնքան էլ բանուկ չէ, ու ստիպված ժամերով կսպասեք: Կամ էլ կարող եք հայտնվել տուրիստական կենտրոնում ու նույնիսկ ամենաշքեղ մեքենան, որ կկանգնի, հաստատ գումար կպահանջի: Ուստի ցանկացած երկրում հայտնվելիս առաջինը, ինչ պետք է սովորել տեղի լեզվով, «փող չունեմ» արտահայտությունն է:

Եթե երկար չես կարողանում մեքենա բռնել, փոխիր դիրքդ
Այս կանոնը հաստատ սնահավատ ավտոստոպերներն են մտածել: Լինում են դեպքեր, երբ մայրուղին բարեհաջող է ընտրված, երթևեկությունը ակտիվ է, բայց, արի ու տես, որ նույնիսկ տաքսիստներն են քեզ չտեսնելու տալիս: Թարս ոտքից չես զարթնել, պարզապես թարս տեղում ես կանգնել: Մի քանի քայլ առաջ, մի քանի քայլ հետ, և հաջողությունը կժպտա:

Ստորության օրենք
Այս օրենքը բոլորին է հայտնի, իսկ ավտոստոպերներին՝ առավել ևս: Լինում է՝ ժամերով կանգնած ապարդյուն սպասում ես: Բայց հանկարծ որոշում ես ծխախոտ վառել կամ ուտելիք հանել պայուսակից, և մեքենան նույն վայրկյանին հայտնվում է կողքիդ, նույնիսկ ձեռքդ պարզելու կարիք չկա: Ուստի օգտվեք օրենքի ընձեռած հնարավորությունից, ծխախոտ վառեք, ու մեքենան հաստատ ձեզ կնկատի ու կկանգնի:

Տալիս են՝ վերցրո՛ւ
Նորեկները հնարավոր է ամոթխածություն ցուցաբերեն, կուլտուրային զոհ գնան, բայց շատ շուտով կհասկանան, որ այդպես երկար չեն ձգի: Եթե առաջարկում են ուտելիք, հագուստ կամ էլի ինչ-որ ծառայություններ, մի հրաժարվեք: Միգուցե այս պահին դրանք ձեզ պետք չեն, բայց հնարավոր է՝ շուտով կարիքը զգաք:

Եթե ճանապարհին ինչ-որ մեկն ինչ-որ բան է խոստացել ու չի արել՝ հոգ չէ: Նրա փոխարեն դա կանի մեկ ուրիշը
Լինում է՝ նստում ես մեքենան, ճանապարհին խոսակցության բռնվում, ընկերանում ու վարորդը որոշում է ցույց տալ իր հյուրընկալությունը՝ հրավիրում է իր տուն: Հիմնականում հրավիրել-վերջացնելուց հետո է միայն գիտակցում, որ կինը գլուխը կթռցնի, եթե անծանոթ մարդկանց տուն բերի: Այստեղ սկսվում է իսկական կինոն, սկսում է ինչ-որ անհեթեթ պատճառներ մեջբերել, մի խոսքով ուղևորներին թողնում է ճանապարհի մեջտեղում: Բայց մի հիասթափվեք, ոչ բոլոր վարորդների կանայք են այդքան խիստ:

Երկիրը կլոր է
Ավելի ստույգ այս կանոնը կարելի է աստվածաշնչյան պատվիրանով փոխարինել՝ վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզես, որ վարվեն քեզ հետ: Հաճախ լինում է ավտոստոպերներին ինչ-որ մարդիկ են հանդիպում, որոնք փորձում են անձնական խոսակցություն վարել կամ էլ պարզապես ինչ-որ բան են ասում, ինչը նյարդերիդ վրա ազդում է: Բայց այդ նույն մարդիկ մեկ այլ վայրում կարող են անչափ օգտակար լինել: Ասածս ինչ է՝ համբերատար եղեք, աշխատեք ամեն մանրուքի էմոցիոնալ չվերաբերվել:

Ցանկացած պարիսպ ճեղք ունի
Եթե ճանապարհներից բացի հետաքրքրվում եք նաև տեղի տեսարժան վայրերով, ապա մի շտապեք դրամարկղից տոմս գնելու: Հիշեք, որ ավտոստոպով ճամփորդության վրա մինիմալ գումար է պետք ծախսել: Օրինակ, թանգարան կամ հին ամրոց մտնելու համար պտտվեք շուրջբոլորը ու փորձեք գտնել թաքնված մուտքը: Վստահ եղեք, ցանկացած շինություն մի անօրինական մուտք հաստատ կունենա:

Որքան բացասական են արտահայտվում այս կամ այն երկրի, ժողովրդի մասին, այնքան ավելի հյուրընկալ են այնտեղ մարդիկ
Այս աքսիոման բացահայտել են բազում ավտոստոպերներ: Հիմնականում հարևան ժողովուրդներն են սիրում մեկը մյուսի մասին բացասական պատմություններ հորինել: Հատկապես իրենց հեղինակավոր կարծիքն են սիրում արտահայտել բեռնատարների վարորդները: Մի՛ լսեք նրանց, ամենուր կան և՛ լավ, և՛ վատ մարդիկ:

Որքան շատ ներդնես, այնքան ավելի մեծ եկամուտ կստանաս
Ցանկացած միլիարդատեր հաջողության իր բանաձևի մասին խոսելիս հենց այս աքսիոման է առաջ քաշում: Նրանք շարունակում են բարեգործություն անել, հովանավորչությամբ զբաղվել: Այնպես որ հիշեք, եթե նախատեսածից ավելի եք ծախսել մեկ օրվա ընթացքում, դա ամենևին էլ աշխարհի վերջը չէ: Դրական վերաբերվեք իրերին ու վստահ եղեք՝ կփոխհատուցվի:

Եղի՛ր լավատես և ամեն ինչ կստացվի
Ավելորդ է հիշեցնել, որ դրական մարդիկ իրար ձգում են: Պարզապես պետք է հիշել, որ դրական տրամադրվածությամբ ցանկացած գործ ավելի հեշտ է ստացվում: Բացի այդ, մեքենաների վարորդներին հազար տարի պետք չէ նեգատիվ տրամադրությամբ ուղևոր վերցնել: Այնպես որ՝ ժպտացեք այնքան լայն, որքան ի զորու եք ի ծնե: Առհասարակ, այս կանոնը պետք է առաջին հորիզոնականում լիներ, բայց նախընտրեցինք ցուցակը դրական կետով ավարտել: Բարի ճանապարհ:

Այս թեմայով