22 Ապրիլ 2014, 15:15
2478 |

Գրիմ եղբայրները

Բազմագույն նյութերի թագավորության ջերմ, հարազատ և գողտրիկ մթնոլորտը ստեղծվում է թատրոնի կարևոր օղակ գրիմյորների շնորհիվ:

Թատրոնն ունի հինգ կարևոր օղակ` ռադիո, լույս, հանդերձարան, ռեկվիզիտ, գրիմ: Վերջինն այնքան հին է, որքան թատրոնը: «Գրիմ» բառը ծագել է լատիներեն «գրիմո» բառից՝ «կնճիռներ»: Գրիմն առաջինը կիրառած հույներն օգտագործել են դեղձի չրեր, մրգերի հյութեր, ծառերի և ծաղիկների արմատներ տարբեր գույներ և արհեստական արյուն ստանալու համար: Ի տարբերություն հիմիկվա գրիմի, այն բավական օգտակար էր մաշկի համար: Հետագայում փոխվեցին գրիմի նյութերը, փորձարկվեցին շատ բաներ, վերջերս՝ սովետական շրջանում մեծ տարածում ստացան խոզի ճարպից պատրաստված թատերական գրիմները: Հումոզա, պոստիժ, պարիկ, տամբուրովկա՝ սրանք գրիմյորների աշխատանքի կարևոր տարրերից են, սակայն գրիմյորի մասնագիտության մեջ մեխը հենց ինքը գրիմյորն է: Թատրոնի գլխավոր գրիմանոցն այն վայրն է, ուր բոլոր դերասանները, թեև ունեն իրենց առանձին գրիմանոցները, բայց սովորության համաձայն բեմ դուրս գալուց առաջ առաջին հերթին գալիս են այստեղ: Բազմակերպ պարիկների և գրիմի բազմագույն նյութերի թագավորության ջերմ, մտերիմ և հարազատ մթնոլորտը ստեղծվում է թատրոնի կարևոր օղակի` գրիմյորների շնորհիվ: 

Մարինե Խաչատրյան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Գրիմը պետք է օգնի դերասանին, այլ ոչ թե խանգարի, դերասանը պետք է սիրի իր դիմակը»
Դեռ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում սովորելիս հասկացա, որ չեմ պատկերացնում կյանքս առանց թատրոնի. ուզում էի դերասանուհի դառնալ: Այն ժամանակ երիտասարդ էի: Մորս խնդրեցի, որ դիմի Սունդուկյանի տնօրեն Վրեժ Հակոբյանին. պատրաստ էի նույնիսկ հավաքարար աշխատել: Ինձ մի ամիս փորձաշրջան տվեցին, որպեսզի ապացուցեմ սերս: Թատրոնը շատ բարդ օրգանիզմ է, քեզ ընդունում են միանգամից, կամ չեն ընդունում երբեք: Այն ժամանակ նույնիսկ ամաչում էի կանգնել թատրոնի գիգանտների' Ֆրունզիկի, Մետաքսե Սիմոնյանի, Խորեն Աբրահամյանի կողքին, իսկ գրիմն անելը ռիսկ ու սարսափ էր: Իմ վարպետը Մառլիկ Բաղդասարյանն էր: Թերլեմեզյանի քոլեջից բերել էի նկարչությունից, գունային գամմաներից, վրձինը բռնելու ձևերից գլուխ հանելու լավ փորձ, բայց դա բավարար չէր: Երևի այսօր ոչ մի տեղ այդպիսի քննություններ չեն հանձնում, ինչպիսին ես էի հանձնում ամեն անգամ Մառլիկի խստապահանջ հայացքի ներքո: Ամեն անգամ ձեռքը բարձրացնելիս պետք էր կռահել' ինչ է ուզում: Հուսահատության բազմաթիվ պահեր եմ ունեցել, բայց թատրոնի հանդեպ ունեցած սերը չի թողել հեռանալ, ամուր պահել է ինձ այստեղ: Շփվել և խորհուրդներ եմ վերցրել նաև մեծագույն վարպետ Պողոս Ասչյանից: Հաճախ նրան էին վստահում կերպարային գրիմները, երբ Մառլիկը թատրոնում չէր լինում:

Թատրոնը սիրո արդյունք է. թե´ նկարիչ-ռեժիսոր, թե´ նկարիչ-գրիմյոր և թե´ ռեժիսոր-դերասան հարաբերություններում պետք է սեր լինի: Գրիմյոը պետք է սիրի դերասանին, իսկ դերասանը՝ վստահի նրան:

Գրիմյորի գործը ստեղծագործական է, գրիմը երբեք նույնը չի ստացվում: Մինչև հիմա ամեն անգամ գրիմ անելիս լարվում եմ: Դերասանին հայելու միջով հետևելիս նրա ներքին անհանգստությունից կռահում եմ' կհավանի գրիմը, թե ոչ: Եթե զգում եմ, որ մի բան այն չէ, ուրիշ ճանապարհներ եմ փնտրում:
Պետք չէ պարտադրել դերասանին մտնել այս կամ այն կերպարի մեջ, նա պետք է սիրի այն, որպեսզի ներկայացման ժամանակ դերը խաղալու փոխարեն չմտածի անհարմար պարիկի կամ կոշիկի մասին: Գրիմը պետք է օգնի նրան և ոչ թե խանգարի:

Մի անգամ պետք էր կտրել Խորեն Աբրահամյանի մազերը: Ես մազ կտրել չգիտեի, հրաժարվեցի: Նա թե' «Վախեցա՞ր», պատասխանեցի' «Չէ, Բաբկենիչ, ափսոսացի»: Իրականում ամաչում էի կտրել, բա որ ինչ-որ բան այնպես չստացվի: Սա կյանքիս միակ դեպքն էր, երբ որպես գրիմյոր վախ եմ ապրել:

Նունե Մելքոնյան, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն
«Թատրոնի գրիմյորի գործը թագավորական է»
Մասնագիտությամբ ինժեներ-տեխնիկ եմ: Թատրոնի հանդեպ ունեցած մեծ սերը ինձ 1988-ին բերեց Պատանի հանդիսատեսի թատրոն: Սկզբում հեշտ չէր. նոր էի ավարտել համալսարանը, երբևէ դերասանների հետ շփում չէի ունեցել: Թատրոնն արդեն ուներ գրիմյոր: Տիկին Ռոզան ինձ ամեն ինչ սովորեցրեց:
Համեստ, հաշտ ու համբերատար եմ, շուտ չեմ բորբոքվում: Որոշ մարդկանց գրիմ անելիս էներգիաս սպառվում է, անգամ փոքր կամակորության դեպքում լարվածություն է ստեղծվում: Տաղանդավոր դերասանների հետ հեշտ է շփվել, նրանք ավելի պարզ են: Կան դերասաններ, որոնց հետ աշխատելը մեծ ուրախություն է: Իսկ ոմանք շատ քմահաճ են, հատուկ մոտեցում են պահանջում: Տարիքով մեծերի հետ պետք է ավելի զգույշ լինել, երիտասարդների հետ համաձայնության գալը հեշտ է:

Իրականում դիմահարդարումը գրիմի մի մասն է միայն: Թատրոնը պահանջում է վառ գծեր ու տոներ դեմքի միմիկան, աչքերի խաղն ավելի արտահայտիչ դարձնելու համար: Կինոյում գրիմն այլ է, տոներն ավելի մուգ են: Բացի այդ, կինոյում աշխատելը ֆիզիկապես բարդ է, իսկ թատրոնի գրիմյորի գործը թագավորական է: Նկարիչը պրեմիերայից մի շաբաթ առաջ ասում է՝ ի՞նչ է ուզում: Ձեռքիս տակ ունենալով կերպարային էսքիզները՝ ազատ ստեղծագործում եմ: Սիրում եմ իմ ստեղծած բոլոր կերպարները, դրանք իմն են դարձել՝ «Մեղրի համը», «Մանչուկն ու Կարլսոնը», «Քաջ Նազար», «Ծիպիլի և տիմբակա» և այլն:

Բոլոր դերասանները սովորություն ունեն իրենց բեղ-մորուս կպցնելիս գլուխները դնել կրծքիս: Մուտքից առաջ էլ գալիս գրկախառնվում են, գլուխը դնում կրծքիս, էներգիա ստանում և բեմ բարձրանում:

Արմեն Այվազյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
«Գրիմյոր դառնալու համար հարկավոր է մեծ դպրոց անցնել»
1967-ին մտա «Հայֆիլմ» կինոստուդիա: Մեկ տարի աշխատեցի որպես լուսավորող, հետո ինձ տեղափոխեցին գրիմանոց' որպես աշակերտ: Գրիմյոր դառնալու համար հարկավոր է մի մեծ դպրոց անցնել: Այն ժամանակ քեզ տալիս էին կարգ' առաջինից վեցերորդ: Վեցերորդ կարգ ստանալու դեպքում վարպետ էիր համարվում' «մաստեր» գրիմյոր: Հաջորդ քայլը ստեղծագործական կազմի մեջ մտնելն էր: Այստեղ ստանում էիր նկարիչ-դիմահարդարի երրորդ կարգ, որին հաջորդում էին երկրորդ և առաջին կարգերը, և ապա' բարձրագույնը: Մի կարգից մյուսին անցնելու ընթացքում պետք էր աշխատել վեց գեղարվեստական կամ հեռուստատեսային ֆիմի վրա: 1980-ին ես արդեն բարձրագույն կարգ ունեի:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում աշակերտել եմ այն ժամանակվա հրաշալի վարպետներին' Պողոս Ասչյան, Վլադիմիր Ասատրյան, Խաչիկ Զալյան: Աշխատել եմ նաև «Մոսֆիլմում», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Համազգային պետական, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում: 1993-ից ի վեր մոտ տասը տարի դասավանդել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրիմի ֆակուլտետում:

Ինձ վիճակվել է գրիմ անել հանճարեղ դերասաններ Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Արմեն Ջիգարխանյանին, Իննոկենտի Սմոկտունովսկուն, Ռեգիմանտաս Ադոմայտիսին, Դոնատաս Բանիոնիսին, Ինգեբորկա Դապկունայտեին:

Եթե դերասանը չվստահեց, չհավատաց գրիմյորին, գրիմը լավ չի ստացվի: Իհարկե, եղել են դեպքեր, երբ չեն հավանել իմ արած գրիմը: Արդեն մեծ եմ, 70-ս լրացել է, նյարդային եմ դարձել, երբեմն վիճում եմ քմահաճ դերասանների հետ, փորձում բացատրել՝ որ կերպարն է պահանջել գրիմի նման լուծում:

Կարելի է մարդու դեմքը փոխել մինչև անճանաչելիության աստիճան, մոնտաժել ռետինե դիմակներ: Դժվարը կերպար ստանալն է, անձին մեծացնելը կամ փոքրացնելը: Դա կոչվում է «պլաստիկ գրիմ», նախկինում «հումոզա» էին անվանում: Բայց դա առանձին մասնագիտություն է՝ հատուկ էֆեկտների գծով նկարիչ: Դիմահարդարը, օրինակ, մարդուն մեծացնելու խնդիր երբեք չի դնում իր առջև, որովհետև նա չի կարող կերպարներ ստեղծել:
Եթե զզվող ես, գրիմյոր չես կարող լինել. չէ՞ որ դերասանները կարող են շատ ուժեղ քրտնել: Այդպիսին էր, օրինակ, մեծն Մհեր Մկրտչյանը:

Լիանա Հովհաննիսյան, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
«Գրիմը նման է նկարչության. երբեք չես կարող երկրորդ անգամ նկարել»
Մինչև գրիմյոր դառնալը դիմահարդար էի: Մի օր արթնացա ու որոշեցի, որ պետք է թատրոն մտնեմ: Երեք-չորս տարի առաջ Սունդուկյան թատրոնում սկսեցի սովորել մորուք, պարիկ գործել, հետո նաև գրիմ անել: Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի Ստանիսլավսկու թատրոն, բայց եկավ հեռուստաֆիլմերի և թատրոնի միջև ընտրություն կատարելու ժամանակը: Ընտրեցի թատրոնը, այն ձգողական աուրա ունի, մտնում ես՝ կարծես տանն ես:

Դերասաններին դեպի ինձ տրամադրելը նրանց հետ անընդհատ շփման արդյունք է: Պատահում է' դերասանը սենյակ է մտնում վատ տրամադրությամբ, աշխատում եմ ավելորդ հարցեր չտալ, հումորով մեղմել իրավիճակը: Ընդհանրապես, դերասանները քմահաճ ժողովուրդ են, եթե սովորում են մի գրիմյորի, դժվարությամբ են իրենց մոտ թողնում մեկ ուրիշին:

Գրիմյորը պետք է աշխատի այնպես, որ իր արած գործն առաջին հերթին իրեն դուր գա, հետո՝ դերասանին: Գրիմն ամեն անգամ տարբեր է ստացվում, նկարչության նման: Կարող ես մի շտրիխ ավելացնել կամ պակասեցնել, բայց երբեք չես կարող երկրորդ անգամ վրայից նկարել: Եղել են դեպքեր, երբ անհարթ մաշկով դերասանի գրիմի վրա այնպես եմ աշխատել, որ նա իրեն նույնիսկ անհարմար չզգա:

Եվգենյա Գաբրիելյան, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
«Պետք է բարի և հարգալից լինել այն մարդու հանդեպ, ով դերասանին պատրաստում է մեծ բեմի համար»

Թատրոնի և նրա կուլիսների հետ կապվել եմ մանկուց. մեծացել եմ շատ դերասանների միջավայրում՝ Բաթումիի' Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի շենքում: Ինձ ճանաչող մարդիկ կարծում էին' դերասանուհի եմ դառնալու, բայց շատ ամաչկոտ էի և հանդիսատեսի առջև չէի կարող անգամ մի բառ ասել: Եկա Երևան, ընդունվեցի Ֆինանսների տեխնիկում: Մի օր էլ բարեկամներից մեկը հարցրեց' կուզե՞մ թատրոնում աշխատել: Այդ պահին կարծես գլխիս երկնքից մանանա թափվեց: Քանի որ տեսքս տեղն էր, Հրաչյա Ղափլանյանը նույնիսկ առաջարկեց դերասանուհի լինել: Բայց երբ հրաժարվեցի, առաջարկեց գրիմ անել: 1971-ին մտա թատրոն և 43 տարի է' այստեղ եմ: Սկսեցի դասեր առնել թատրոնի գրիմյոր Սեդա Մաղաքյանից՝ Պողոս Ասչյանի աշակերտներից էր: Մառլիկ Բաղդասարյանի հետ էլ եմ շատ աշխատել, Գուժ Մանուկյանի, Լևոն Թոխիկյանի, Էմմա Վարդանյանի, Իշխան Ղարիբյանի, Վլադիմիր Մսրյանի, Էվելինա Շահիրյանի, Վիոլետա Գևորգյանի, Անահիտ Թոփչյանի հետ էլ: Մեծերը գիտեին գնահատել թատրոնի սպասարկող կազմը, իսկ նոր եկած սերնդին թվում է' գրիմը, հագուստը, ռեկվիզիտը ոչ թե սպասարկող է, այլ ծառայող: Մանկավարժական համալսարանում ռեժիսորներին դասավանդելիս առաջին խոսքս է. «Պետք է բարի և հարգալից լինել այն մարդու հանդեպ, ով ձեզ հագցնում-կապում ու պատրաստում է բեմի համար»:

Երիտասարդ էի, մի անգամ Գուրգեն Ջանիբեկյանին կիսապարիկ կպցնելիս այնքան էի հուզվել, որ մի փոքր շեղ ստացվեց: Նա էլ թե բա' «Ժաննա´, ոնց էլ կպցնես, ասելու եմ' լավ ա»: Հետդարձի ճանապարհ չկար, ժամանակն էլ սուղ էր: Բարդ էր նաև Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» ներկայացման գրիմը: Մի պահ կար, երբ դերասաններին հինգ րոպեի ընթացքում պետք էր այնպիսի գրիմ անել, որ նրանք քսան տարով մեծանային: Թատրոններից մեկում հարցրեցի' լույսն ինչպե՞ս է դրված: Զարմացած պատասխանեցին' լույսի հետ ի՞նչ կապ ունեք: Այնինչ ցանկացած գրիմյոր պետք է իմանա՝ լույսը որ անկյան տակ է ընկնելու դերասանի վրա:

Մոսկվայում Զեյթունցյանի «Մեծ լռություն» ներկայացման ժամանակ Գուժ Մանուկյանը Դանիել Վարուժան էր խաղում, երբ դահլիճը նրան հոտնկայս ծափահարեց: Մտածեցինք' Գուժին են ծափահարում, հետո պարզվեց, որ կերպարն էր արժանացել ծափերին: Գրիմը շատ նման էր ստացվել: Մարշալ Բաղրամյանը գրիմանոցում Գուժին ասել էր. «Դանիել Վարուժանին նկարով եմ տեսել ու հիանում եմ նրանով: Դու այնպես մտար բեմ, որ նույնիսկ շփոթվեցի, թվաց' իմ աշխատասենյակի նկարը շարժվեց»:

Նման դեպքեր շատ են եղել, եղել են նաև բարդ գրիմներ: Գրիմ անելիս երբ մի բան այն չի ստացվում, ծիծաղում եմ: Բոլորը գիտեն իմ այդ սովորության մասին, ասում են' «չփորձե´ս, Ժաննա´»:

Այս թեմայով