24 Հունվար 2014, 09:21
8646 |

Այրուձիի մեծ գաղտնիքը

Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է: Աշխարհի բանակները քայլում են պատմության դասագրքերի էջերով, կռվում միմյանց դեմ ու անդադար կատարելագործում իրենց սպառազինությունն ու մարտավարությունը: Հունական ու հռոմեական ռազմարվեստի մասին շատ բան գիտենք, մինչդեռ անցյալի հայկական բանակների պատմությունը ցայսօր մնում է չպատմված:

Մեզ հայտնի հայկական հնագույն զորամիավորումը նետաձիգներն էին: Այս մարտավարական միավորի որակական հատկանիշներն այնքան էին բարձր, որ դրանց մասին գրում էին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի պատմիչները: Հենց այս զինատեսակը խաղաց պատմական դեր մ.թ.ա. 2492-ի ճակատամարտում, երբ Հայկի դիպուկ ձեռքը նետահարեց բաբելոնցիների առաջնորդ Բելին: Նույն ժամանակ էլ կիրառվեց մեզ հայտնի առաջին մարտական շարվածքը՝ սեպը, որի սայրին կանգնեց անձամբ Հայկը: Խորենացին գրում է, որ հայկական աղեղները լայն էին՝ մինչև 2մ, նետերը եռափետուր էին ու շատ երկար, ինչի շնորհիվ հեռահար էին ու դիպուկ: Նետերի կառուցվածքը հետագայում կատարելագործվեց. թևերից մեկը դիտավորյալ թույլ էին սարքում: Նման նետը մարմնից հանելիս կոտրվում էր ու մնում վերքի մեջ՝ առաջացնելով մահաբեր բորբոքման օջախ: Այս նետերն այնքան էին երկար, որ անվնաս ընկնելով թշնամիների ձեռքը՝ կիրառվում էին որպես տեգեր:

Մերձավորարևելյան տիպի մարտակառք (մ.թ.ա. 8-րդ դարի հարթաքանդակ) և օղազրահի մաս:
Մերձավորարևելյան տիպի մարտակառք (մ.թ.ա. 8-րդ դարի հարթաքանդակ) և օղազրահի մաս

Սակայն նետաձիգները միշտ եղել են օժանդակ զորքեր բոլոր բանակներում: Գլխավոր դերը հատկացնում էին ծանր սպառազեն զինվորներին: Հին Հայաստանը բացառություն չէր. մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակը հայկական բանակի գլխավոր մարտավարական միավորումը մարտակառքերն էին: Կառքեր ու որակյալ զենքեր պատրաստելու համար հարկավոր էր երկաթի մշակման զարգացած տեխնոլոգիա: Երկաթն արդյունավետ սպառազինության անքակտելի մասն էր:

Հայկական լեռնաշխարհը կարելի է իրավամբ համարել համաշխարհային մետաղագործության հայրենիք: Մեր նախնիներն արդեն մ.թ.ա. 2-րդ հազարամյակում սերտել էին հանքաքարից երկաթ ստանալու գործընթացը: Սա ցույց են տալիս ոչ միայն պեղումների արդյունքները (ուշագրավ է մանավանդ Մեծամորի երկաթագործական համալիրը), այլև խեթական ու ասորական տարեգրությունների, պահոցների տվյալները: Լճաշենում, Կարմիր բլուրում, Թոփրաք քալեում և այլուր հայտնաբերված մարտակառքերի մնացորդներով կարելի է բավականին ստույգ որոշել դրանց կառուցվածքն ու կիրառման սկզբունքները: Առաջնամասն ու կողքերը պաշտպանված էին 50 սմ կամ ավելի բարձր երկաթե թիթեղներով: Մարտակառքում պահում էին նետերով պարկուճը, մկունդն ու այլ զենքեր: Մարտակառքերը տեղադրում էին զորքի թևերում կամ առջևում: Դրանց սրընթաց հարձակումն առաջացնում էր խուճապ ու խառնաշփոթ թշնամու շարքերում, ինչի շնորհիվ հետևակը դյուրավ ջախջախում էր մարտական կարգը կորցրած ոսոխին: Բայց մարտակառքերն ունեին էական թերություն. խորդուբորդ տեղանքում անկիրառելի էին: Դրանք կարելի էր օգտագործել միայն բաց դաշտում: Նույն խնդիրն էլ ուներ հունական հետևակը՝ փաղանգը, որը հուժկու էր առճակատ բախման ժամանակ, սակայն շարժուն չէր, իսկ խորդուբորդ տեղանքում պարզապես ցրվում էր՝ դառնալով հեշտ թիրախ թշնամու համար: Հռոմեացիները լուծեցին այդ խնդիրը՝ տրոհելով կարգը ինքնավար միավորների՝ մանիպուլների: Այստեղ կա հետաքրքիր հանգամանք. փառահեղ հռոմեական բանակը հաղթում էր գրեթե միշտ իր հետևակով:

Զինվորի արձանիկ: Կարմիր բլուր, մ.թ.ա. 8-րդ դար Սարդուրի Բ-ի սաղավարտը: Գտնվել է Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ, մ.թ.ա. 8-րդ դար:
Զինվորի արձանիկ: Կարմիր բլուր, մ.թ.ա. 8-րդ դար Սարդուրի Բ-ի սաղավարտը: Գտնվել է Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ, մ.թ.ա. 8-րդ դար:

Հեծելազորը փոքրաթիվ էր ու չուներ վճռական դեր: Սա վերաբերում է գրեթե ամբողջ անտիկ աշխարհին: Միայն Ալեքսանդր Մակեդոնացին օգտագործեց այն՝ համադրելով փաղանգի հետ, ինչն անմիջապես տվեց պտուղներ: Բայց միևնույնն է՝ նրա հեծելազորը նույնպես փոքրաթիվ էր: Որոշ պատմաբաններ հակված են այն կարծիքին, որ հեծելազորը քիչ էր օգտագործվում, քանի որ չկար շատ պարզ, սակայն անհրաժեշտ տարրը՝ ասպանդակը: Իրոք, փորձեք զենք ու զրահով սուրալ ձիով, հարվածել թրով՝ ձիուց կախված դիրքում ու չկարողանալ ասպանդակների օգնությամբ ուղղվել: Իսկ ինչպե՞ս թամբին մնալ խոչընդոտների վրայով ցատկելիս: Ասպանդակներն անհրաժեշտ են նաև նիզակով հարվածելիս հավասարակշռությունը պահելու համար: Սա շատ ճիշտ փաստարկ է. հարյուրամյակներ հետո, երբ առաջացավ ու տարածվեց ասպանդակը, հեծելազորի որակական դերը կտրուկ աճեց: Մինչդեռ առնվազն մ.թ.ա. 1-ին հազարամյակից սկսած՝ կար մեկ բանակ, որտեղ հեծալազորն արդեն գլխավոր հարվածային ուժն էր: Դա հայոց բանակն էր: Բանն այն է, որ Հունաստանում ու Հռոմում հեծալազորի սահմանափակ կիրառումն ուներ ևս մեկ հավանական պատճառ՝ անհեթեթության աստիճան պարզ. հեծալազորի համար ձիեր են հարկավոր՝ շա՛տ ձիեր: Տասնյակ հազարավոր հեծյալներ (այդքան էր հայոց այրուձիի թիվը)՝ նշանակում է հատուկ ցեղի տասնյակ հազարավոր ձիեր: Ընդ որում՝ հարկավոր էր դրանց թիվն ամբողջ ժամանակ համալրել: Ի տարբերության անտիկ աշխարհի այլ երկրների՝ արտակարգ զարգացած ձիաբուծություն ունեցող Հայաստանին այդ խնդիրն օտար էր:

Հայաստանում ձիաբուծությունն ուներ բացառիկ, ռազմավարական նշանակություն ու պետական հովանու ներքո էր: Դեռևս ուրարտական ժամանակներից հայտնի են ախոռներով, ձիարշավարաններով, ձիամարզարաններով ու ձիերի համար լվացարաններով համալիրներ: Հետաքրքիր է, որ երբ Հայաստանը դարձավ աքեմենյան Պարսկաստանի սատրապությունը, արծաթից ու ոսկուց բացի, սկսեց որպես հարկ տրամադրել բազմաթիվ ընտիր նժույգներ ու ջորիներ: Սրա մասին գրված է Բեհիսթունյան ժայռի արձանագրություններում, որտեղ Դարեհ թագավորի հրամանով գրվել են Պարսկաստանին տուրք տվող երկրների անունները: Դրանցից միայն Հայաստանն էր ձիերով հարկ տալիս. այս կենդանիները թանկարժեք մետաղների պես թանկ էին ու կատարում էին դրամի դեր:

Մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև մեր թվարկությունը հայկական բանակի մարտակառքերը սկսեցին աստիճանաբար զիջել ավելի ճկուն ու շարժուն մարտավարական միավորին՝ հեծելազորին, որը Հայաստանում հնուց անվանում էին այրուձի: Այրուձին այնպես փառավորեց հին Հայաստանի բանակները, որ նույնիսկ հայկական պետականության կորստից հետո շարունակեց տարածաշրջանում խաղալ կարևոր ռազմավարական դեր: Հիմքում ընկած էր ծանր հեծելազորը. ամբողջովին զրահապատ էին թե՛ հեծյալները, թե՛ ձիերը: Գլխավոր զենքերն էին նիզակն ու ծանր թուրը: Ծանր հեծելազորը բանակի հարվածային ուժն էր, հարձակվում էր հոծ, առավելապես՝ սեպաձև կարգով: Բյուրավոր ռազմիկներից բաղկացած ստվար շարքերի սրընթաց հարձակումը ջախջախում էր ոչ միայն թշնամու հետևակը, այլև հեծելազորը: Զրահապատ զանգվածը պարզապես ճխլում էր հակառակորդին, այնպես ցրում նրա մարտական կարգն ու կոխրճում, որ մնացյալ զորատեսակներին մնում էր միայն թշնամու վերջը տալ:

Այրուձիի հաջորդ մարտավարական տարրը թեթև հեծելազորն էր, որը չէին զրահապատում առավելագույն շարժունակություն ապահովելու համար: Ձիերը նույնպես համապատասխան ցեղատեսակից էին՝ կարճ, արագավազ, թեթև: Հիմնական զենքերը նետ ու աղեղն էին և թուրը: Թեթև հեծելազորն ապահովում էր ամբողջ բանակի մարտական կարգը, կատարում հետախուզական գործառույթներ, օժանդակում հիմնական ուժերի տեղակայմանը, հետապնդում ու ոչնչացնում թշնամուն՝ թույլ չտալով նրան վերախմբավորվել: Թեթև հեծելազորը հիմնականում հարձակվում էր ցրված շարքերով, խուսանավում էր ու չէր ներգրավվում բախումներում: Ի դեպ, շատ դարեր անց այս մարտավարությունը հաջողությամբ կիրառում էին մոնղոլները…

Այրուձիում ծառայում էին բացառապես ազնվականներ, ովքեր ձի վարել սովորում էին որպես դաստիարակության ու կրթության անքակտելի մաս: Մեծ պատերազմների ժամանակ այրուձին լրացնում էին նաև ստորին շերտերով՝ ռամիկներով:

Հեծելազորը թագավորների մշտական հովանավորության տակ էր: Նրանք հաճախ անձամբ էին անցկացնում ստուգատեսեր ու զորավարժություններ: Բանակն ընդհանրապես պետության առանցքն էր, առաջնային կառույցը: Սպարապետի պաշտոնը ժառանգական էր ու պատկանում էր Մամիկոնյան տոհմին: Բանակի նկատմամբ պետության հատուկ ուշադրությունը երևում է նաև «Զորանամակ» յուրօրինակ հրովարտակում, որը տրամադրում էր տվյալներ Հայաստանի բանակի դասակարգման ու թվի մասին:

Այրուձին լիովին հաստատում էր անպարտելի զորամիավորման իր համբավը: Օրինակ՝ մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին Գավգամելայի ճակատամարտում հայկական հեծելազորն էր, որ փախուստի մատնեց Ալեքսանդր Մակեդոնացու ձախ թևը՝ Պարմենիոնի զորքն ու հայտնվեց մակեդոնացիների թիկունքում: Ալեքսանդր Մեծի պատմությունը կարող էր հենց այդ օրն էլ ավարտվել, եթե հակառակ թևում պարսիկները չսասանվեին ու խուճապի չմատնվեին:
Մ.թ.ա. 68-ին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը միայն հեծելազորով ջախջախեց Լուկուլոսի հռոմեական լեգեոնները, ինչը եզակի դեպք է պատերազմների պատմության մեջ: Ծանր հեծելազորը ցրեց հռոմեացիների շարքերը, իսկ թեթևն ավարտին հասցրեց ջարդը:

Միջազգային թատերաբեմում հայկական այրուձիի քաշն ու դերն այնքան մեծ էին, որ հռոմեապարթևական, ավելի ուշ՝ պարսկաբյուզանդական հակամարտություններում պատերազմող կողմերը ձգտում էին այն իրենց կողմը գրավել: Մեկ այլ օրինակ. Կրասոսի ու Անտոնիոսի արևելյան արշավների ձախողման պատճառը, ըստ հռոմեացի պատմիչների, հենց այս հզոր նեցուկի բացակայությունն էր:

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան

Հետաքրքիր է, որ 5-րդ դարում՝ Արշակունիների թագավորության անկումից հետո, Պարսկաստանն ու Բյուզանդիան շարունակում էին օգտվել այրուձիից՝ շռայլորեն վարձատրելով զինվորական ծառայության համար: Պարսիկները միևնույն ժամանակ հանուն սեփական անվտանգության կրճատեցին հայկական հեծելազորի թիվը՝ դարձնելով այն 30 000, հետո՝ արաբական իշխանության տարիներին՝ 15 000: Իսկ որքա՞ն մեծ էր այն նախկինում: Հայտնի է, որ Պապի թագավորության ժամանակ հայկական այրուձիում կար մոտ 90 000 հեծյալ՝ բավարար քանակ հարևաններին միշտ վախի մեջ պահելու համար:

Հարկ է նշել, որ Բյուզանդիայի հիմնման սկզբից կայսեր թիկնազորն ու արքունական գունդը կազմում էին բացառապես հայերից: Այս միտումն ավելի ամրապնդվեց, երբ գահ բարձրացան հայկական տոհմերի ներկայացուցիչները: Հայկական ջոկատները՝ մանավանդ այրուձին, արժանանում էին ջերմ ու հարգալից վերաբերմունքի, հրամանատարներին տալիս էին բարձր կոչումներ ու պաշտոններ, զինվորներին խրախուսում պարգևներով:

Բյուզանդական կայսրները հայկական միավորումները տեղակայում էին ոչ միայն մայրաքաղաքում ու Արևելքում՝ Սիրիա, Կիլիկիա, Կապադովկիա և այլն: Հայտնի են հայկական զինվորական բնակավայրեր նաև Իտալիայում և Սիցիլիայում: Հուստինիանոս 1-ի օրոք միայն հայերից բաղկացած մի քանի բանակ Իտալիան ազատագրեց գոթերից, իսկ նրանց հրամանատար Ներսեսը դարձավ այդ արևմտյան գավառի կառավարիչը: Հայ ռազմիկները վայելում էին մեծ հարգանք նաև Բուլղարիայում ու հյուսիսային Աֆրիկայում: Հայկական միավորումների արիության շուրջ հյուսվում էին առասպելներ: Բյուզանդական շրջանում հարյուրից ավելի հայ զինվորականներ մտան պատմության մեջ որպես բանակի ու նավատորմի փառահեղ զորավարներ:

Սպառազեն հեծյալ: Բարձրաքանդակ Մուշի սբ Առաքելոց վանքի դռան վրա, 1134
Սպառազեն հեծյալ: Բարձրաքանդակ Մուշի սբ Առաքելոց վանքի դռան վրա, 1134

Սակայն չկա մի ուժ, որ կարողանա երկար գոյություն ունենալ առանց հայրենիքի, առանց սեփական պետության… 1071-ին Մանազկերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո բյուզանդական բանակում կռված հայկական հեծելազորը, որտեղ կային նաև ռուսական ջոկատներ, գնաց արևելք:

Թուրքական ներխուժման դեմ պայքարող Եգիպտոսի ֆաթիմյան խալիֆները կոչ արեցին հայկական զորքերին միասին հաստատել երկրում կարգ ու կանոն: Հայերը գրավեցին Կահիրեն ու Ալեքսանդրիան, Վերին Եգիպտոսում ճնշեցին բեդվինների ապստամբությունը: Ավելին՝ նրանց հրամանատարը, ապավինելով այդ ահեղ ուժին, դարձավ խալիֆաթի վեզիրը և երկար տարիներ հաջողությամբ ղեկավարեց երկիրը…

Հայկական այրուձին վերջին անգամ մարտի ելավ Կիլիկյան թագավորության ժամանակ, որի անկումից հետո անհետացավ պատմության թատերաբեմից, չնայած ստեպ-ստեպ հանդես էր գալիս զանազան պետությունների բանակներում: Մասնավորապես, մասնակցեց 1410-ի Գրյունվալդի հայտնի ճակատամարտին՝ ռուսական, լեհական ու լիտվական զորքերի հետ կռվելով գերմանացիների դեմ, ու դրսևորեց աննկարագրելի տոկունություն ու խիզախություն: Հայկական հեծելազորը հիշեցին Պետրոս 1-ինի ժամանակ ու 1722-ին Աստրախանում կազմեցին առավելապես արցախցի ռազմիկներից բաղկացած «Հայկական հեծելավաշտը», որը մասնակցեց Կովկասի և մերձկասպյան շրջանների բոլոր մարտերին ռուս-թուրքական ու ռուս-շվեդական պատերազմներում: Հայ հեծյալների խիզախությունը բարձր գնահատեցին նաև 1764-ին հեծելավաշտի կազմալուծումից հետո. այլ հեծյալ գնդերում ծառայության չանցածներին հատուկ հրամանով հատկացրին ոչ թե թոշակ, այլ լիակատար զինվորական դրույք:

Անցյալի հայ մարտիկների սխրանքների մասին այսօր հիշեցնում են միայն տարեգրությունները: Անտիկ դարաշրջանի հայկական բանակն իր սպառազինությամբ ներկայացված չէ եվրոպական պատկերազարդ կատալոգներում: Սակայն կա ժառանգականություն՝ սերունդների կապ. այսօրվա հայկական բանակին նայելով՝ ակամա մտածում ես՝ նրա՛նց ժառանգներն են, ու Աստված վկա, արժանի՛ ժառանգներ են:

Զորանամակ
Դա պաշտոնական հրովարտակ էր, որը Հին Հայաստանում որոշում էր բանակի թիվն ու դասակարգում այն: Հրովարտակը քառասրուն էր՝ ըստ Մեծ Հայքի չորս բդեշխությունների՝ հյուսիսային, հարավային, արևելյան ու արևմտյան դարպասների: Յուրաքանչյուր բդեշխություն բաղկացած էր 21 կամ 22 նախարարությունից: Զորանամակում նշվում էր դրանց զորքի թիվը: Համաձայն ցայսօր պահպանված միակ Զորանամակի՝ վաղ միջնադարում՝ Արշակունիների օրոք, հայկական բանակը բաղկացած էր 124 000 մարտիկից, որոնցից 84 000-ը նախարարական զորքերն էին, 40 000-ը արքայական գնդերը՝ ոստանիկներն ու մարդպետական զորքը: Արտաքին սպառնալիքի ժամանակ նախարարները հավաքում էին իրենց բանակներն ու կցում Զորանամակում նշված զորամիավորումներին, անհրաժեշտության դեպքում էլ թագավորի կամ սպարապետի հրամանով օգնում էին հայոց բանակի այլ խմբավորումներին:

Զորանամակն օգտագործվեց Հայաստանում մինչև Արշակունիների թագավորության անկումը:

«Ереван» ամսագիր, N4, 2007

Այս թեմայով