28 Հունվար 2014, 19:56
4470 |

Պատվի համար

Հայկական քաղաքակրթության ավելի քան 4 հազարամյա պատմության ընթացքում հայ զինվորը կռիվ է տվել բաբելոնցու, ասորեստանցու, պոնտացու, պարթևի, հռոմեացու, մոնղոլի, թուրքի, պարսիկի հետ: Սակայն երկարատև պատմության ընթացքում հայկական բանակը թալանի ու կոտորածի համար երբեք չի պատերազմել:

Հայերն արիասիրտ ռազմիկների համբավ են ունեցել դեռևս հնագույն ժամանակներից (արձանագրություններում` խուրիներ, կուտիներ, հաքսոսներ, հայասացիներ, նաիրցիներ, ուրարտացիներ): Ռազմարվեստում հայերը հաճախ են հանդես եկել որպես նորարարներ: Օրինակ` բերդերի տարածված հասարակ ձևը առաջինը փոխել են հայերը: Նրանք բերդի աշտարակներին և պատերին ավելացրել են ծածուկ ուղիներ դեպի ջրի աղբյուրները կամ գետերը: Հենց Հայաստանում են սկսել բերդի պարիսպները կառուցել ընդունված չափերից ավելի լայն, որպեսզի դրանց մեջ տեղավորվեն ձիերի ախոռները, զենքի, սննդամթերքի պահեստները։ Այդպիսի բերդաքաղաքներից էին Արմավիրը, Տիգրանակերտը։

Հին և միջնադարյան Հայաստանի տնտեսական ու ժողովրդագրական բարվոք վիճակը թույլ է տվել զինել, մարզել, հանդերձավորել կանոնավոր և մշտական զինուժ: Պատմական տեղեկությունների համաձայն` Ք. ա. 2-րդ և 1-ին հազարամյակներում, Հայասայի, Ուրարտուի և Երվանդունիների թագավորությունների հայ զինվորականության թիվը կազմել է մի քանի տասնյակ հազար: Իսկ Արտաշեսյան, Արշակունյաց և Բագրատունյաց թագավորությունների օրոք հայկական կանոնավոր բանակի թիվը եղել է 100-120 հազար: 12-14-րդ դարերում Կիլիկյան հայկական թագավորության զինված ուժերը գերազանցել են 60 000-ի շեմը: Հին աշխարհում հատկապես թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Մեծ հռչակ էր վայելում հայկական այրուձին` իր մանևրային կարողություններով և հարվածային հզորությամբ: Ռազմական փառքով աչքի էր ընկնում նաև հայոց հետևազորը, որն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառաբանված լայնալիճ աղեղը: Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում հայկական այդ զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով:

5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ շարադրված են հայ զինվորականության պատվո վարքականոնի գլխավոր դրույթները` ըստ հետևյալ առաջնակարգության.

1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը,
2. Ասպետական պատվի և համարումի անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով,
3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի թագավորին,
4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից,
5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն,
6. Նվիրվածություն ընտանիքին,
7. Նվիրվածություն տոհմակիցներին,
8. Հավատարմություն զինակիցներին: 

Այս արժեհամակարգի դրույթների խախտումը պատժվում էր դաժանորեն։ Օրինակ` Բուզանդը պատմում է, որ դավաճանություն գործած հրամանատար-նախարար Դատաբեն Բզնունուն բերել են Խոսրով Մեծ թագավորի մոտ և նրա առաջ քարկոծելով սպանել:

Հին Հայաստանում գործող կարգի համաձայն` ազնվականների տղաները ուսանում էին իրենցից մեկ աստիճանով ցածր ազնվականի մոտ և ուսման ընթացքում ապրում նրա տանը, որպեսզի ապագա հրամանատարը հնարավորինս լավ ճանաչի իր ենթականերին, նրանց կարիքներին ու հոգսերին ծանոթ լինի: Ռազմական դաստիարակության նույն այդ մեթոդը միջնադարում կիրառվել է եվրոպական ասպետների դաստիարակության գործում:

Հայ զինվորականության կոդեքսում կա մի դրույթ, որը համընկնում է միջնադարյան եվրոպական և ճապոնական ասպետական վարքուկանոնների հետ: Դա այն էր, որ մահվան իդեալական եղանակ էր մարտադաշտում նահատակվելը: Օրինակ` հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը մահվան մահճում արտասվել է` ասելով. «Որքա՜ն լավ կլիներ, եթե ես պատերազմի մեջ մեռնեի հայրենիքի համար: Մանկուց պատերազմների մեջ եմ մեծացել և ամեն տեսակի վերք ստացել մարմնիս: Թեպետ շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ինձ վիճակվեց մեռնել վատթար մահով՝ անկողնում պառկած»: Զինվորի պատվո վարքականոնի այս դրույթները ժամանակի ընթացքում կարծրացել են հայ ռազմիկի մտքում, վարքուբարքի մեջ ու դրսևորվել տարբեր ժամանակների ազատագրական մարտերում: 

Հայերի ռազմի աստվածը և Քրիստոսը
Հայկական դիցարանի ռազմի աստված Վահագնին հեթանոս հայերն այնքան են սիրել, որ մարդեղենացրել են, համարել Տիգրան Մեծի երրորդ զավակը: Հայոց արքաներն ու զորավարները մարտի գնալուց առաջ Վահագնից խիզախություն էին հայցում և խնդրում նրա հովանավորությունը: Կարծիք կա, որ հեթանոս հայերն ավելի ռազմաշունչ էին, ավելի հաղթական ու զորեղ, քան քրիստոնյա հայերը: Նշվում է, որ սեր ու բարեսրտություն քարոզող քրիստոնեական վարդապետությունից հետո հայ զինվորը ունեցել է մարտական ոգու անկում, իսկ երկիրը` տարածքային կորուստ: Վիպասան Րաֆֆին դժգոհում էր. «Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու»: Րաֆֆու կարծիքով` եթե մեր քրիստոնյա պապերը վանքերի փոխարեն բերդեր կառուցեին, խաչի փոխարեն զենք գնեին, խունկի տեղ վառոդ ծխեին, հայոց երկիրը չէր քանդվի: Իսկ ահա մյուս կողմից էլ 5-րդ դարի պատմիչները նկատել են տալիս, որ հայ հրամանատարները քրիստոնեական ուսմունքն օգտագործում էին իբրև մարտաշունչ գաղափարախոսություն: Հեթանոսական ժամանակ ձևավորված և պատերազմներում սրբագործված պատվո վարքականոնը քրիստոնյայի կրոնական զգացմունքների հետ ներդաշնակեցնելու համար հայ զինվորներին քարոզվում էր «Հայաստանի համար զոհվելը հենց Աստծո համար է» դրույթը: Օրինակ` հայոց սպարապետն իր որդուն կարող էր այսպիսի պատգամ հղել. «Պատերազմի՛ր և անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը, որովհետև դա շատ արդար և Աստծուն ընդունելի գործ է: Եթե այդպես վարվեք, Աստծված ձեզ անտես չի անի»: Այդ կերպ հայոց բանակում ձևավորվում էր ռազմիկի նոր կերպար՝ «խաչի դյուցազուն»: Եվրոպական երկրներում մարտիկի այդ նոր տեսակը պետք է առաջանար միայն հարյուրամյակներ անց` ի դեմս ասպետների: 

Հայերի մարտական ունակությունները` օտարների գնահատմամբ
Մեր երկարատև պատմության ընթացքում հայկական բանակը թալանի ու կոտորածի համար չի պատերազմել: Հայ զինվորի վեհանձն կերպարը երևում է «Սասնա ծռեր» էպոսում, երբ Սասունցի Դավիթը չի հարձակվում քնած թշնամու վրա, այլ որոտաձայն գոռալով արթնացնում, հետո միայն գրոհում:

Հայկական զորագնդերի պատերազմավարժությունը և ռազմական հատկանիշները նկատել ու արձանագրել են այլազգիները: Ըստ անվանի բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի` Բյուզանդիայում «հայ» և «քաջ» բառերն ընկալվում էին իբրև հոմանիշներ: 

Հույն պատմիչ Ստրաբոն
Հայկական ռազմարվեստը հին աշխարհի շատ ժողովուրդների և երկրների ռազմական հզորության մակարդակը գնահատելու որոշակի փորձաքար է:

Բյուզանդական պատմագիր Պրոկոպիոս Կեսարացի
Հռոմեական կայսրերն իրենց թիկնազորի ընտրության ժամանակ հաշվի էին առնում մարդկանց արժանիքները և հայերին էին տալիս նախապատվությունը:

Ֆրանսիացի բյուզանդագետ Շառլ Դիլ
Բյուզանդիան պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական բյուզանդական բանակի լավագույն զորաջոկատները հայկականներն էին:

Հռոմեացի հեղինակ Զոսիմա
Բոլոր հակառակորդներին քաջ հայտնի հմուտ նետաձիգ Մանուիլը շատ խիզախ մարդ էր, քանի որ նա ծնունդով հայ էր:

Պարսից արքա Շապուհ 2-րդ
Ինձ այնպես է թվում, թե Մուշեղի (սպարապետ Մուշեղ Մամիկոնյան) զորագնդից բոց ու կրակ է թափվում, դրոշակներն այնպես են երևում գնդի մեջ, կարծես թե հրդեհի բոց է անցնում եղեգների միջով։ Երանի՜ նրան, ով Հայոց գնդի տերն է, այդօրինակ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի։ 

Բյուզանդագետ Ռոմիլի Ջենկինս
Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպվածությունը և ռազմական հանճարը, որոնց վրա էր խարսխված է փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր:

1918-ի մայիսյան հերոսամարտերից հետո թուրք հրամանատար Վեհիբ փաշա
Հայերը ցույց տվեցին, որ ընդունակ են լինել աշխարհի լավագույն զինվորները: Ի դեպ, ֆրանսիական մամուլն այդ օրերին գրում էր. «Ընդհանուր կարծիք կա, որ հայերն արժանի են կարեկցանքի, սակայն պարզվեց, որ նրանցով պետք է հիանալ»։ 

Կանոնավոր զորքի փոխարեն՝ ֆիդայական տարերային խմբեր
Երբ հայը կորցրեց պետականությունը, կազմալուծվեց նաև կանոնավոր բանակը: Հայ զինվորների մարտական բարձր որակները դրևսորվեցին կայսերական զորագնդերում կամ ապստամբական մարտերում: 19-րդ դարում հայ ռազմիկի կերպարային փոփոխություն տեղի ունեցավ. շեշտադրվեց վրեժխնդրության էլեմենտը: Ասպարեզ եկան ֆիդայիները (հայդուկներ), կյանքի կոչեցին ազգային-ազատագրական զինված պայքարի նոր ձև:

Հայ ռազմիկի նոր ձևավորվող վրեժխնդիր տեսակը ոգեշնչման մեծ ալիք բարձրացրեց: Ֆիդայական առաջին խմբերը կազմավորվեցին Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Ֆիդայիների օրենքով ռազմիկը պետք է զրկվեր թագ ու պսակից: Զենքը ձեռքին՝ նա երդվում էր` 

 

  • մինչև ի մահ պսակված մնալ զենքին,

  • քարանձավը դարձնել իր տունը,

  • քարը դարձնել իր բարձը,

  • չթափել անմեղ արյուն,

  • կանանց ու երեխաների վրա ձեռք չբարձրացնել,

  • կռվի մեջ ընկերոջը չլքել:

 

Իսկ եթե որևէ մեկը երդմնազանց էր լինում, նրա պարանոցին մոտենում էր ֆիդայու արդար սուրը: Ֆիդայիների շրջանում հատուկ նշանակություն ուներ բեղմորուսը, որով երդվում էին, երբ պետք էր լինում խոստում տալ: 

Վերածնված հայոց բանակ
20-րդ դարավերջին վերածնվեց հայկական կանոնավոր բանակը, որն արդեն 22 տարեկան է: 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց պատմական որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման մասին»: Արդյունքում 1992–1993 թթ. 80 երկրապահ կամավորական ջոկատների և զինակոչիկների միավորմամբ ստեղծվեց ազգային բանակը: Զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1992-ի ապրիլի 22-ին խաչի ու Աստվածաշնչի առջև: Ռազմարվեստի դարավոր ավանդույթներ ունեցող ժողովրդի զինվորի երդումն ամրագրվեց ու մնաց այսպես.

«Ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում՝ հանդիսավոր երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը։ Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։ Երդվում եմ»։

Հայկական ռազմական դաստիարակության հարուստ ավանդույթների հիման վրա սկսված ավելի քան 20-ամյա բանակաշինությունը թող շարունակվի զորահանդես անցկացնողի հպարտությամբ, պատերազմում հաղթածի ինքնավստահությամբ և քաջերի հետնորդներ լինելու ինքնագիտակցությամբ:

Այս թեմայով