31 Հունվար 2014, 09:05
5051 |

Անպատասխան հարցեր հայի տեսակի մասին

Հայի նախաստեղծ տեսակը փնտրելով ու եղածներին պինդ բռնած՝ «Կարին» ավանդական երգի և պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն առավոտից մինչև ուշ երեկո պարի դասեր տալուց բացի, տարբեր լսարաններում վկայակոչում ու քարոզում է այդ տեսակի անհրաժեշտությունը։ Ազգայինը կորցնելու վերահաս վտանգն օդի մեջ զգալով են Գագիկ Գինոսյանն ու նրա համախոհները սթափության դասեր տալիս։ Նրանք նոր նախագիծ են իրականացնում։ Առայժմ ամիսը մեկ անգամ «Թեքեյան» կենտրոնում անց են կացնում «Հայու տեսակ» խորագրով բաց դասախոսություն-զրույց։ Արդեն երկու հանդիպում եղել է. «Թեքեյանի» դահլիճը լեփ-լեցուն է լինում։ Ցանկացողները շատ են, տեղերը՝ սահմանափակ։ Ունկնդիրների ակտիվ արձագանքը ոգևորել է Գագիկ Գինոսյանին։

Եթե առաջացել է հայի տեսակի մասին ամբիոնից խոսելու անհարժեշտություն, ուրեմն այդ տեսակը մեր միջից վերանում է, ու դուք անհանգստանում եք դրա համար։ Խնդիրը ներթափանցե՞լ է մեր ինքնապաշտպանական բնազդի տիրույթ։

- Մենք զրկվել ենք ինքնապաշտպանական բնազդից։ Ազգայինի, տեսակի գիտակցումը բնազդային պետք է լինի։ Մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում, բայց չենք բացատրում, չենք կարողանում գործնականորեն համոզել, թե ինչու է նա զորակոչվում, որն է նրա առաքելությունը։ Մեր տղաներն այդ երկու տարին բանակը բանտ են ընկալում, բայց թե որ դատավճռով են նստած՝ չգիտեն։ Մինչև հային չվերադարձնենք հայ լինելու հպարտությունը, նա չի հասկանալու հայոց բանակում ծառայելու իմաստը։ Եթե զինվորն իրեն չզգա իր հայրենիքի մաս, չի կռվի ու ինքնապաշտպանություն չի իրականացնի։ Բանակն ընկալվում է պարտադիր, ստիպողական ծառայություն, մինչդեռ հայ երիտասարդը պետք է իրեն կամավորագրված զգա իր երկրի բանակին։ Նժդեհն ասում է. «Զենքն անհրաժեշտ է, բայց արի բազուկներում»։ Ինչքան էլ զինվորին լավ ուսուցում տանք, ինչքան էլ այս կամ այն զորամասը մրցույթներում մարտական պատրաստվածությամբ գերազանցի մյուսներին, միևնույն է, դա որպես սպորտ է ընկալվելու։ Իսկ ամենից կարևորն ազգային ոգու ու գաղափարի գիտակցումն է, որ բացակայում է այսօր։ Զենքը չի կռվում է, այլ ոգին, նվիրումը։ Պատերազմի ժամանակ, երբ իսկապես կռվել պետք լինի, հայ զինորը միգուցեև չհասկանա իր՝ այնտեղ լինելու իմաստն ու լքի մարտի դաշտը։ Նորից եմ դիմում Նժդեհին. «Աշակերտիր ռազմի հանճարներին, բայց երբեք չմոռանաս, որ վտանգն է լավագույն ուսուցիչը»։ Այսօր հայ երիտասարդին չենք կրթում, չենք պատրաստում, որ նա էլ համոզվի՝ ինքն ինչո՞ւ պիտի բանակ կամ պատերազմ գնա։ Գաղափարազուրկ է հայ զինվորը, որովհետև մեր բանակի հիմքում գաղափարը չի դրվել։ Հերոսացած հայը կամավոր զինվորն է եղել, ոչ թե պարտադիր զինծառայողը։

Ձեր նկարագրությամբ՝ սա համատարած երևույթ է, համազգային սայթաքում։ Իսկ նման դեպքերում պատճառները խորն են, մեկը մյուսին շղթայված. ինչի՞ հետևանք են դրանք։

- Սարսռում եմ այն մտքից, որ ինքնավերարտադրման, հայու տեսակի պահպանման անհրաժեշտությունը եթե այսօր նույնիսկ գիտակցում ենք, միևնույն է, վաղվա տեսլականը չունենք։ Բանակն այլ զինվոր է ուզում, դպրոցն այլ մարդ է տալիս, զանգվածային լրատվամիջոցներն ուղղակի փչացնում են հային։ Չես հասկանում՝ այս երկրին վերջապես ինչպիսի՞ քաղաքացի է պետք։ Մինչև բոլոր ջանքերը չուղղվեն միևնույն կետին, հայու տեսակ անհնար է դաստիարակել։

Երկրի քաղաքական առաջին դեմքերին ուղղել եմ այդ հարցը՝ ո՞րն է հայ քաղաքացու կերպարը։ Պատասխան չկա։ Ցավն այն է, որ մենք անգամ չգիտենք, չենք էլ վերլուծել ու պարզել, թե ինչպիսին պիտի լինի հայ քաղաքացին։ Սովետը լավն էր, թե վատը, կարևոր չէ,բայց ուներ սովետական քաղաքացու կերպարի մոդելը։ Եթե մենք պատկերացում չունենք, թե ո՞վ է հայ քաղաքացին, ինչպե՞ս կերտենք նրան։ Եթե ես չգիտեմ՝ ինչպիսին պիտի լինի իմ երեխան իմ պատկերացմամբ, ինչպե՞ս , ի՞նչ տեսլականով դաստիարակեմ նրան։ Ո՞րն է հայի տեսակը. նա, ով պետք է լինի ավելին, քան իր նախորդները։ Եթե նոր սերունդը մի քայլ առաջ չի նախորդից, չի կարող դիմակայել ժամանակի մարտահրավերներին։ Ձուլել նոր սերունդ, որն իր ներսում կկրի իր արժեքները՝ Մաշտոցին, Նարեկացուն, Կոմիտասին, բայց որը նրանցից էլ առաջ կանցնի։

Ցավն այն է, որ մեր մեջ է հիմա ամենամեծ դավաճանը՝ ստրկամտությունը։ «Ուիլսոնի քարտե՞զը, թե հայ զինվորի սվին»,- հարցնում է Նժդեհը։ Միանշանակ ՝ հայ զիվորի սվին։ Մեր սահմաններն այդ սվինով ենք գծելու, մեկ էլ մեր մտքի, բազկի, ոգու ուժով։ «Ես տեսա հոգով ստրուկին ազատության մեջ և զազրեցի մարդուց։ Ես տեսա հոգով ազատին ստրկության մեջ և պաշտեցի մարդուն»,- նժդեհյան մտքերը դիպուկ բնութագրում են բոլոր ժամանակները։ Մենք այսօր կերտում ենք մի սերնդի, որը ստրուկ է դառնում։ Ցավալի է, բայց փաստ. եթե 90-ականներին արտագաղթում էին հանապազօրյա հաց որոնելու, ապա այսօր արտագաղթողների 99 տոկոսը հոգևորի ու արժանապատվության արժեզրկումի պատճառով է լքում հայրենիքը։ Լքված ամրոցն անառիկ չի լինում։ Մենք կենդանի խրամատ ենք երկու թուրքալեզու, թուրքադավան պետությունների միջև։ Պատերազմը դեռ չի ավարտվել.սա իրավունք չունենք մոռանալ։

Անկախությունը հոգեկերտվածք է, ոչ թե վարչական սահմաններ, կամ իշխանություն։ Բայց մենք այդ հոգեկերտվածքի տեսլականը չունենք։ Եթե հերթական սերունդն ենք դաստիարակում՝ ստրուկ, չենք կարողանա պահպանել մեր անկախությունը։ Եթե 1980-90-ականներին չունենայինք հոգով անկախ սերունդ, Արցախյան պատերազմում չէինք հաղթի։ Ավելի քան նսեմացնող է այն, որ ներսումդ նստած ստրուկը ոչ միայն քեզ է ստրկացնում, այլև քեզնից ներքև կանգնածներին։

Ո՞վ պետք է ստանձնի հայի տեսակի ձևավորումն ու պահպանումը։ Առաջինն ո՞ւմ պետք է մտահոգի այդ խնդիրը։

- Նախկինում կարծում էի՝ պետության խնդիրն է, բայց այսօր համոզված եմ, որ մտավորականների ուսերին է դրված։ Մենք այսօր ազգային նկարագրով, ոչ թե անկուսակցական, այլ վերկուսակցական, ազգային գիտելիքներով զինված մտավորականների սերնդի կարիք ունենք։ Նա իր արժեհամակարգով պետք է հայու տեսակը կերտի։ Մտավորականը հավաքող ոսպնյակի դեր պետք է կատարի ու կիզակետին ուղղի բոլոր ճառագայթները։ Երջանիկ է ցորենի այն հասկը, որը գիտակցում է, որ մինչև գերանդին կհասնի իրեն, ինքը պիտի հասցնի խոնարհվել ու իր սերմը գցել հողի մեջ՝ համոզմունքով, որ իր զոհաբերությամբ իրենից ավելի կատարյալ սերունդ է ծնունդ առնելու։

Իսկ միգուցե որոշվել է, որ պե՞տք չէ ունենալ հայի տեսակ, միգուցե ունենք այն, ինչ ծրագրել ենք ունենալ։

- Եթե բանակի օրը փափուկ ապրած մի տղա բեմ է բարձրանում ու երգում. «Պստիկ պապան գնաց բանակ, հետը տարավ մի սուր դանակ, սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի», ուրեմն չի բացառվում, որ հայու տեսակի անհրաժեշտությունը չունենք։ «Բանակում» սերիալն ադրբեջանցիները ծաղրուծանակի են ենթարկում։ Նման խեղկատակությունները գցում են հայ զինվորի ու Հայոց բանակի վարկանիշը ու պիտի խստագույնս քննադատվեն, դատապարտվեն։ Այսքանից հետո իսկապես կասկածելի է՝ մենք պետք ունե՞նք հայու տեսակի։ Սովետական Հայաստանում 80 ազգագրական խումբ կար, այսօր՝ ամենաշատը՝ 10, որոնցից և ոչ մեկը մեծ պահանջարկ չունի, ցավոք։

Ո՞րն է Ձեր սկզբունքը, ի՞նչ ճանապարհով եք քայլում։

- Ես գերադասում եմ մեկ օր ապրել որձ էշի պես, քան ամբողջ կյանքում՝ կրտած ձիու։ Պտղաբերել է պետք, իսկ եթե որոշել ես պտղաբերել, ուրեմն կրտած ապրելու համար չես ծնվել դու։ Հայու տեսակը քո մեջ ու քեզնով պիտի շարունակվի։ Պետք է արժանի սերունդ տաս, իսկ դրա համար մեռնելն էլ պատիվ է։

Հ.Գ.
«Հայու տեսակ» բաց դասախոսություն-զրույցի հաջորդ բանախոսը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն է։ Նրա հետ հանդիպումը նախատեսված է փետրվարի 14-ին։ Նա կներկայացնի հայկական ճարտարապետությանը, տարազներին, խոհանոցին, հայոց լեզվին վերաբերող դասախոսություններ։

 

Այս թեմայով