Անցնող տարվա ընթացքում երևանյան կինոէկրաններին մեկ տասնյակից ավելի տեղական արտադրության ֆիլմ բարձրացավ՝ տարբեր ժանրերի, որակի ու հանդիսատեսի քանակի: Մենք ընտրեցինք այն հինգը, որոնք պատրաստվում էին զարմացնել հանդիսատեսին ինչ-որ մի բանով, սակայն աչքի ընկան բոլորովին այլ բաներով:
«Գարեգին Նժդեհ», ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան
Ինչո՞վ պետք է զարմացներ
Լայնածավալ գովազդային արշավը խոստանում էր անկախ Հայաստանի կինոյի պատմության մեջ ամենաէպիկական պատմական ժապավենը, այն էլ՝ հայոց պատմության ամենակարևոր պետական գործիչներից մեկի մասին:
Ի՞նչ ստացվեց
Հրաչ Քեշիշյանի կինոնկարը շատ ավելի աչքի ընկավ զավեշտալի «Յա Գարեգին Նժդե» ռեպլիկով, որը հաշված օրերի ընթացքում դարձավ հայոց ինտերնետի ամենատարածված մեմերից մեկը, ինչպես նաև կինոյի հետ որևէ կապ չունեցող քննարկումներով. շատերի համար ֆիլմի գլխավոր հերոսն արդեն իսկ առիթ էր շրջանցելու արվեստի հետ կապ ունեցող բոլոր քննարկումները: Օրինակ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը փայլուն միտք էր արտահայտել այն մասին, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ռազմահայրենասիրական գեղարվեստական ստեղծագործություն է, որը չեն դատում:
«Իմ անունը Վիոլա է», ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար
Ինչո՞վ պետք է զարմացներ
«Հոգեբանական միստիկ դրամա» խոստումնալից պիտակով և ամերիկացի դերասանուհիներով:
Ի՞նչ ստացվեց
Զարմանալի էր այն, որ 21-րդ դարում, երբ բոլորն արդեն վաղուց տեսել են ամեն ինչ, ռեժիսոր Քոչարը որոշել էր զարմացնել հանդիսատեսին բաց, այդ թվում՝ երկու ամերիկացի դերասանուհիների ընդհանուր լեզբական տեսարաններով: Բայց արի ու տես՝ հայկական «Հիմնական բնազդ» տեղի չունեցավ: Ինչպես և ռեժիսորի նախորդ ֆիլմերը, այս մեկն էլ առանձնապես մեծ դիտումներ, համենայն դեպս Երևանում, չունեցավ:
«Քայլ ձիով», ռեժիսոր՝ Գոռ Կիրակոսյան
Ինչո՞վ պետք է զարմացներ
Վերջապես արդիական, քաղաքական հումորով ֆիլմ կունենանք, քանի որ սցենարը գրել էին «ԱրմՔոմեդի» ռազմահայրենասիրական-քաղաքական երգիծական նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը:
Ի՞նչ ստացվեց
Կիսաքաղաքական և գրեթե աննկատ մի հումորից բացի («ոլոլորտ» վարչապետական մեմի օգտագործմամբ) «Քայլը» ոչնչով չէր հիշեցնում իր հեղինակների հիմնական աշխատանքի մասին: Փոխարենը, հանգամանքների բերումով, ֆիլմը զարմացրեց նրանով, որ դարձավ 21-րդ դարի հայկական արտադրության առաջին ժապավենը, որը դիտելու համար կարելի էր ընտրել Երևանի երեք կինոթատրոններից մեկը («Նաիրին», «Մոսկվան», որտեղ ցուցադրությունները շարունակվում են մինչև օրս և նորաբաց Cinema Star-ը):
«Փոքրիկ զորավարը», ռեժիսոր՝ Հենրի Քոչարյան
Ինչո՞վ պետք է զարմացներ
Օ'Հենրիի անմահ արձակի («Կարմրամորթ առաջնորդը») ադապտացումը մեր ժամանակներին և հայկական իրականությանը կարող էր զարմանալիորեն զվարճալի նյութի վերածվել:
Ի՞նչ ստացվեց
Զարմանալիորեն ոչ ծիծաղելի ու անհավանականորեն տափակ պսևդո-կատակերգություն: Դա հատկապես տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ եթե որևէ ժանր հայկական կինոյում անկախության տարիներին քիչ թե շատ առաջխաղացում ունի, ապա դա կատակերգությունն է:
«Փարաջանով», ռեժիսոր՝ Սերժ Ավեդիքյան, Ելենա Ֆետիսովա
Ինչո՞վ պետք է զարմացներ
Ռեժիսոր և գլխավոր դերակատար, ֆիլմի գլխավոր հերոսի հետ ժամանակին լավ ծանոթ Սերժ Ավեդիքյանի opus magnum-ը աննախադեպ ամբիցիոզ նախագիծ էր թվում՝ բավական լավ հեռանկարով: Մասնավորապես, մի քանի տարի առաջ Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած Ավեդիքյանը լավ շանսեր ուներ հերթական ժապավենը ներկայացնելու աշխարհի գլխավոր կինոփառատոնի արդեն հիմնական մրցույթում և ընդհանրապես՝ ներկայանալու աշխարհին:
Ի՞նչ ստացվեց
Ցավոք, ֆիլմը չընդգրկվեց ո՛չ Կաննի մասնակիցների թվում, ոչ էլ Օսկարի՝ «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված էր Ուկրաինայի կողմից: Եթե երկրորդը բարդ խնդիր էր, հաշվի առնելով աշխարհում լույս տեսնող բարձրորակ ֆիլմերի քանակը, ապա առաջինը լիովին հնարավոր էր՝ հաշվի առնելով արդյունքում ընտրված ֆիլմերի ցանկը և «Փարաջանովի» որակները: Եվ կարելի է զարմանալ, թե ինչու ֆիլմը մինչև հիմա չի ունեցել կինովարձույթ Հայաստանում՝ այն արժանի է հնարավորինս շատ դիտումների: