20 Դեկտեմբեր 2013, 15:45
682 |

10 միջոցառում, որը 2013-ին երևանյան հանդիսատեսն արհամարհեց

Ակադեմիական երաժշտությունն ու թատրոնն այս տարի համառորեն անտեսվում էին հայ հասարակության կողմից։ ImYerevan կայքը ներկայացնում է մերժվածների ցանկը:

2013-ին մշակութային միջոցառումների պակաս Երևանում չկար, այլ բան է, որ հանդիսատեսի հետաքրքրությունն անկանխատեսելի էր։ Տեղական բեմադրությունների նկատմամբ էլ է երբեմնի քիչումիչ հետաքրքրությունը մարել։ Անցնող տարում հանրությունն արհամարհեց հետևյալ իրադարձությունները.

1. Հեսսենում, Մայնի Ֆրանկֆուրտում, օտար այլ բեմերում գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը սպասված երաժիշտ է, համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ նա հանդես եկավ համատեղ համերգով։1400 նստատեղ ունեցող «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսներին ամֆիթատրոնից հրավիրեցին պարտեր՝ ազատ տեղերում նստելու։ Շումանի Դաշնամուրի կոնցերտը լսելուց հետո շատերը լքեցին դահլիճը. համերգի 2-րդ մասը՝ Բեթհովենի 6-րդ սիմֆոնիան, արհամարհվեց։

2. Նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային ծրագիր էր նվիրել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին։ Կոմպոզիտորի՝ ջութակի և լարային խմբի համար գրված կոնցերտը, սիմֆոնիան և «Տետր՝ աշնանային երգերի համար» ստեղծագործությունները հնչեցին բառացիորեն 20-30 հոգու համար, մինչդեռ կարող էին լսել 1400-ը։ Բեմի վրա ավելի շատ մարդ կար, քան դահլիճում։

3. Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ 80-ամյա պատմություն ունեցող Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը։ Ծրագիրը շատ հագեցած էր ու դինամիկ։ Կամերային դահլիճի 320 նստատեղերի մեկ երրորդն էր միայն զբաղված։ Տոմսն արժեր ընդամենը 1 000 դրամ։

4. Գյումրու «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոնի երևանյան համերգներին ներկա էին միայն ելույթ ունեցողների հարազատներն ու մտերիմները։ Կամաց-կամաց նրանց շարքերն էլ նոսրացան. ով ելույթն ավարտում էր, իր հարազատներին առնում-տանում էր։

5. Դեկտեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը։ Ներկայացված էր ամերիկյան 2 հեղինակների և Էդվարդ Սադոյանի «Նարեկացի. ձայն առ Աստված» բալետի համերգային տարբերակը։ Այդ օրվան մեր կոմպոզիտորը սպասել էր 6 տարի։ Դահլիճում բառացիորեն 10 հոգի կար, ներառյալ ամերիկյան հեղինակների: Այն դեպքում, երբ նախատեսված էր 1260 նստատեղ: Էդվարդ Սադոյանը, սակայն,երջանիկ էր. վերջապես իր գործը հնչեց։

6. Սեպտեմբերին տեղի ունեցավ «Երևանյան երաժշտական շաբաթ» փառատոնը։ Բոլոր համերգներն անցան կիսադատարկ դահլիճում, իսկ Էռնա Յուզբաշյանի երեկոն, որին երևանյան հանդիսատեսը վաղուց ու մեծ ակնկալիքներով էր սպասում, ուղղակի հիասթափեցրեց: Ոչ կենդանի համերգը բարկացրեց ունկնդրին. 3-րդ երգից հետո հանդիսատեսի շարքերը սկսեցին նոսրանալ, ու 1400 հոգանոց դահլիճը դատարկվեց։

7. Արդեն 10 տարի մշակութային դաշտ մտած «Հայֆեստ» ու «Արմմոնո» թատերական փառատոները, այնուամենայնիվ, ֆուրոր չեն առաջացնում։ Գալիս են ճանաչված թատերախմբեր ու արտիստներ, բայց միայն բացումն ու փակումն էին մարդաշատ։ Փառատոների ընթացիկ օրերի ներկայացումներն անցան համարյա դատարկ դահլիճներում։

8. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում աշնանը ներկայացվեցին «Լոմբարդ» և «12 գիշեր» բեմադրությունները։ Դահլիճում լավագույն դեպքում 40-50 մարդ էր լինում՝ դահլիճի 650 նստատեղերում ազատորեն նստած։

9. Սունդուկյանի անվան թատրոնում «Հին աստվածներ» և «Ոտքի, դատարանն է գալիս» բեմադրություններին լավագույն դեպքում առաջին երկու շարքերն են լցվում։ Իսկ երբ ավտոբուսներով աշակերտներին թատրոն են բերում, զբաղեցվում է դահլիճի ընդհանուր 900 տեղերից ևս 30-40 տեղ։

10. Արշալույս Հարությունյանի «Լեռնագնացները» ֆիլմը քիչ թե շատ գովազդվեց։ Պրեմիերային հաջորդած դիտմանը «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում ընդամենը 5 հոգի էր նստած հնարավոր 49-ից։ Մինչդեռ դինամիկ, հետաքրքիր սյուժեով ֆիլմ է՝ վաղամեռիկ դերասան Երվանդ Ենգիբարյանի վերջին դերակատարմամբ։

Այս թեմայով