27 Մարտ 2013, 12:27
445 |

Tatron.info-2013

Թատրոնի օրվան ընդառաջ մարտի 26-ին տեղի ունեցավ թատերական TATRON.info երկրորդ օնլայն մրցանակաբաշխությունը: Այս տարի այն Երևանի Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբից տեղափոխվել էր Հ. Թումանանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն:

Առաջին հայկական թատերական պորտալ TATRON.info-ն ստեղծված էր հայաստանյան թատրոնների պատմությունը ներկայացնելու նպատակով, սակայն հետագայում տեղ է հատկացրել նաև կինոյին ու գրականությանը:

Մրցանակաբաշխության նախագահ և ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանը նշեց, որ թվով տասներեք անվանակարգերի մասնակիցներն ընտրվել են ըստ օնլայն դաշտում իրենց ակտիվության' համացանցային մամուլում, սոցցանցերում, որոնողական համակարգերում և օնլայն հեռուստատեսություններում: Փաստորեն, առաջին հերթին գնահատվում է PR-ի գործոնը: «Մրցանակաբաշխությունը չունի կայուն կանոնակարգ, չկա ժյուրիի կազմ: Հանդիսատեսն է ընտրում լավագույններին: Այս տարի մենք ունեցել ենք 18 500 քվեարկող,»,-նշեց մրցանակաբաշխության մամուլի խոսնակ Լիլիթ Տերտերյանը:

Օնլայն մրցանակաբաշխություն՝ օնլայն հարթակով: Միջոցառումը բացվեց «Պարային-երաժշտական բեմադրություն» անվանակարգում ներկայացված «Կյանքի 5 տարրերը» բեմադրությունից մեկ հատվածով: Պարի հերոսները, օգտագործելով ներկերի տարբեր գույներ, ստանում են Windows-ի 4 գույները: Մրցանակաբաշխության սցենարիստ Սևակ Վարդումյանը նշեց, որ արվել է ամեն ինչ, որպեսզի օնլայնը ասոցացվի նաև մրցանակաբաշխության սցենարում: Ինչպես իրական կյանքում, բեմում նույնպես ինտերնետ կապը ընդհատվում էր:

Տարվա օնլայն ներկայացում ճանաչվեց Վիգեն Ստեփանյանի բեմադրած «Հացի խնդիր»-ը: Վերջինս համեստորեն նշեց, որ այդ մրցանակը պետք է տրվեր ամենաերիտասարդ ռեժիսորին: «Դա խթան կհանդիսանա, որպեսզի շատ երիտասարդ արվեստագետներ սկսեն բեմադրել հայ դասականների գործերը»,-ասաց նա: Այս ներկայացումն արժանացավ նաև «Տարվա օնլայն հարմարեցված պիես» նոմինացիային: «Տարվա օնլայն թատերախումբ» նոմինացիան հանձնվեց Էպսիդոն թատերախմբին, իսկ լավագույն օնլայն թատրոնը Գյումրու' Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր: Բավական սպասված «Տարվա օնլայն փառատոն» նոմինացիայում ընդգրկված երեք փառատոններից լավագույնը ճանաչվեց Մնջախաղի միջազգային փառատոնը: Նախորդ տարվա «Մշակութային թատերագետ» նոմինացիային այս տարի փոխարինած «Մշակութային լրագրող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մանանա Հովակիմյանը:

Մրցանակաբաշխության ամենակարևոր անվանակարգերից մեկը' «Տարվա օնլայն դերասանուհի»-ին տրվեց Տաթև Ղազարյանին: Իսկ տարվա օնլայն դերասանը Արմեն Սարգսյանն է, ով ի դեպ, նախորդ տարի ևս արժանացել էր այս մրցանակին: «Հրաշալի է, երբ մրցանակաբաշխության երեկոյին գալիս ես որպես անցյալ տարվա հաղթող և հեռանում որպես այս տարվա հաղթող», - խոստովանեց Արմեն Սարգսյանը:

Այս թեմայով