20 Հունվար 2014, 11:35
4685 |

Անհետացող գորգեր

Առեղծվածային գողություններ, շշուկներ քաղաքի բակերում, ամենատարբեր վարկածներ, ոստիկանական հետախուզություն… Եվ այդ ամենը 30-ականների Երևանում: Հին քաղաքի այս դետեկտիվ պատմությունը պատմում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Հենրիխ Հայրապետյանը:

Մեր բակը
Ես բնիկ երևանցի եմ: Մեր ընտանիքն ապրում էր քաղաքի կենտրոնում՝ Րաֆֆու փողոցի վրա: 1930-ականներին, երբ Րաֆֆուն սկսեցին համարել ոչ այնքան արդիական, փողոցը վերանվանվեց մեկ այլ գրողի՝ Թումանյանի անունով: Հետո' 50-ականներին, այն ստացավ ռեաբիլիտացիայի ենթարկված Հայաստանի սովնարկոմի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի անունը և վերջապես անկախության տարիներին՝ մատենագիր Եզնիկ Կողբացու: Բայց ես մինչ օրս ինձ Րաֆֆու փողոցի բնակիչ եմ համարում:

Ինչևէ: Այդ իմ մանկության փողոցի ամենագեղեցիկ մասը մեր բակն էր՝ մեծ, երեք-չորս հարկանի շենքերով ձևավորված: Այստեղ ապրում էր տարբեր ազգության, կրոնի ու հայացքների շուրջ երկու հարյուր ընտանիք: Մեծ մասը մտավորականներ էին՝ գիտության ու արվեստի ներկայացուցիչներ: Տարբեր տարիներին այստեղ ապրել են ճարտարապետներ Թորոս Թորոմանյանն ու Ջիմ Թորոսյանը, գրականագետ Հարություն Չուգարյանը, դերասան-ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Աստվածատրյանը և շատ ուրիշներ: Բայց բակի ամենահարգված բնակիչը այգեպան, բարիագույն մի մարդ Հաջի-Հայկն էր, որը Հայաստան էր տեղափոխվել Հունաստանից 1932-ին: Նա պատմում էր, որ ոտքով Աթենքից հասել է Երուսաղեմ և որպես ապացույց ներկայացնում էր ձախ ձեռքին արված հատուկ դաջվածքը: Հաջի-Հայկի հայտնվելով մեր բակն է՛լ ավելի գեղեցիկ դարձավ: Բոլորը դեռ քնած էին, իսկ նա առավոտ շուտ կնոջ հետ արդեն ջրում էր ծառերը և ծաղիկները, որոնք հենց իրենք էլ տնկել էին:

Մեր բակում նաև երկու օրենքով գող էր ապրում՝ Ալեշն ու Բուլոն: Իրենց ներկայությունը երաշխավորում էր բակի հանգստությունն ու կարգը: Հենց իրենց շնորհիվ այդ տարիների անհանգստությունները մեզ շրջանցեցին:

Անհետացող գորգերը
Ես ինը տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի այս պատմությունը: Դպրոցից տուն գալով' հանդիպեցի հարևաններին, որոնք բակում հավաքված բարձր-բարձր քննարկում էին վերջին լուրերը. «Լսե՞լ եք, որ երրորդ հարկերի պատշգամբներից սկսել են անհայտ կերպով գորգեր անհետանալ», — ասում էր Հաջի-Հայկը: «Շատ հնարավոր է, ես էլ եմ դրա մասին լսել այսօր շուկայում», — հաստատեց տիկին Գոհարը: Հաջորդ օրերին այս իրադարձությունը մեծ հաճույքով քննարկվում էր մեր գեղեցիկ բակում: Թե ինչ էր պատահել գորգերին, ոչ ոք չէր կարող կռահել: Գիտեին միայն, որ հիմնականում կենտրոնական փողոցներից անհետանում են հին, շատ արժեքավոր գորգեր: Այն էլ ոստիկանների քթի տակից. վերջին անգամ մի գորգ տարօրինակ կերպով կորել էր այն շենքի պատշգամբից, որը գտնվում էր միլիցիայի առաջին բաժանմունքի հարևանությամբ (հետագայում Ազիզբեկովի, այսօր՝ Սախարովի հրապարակ): Այս գործն այդպես էլ մնաց չբացահայտված: Ավելի ճիշտ, այդպես էին կարծում սովորական երևանցիները:

Ցուցադրական հարստություն
Անցան տարիներ: 1951 թվականից ես սկսեցի աշխատել հանրապետության ներքին գործերի համակարգում: Այդպես ծանոթացել էի Միլիցիայի հանրապետական վարչության պետի տեղակալ գնդապետ Խաչիկ Աբրահամյանի հետ: Մի անգամ աշխատանքից հետո որոշեցինք մի փոքր քայլել: Հասանք Ազիզբեկովի հրապարակ, երբ հանկարծ Աբրահամյանն ասաց. «Գիտե՞ս, այստեղ երեսունականներին գորգեր էին անհետանում»: Հիշեցի մանկության տարիներին լսածս պատմությունը ու խնդրեցի, որ ավելի մանրամասն պատմի:

Հին երևանցիներն ունեին բազմաթիվ թանկարժեք գորգեր, որոնք թափ տալուց հետո կախվում էին երկրորդ-երրորդ հարկերի պատշգամբներից: Քաղաքում տները հիմնականում կավից էին, միհարկանի, տափակ կտուրներով: Երկու, առավել ևս երեք հարկանի շենքերը շատ չէին և հիմնականում պատկանում էին հարուստ ընտանիքներին: Գեղեցիկ, փայտե պատշգամբների ճաղերից կախված գորգերը նաև այդ կարգավիճակի ցուցադրությունն էին: Ամեն մի տանտիրուհի ցանկանում էր ցուցադրել անցորդներին, թե ինչ թանկարժեք պարսկական կամ հայկական գորգ ունի: Ու հանկարծ դրանք սկսեցին անհետ կորչել…

Եկան, տեսան, գողացան
Երևանի միլիցիայի առաջին բաժանմունքի պետ կապիտան Շահգելդյանը որոշեց լուծել այս գլուխկոտրուկը: Նա ապրում էր Գնունու վրա (այժմ՝ Վարդանանց): Փողոցի կողմից նրա բնակարանն ուներ փայտե պատշգամբ: Եվ ահա գիշերը, որպես խայծ, նա որոշեց այդտեղ կախել իր սեփական (և միակ) թանկարժեք խորասանյան գորգը: Դիմացի շենքի նկուղում կարգադրեց հերթապահել երկու ոստիկանների, որոնք պետք է ուշադիր հետևեին փողոցի անցուդարձին: Վերջիններս, սակայն, ժանրի կանոնների համաձայն, գիշերը քնեցին և զարթնեցին միայն ղեկավարի գոռոցներից. Շահգելդյանը պատշգամբում կանգնած նրանց էր կանչում' թափահարելով ձեռքերը: Գորգը չկար: Ոստիկանները վստահեցնում էին, որ միայն հինգ րոպե են քնել և ոչ մի արտասովոր բան չեն նկատել, իսկ նրանց ղեկավարը, որն ընդհանրապես չէր քնել այդ գիշեր ոչ մի րոպե, լսել էր ձիերի սմբակների ձայներ և փողոցով անցնող ֆայտոնի ճռռոց:

Եկան, տեսան, բռնվեցին
Քրեական հետախուզությունում սկսեցին դիտարկել մի քանի վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ գորգերը փախցնում էին ակրոբատ գողեր: Բայց այս դեպքում խոսքը երրորդ հարկի մասին էր՝ նույնիսկ ամենահմուտ ակրոբատի համար դա չափից մեծ բարձրություն էր: Կտուրից իջնել պատշգամբ նույնպես գրեթե անհնարին էր, քանի որ հնարավոր չէր լինի հենց այնպես, աննկատ փողոցով տեղաշարժվել չորս մետրանոց աստիճանը ձեռքին: Ուրեմն գուցե հրշեջների բրիգա՞դն է այս ամենն անում՝ օգտվելով երկար ու համեմատաբար հեշտ տեղաշարժվող աստիճանի առկայությունից… Որոշվեց մեկ այլ դարան կազմակերպել: Հայթայթվեց մեկ այլ թանկարժեք գորգ, կախվեց այլ շենքի պատշգամբից՝ կրկին երրորդ հարկում, իսկ դիմացը НКВД-ի երեք հետախույզների համար փակ, աննկատ պահակակետ ստեղծեցին: Այդ երեքի թվում էր նաև իմ զրուցակից, այն ժամանակ դեռ երիտասարդ սերժանտ Խաչիկ Աբրահամյանը: Երրորդ օրը՝ ուշ գիշերով, ոստիկանները ձիերի ձայներ լսեցին: Փողոցով անցնում էր ֆայտոն՝ անջատած լապտերներով: Փոխադրամիջոցը կանգնեց պատշգամբի տակ, միջից դուրս եկան երկու տղամարդ՝ մեկի ձեռքում՝ մեծ պարկ: Նրանցից մեկը սկսեց ինչ-որ տարօրինակ շարժումներ անել ձեռքերով՝ նման էր մարզանքի, և վայրկյաններ անց գորգը սկսեց... դանդաղ սողալ երրորդ հարկից: Երբ այն դմփաց գետնին, ոստիկանական խումբը բռնացրեց գողերին:

Կատվախնդիր
Գորգագողերը Մովսեսով եղբայրներն էին՝ «գաստրոլյորներ» Թիֆլիսից: Պարկում նրանք ունեին երկու վարժեցրած սիամական կատու: Եղբայրներից մեկը պարանից ամրացված կատվին շպրտում էր վերև: Կենդանին բնազդաբար երկար, սուր ճանկերով բռնվում էր գորգից, ինչից հետո նրա ոտքից կապած պարանը ներքևից քաշում էին. քիչ անց կատուն գորգի հետ միասին վայրէջք էր կատարում գետնին: Եթե գորգը մեծ էր լինում ու սովորականից ծանր, գործի էր դրվում նաև երկրորդ կատուն:

Մովսեսովների երևանյան տան նկուղի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր հինգ գորգ, այդ թվում՝ միլպետ Շահգելդյանի խորասանյան գորգը:

Դոսյե
Հենրիխ Հայրապետյանը ծնվել է Երևանում 1926-ին:
1957-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1959-1963թթ. Հայաստանի ՊԱԿ-ի Էջմիածնի բաժանմունքի պետ:
1964-1967թթ. Հայաստանի ՊԱԿ-ի Լենինականի բաժանմունքի պետ:
1974-1988թթ. Հայաստանի ՊԱԿ-ի Երևանի բաժանմունքի պետ:
1987թ. Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղարի օգնական ռազմահավաքագրական աշխատանքերի գծով:
1988թ. ԽՍՀՄ նավաշինական արդյունաբերության նախարարության Երևանի «Բազալտ» սարքաշինական գործարանի փոխտնօրեն կանոնակարգի և աշխատակազմի գծով:
1993-2003թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բարձրագույն կուրսերի ավագ դասավանդող-խորհրդական:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով