08 Նոյեմբեր 2013, 09:03
3651 |

Մեր արյան գույնը

Լաբորատորային փորձանոթներում հանդարտված արյունը, թվում է, բոլորովին զուրկ է անհատականությունից: «Տաք», «մաքուր», «կապույտ» գեղեցիկ պիտակների փոխարեն այստեղ միայն լատինական տառեր են… Բայց պարզվում է, որ արյունը չի կորցնում իր ազգությունը: «Հայերի ու եվրոպական ժողովուրդների արյունը միատեսակ գենային հաճախականություն ունի, և կարելի է համարձակորեն պնդել, որ նրանք միևնույն ծագումն ունեն».- այսպիսին է Վալենտինա Ներսիսյանի բազմամյա հետազոտությունների արդյունքը:

Կոնֆլիկտը՝ արյան մեջ
Բժշկական գիտությունների թեկնածու, երկար տարիներ Երևանի արյան փոխներարկման ինստիտուտի իմունահեմատոլոգիայի բաժնի վարիչ Վալենտինա Մկրտչի Ներսիսյանը ժպիտով է խոսում իր անդամության մասին երկու՝ Նյու Յորքի և Ռուսաստանի ակադեմիաներին.
- Ճիշտն ասած, ո՜չ առաջին, ո՜չ էլ երկրորդ ակադեմիայում ինձ դեմ առ դեմ ոչ մեկ չի տեսել: Իրենց շարքերում ինձ ընդգրկելու որոշումն ընդունել են, կարծում եմ, հրապարակված աշխատանքներիս հիման վրա:

Իր աշխատանքներից մեկի մասին բժիշկն առանձնահատուկ հաճույքով է պատմում և ոչ առանց հպարտության պահարանից հանում բազմաթիվ լուսանկարներ. երբ այդ մարդիկ ծնվել են, բնությունը անփույթ է գտնվել, և նրա խորթ երեխաները գիտության զավակներն են դարձել: Բանն այն է, որ եթե մարդը կոնֆլիկտ ունի հոգում, նա դատապարտված է կյանքի, իսկ թե արյան մեջ՝ մահվան: Եթե, իհարկե, մանկաբույժները ժամանակին երեխայի մոտ չհայտնաբերեն կոնֆլիկտային արյունը, չբացահայտեն բնածին հեմոլիտիկ հիվանդությունը: Դա հիմա, իսկ ժամանակին...

1960-ին Վալենտինա Ներսիսյանը գնաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ և սկսեց բացատրել, որ «գոյություն ունեն եզակի հակառեզուսային շիճուկներ, որոնք որոշում են արյան տեսակը, ինչը հնարավորություն է տալիս կանխել բնածին հեմոլիտիկ հիվանդությունները՝ կապված ծնողների ռեզուսային անհամապատասխանության հետ...

- Որքանով հասկացա՝ դա երեխաներին է հարկավոր... – ընդհանրացրեց Կաթողիկոսը:
- Այո:
- Տվե՜ք ինձ այդ շիճուկների ցուցակը...»

Վտանգ կար, որ կխճճվեի բժշկական տերմինների մեջ, այնպես որ բառացիորեն գրի էի առնում բժշկի խոսքը. «Մենք հայտնաբերեցինք մաքուր մինուսներ և ռեզուսների C-անտիգեններ: Ռեզուսների C-անտիգեններ ունեցողները՝ որպես հիվանդ համարվում են բացասական ռեզուսով, իսկ որպես դոնոր՝ դրական: Հասկանո՞ւմ եք, նրա անձնագրում մինուս է գրված, բայց բացասական ռեզուսով մարդուն չի կարելի փոխներարկել նրա արյունը»: Այդ հետազոտությունները թույլ տվեցին հայտնաբերել անհամատեղելի ամուսնական զույգերին, իմունակոնֆլիկտային կանանց, ինչպես նաև ապահովել առողջ երեխաների ծնունդը:
1968-ին Մոսկվայում՝ Հեմատոլոգիայի կենտրոնական ինստիտուտում, ամփոփեցին հայ գիտնականների աշխատանքի արդյունքները. «Հայաստանում մեր ինստիտուտի հետ համատեղ ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստացվել է հակառեզուս իմունոգլոբուլին»:

«Այսպես ասած՝ թուղթ-զրահ»
Ազգային արյան նույնականացման անհրաժեշտության մասին Վալենտինա Ներսիսյանի մտքով անգամ չէր անցնում, քանի դեռ 1989-ին չիմացավ Ադրբեջանի Գրողների միության նախագահ Անարի հարցազրույցի մասին՝ «Ֆիգարո» թերթին տված: Մնացած ամենի հետ մեկտեղ նա հայտարարել էր, որ ղարաբաղցիները բոլորովին էլ հայեր չեն, այլ ադրբեջանցիների նախնիներն են՝ աղվանների քրիստոնեություն ընդունած հետնորդները: Հիմա դա ծիծաղելի է հնչում, բայց այն ժամանակ… «Այդպես չի՜ լինի,- վրդովվեց բժիշկը:- Բա լեզուն, հավատը, պատմությունը, ճարտարապետությունը»: Բայց ժողովուրդներին անձնագիր չեն տալիս:

- Իմ պոպուլյացիայի գենոկոդը, ինքներդ եք հասկանում, չէի կարող չիմանալ,- խոստովանեց տիկին Ներսիսյանը:- Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի մասին ես ոչ մի տվյալ չունեի:

Մինչ բժիշկը խոսում էր այն մասին, թե անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու գործում ինչպիսի հսկայական օգնություն է ցուցաբերել սեփական նախաձեռնությամբ ղարաբաղյան Ճարտար գյուղը ժամանած բժիշկ Րաֆֆի Դելանյանը Մարսելից, ես մտածում էի. «Այնուամենայնիվ, ինչո՞ւ է մարդը բարենպաստ Մարսելը փոխում ճակատի մոտ գտնվող գյուղի հետ: Միգուցե նա բացարձակ լսողություն ունի արյան կանչի հանդեպ»:

Շուտով ստացվեցին 1700 բնիկ ղարաբաղցիների տվյալները: Կողմնապահության վերաբերյալ նախատանքից խուսափելու համար Վալենտինա Ներսիսյանը ԼՂ արյան փոխներարկման կենտրոնի ղեկավար Իրինա Դանիելյանին խնդրեց տրամադրել նաև 1983-ից 1987 թվականներին ստացված տվյալներ Ղարաբաղի հայերի, ադրբեջանցիների և ռուսների մասին: Նա համեմատեց ԼՂ հայերի մասին տվյալները Հայաստանում հավաքած իր տվյալների հետ. դրանք գրեթե նույնական էին: Նույնպիսին էր իրադրությունը նաև ԼՂ ադրբեջանցիների և Բաքվի ադրբեջանցիների մասին տվյալների դեպքում: Համընկնում էին նաև ԼՂ ռուսների և Երևանի, Բաքվի, Մոսկվայի ու Լենինգրադի ռուսների մասին տվյալները: Նշանակում է՝ ո՜չ բժիշկների պրոֆեսիոնալիզմի, ո՜չ անալիզների ժամանակ կիրառված շիճուկների որակի հարցում կասկած լինել չէր կարող: Ղարաբաղի հայերի մասին ընդհանրացված տվյալները համեմատվեցին Սեմենսկայայի (վիրահայերի մասին՝ 1936 թ.), Քերումյանի (աշխարհի հայերի մասին՝ 1943 թ.), Նիկոլայի (Թուրքիայի հայերի մասին՝ 1968 թ.), Բեռնարդի (Լիոնի հայերի մասին՝ 1974 թ.) և շատ ուրիշների տվյալների հետ: Արդյունքնե՞րը: ABO և Rhesus համակարգերի գեների ու ֆենոտիպերի տոկոսային կազմը միանշանակ վկայում էր այն մասին, որ ղարաբաղցիները հայեր են:

Այդպես պարզ ճշմարտությունը դարձավ նաև գիտականորեն հիմնավորված փաստ:

Արյան կոդը
- Ստացվում է՝ ամեն ժողովուրդ իր արյո՞ւնն ունի,- զարմանում եմ ես:
- Հասկանո՞ւմ եք, յուրաքանչյուր ժողովուրդ միևնույն գենային հաճախականությունն ունի, որտեղ էլ բնակվեն նրա ներկայացուցիչները: Տարբերությունն առաջին հերթին ռեզուս-գործոնի տոկոսային հարաբերության մեջ է: Հայերի, ինչպես և բոլոր եվրոպական ժողովուրդների մոտ, բացասական ռեզուսը մոտ 13-14 տոկոս է կազմում: Ադրբեջանցիների մոտ, ինչպես և բոլոր ասիական ժողովուրդների մոտ, այն կազմում է առավելագույնը 4-6 տոկոս: Եվ դա էլ, ամենայն հավանականությամբ, խառնամուսնությունների արդյունք է: Ի դեպ՝ դրանով է բացատրվում բազմազգ Բաքվում բացասական ռեզուս ունեցողների բարձր տոկոսը (8): Օրինակ, Ճապոնիայում բացասական ռեզուս ունի բնակչության 0,06 տոկոսը, և դա, ճապոնացի գիտնականների խոստովանությամբ, խառնամուսնությունների երեխաներն են:

- Փաստորեն հայերն ու Եվրոպայի ժողովուրդները միատեսակ արյո՞ւն ունեն:
- Ես տվյալներ եմ հավաքել 60 պոպուլյացիաների մասին, համեմատել հայերի մասին տվյալների հետ և հիմքեր ունեմ պնդելու՝ մենք և եվրոպացիները միևնույն ծագումն ունենք: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Պարզապես դա է փաստը, դա է մեր գենը:

1992-ին բոլոր տվյալները հավաքվեցին, համակարգվեցին և... այրվեցին: Դա էներգետիկ ճգնաժամի տարիներն էին: Անսպասելիորեն լույսը տվեցին, և բժիշկը գնաց ջուր եռացնելու: Վերադառնալով գրասեղանին խարույկ տեսավ. չհանգցրած մոմն ընկել էր: Կրակը սեղանից խժռում էր երկամյա աշխատանքի արդյունքը: Լավ է, որ գոնե սևագրերն են պահպանվել:

1993-ի հունվարին Վալենտինա Ներսիսյանը հոդված ուղարկեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիային առընթեր «Գենետիկա» գիտական ամսագիր, բայց հրապարակման հավանականությունը զրո էր համարում: Մեկ ամիս անց նրան զանգահարեցին խմբագրությունից.

- Ձեր հոդվածը գովասանական խոսքերի է արժանացել: Բայց ինչո՞ւ եք կովկասյան ժողովուրդը համեմատում եվրոպացիների հետ:
- Ձեզ հուզում է ինքնին համեմատության փա՞ստը, թե՞ դրա արդյունքները,- հարցին հարցով պատասխանեց տիկին Ներսիսյանը:

«Գենետիկա» ամսագրի 30-րդ հատորի 2-րդ համարում հոդվածը հրապարակվել էր:

Ի՞նչ է հոսել Լեոնարդոյի երակներով
- Վախենամ՝ հարցը չափազանց տափակ թվա, բայց մի տեսակ հավատս չի գալիս, որ Լեոնարդոյի ու ինչ-որ հասարակ մարդու երակներում միևնույն արյունն է հոսում…
- Հետազոտություններ այն հաշվով, թե նշանավոր մարդկանց քանի տոկոսն է արյան այս կամ այն բնութագիրն ունեցել, չեն անցկացվել: Բայց ես կարծում եմ, որ նման կապ պետք է լինի: Շատ եմ ափսոսում, որ երբ դա հնարավոր էր, մենք փորձանմուշներ չվերցրեցինք Իսահակյանից, Սարյանից, Շիրազից: Կարելի էր սկսել հավաքել տվյալների բանկ, որոնց հիման վրա մի քանի սերունդ հետո գիտնականները կկարողանային որոշակի եզրակացություններ անել: Մի հետաքրքիր հետազոտության էին անցկացրել հրեա գիտնականները: Նրանք պարզել են, որ եթե իրենց պոպուլյացիայում արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ 11-13 տոկոս են կազմում, ապա (նույն պոպուլյացիայի ներկայացուցիչներից) բանտարկյալների թվում նրանք կազմում են 30 տոկոս: Համաձայնեք, որ դա ինչ-որ բան ասում է այդ արյան խումբն ունեցողների մասին…

- Իսկ ի՞նչ կասեք քաղաքական, հոգևոր առաջնորդների արյան բաղադրության մասին:
- Ցավոք, նման հետազոտություններ դեռևս չեն անցկացվել: Ցանկացած իշխանության պարագայում առաջին դեմքերը, չգիտես ինչու, հրաժարվում են բացահայտել իրենց արյան կոդը, անգամ երբ ես առաջարկում եմ անել դա արտակարգ անհրաժեշտության դեպքի համար՝ զուտ բժշկական տեսակետից: Բայց բոլորը չեն, որ վերապահումով են մոտենում դրան: Օրինակ, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի՝ Հայաստան ժամանելուց մեկ ամիս առաջ մեզ Վատիկանից ուղարկեցին նրա գենոկոդը: Եվ ոչ միայն նրա, այլև այդ ուղևորության ժամանակ նրան ուղեկցող բոլոր անձանց: Ես անգամ մի թուղթ եմ ստորագրել, որը վկայում է այն մասին, որ մենք ի վիճակի ենք նրան ապահովել անհրաժեշտ արյան պահանջվող քանակով: Նրա գենոկոդը մինչև հիմա անգիր հիշում եմ: Շատ հազվադեպ արյուն է:

Չգիտես ինչու հիշեցի, որ այն ժամանակ Երևանի բժշկական համալսարանի երիտասարդ շրջանավարտ Վալենտինա Ներսիսյանը հենց արյունակցական կապի հիման վրա ժողովրդի թշնամի ճանաչվեց: Նրա երակներում հոսող կարմիր հեղուկի բաղադրությունը նրա վրա թանկ նստեց՝ Ալթայի երկրամասում երիտասարդության 6 տարի: Միգուցե հենց այդ Վանի արյո՞ւնն էր, որ օգնեց նրան կենդանի մնալ: Այսպես, թե այնպես այդ հեղուկը մեզնից յուրաքանչյուրի մասին շատ ավելի տեղեկություն ունի, քան մենք դեռևս ունակ ենք բացահայտել:

«Ереван» ամսագիր, N3, 2006

Այս թեմայով