05 Նոյեմբեր 2013, 09:38
2326 |

Խոսող շենքերի թաղամասը

Հեքիաթային թաղամասում մարդիկ նախանձելի համերաշխությամբ էին ապրում, բակից տուն էր հասնում նարդու ձայնը, բոլորի դռները բաց էին, շուրջը կանաչ էր, կողքի այգում էլ վալս էին պարում: Անցան տարիներ: Այս ամենը մնաց թաղամասի բնակիչների հիշողություններում միայն: Հիմա այս տարածքում և՛ մարդիկ են ուրիշ, և՛ շենքերն են խեղճացած:

Իրար նման եռահարկ ու նարնջագույն այս շենքերի վրա ժամանակի հետքերը բազմազան են: Այն այսօր արդեն նմանվում է տարբեր մարդկանց կողմից նկարված կտավի: Քարուքանդ պատշգամի կողքին հպարտ առաջ է եկել մի եվրո-պատշգամբբ, սևացած փայտերի կողքին քարերով վերանորոգած է մի նոր տուն և ի վերջո այս փոքր շենքերի կողքին կառուցվել է հսկա մի նորակառույց: Ժամանակի ու ճաշակի կոնտրաստի պակաս այստեղ չկա:

1930-32 թվականներին Երրորդ մասում բնակելի այս թաղամասը նախատեսված էր սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար: Զարմանալի չէ, որ նույնիսկ անխնամ վիճակում այն մինչև օրս անցորդների աչքն է շոյում: Շենքի հեղինակները ժամանակի հայտնի ճարտարապետներն էին՝ Գ. Քոչար, Մ. Մազմանյան, Ն. Մարգարյան, Ս. Սաֆարյան: Նրանց խնդիրն էր կառուցել նոր լուծումներով բնակելի թաղամաս:

Ութ մասից բաղկացած թաղամասը հարավային հատվածում պետք է ունենար այգի, մանկապարտեզ, դպրոց, հանգստի վայր, մի խոսքով՝ մարդուն հարմար ապրելու պայմաններ: Քաղաքաշինության տեսանկյունից այս շենքերը կարևոր դեր են խաղացել հայ ճարտարապետության պատմության մեջ իբրև խոշոր բնակելի թաղամասի ստեղծման առաջին փորձ: Յուրօրինակ նախագծով այս թաղամասը մինչև օրս զարմացնում է ճարտարապետներին: Եռահարկ փայտե շենքերն այսօր չնայած ծերացել են, բայց դեռ համառորեն կանգնած են Երրորդ մասի կենտրոնում:

Շենքի բնակիչ 82-ամյա Մանիկ տատիկն այստեղ է ապրում դեռևս երկու տարեկանից: Թեև ամուսնությունից հետո որոշ ժամանակով այլ շենք է տեղափոխվել, բայց կյանքը նրան նորից վերադարձրել է հին ու բարի շենք, որի հետ կապված մանկական հուշեր ունի: Հատկապես տպավորվել է, երբ շենքի բակում կլաս էին խաղում: Այն ժամանակ չկային այս ահռելի ավտոտնակները, բակն ազատ էր ամենքի համար:

Երրորդ մասին բնորոշ տապից պաշտպանում էին բակերում գտնվող ջրավազանները: Ամառն իսկական տոն է այս թաղամասի երեխաների համար. լողալ կարելի է ամբողջ ամառ: Բայց այս ջրավազաններն ավելորդ ճոխություն չեն, դրանք ի սկզբանե նախատեսված են եղել հրդեհից շտապ փրկելու համար, քանի որ շենքերը փայտից են, հրդեհներն՝ անխուսափելի: Հրդեհի պատճառով ժամանակին վերացել է թաղամասի հինգերորդ հատվածը, այժմ դրա փոխարեն շուկան է կանգնած: Բայց ժամանակը վերացրել է ոչ միայն շենքի տեսքն ու հմայքը, այլև կոլորիտը: Բնակիչները պատմում են, թե ինչպես էին բոլորով միասին բակում մեկ ծորակի տակ լվանում իրենց ամանները, փռում դոշակները, երբեմն անգամ վալս պարում կողքի այգում: Իսկ հիմա շենքի կողքից վալսի փոխարեն ռաբիսն է իր ձայնը բարձրացրել, մարդիկ էլ թաքնվել են կողպած բնակարաններում: Ժամանակն ինչու այսպես ամեն ինչ փոխեց, բնակիչներն այդպես էլ չհասկացան:

Ասում են՝ պատերազմի տարիներին այստեղ նաև ռուսներ և գերմանացիներ են ապրել, բայց պատերազմի ավարտից հետո հեռացել են: Շենքերից հեռացել են նաև շատ հայեր, հին բնակիչներից քչերն են մնացել:

Ազատամարտիկ Գևորգ Տեր-Գևորգյանը այս շենքերում նոր բնակիչ է, թեև արդեն 10 տարի է՝ այստեղ է ապրում: Սկզբում դեռ չէր գիտակցում, թե ինչ պատմական արժեք է իրենից ներկայացնում շենքը, այժմ մտահոգ բնակիչ է և շենքի պատմության գիտակ. «Նմանատիպ նախագծով թաղամաս քաղաքում այլևս չեք գտնի, այս հարմարավետ կվարտալն այլևս չի կրկնվել ոչ մի տեղ: Հազար նորակառույց արժի էս ամուր շենքը»: Բնակարանը վերանորոգելիս Գևորգը համոզվել է, թե ինչ որակյալ շենքում է հայտնվել՝ ամուր հիմքը, հաստ պատերն ու որակյալ փայտը գաղտնիքն են շենքի գոյատևման: Մեկ դար հետո էլ փայտերը պահպանել են իրենց ամրությունն ու տեսքը, վնասվել են միայն պատշգամբների փայտերը, ինչն էլ, բնակչի խոսքով, անխուսափելի է:

Որքան էլ 30-ականներին բարեխղճորեն է կառուցվել, սակայն արդեն երկրորդ կարգի վթարային շենք է համարվում և լուրջ վերանորոգման կարիք ունի: Հատկապես վատ վիճակում են տանիքներն ու պատշգամբները: Բնակիչների խոսքով՝ խնամքի դեպքում այն կանգուն կմնա ևս մեկ դար: Շենքը միայն պատերը չեն, կարևորը շենքի կոլորիտն է, եթե վերականգնվեն մարդկային կորսված հարաբերությունները, տանիքներն էլ, պատշգամբներն էլ կվերանորոգվեն, անգամ վալսի հնչյունները նորից մարդկանց ականջին կհասնեն:

Այս թեմայով