06 Հունիս 2014, 15:10
2163 |

Լինչի դատաստան

Տերյան 11 հասցեում է գտնվում 19-րդ դարի մեծահարուստ հայտնի Աֆրիկյաններ եղբայրների հայտնի ակումբը։ 1911-ից մայրաքաղաքը խմելու ջրով ապահոված եղբայրներին պատկանող ակումբը ժամանակին երկրի ամենաշքեղ կենտրոններից էր։ Ակումբի շենքն էլ` իսկը ճարտարապետական հուշարձան։ 1926-ին այս շենքում էր տեղակայված Խորհրդային Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ու հենց այս շենքի նկուղներում է բանտարկվել Եղիշե Չարենցը։ Այնուհետև այն վերածվել է բազմաբնակարանային շենքի, որտեղ բնակություն հաստատած շուրջ 30 ընտանիքներից այսօր այստեղ ապրում է երկուսը։ Հիմա շենքը ոչնչացնում են: Պատճառը՝ շենքը խոչընդոտում է փողոցի երթևեկությունը։

Քաղաքային մշակութային ժառանգության նկատմամբ սրտացավ մի խումբ քաղաքացիներ հունիսի 5-ին ֆլեշ մոբ էին կազմակերպել Տերյան 11-ում։ «Սպանությունից առաջ վերջին լուսանկարը» խորագրով ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ քաղաքային իշխանությունների ուշադրությունը գրավել պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինության պահպանմանը։ Անտեսելով անձրևն ու քամին՝ նրանք հավաքվել էին Աֆրիկյանների ակումբի կիսաքանդ պատերի տակ՝ փորձելով գոնե լուսանկարներում անմահացնել Երևանի պատմական հիշողությունը։

130-ամյա այս շինությունը ճարտարապետական տեսանկյունից նույնպես անգնահատելի արժեք է։ Ակումբի ճակատային մասը զարդարող բարելիեֆները քանդակագործության իսկական գոհարներ են։ Քաղաքացիներից ոչ ոք իրականում չի հավատում, որ այս շինությունը երբևե կվերականգնվի։ Բնիկ երևանցի 65-ամյա Աղվան Հովսեփյանը բորբոքված է. «10 տարվա կյանք ունեցող երկաթբետոնե Հյուսիսային պողոտայի կառուցման նպատակով համարակալվեցին ու քանդվեցին 19-րդ դարի բազմաթիվ շինություններ։ Այն ժամանակ էլ համարակալված շենքերը վերականգնման պատրվակով էին քանդում։ Հիմա ու՞ր են դրանք։ Հին ու իսկական Երևանից մնացած այս շենք էլ նույն ճակատագիրն է ունենալու»։

Տեղահանման պատճառով անօթևանության վտանգի առջև կանգնած Ղուկասյան Վահեն այս շենքում ապրում է ծննդյան օրից' 1960-ից։ «Տղաս Ղարաբաղում էր ծառայում։ Գնացի՝ տեսնեմ, երբ վերադարձա, շենքն արդեն սկսել էին քանդել։ Փորձում են տեղահանել, բայց ես այստեղից հեռացողը չեմ, սա իմ պապերի տունն է, ես այստեղ եմ ծնվել այստեղ էլ կմեռնեմ»։

Աֆրիկյաննների շենքի փրկությամբ հետաքրքրվում են շատերը, վերջին լուսանկարի նախաձեռնության հեղինակներից Սոնա Ասատրյանի խոսքերով՝ բազմաթիվ ակցիաներ ու միջոցառումներ են եղել՝ ուղղված Աֆրիկյանների ակումբի պահպանությանը։ «Այս ակցիայի նպատակը հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ գրավելն է։ Հիշեցնել նմանօրինակ շինությունների կարևորության մասին և ցույց տալ, որ հիշողությունը անհնար է ոչնչացնել»։


Զավեշտալին այն է, որ այս օրերին, հենց այս օրերին Մշակույթի նախարարության հովանավորմամբ տեղի է ունենում Պատմամշակութային արժեքների պահպանման միջազգային գիտաժողովը։

 

Այս թեմայով