04 Սեպտեմբեր 2013, 15:33
2684 |

BBCետկա

Աշխարհում ոչ մի լրատվամիջոց բիսետկայի նման օպերատիվ չի աշխատում. այստեղ են ծնվում բոլոր նորությունները և այստեղից են տարածվում բոլոր լուրերը, որոնք միշտ նույն առաջաբանն ունեն՝ բա իմացա՞ր:

«Беседка»-ի բառարանային թարգմանությունը՝ «այգիներում, զբոսայգիներում ժամանակավոր թեթև շինություն հանգստի, առևտրի և այլնի համար», իրականում, ոչինչ չի ասում բառի բուն նշանակության մասին: Մինդեռ ի՞նչ էին անելու, ինչպե՞ս էին յոլա գնալու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչներն առանց բիսետկայի: Բիսետկան ի վերուստ մի քանի քառակուսի սեփականաշնորհված տարածք է բակում, որը հավասարապես բոլորինն է՝ առանց սեռային կամ տարիքային սահմանափակման: Բիսետկան շենքի յուրաքանչյուր բնակչի նստավայրն է:

Գարնան վերջերից բակի բնակիչները սկսում են ռեստավրացնել բիսետկան: Իսկական արարողակարգ, որին մասնակցում են միմիայն տղամարդիկ՝ մեծ հավեսով ու բարեգործական մղումներից դրդված: Բիսետկաներից շատերն ապահովված են կոմունալ հարմարություններով՝ լույս, ջուր, թիթեղյա տանիք, կոսմետիկ հարդարանք, հարակից կանաչապատում… Այլ կերպ չէր էլ կարող լինել. մարդիկ իրենց օրվա մի զգալի հատվածն այստեղ են ապրում: Բիսետկան իր ծաղկման գագաթնակետին է հասնում ամռանը՝ ավտոմատ սահմանված հերթափոխով այստեղ ժամապահում են երեխաները, կանայք, տղամարդիկ և թոշակառուները: Բիսետկայի մենյուն նույնն է՝ բնույթով՝ պահպանողական, տեսականիով՝ համեստ՝ սուրճ, արևածաղիկ, ամռանը նաև սառը գարեջուր ու ձմերուկ: Երիտասարդները՝ բլոտով, թոշակառուները՝ նարդիով ու դոմինոյով են լցնում օրվա պարապը, իսկ քաղաքական, թանկացման ու արտագաղթի թեմաներով քննարկմանը մասնակցում են բոլորը:

Բիսետկան յուրատեսակ ուխտատեղի է բակի պարապ-սարապների և բացօթյա ակումբ՝ կանանց համար: Դեղատան նման բիսետկան օրը 24 ժամ բաց է: Կեսգիշերին բացվում է բիսետկայի «երկրորդ շնչառությունը» թաղի «լավերի» հարցերի պարզաբանման համար: Բայց այդուհանդերձ, բիսետկան ունի իր ռեզիդենտը' նա, ով ամենաշատն է ներկա լինում այնտեղ, ամենասրտացավն է բիսետկայի նկատմամբ, ով մաթեմատիկական ճշգրտությամբ տեղյակ է բակի անցուդարձից, բամբասանքներից, շրջանառվող լուրերից ու նորություններից: Կարճ ասած, նրանն է բիսետկայի մամլո խոսնակի մանդատը:

Բիսետկայի տարածքում անկարևոր կամ պակաս կարևոր հարցեր չկան. թաղային մակարդակի բամբասանքներն ու միջազգային լուրերը նույն սանդղակում են:
Աշխարհում ոչ մի լրատվամիջոց բիսետկայի նման օպերատիվ չի աշխատում. այստեղ են ծնվում բոլոր նորությունները և այստեղից են տարածվում բոլոր լուրերը, որոնք միշտ նույն առաջաբանն ունեն՝ բա իմացա՞ր…

Հ. Գ. Բա իմացա՞ք՝ BBC-ին իր անունը վերցրել է բիսետկա բառից, բայց միևնույն է, նույնիսկ աշխարհահռչակ BBC-ին չունի երևանյան բիսետկաների լրատվական գործունեության օպերատիվությունը:

Այս թեմայով