22 Մայիս 2013, 12:58
2988 |

Քուչի լիգա

Ինչպես հայտնի է, երևանցիների մանկության մեծ մասն անցնում է բակում: Տղաների համար գլխավոր զբաղմունքը ֆուտբոլն է: Տարիների ընթացքում միլիոնների խաղը երևանյան բակերում զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ տարօրինակ մետամորֆոզների է ենթարկվել՝ առաջացնելով մի քանի ֆուտբոլանման մարզաձևեր:

Ֆուտբոլ
Բակային պայմաններում ֆուտբոլ խաղալու համար անհրաժեշտ է ունենալ գոնե չորսական խաղացող ամեն թիմում: Խաղը հատուկ նշանակություն է ստանում, եթե «թիմ» է խաղացվում, այսինքն՝ մրցում են բակի կամ դպրոցի/դասարանի հավաքականներ՝ առանց «լեգիոներների» մասնակցության:

Կանոնները գրեթե կրկնում են իրական ֆուտբոլայինները՝ որոշ տարբերություններով:

Նախապես պայմանավորվում է կանոնակարգ, ըստ որի, օրինակ, որոշվում է դարպասապահի կարգավիճակը: Սովորաբար նա իրավունք չունի հատել դաշտի կենտրոնը: Սակայն խաղացողների փոքրաթիվ լինելու ժամանակ ընդունվում է «վռո մեջ» տարբերակը, երբ դարպասապահը իրավունք ունի ցանկացած պահի դուրս գալ դարպասից և մասնակցել գրոհներին: Որոշ դեպքերում մրցակիցները պայմանավորվում են չֆիքսել դարպասապահին. այդ դեպքում գնդակը ձեռքով կարող է բռնել տուգանային հրապարակում հայտնված ցանկացած խաղացող:

«Գոլից գոլ չկա»՝ դարպասապահն իրավունք չունի դարպասից հարվածելիս գոլ խփել (այս կանոնը նույնպես պայմանավորվում է խաղից առաջ): Դարպասապահի փոփոխություն չի կարելի անել 11 մետրանոցի ժամանակ, կամ էլ, ըստ պայմանավորվածության, մրցակից թիմն իրականացնում է միանգամից երկու «պենալ»:
Տուգանային հարվածի ժամանակ պաշտպանվող թմի խաղացողը պետք է կանգնի առնվազն մեկ մետր հեռավորության վրա գնդակից (իրական ֆուտբոլի իննի փոխարեն): Ձեռքով խաղի համար նշանակված տուգանայից ուղիղ հարվածով խփած գոլը չի հաշվվում, եթե ընթացքում չի դիպել մեկ այլ խաղացողի:
Անկյունայինից գոլ խփել չի կարելի այն դեպքերում, երբ դարպասը գտնվում է խաղադաշտի պատին, այսինքն՝ անկյունայինը ամեն դեպքում կատարվում է ոչ դարպասի գծից:

Որպես դասակարգ բացակայում է խաղից դուրս վիճակը, քանի որ խաղադաշտերը առանց այն էլ շատ փոքր են, բացի դրանից խաղից դուրսի համար անհրաժեշտ է մրցավար:

Սովորաբար խաղում են ոչ թե ժամանակով, այլ հաշվով՝ երբ թմերից մեկը խփում է 10 գնդակ: Ըստ պայմանավորվածության, որոշվում է, որ 9:9 հաշվի դեպքում խաղը շարունակվում է մինչև 11-ը (10:10-ի դեպքում՝ մինչև 13-ը և այլն) կամ էլ թմերն իրացնում են հետխաղային 11-մետրանոց հարվածաշար:

Մի գոլանի
Մի գոլանի սովորաբար խաղում են այն դեպքերում, երբ խաղացողների թիվը չի բավականացնում երկու թիմերի բաժանվելուն կամ երբ լիարժեք խաղադաշտի փոխարեն խաղն իրականացվում է որպես դարպաս օգտագործելով, օրինակ ավտոտնակի դռները: Կարևոր է, սակայն, որպեսզի խաղացողների թիվը լինի կենտ՝ երեք կամ հինգ: Այդ դեպքում մեկը դառնում է ընդհանուր դարպասապահ, իսկ մյուսները՝ մրցում միմյանց դեմ: Անաչառ լինելու համար դարպասապահը գնդակը խաղի մեջ մտցնելիս նետում է այն խաղացողներին մեջքով կանգնած վիճակից՝ գլխավերևով, որպեսզի չտեսնի, թե ով ինչ դիրքում է:

Մնացած կանոնները գրեթե կրկնում են սովորական բակային ֆուտբոլայինները:

Ոռ դաղոցի
Խաղին մասնակցում են հինգ-վեց հոգի: Վիճականահությամբ (որպես կանոն՝ ցելայի միջոցով) որոշվում է առաջին պաշտպանվող խաղացողը, որը իր տեղն է զբաղեցնում դարպասին և սկսում խաղը: Մնացածը կանգնում են դարպասի մոտակայքում և խաղարկում են գնդակը, որը պետք է փոխանցել միայն և միայն մեկ հպումով («ադնակասանի»), իսկ դարպասին կարելի է հարվածել միայն ընթացքից, երբ գնդակը օդում է: Այս կաննոների խախտման դեպքում (ինչպես նաև ձեռքով խաղի համար կամ եթե դարպասապահը նույնպես ընթացքից, առանց գետնին բաց թողնելու որսում է գնդակը), դարպասում կանգնած խաղացողը փոխվում է տեղերով խախտողի հետ:

Եթե առանց խախտումների գոլ է գրանցվում, ապա գնդակ բաց թողած խաղացողի հաշվին գրանցվում է մեկ միավոր («ձու»), որն այս դեպքում բացասական բալանս է: Հինգ գոլ բաց թողած խաղացողը դուրս է գալիս խաղից, իր փոխարեն դարպասին է կանգնում հաջորդ առավել միավորներ ունեցողը: Վերջում մնում է մեկը՝ ամենաքիչ գոլ բաց թողածը, որին էլ հասնում է «ոռ դաղելու» իրավունքը. բոլոր պարտվածները դիրքավորվում են դեմքով դեպի դարպասը և մեջքով դեպի հաղթողը, որը մոտ տարածությունից գնդակով հարվածում է կանգնածներին:

Քսան-եռ (այլընտրանքային անվանում՝ հինգ հարյուր)
Հանդիպման համար օգտագործվում է միայն մեկ դարպաս, որը թիմերը զբաղեցնում և պաշտպանում են հերթով: Մեկնարկում հարձակվող թիմի (որոշվում է վիճակահանությամբ՝ սովորաբար չինգաչունգի միջոցով) խաղացողներից մեկը հարվածում է 11 մետրանոց նշակետից: Ըստ պայմանավորվածության՝ պաշտպանվող թիմը այդ պահին կարող է ունենալ մեկ դարպասապահ կամ նույնիսկ կանգնել ամբողջ թիմով: Եթե գնդակը հայտնվում է դարպասում առանց դարպասապահին դիպչելու, հարձակվող թիմը ստանում է 20 միավոր, դիպչելու դեպքում՝ 30, ուղղահայաց դարպասաձողին դիպչելու դեպքում՝ 50, դարպասի վերին անկյունը մտնելու դեպքում՝ 100, հորիզոնական դարպասաձողից մտնելու դեպքում՝ 150: Եթե դարպասապահը կամ դարպասապահները հետ են մղում գնդակը, խաղարկումը շարունակվում է: Գոլ խփելու դեպքում հարձակվող թիմը ստանում է հերթական հարվածի իրավունք: Թիմերը փոխվում են տեղերով, եթե դարպասապահը որսում է գնդակը կամ եթե հարվածից հետո այն հատում է դաշտի սահմանները: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինը կհավաքի 500 միավոր:

Բառարան
Բեգ քաշել՝ հարված դարպասից
Պենալ՝ 11-մետրանոց հարված
Շտռաֆ՝ տուգանային հարված
Ձեռ՝ տուգանային հարված ձեռքով խաղի համար
Ուգլ՝ անկյունային հարված
Ձիվյատկա՝ դարպասի վերին անկյունները
Աուտ(դ)՝ գնդակը հատել է գիծը
Վռո՝ դարպասապահ
Թիմ խաղալ՝ բակի կամ դպրոցի/դասարանի հավաքականների՝ առանց կողմնակի անձանց, «պաշտոնական» հանդիպում
Պառաժենի՝ տեխնիկական պարտություն այն թիմին, որը չի գալիս նախապես պայմանավորված «թիմ» խաղին կամ էլ լքում է խաղադաշտը կեսից

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2012

Այս թեմայով