25 Հուլիս 2013, 16:02
1573 |

Օկուպացված բակ` Երևանի կենտրոնում

Սայաթ-Նովա - Թումանյան փողոցների խաչմերուկին հարակից բակերից մեկում ներկայանալ չցանկացող անհայտ անձն ուզում է ավտոտնակի փոխարեն 6-հարկանի հյուրանոց կառուցել' նշելով, որ քաղաքապետարանի թույլտվությունն ունի: Շենքերի բնակիչներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել շինարարության մեկնարկին, անգամ պառկել են ասֆալտին:

ImYerevan.com-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ շինարարության մասին իմացել են 4-5 օր առաջ, սակայն բակում այդ մասին ցուցանակ չկա: Շինարարությունը նախաձեռնողը նշում է, որ ՍՊԸ է ներկայացնում, սակայն վերջինիս անունը ևս գաղտնի է պահում: «Նա գնել է այն ավտոտնակը, որի դռները նկարում բաց են: Այդ մարդը փորձում է սեփականաշնորհել նաև դրա կողքինը, ինչպես նաև' շենքի, այսինքն' հանրային սեփականություն հանդիսացող կաթսայատունը: Նա փորձում է գրավել դիմացի մի քանի մետր ազատ տարածքը ևս, և հուլիսի 25-ին շուրջ 30 ոստիկան էր բերել, ովքեր շրջափակել էին այդ հատվածը»,- ասաց բնակիչը:

Նա հավելեց, որ բնակչները թույլ չեն տվել բակ ծանր տեխնիկա մտցնել, սակայն շինարարությունը նախաձեռնողին հաջողվել է շինանյութեր բերել ու պահեստավորել ավտոտնակում: «Մենք չենք կարող այդ շինարարությունը թույլ տալ, քանի որ դա կփակի դեպի բակ մուտքը Թումանյան փողոցից: Նաև մեր բակի տակ շատ մեծ ավտոկայանատեղի կա: Այդ ավտոտնակների տակը փաստացի դատարկ է: Չի բացառվում, որ շինարարությունն ու տեխնիկան կվնասեն մեր շենքերի հիմքերը' դրանք դարձնելով վթարային»:

Բնակիչներին զայրացրել է ներկայանալ չցանկացող անձի ագրեսիվ վարքը, ով վեճի ժամանակ հրել է մարդկանց և անգամ փորձել է ձեռք բարձրացնել մի կնոջ վրա: Հարևան շենքերի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, ինչպես նաև' գրավոր դիմում-բողոք ներկայացրել քաղաքապետարան:

Այս թեմայով