26 Հուլիս 2013, 12:28
297 |

Ակտիվիստի խոստովանությունը

Երբեք չեմ մոռանա այն ցնծությունը, որ տիրում էր մայրաքաղաքի կենտրոնում. երթի մասնակիցների գոչյուններն ու սուլոցները միաձուլվել էին ավտոմեքենաների ազդանշանների հետ: Մեկը կողքից նայեր, կմտածեր Իսպանիային 10:0 հաղթել ենք ֆուտբոլում... Թեև դա էլ կարող է մի օր իրականություն դառնալ, ո՞վ իմանա:

Դեռևս մի քանի օր առաջ ամեն երկրորդ ուղևորը, որին հորդորում էի 100 դրամ վճարել, ասում էր.
- Ես կվճարեմ, բայց մի բանի կհասնե՞նք:
- Իհարկե կհասնենք, պարզապես պետք է բոլորս միանանք հանուն այդ նպատակի:

Եվ միացանք: Հուլիսի 20-ից մինչ օրս ինքնորոշված քաղաքացու իրենց դիրքերն ու շահերը պաշտպանելու համար ոտքի կանգնեցին ու միմյանց թև ու թիկունք եղան ոչ միայն այն մարդիկ, ովքեր մշտապես և ամենուր են դա անում, այլև նրանք, ովքեր մյուս բոլոր դեպքերում նստում էին տանը, ոտքը ոտքին գցում և ասում. «Մեկ է, բան էլ չի ստացվի, մեր ազգը միավորվող չի»: Բայց միավորվեց: Շատերի համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ այս 6 օրվա ընթացքում Երևանում, իրավամբ կարելի է հայ ազգի զարթոնք համարել: Այն կար, բայց «խորը քուն» էր մտել, այն վերածնվեց և ապացուցեց, որ հայ ազգը դառնացած, նեղված, դեպրեսիվ ու անտարբեր չէ: «Վայ ջահելներ ջան, գոնե դուք մի բան արեք»,- հուսահատ գոչում էին ալեհեր տատիկ-պապիկներն ու մեզ հետ հավասար կանգառներում գոչում. «100 դրամից ավելի չտաք, 100-ն էլ չտաք, իրենց դա էլ է շատ»: 6 օրում նույնքան լիցք ստացա, որքան երբևէ չէի ստացել, և նույնքան էլ ժպիտ, նույնքան սեր, մարդկային վերաբերմունք: Կարծում եք՝ մանրուքնե՞ր են: Դեհ, 50 դրամն էլ էին մանրուք համարում, իսկ հանուն դրա պայքարը՝ ծիծաղելի և անլուրջ:

Բայց ամենից շատ ոգևորում է այն, որ այս փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը նորանոր հաղթանակների հույս է արթնացրել ոչ միայն մեր՝ մասնակիցներիս սրտերում, այլև շատ-շատերի, ովքեր հաջորդ անգամ երկար-բարակ չեն մտածի պայքարին միանալուց առաջ: «Էդքան 50-ի համար կռիվ եք անում, դե գնացեք գազի, ջրի թանկացման համար դոշ տվեք»,- վրդովվում էին վարորդները: Կգնանք, դրանց էլ հերթը կհասնի, իսկ հիմա թող վայելեն այն հաղթանակը, որը ոչ միայն ուղևորներինն է, այլև վարորդներինը՝ չվախեցած ու գործադուլի դուրս եկած «արնախում» գծատերերի դեմ:

Հարյուրների հեղափոխությունը ստեղծեց այն միջավայրը, որտեղ ամբողջ աշխարհում ընդունված Carpool-ի մշակույթը սահուն կերպով ներխուժեց նաև մեր իրականություն:

Մենք հաղթեցինք, որովհետև հավատացինք: Համոզված եմ, որ բոլորս պատրաստ էինք անգամ ամիսներով շարունակել ակցիաները՝ մինչև հասնեինք մեր ուզածին: Գուցե դրա համար էլ այդքան արագ հասանք: Այնքան արագ, որ մեր ինքնակազմակերպված ու անղեկավար շարժումը չհասցրեցին որևէ քաղաքական ուժի վերագրել ու ապականել արդար պայքարը: Մենք հաղթեցինք, և սա դեռ սկիզբն է, ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են ու դեռ առիթ կունենանք պարելու մեր հաղթական քոչարին, ևս մեկ անգամ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց՝ հպարտ վեր պարզած մեր եռագույնը:

Այս թեմայով