Վերջին օրերի երևանյան իրադարձությունները հասարակական կյանքում մի շարք մոռացված երևույթներ ի հայտ բերեցին: Անցած մեկ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքը պայքարի էր դուրս եկել: Արդարության, սիրո, ընկերության պայքար:
Իրականում այս պայքարում հակամարտող կողմեր այդպես էլ չեղան: Երևանցիները ոտքի ելան պաշտպանելու իրենց ընկերների, հարևանների, պարզապես համաքաղաքացիների, Երևանի շահերը: Փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարները մի վայրկյան անգամ չէին կասկածում, որ հաղթանակ են տանելու: Սակայն այն եկավ անսպասելիորեն, անակնկալ:
Միջոցառումներից հերթականը հուլիսի 25-ի «Արի գրկեմ» ակցիան էր, որի բուն նպատակը հետևյալն էր՝ երիտասարդ ակտիվիստները մոտենում էին տրանսպորտում 100 դրամ վճարած քաղաքացիներին ու գրկախառնվում նրանց հետ: Փողոցում ծանոթ-անծանոթ միմիանց ժպտում ու գրկախառնվում էին: Գրկախառնությունների «զոհերը» մի պահ շփոթվում, հետո ժպտում ու ջերմանում էին: Ու հենց այս համաերևանյան գրկախառնության ժամանակ էլ կայծակի նման քաղաքում տարածվեց քաղաքապետի որոշման կասեցման լուրը:
Այն, ինչ կատարվեց հետո, արձանագրվեց տեսաֆոտոխցիկների կողմից, բայց ամենակարևորը վավերագրվեց երևանցիների երջանիկ աչքերում: Համախմբվելու, անծանոթին աջակցելու ու նրա կողքին կանգնելու հաղթանակը տոնվում էր ամբողջ գիշեր: Երևանցիներն արդեն գրկում էին միմիանց ի ուրախություն նրա, որ մեկ շաբաթում իրենց մեջ վերագտան երևանյան մարդասիրական գենը: Մինչ ուշ գիշեր, հաղթանակած երիտասարսդները գրկել էին իրենց քաղաքը, քաղաքն էլ ի պատասխան գրկել էր նրանց, գրկել ու չէր կշտանում վերականգնված գենի կարոտից: