24 Մայիս 2013, 10:15
3676 |

Ժպտացող պատերի քաղաք

Փողոցային արվեստի առաջին դրսևորումները ծնվել են օվկիանոսից այն կողմ, այսօր, սակայն, այս արվեստի երևանյան նմուշները զարդարում են մեր քաղաքի դալանները, հատակն ու պատերը: Ոմանց համար սա շարունակում է անհասկանալի մնալ, իսկ ոմանք էլ Երևանն արդեն պատկերացնում են փողոցային արվեստի յուրօրինակ թանգարան բաց երկնքի տակ: Մայրաքաղաքին սթրիթ արտի առաջին նմուշները պաշտոնապես պարգևած պիոներները կիսվում են արվեստի իրենց գլուխգործոցների ու սպասվող նախագծերի մասին:

Հռիփսիմե Հովակիմյան,
BB Media, PR մենեջեր
2012-ին Երևանը դարձավ գրքի մայրաքաղաք ու հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց գրքային մի հետք թողնել Երևանում: Որոշեցինք այդ հետքը սթրիթ արտի տեսքով թողնել, ու ծնվեց գրողների դեմքերը քաղաքի տարբեր պատերին նկարելու գաղափարը: Նախ արվեցին էսքիզները, հետո հավաքեցինք մի խումբ երիտասարդ, ուսանող նկարիչների ու սկսեցինք աշխատանքները: Հիմնականում նպատակ ունեինք կոչ անելու, որ գիրքը մնայուն արժեք է: Ընտրեցինք հենց սթրիթ արտը, քանի որ վերջերս «ինչո՞ւ Երևանում սթրիթ արտ չունենք» հարցը շատ էր քննարկվում թե՛ ֆեյսբուքում, թե՛ առհասարակ: Երևանցիները սիրեցին այս նախագիծը, նրանց արձագանքները դրական էին: Երևանին նոր երանգներ են անհրաժեշտ ու սթրիթ արտն այդ երանգների թվում է: Թե սթրիթ արտային ինչ նախագծեր են մեզ մոտ հիմա քննարկվում, չեմ ասի, բայց նոր գլուխգործոցներ հաստատ լինելու են: Երևանցիները սպասում են դրանց: Երևանի տարբեր հատվածներում տեղադրված երազանքի պատերը ցույց տվեցին, որ երևանցիներից շատերի երազանքը քաղաքում եռաչափ պատկեր ունենալն էր: Իհարկե, Երևանի առաջին եռաչափ պատկերի մասին կարծիքները բազմազան եղան: Հիմա սոցցանցերը շատ են նպաստում, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում եղած փողոցային արվեստի նկարներ տեսնեն, համեմատեն ու որոշակի պատկերացում կազմեն փողոցային արվեստի մասին:

Էդուարդ Քանքանյան
BB Media, արտ-տնօրեն
Սթրիթ արտը այն ուղղությունն է, որը մեզ հետաքրքրում է, ու մենք ցանկանում ենք մի բան անել այդ ոլորտում: Իհարկե, դա մեր գործունեության ոչ թե կոմերցիոն, այլ հավես մասն է: Հաջորդ մեր նախագիծը, որն այժմ քննարկվում է ու ամենայն հավանականությամբ կհաստատվի, կրկին եռաչափ է, սակայն այս անգամ պատկերը կլինի մի քանի հարթության վրա: Հիմա մեր աշխատակիցները դրա վրա են չարչարվում, անընդհատ էսքիզներ են փորձում: Ուզում ենք հետաքրքիր մի բան ստանալ, թույլտվությունը ստանալ քաղաքապետարանից ու անել:

Երևանում սթրիթ արտ անելու առաջին դրդապատճառներից է այն, որ մենք ինքներս մեր քաղաքում ուզում ենք նման մի բան տեսնել: Ունենք նաև ոչ թե ներկերով, այլ ճեպանկարով իրագործվող նախագծեր: Մի խոսքով՝ Երևանին փորձելու ենք տալ այն գույները, որ ինքներս ուզում ենք տեսնել մեր քաղաքում: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնց դա դուր չի գա, բայց մենք դրան նորմալ ենք վերաբերում:

Եռաչափ գրաֆիտին Ազնավուրի հրապարակում
Եռաչափ գրաֆիտին Ազնավուրի հրապարակում

Լիա Մխիթարյան
Eiva ծրագրի ղեկավար
Eiva-ն սկսվեց այս տարվա սկզբից: Չնայած ընկերներով վաղուց ունեինք Երևանում փողոցային արվեստը զարգացնելու գաղափար ու մտածում էինք՝ ինչպես իրագործել: Մտածում էինք անգամ սթրիթ արտ անել ոչ միայն նկարելով, այլ ինչ-որ տարբեր ինստալացիաներով: Հետո դրամաշնորհ ստացանք, որպեսզի արվեստը օգտագործենք որպես մեդիայի այլընտրանքային գործիք, այսինքն՝ պետք է փորձեինք սոցիալական ու մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցերի շուրջ խոսել նոր ձևով: Արդյունքում ծնվեց Eiva-ն: Eiva ոչինչ չի նշանակում, պարզապես լավ հնչող տառերի միություն է: Դեռ շատ նոր ենք՝ ընդամենը մի քանի ամիս: Փողոցային արվեստի դեռևս ամենամեծ աշխատանքը, որ արել ենք, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) դիմաց է. փիղ ու նրա մեջքի վրայով վեր բարձրացող պելիկան, ում մենք պիլմենգո են կոչում, քանի որ այն իրականում մի քանի կենդանու խառնուրդ է: Այս նկարը թվում է թե որևէ ասելիք չունի: Բայց տարբեր մարդիկ նրանում տարբեր փիլիսոփայություն կարող են տեսնել: Երևանում տարբեր իրադարձություններ են կատարվում, ֆեյսբուքում տարբեր թեմաներ են քննարկվում, ու մենք վերցրեցինք մի թեմա, որը այս պահին ոչ մի տեղ ու ոչ մեկի կողմից չի լուսաբանվում՝ ընկերներ. փիղ ու պելիկան, որոնք հավաքական կերպարներ են: Երևանի հատակին հարմարված մեր հերոսները երիտասարդ են, արկածախնդիր: Հանկարծ ՆՓԱԿ-ի կողքով անցնելիս աղմուկ են լսում կտուրից, փորձում են նայել՝ ինչ կա այնտեղ, բայց ոչ մի կերպ չի հաջողվում: Սակայն լուծում են գտնում, որ պելիկանը, փղի վրա կանգնելով, բարձրանա կտուր: Իսկ ի՞նչ կա կտուրին՝ մենք կնկարենք այլ վայրում և արդյունքում մի պատմության տարբեր դրվագները տեղ կգտնեն քաղաքի տարբեր հատվածներում: Անկեղծ ասած՝ մեզ համար կենտրոնը երբեք թիրախ չի եղել: Նկարչությունը մեզ համար նաև լրատվության գործիք է, և մենք ուզում ենք կենտրոնանալ քաղաքի ծայրամասերի վրա:

Զուգահեռ նաև սկսեցինք քաղաքը գունավորելու նախագիծը և դա նույնպես շարունակելու ենք: Քաղաքի անգույն հատվածները ուզում ենք գունավորել թելերով: Բայց դա հսկա աշխատանք է, գուցե ակցիա անենք ու շատերին ընդգրկենք այդ աշխատանքում: Սա քաղաքը գունավորելու շատ հարմար տարբերակ է: Այս պահին բանակցություններ են գնում մի քանի տարածքների հետ, որ այնտեղ սկսենք գունավորումները: Իսկ փղիկի և պիլիգրինի սցենարը մոտավոր կա, ու առաջիկա նկարազարդումը շատ չի ուշանա:

Փողոցային արվեստում շատ եմ սիրում մեծ ու անսպասելի վայրերում դրված արձաններ: Հուսամ, որ մեր ծրագրի շրջանակներում մենք Երևանում նմանատիպ բաներ կտեղադրենք: Մենք նույնիսկ գաղափար ունեինք մեծ օրիգամիներ ստեղծել ու տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Իսկ անընդհատ բողոքողների համար, որ ոչ մի հնարավորություն չկա այս քաղաքում, մտածում ենք դռներ դնել քաղաքի տարբեր հատվածներում: Ընդ որում տարբեր՝ բաց, փակ, արդեն խոտերով ծածկված. գուցե սա մարդկանց միտք տա, որ դռներ կան, պարզապես պետք է դրանք բացել: Մենք նախընտրում ենք մնայուն բաներ անել ու նվիրել մեր Երևանին: Ասենք՝ փիղն ու պիլիգրինը ընդմիշտ չեն, բայց արձանները կմնան: Ես շատ ներշնչվում եմ Նյու Յորքի, Ամստերդամի փողոցային արվեստից: Սթրիթ արտը Երևանին նոր շունչ կտա, նոր տրամադրություն:

Վստահ եմ, որ Երևանն ու սթրիթ արտը համատեղելի են ու կարծում եմ՝ եթե սրա շուրջ որոշ արվեստագետներ համախմբվեն, կարելի է բացօթյա թանգարանի նման մի բան ստանալ: Որքան փողոցային արվեստը շատ լինի, այնքան ավելի լավ՝ այն գեղեցիկ է, գունավոր: Եվրոպական շատ քաղաքներում օդանավակայանից կենտրոն ճանապարհը գրաֆիտիներով հարուստ է, ու դա գրավիչ է: Գույներն ու ժպիտը վարակիչ են, կարծում եմ՝ հենց սրանով է պայմանավորված Երևանում վերջին տարիներին սթրիթ արտի աճը: Այս երևույթը իրոք կարծես ժպտացնում է Երևանը, ու դա դառնում է վարակիչ: Փաստորեն, նման գործիքը՝ սթրիթ արտը, կարելի է շատ լավ օգտագործել մարդկանց լավ վարակներ ներարկելու համար:

Eiva-ի առաջին նախագծի ծնունդը
Eiva-ի առաջին նախագծի ծնունդը

Լուսինե Մոսոյան
«Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն
«Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հայտարարվել էր մրցույթ, որին ներկայացրած 3 առաջարկներիցս 2-ը հավանության արժանացան: Առաջինը Տիկնիկային թատրոնի ճակատային հատվածն էր: Առաջարկեցի երեխաների աչքերով նայել Տիկնիկայինին: Երբ մի երեխա անցնի Տիկնիկայինի շենքի կողքով, իմանա՝ դա ինչ թատրոն է, նայի ու հասկանա, որ դա իրենն է: Թատրոնի խճանկարում օգտագործել եմ հենց երեխաների նկարները՝ իրենց հորինած կերպարները: Էսքիզում ընդգրկել եմ նաև տիկնիկայինից վեր բարձացող 16 հարկանի շենքի մեջտեղի բետոնապատ հատվածն էլ թայլերով գունավորելու առաջարկ: Հիմա Երևանը ներկում են, այդ ամենը, իհարկե, լավ է, բայց դա ունի կարճատև կյանք, վաղ թե ուշ էլ չի լինելու: Թայլերի դեպքում սրանից խուսափում ենք: Մի անգամ արտահայտություն լսեցի, որ ոմանք չեն ուզում, որ Երևանը Բարսելոնա դառնա՝ լցվի խճանկարներով: Կարծում եմ՝ այդպես չի կարող լինել, եթե այն ճիշտ տեղում ու ճիշտ ձևով ներկայացվի: Այսինքն՝ մենք չեն ուզում Բարսելոնայի մշակույթը բերել Երևան: Կարելի է դրսից գեղեցիկը վերցնել ու այստեղ այն յուրովի ներկայացնել: Եթե չափի մեջ ես անում, ճիշտ գույների մեջ ես ընդօրինակում, երբեք տգեղ ու օտար չի նայվի քաղաքում: Մյուս կողմից՝ եթե մի բան անում ես, պիտի օգտակար էլ լինի: Օրինակ՝ Տիկնիկայինի պարագայում, մինչև խճանկարի այնտեղ հայտնվելը, ճակատային մասը մի տեսակ գորշ էր, անշուք: Հիմա հիշողության մեջ այն կմնա որպես գունազարդ մի բան: Արձագանքներն այնքան դրական են, որ մտածում ենք էլի փոքր բաներ անել թատրոնի տարածքում: Հավանության արժանացած երկրորդ նախագիծս Աբովյան փողոցի վրայի Անահիտ Սիմոնյանի հեղինակած արձանն է՝ փոքր ջրավազանը, ներսում կնոջ արձանով: Այն անշուք է, անգույն, իսկ Աբովյանը քաղաքի կարևորագույն փողոցներից է՝ զբոսաշրջիկներին ներկայանալու տեսանկյունից: Առաջարկել եմ գունավոր թայլերով երեսպատել այդ արձանն իր փոքրիկ ավազանով: Հետո նախագիծս մի քիչ թեթևացրի, որպեսզի այն շատ թանկ չլինի: Հիմա առաջարկս ընթացքի մեջ է:

Ես կարծում եմ նաև, որ Երևանը աղքատ է այգիներով. սա ակտուալ թեմա է: Այգում թայլերի միջոցով կարելի է շատ գեղեցիկ մի բան ստանալ: Որոշ էսքիզներ արել եմ ու սպասում եմ արձագանքի, դա իմ երազանքն է: Վերջին տարիներին այստեղ չեմ ապրել, ու Տիկնիկայինի նախագիծս երբ ընդունվեց, ես շատ երջանիկ էի, որ մի բան արել եմ իմ քաղաքի համար: Հաջորդ երազանքս այգում հետք թողնելն է: Մինչև այդ «Ժպտա, Երևան» նախագիծը «Մանե Թայլսի» նախկին սեփականատիրոջ գաղափարն է եղել ու համագործակցելով քաղաքապետարանի հետ՝ մի քանի հետք թողել է մայրաքաղաքում: Օրինակ՝ նոտաներով շենքը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում:

Չեմ ասի, որ չեմ հավանում դալանները ու դեմ եմ դրանց նկարազարդմանը, բայց իմ կարծիքով՝ գրաֆիտին մայրաքաղաքի բան չէ: Իհարկե, ճիշտ չափի մեջ, ճիշտ ձևի մեջ ամեն ինչ էլ կարող է գեղեցիկ նայվել մեր Երևանում: Օրինակ՝ նույն թայլերով նկարչությունը, շատ գեղեցիկ է, բայց եթե դա դառնա համատարած, արդեն կկորչի գեղեցկությունը՝ չպետք է կորցնել չափի զգացումը:

Երևանն ինքն իրենով յուրահատուկ է, եթե այդ յուրահատկության մեջ էլ սթրիթ արտային նմուշներ մտցնենք, հաստատ շատ մարդիկ կգան Երևանը տեսնելու: Կարևոր է նաև քաղաքին մոտենալու կոնցեպտը: Ամեն մեկը կարծում է, որ ինքը ճաշակով է, բայց քաղաքի հարցում պիտի դրսևորվի ոչ թե բոլորի, այլ մեկի ճաշակը կամ տարբեր ճաշակները պետք է համահունչ լինեն: Ամեն ինչ պետք է լինի հարմոնիկ: Այս ամենը իրոք ժպտացնում է Երևանը: Մեր քաղաքն իրոք կարիք ունի նման փոքր, գունավոր հպումների:

Տիկնիկային թատրոնի շքամուտքի ձևավորումը
Տիկնիկային թատրոնի շքամուտքի ձևավորումը

Գագա Ամատունի,
Երևան քաղաքի գլխավոր դիզայներ
Ամեն ինչ մի օր սկսում է՝ սթրիթ արտն էլ հասավ Երևան ու սկսեց թափ առնել մեր քաղաքում: Ես միշտ ողջունել եմ Երևանում սթրիթ արտ ունենալու միտքը, անգամ երբ քաղաքի գլխավոր դիզայները չէի: Փառք Աստծո, ինձ ի պաշտոնե հնարավորություն ընձեռվեց, որպեսզի իմ երազանքներից մեկը մեր քաղաքում կարողանամ իրականություն դարձնել: Ինձ համար սթրիթ արտը շատ հետաքրքիր ու գեղեցիկ է: Կարծում եմ, որ փողոցային արվեստը Երևանի հետ ավելի քան համատեղելի է: Երևանը վերջերս փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվել՝ շենքերի բազմազանության առումով, նմանատիպ սթրիթ արտային լուծումներով կարելի է հետաքրքիր նոր երանգներ մտցնել փոփոխված Երևանի մեջ: Չեմ ցանկանում անդրադառնալ փոփոխություններին, դա առանձին թեմա է, միայն կասեմ, որ շատ բաներ այլևս չի լինի քանդել, իսկ փողոցային արվեստը կօգնի, որ նոր շենքերի բազմազանությունից բողոքող քաղաքացիների ուշադրությունը շեղվի գեղեցիկ ու գունավոր երևանյան պատկերներով: Ինչ վերաբերում է գրաֆիտիին, ես անձամբ դեմ եմ դրան, որովհետև, օրինակ՝ նույն արտասահմանյան երկրներում այն արվում է ավելի կոռեկտ կերպով: Երբ նայում եմ մեզ մոտի նման աշխատանքներին՝ պատկերն այլ է: Դա ես չեմ համարում արվեստ, դա խուլիգանություն է: Իսկ դալանները չնկարազարդեցինք գրաֆիտիի տարբերակով, քանի որ այդ ոճը ծայրամասային տպավորություն է ստեղծում: Սթրիթ արտը քաղաքն ավելի տպավորիչ է դարձնում: Մյուս կողմից՝ փողոցային արվեստի գլուխգործոցը ցանկալի է, որ լավը լինի ոչ միայն տեսքի, այլ նաև ուսուցողական տեսանկյունից:

Երևանյան փողոցային արվեստին վերաբերող նոր նախագծեր կան, բայց ավելի մանրամասն չեմ ուզում ասել, որ հաճելի անակնկալ լինի երևանցիների համար: Միայն կասեմ, որ դա կապված է լինելու մայրաքաղաքի աստիճանավանդակների հետ: Վերջերս Գերմանիայից եմ վերադարձել, այնտեղ նկատեցի փողոցային արվեստի դրսևորումներ հենց շենքերի վրա: Լուսանկարեցի այդ աշխատանքները, վերադառնալուց հետո ցույց տվեցի քաղաքապետին, նա էլ շատ հավանեց և կարճ ժամանակ անց մենք էլ կունենանք նմանատիպ լուծումներ: Իսկ գրաֆիտին մեծ քաղաքների համար է, որ, ասենք՝ ծայրամասի մի թաղամասում նկարես ու քաղաքացիներից շատերը այդ թաղամասով կյանքում էլ չանցնեն: Մեր քաղաքի պարագայում ամեն ինչ այլ է. սթրիթ արտն այստեղ պետք է լինի աչքին հաճելի, հյուրընկալ, քանի որ Երևանը փոքր քաղաք է: Ամենակարևորը դիզայնի մեջ ոչ թե տեսքն է, այլ էմոցիան: Մեր քաղաքին այսօր սթրիթ արտը պետք է: Սթրիթ արտով մենք կարող ենք կոլորիտ ստանալ, քաղաքային ոճ:

Մենք Երևանում ունենք մոտ 300 կամարանցումներ, որոնցից կարելի է ասել միայն շուրջ 130-ն են հարմար փողոցային արվեստի նմուշ դառնալու համար: Մնացածները տուֆային ծածկ ունեն: Նախ վերանորոգում ենք կամարանցումը, այնուհետև նկարիչներին տալիս ենք խնդիր՝ ներկայացնել կոնկրետ էսքիզներ: Ես դրանցից ընտրում եմ որոշները, որից հետո սկսվում են աշխատանքները: Դալանների նկարազարդողների հայտարարություն չենք տալիս, ես մեծ շրջապատ ունեմ, գիտեմ շատ նկարիչների: Ի դեպ, կարող ես լինել շատ լավ նկարիչ, բայց սթրիթ արտով չկարողանաս զբաղվել, որովհետև փողոցում բոլորովին այլ չափեր են:

Նախորդ փորձից ելնելով՝ այս անգամ չեմ ուզում վստահել միայն երիտասարդ, ուսանող նկարիչներին, քանի որ նրանք ներկերն այդքան էլ արդյունավետ չեն օգտագործում: Այս պահին նկարազարդված է մոտ 80 դալան, ևս 60 նկարազարդված կամարանցում քաղաքում կլինի մինչև հոկտեմբերի 14-ը: Ուրիշ որևէ երկրում չեմ տեսել նկարազարդված դալաններ: Շատ ուրախ եմ, որ այս առումով գուցե մենք ենք պիոներ: Կլինեն, իհարկե, կամարանցումներ ինչ-որ քաղաքներում, որ նկարազարդված են, բայց չեմ կարծում, որ դրանք համատարած կլինեն, ինչպես մեզ մոտ: Գուցե մի օր Երևանը ոմանց համար հիշվի որպես նկարազարդ դալանների քաղաք:

Թումանյանի դաշնամուրը
Այս տարվա օգոստոսին երևանյան սթրիթ արտը լրացվեց ևս մի ստեղծագործությամբ, սակայն այս անգամ՝ ոչ արտոնագրված: Հեղինակները իրենց գործն արեցին գիշերով և առանց բացահայտվելու: Ինչպես պնդում են նրանք (չցանկանալով ներկայանալ), Թումանյանի թանգարանի հարևանությամբ գտնվող գողտրիկ աստիճանը, որը վերածվել էր դաշնամուրի ստեղնաշարի, պարզապես շատ հարմար էր տարբեր տեխնիկական պատճառներով, «ու մեզ շատ դուր եկավ այն, որ ինքը մի տեսակ թաքնված աստիճան է»: Ձևավորման տարբերակն էլ որևէ խորհուրդ իր մեջ չունի. «Ուղղակի տեսել էինք նման բաներ ուրիշ քաղաքներում ու մեր քաղաքի տեղը նախանձել»: Ի դեպ, անանունության մասին: Սթրիթ արտիստները նշում են, որ քաղաքապետարանի հետ համաձայնեցնել փորձել էին, սակայն ապարդյուն. «կամ պետք է տխրեինք ու չանեինք , կամ էլ ինկոգնիտո հանգիստ նկարեինք: Ընտրեցինք երկրորդ տարբերակը: Իսկ հետագայում կլինեն շատ ավելի մասշտաբային և հետաքրքիր նախագծեր: Հենց իրականացնենք, հաստատ կիմանաք դրա մասին, Երևանը փոքր է, առանձնապես բան չես թաքցնի»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

 

Այս թեմայով