07 Նոյեմբեր 2013, 11:01
2478 |

Երևանի մայրաքաղաքը

Երևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտարապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ: Դեռ միջնադարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշալի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»: Այգիներն ու առվակներն արդեն այդքան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել:

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներնաչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:

Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Նրանք ապրում են Կոնդում
Սարյանից դեպի Կոնդ ծուռումուռ աստիճաններից ձախ տիկին Ջուլիետայի տունն է: Նա ծնվել, մեծացել ու ամուսնացել է Կոնդում: «73 տարի միասին ենք, իմ ու Կոնդի կյանքն արդեն անբաժանելի են», — ասում է նա: Հիշում է իր մանկության առանց ջրի ու կոյուղու Կոնդը: Ջրամատակարարման խնդիրը վերջերս է լուծվել. վերջին խորհրդարանական ընտրություններին թաղով հավաքվել ու թեկնածուներին ասել են՝ ով ասֆալտապատի նեղլիկ փողոցներն ու լուծի ջրամատակարարման հարցը, նրան էլ կընտրեն: Օգնել է:

Տիկին Ջուլիետան իր երիտասարդ տարիների կոնդեցիներին համախմբված է հիշում. ասես բոլորը միասին էին ապրում: Երբեմն բակի բոլոր հարևաններով էին ճաշին սեղան նստում: Չնայած ելնելով կենցաղային պայմաններից՝ հիմա ամեն ինչ այլ կերպ է, բայց տիկին Ջուլիետան վստահեցնում է, որ անփոփոխ է մնացել կոնդեցիների սերը՝ մասնակցելու թաղի հարսանիքներին ու թաղումներին՝ հրավիրված լինել-չլինելու փաստից անկախ: Նեղ ու երկար ճանապարհով ուղեկցում են հարսանեկան ավտոշարասյունը կամ թաղման թափորը: Ի դեպ, առաջին հայացքից թվում է, թե անհնար է մեքենայով Կոնդ մտնել ու ավելի անհնար է այնտեղից դուրս գալը, բայց շրջադարձ անող հմուտ վարորդներն այստեղ, պարզվում է, քիչ չեն: Չնայած հետիոտնե-րը որոշ փողոցներում մեքենային զիջելիս պետք է պինդ կպչեն պատին՝ անիվների տակ չհայտնվելու համար: Կոնդի նեղ փողոցների մասին շատ պատումներ կան: Բնիկ կոնդեցի Գրիգոր Դրոշակակիրյանը պատմում է, որ իր պապը սխալ կայանած մեքենայի պատճառով փակվել ու մնացել է զուգարանում, քանի որ զուգարանի դուռը բացվում էր դեպի փողոց, իսկ կայանած մեքենան զբաղեցրել էր դրա ողջ տարածքը...

Տիկին Ջուլիետան և իր թոռնուհին
Տիկին Ջուլիետան և իր թոռնուհին

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները: Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները՝ կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները:

Կրակն ընկած
Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: 2006-ին տիկին Ջուլիետայի տունը ևս 10 տների հետ այրվել է: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում է 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի՝ նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում: «Էդ ֆիլմի ու հիմիկվա Կոնդի կյանքում շատ բան չի փոխվել», — ասում է Գարեգին Դրոշակակիրյանը, ով նույն բակում ապրում է 7 տարբեր ընտանիքների հետ: Մեկի տանիքը մյուսի պատշգամբն է, մյուսի բակը՝ երրորդի անցուղին դեպի իր տուն և այդպես շարունակ:

Կոնդի 18 տարվա փոստատար Գուրգեն Հովակիմյանի կարծիքով՝ թաղի մեկ այլ թշնամին աղքատությունն է: Նա անգիր գիտի բոլոր բնակիչներին ու նրանց պատմությունները: «Այստեղ տներն ավելի շուտ բների են նման: Ամեն մեկը մի կամ երկու մահճակալ են դրել ու ապրում են: Մարդիկ աղքատ են: Բոլորը պարտքի տակ են: Բերածս նամակների մեծ մասը դատարանից ա», — ասում է փոստատարը:

Քանդում-քանդում ու չեն քանդում
Տարբեր ժամանակահատվածների տնտեսական ու քաղաքական վայրիվերումների արդյունքում հերթը Կոնդի բարեկարգմանն այդպես էլ չի հասնում: Կոնդեցիներն էլ ո´չ սպասում են, ո´չ էլ հույս ունեն: Նրանցից ոմանք սուղ միջոցներից, իսկ ոմանք էլ՝ «պլանի տակ է» մի քանի տասնամյակ շրջանառվող հասկացությունից ելնելով, այդպես էլ իրենց տները չեն բարեկարգում: Դեռ ԽՍՀՄ տարիներից պարբերա-բար խոսում էին թաղի վերակառուցման ու բարեկարգման մասին: Մինչդեռ նորանկախ Հայաստանում էլ Կոնդի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նախ՝ «վերակառուցման արդյունքում ճար-տարապետական արժեքը կորցրած» հիմնավորումով պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվեցին Կոնդի պարսկական շրջանի բնակելի տներից 21-ը, գլխավոր փողոցների երեք ամբողջական հատվածներ, բնակելի տների դարպասներ ու երկու մզկիթներ՝ բացառությամբ Թափաբաշի մզկիթի, որը կառուցվել է 1687 թվականին (ներկայումս ցանկում ավելացվել են նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու Կոնդի տակով անցնող Մամռիի ջրանցքը): Ապա Կոնդը ստացավ իրացման գոտու կարգավիճակ՝ կոնդեցիներին նոր բնակարաններ կառուցելու խոստումներ տվեցին: «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն պայմանագրեր ստորագրեց որոշ կոնդեցիների հետ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքում նրանց բնակարան հատկացնելու մասին, բայց հետո շինարարությունը դադարեցվեց, իսկ կոնդեցիները նամակը ստացան, որ Կոնդն այլևս պետական գերակա շահ չհանդիսացող տարածք է, ու բոլոր բնակիչները պետք է սեփականաշնորհեն այն տունը, որտեղ ապրում են:

Ջարդուխուրդ հատակով ու ճաքած պատերով, Կոնդում անբարեկարգ իր կյանքն է ապրում նաև 1935 թվականին կառուցված Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը: Դպրոցում եղա այն պահին, երբ տնօրինությունը նամակ էր պատրաստում Երևանի քաղաքապետարան՝ դպրոցի վերանորոգման խնդրանքով: Հայրենական պատերազմի տարիներին դպրոցի շենքը վերածվել է հոսպիտալի, հետո՝ կրկին դպրոցի: Այսօր այն ունի 65 աշակերտ, ովքեր հիմնականում Կոնդում են ապրում: Տնօրինությունը պարծենում է, որ դպրոցի շրջանավարտների ցանկում հաջողակ բիզնեսմեններ էլ են եղել, ովքեր վաղուց հեռացել են թաղից: Ի դեպ այս դպրոցում սովորել է նաև Կարեն Դեմիրճյանը:

Կոնդի հարսները
Տիկին Վեներան դպրոցի պահակն է, բայց դա ի՞նչ պաշտոն է «Կոնդի հարս» լինելու համեմատ: Հարս է եկել Թբիլիսիից ու մինչև այժմ էլ առանձնապես չի շփվում տեղացիների հետ: Փոխարենը դեպի Պռոշյան փողոց նայող լուսամուտներից ամեն օր հայացքով ուղեկցում է նախագահի կամ կառավարական հյուրերի ավտոշարասյուները:

Կոնդում երիտասարդ հարսները համեմատաբար քիչ են: Երիտասարդներն ամուսնանալուց հետո այստեղ, սովորաբար, չեն մնում: Նախ՝ տները չափազանց փոքր են ու առանց լավ պայմանների: Արդյունքում Կոնդի հարսների մեծ մասը հարս են ամենաքիչը 30 տարի, բայց միևնույն է՝ իրենց ոչ մի կերպ կոնդեցի չեն համարում: «Կեսուրս ասում էր, որ սև մազերով ա ստեղ հարս եկել, մազերը սպիտակեց՝ էս թաղում բան չփոխվեց: Ասում էր՝ քոնն էլ կսպիտակի, բան չի փոխվի ու ճիշտ էր ասում», — հիշում է տիկին Ալվարդը, ում հայացքից այդպես էլ չես հասկանում ավելի շատ ինչի համար է զղջում՝ ամուսնությունից հետո Կոնդ տեղափոխվելո՞ւ, թե՞ թաղի հետ կապած իր հույսերի:

Կոնդի հարսները կոփված են՝ սովոր ջուր կրելուն ու դրսում տարվա բոլոր եղանակներին ափսեներ լվանալուն: Տիկին Կլարային փախցրել են Կոնդ: Արդեն 50 ձմեռ է անցել, ինչ բակում լվանում է ափսեները: Չնայած որոշ առաջարկներ եղել են տեղափոխվելու, բայց ամուսինը չի համաձայնել: Ի դեպ, կոնդեցիներից շատերը նախընտրում են բարե-կարգված տուն հենց Կոնդում, քան նորակառույց բնակարան քաղաքի այլ վայրերում: Թաղամասի ամենամեծ առավելությունը նրանք համարում են դիրքը. Ֆրիկ, Պռոշյան, Սարյան, Պարոնյան, Լեո փողոցների վրա կարելի է հայտնվել 15 րոպեում Կոնդի ցանկացած կետից:

Տիկին Կլարան, ի դեպ, այն եզակիներից է, ով իր աչքով տեսել է Թափաբաշի մզկիթի գմբեթի փլուզումը: Չնայած բազմաթիվ աղբյուրներ փաստում են, որ գմբեթը քանդվել է 1988-ի երկրաշարժի արդյունքում, բայց տիկին Կլարան վստահեցնում է, որ երկրաշարժից ահագին անցել էր, երբ գմբեթը քանդվեց: Ավելի վաղ դրանից քարեր էին թափվում ու դրա տակ ապրող բնակիչները ստիպված տեղափոխվել էին կողքի տուն, որի տերերը բնակարան էին ստացել ու գնացել: Իսկ գմբեթի տակի տարածքը հարևաններով խորդանոց էին սարքել: Ֆուտբոլի Եվրոպայի 1988 թվականի առաջնության խաղերն էին, տիկին Կլարայի ամուսինը հեռուստացույցը բակում էր դրել ու հարևաններով խաղն էին դիտում, երբ քանդվեց գմբեթը: «Ոչ մի քար փողոցի կողմը չէր ընկել, գմբեթն ուղղակի նստել էր, քանդվել ինքն իրա մեջ», — պատմում է տիկին Կլարան: Այսօր կանգուն է մզկիթի հիմնական հատվածը: Բակն ու մզկիթի ներսը հարմարեցված են բնակվելու համար: 50 տարի առաջ, երբ տիկին Կլարան նոր էր հարս եկել, մզկիթի բակում 16 ընտանիք էր ապրում, այսօր մնացել են 6-ը: Կոնդեցի արձակագիր Էդուարդ Ավագյանը Կոնդին նվիրված իր հուշերում գրում է, որ պատերազմից հետո տարօրինակ անուններով գող տղաները բույն դրեցին Կոնդի մզկիթի բակում՝ Ուզուն Ախմախ, Ճլե, Ծիտիկ, Կտուց: Տիկին Կլարան այս անունները թվելիս բազմանշանակ ժպտում է ու ասում, որ մզկիթի բակի բոլոր տղամարդիկ ու արու զավակները միշտ տարբերվել են մնացածից իրենց վարքով: Նրա սկեսուրը վստահ էր, որ դա մզկիթի անեծքն է:

Կոնդ հարս եկած տիկին Կլարան
Կոնդ հարս եկած տիկին Կլարան

Թասիբով կոնդեցի
Երիտասարդ կոնդեցիները թաղում շատ չեն լինում՝ ոմանք սովորում են, մյուսներն աշխատում: Հաճախ համակուրսեցիներին բերում են էքսկուրսիայի: «Իմ ընկերները միշտ բողոքում են, թե ոնց ենք մենք ամեն օր էս քանակությամբ աստիճան բարձրանում իջնում ու բլուր-ներ անցնում մինչև տուն հասնելը, բայց ինձ դուր է գալիս ապրել մի թաղում, որը պատմություն ունի», — ասում է Մերին: Դեռ ոչ վաղ անցյալում կոնդեցի երիտասարդների շուրջ լեգենդներ էին պտտվում, թե նրանք կռվարար են, թասիբով ու Կոնդից աղջիկ տանելը հեշտ բան չէ: Պարզվում է՝ հիմա էլ շատ բան չի փոխվել այդ առումով: Եթե աղջիկներից մեկին անծանոթ տղա տուն է ուղեկցում, թաղի տղաներն անպայման պիտի իմանան, ով էր ու ինչ գործ ուներ կոնդեցի աղջկա հետ: Սա երիտասարդների մեջ պահպանված թերևս կոնդական ամենավառ դրսևորումներից է, քանի որ այլ մանրամասներ, Կոնդը բնորոշող պատմություններ նրանցից ոչ ոք չմտաբերեց: «Երիտասարդ կոնդեցիների մեծ մասը միտք ունի կամ գնալ այստեղից կամ վերանորոգել իրենց տունը», — վստահեցնում է Ջուլիետան ու ասում, որ իր սերնդակիցները երբեմն ամաչում են իրենց ընկերներին տուն հրավիրել, թեկուզ այն պարզ պատճառով, որ առանձին սանհանգույցն ու լոգարանը, որից չեն օգտվում բակի ամենաքիչը 5 հարևան, Կոնդում ճոխություն են:

Բայց կյանքը շարունակվում է, իսկ մարդիկ ապրում են՝ հին Կոնդի նոր ճակատագիրը տեսնելու սպասումով:

Կոնդի անունները
Արձակագիր Էդուարդ Ավագյանը Կոնդի մասին իր հուշերում անդրադառնում է Կոնդում տարածված տարօրինակ անուններին: Գրում է իրենց հարևանի մասին, ով որդիներին Հայո, Վրո ու Գերման էր կոչում: Իրական անունները աշխարհագրական էին՝ Հայաստան, Վրաստան, Գերմանիա: Մյուս բակի հարևանը, որ ֆիզիկայի ուսուցիչ էր, տղաներին օտար անուններ էր տվել՝ Նյուտոն, Դեկարտ, Ֆրանկլին: Իսկ կողքի բակի Վորոշիլովը շուտով դարձավ Վրոշ, քանի որ թաղային միլիցիոները մի անգամ անկեղծ բարկացավ, թե ինչպես կարելի է երեխային Վորոշիլով կոչել:

Մասիսն ու արքան
Կոնդում կա մի վերելք, որ մի ժամանակ Ցարսկի է կոչվել: Պատմում են, որ այդ վերելքի վրա գտնվող տներից մեկում մի քանի օր ապրել է Նիկոլայ թագավորը: Ասում են, որ Նիկոլայը Երևան էր եկել տեսնելու Մասիս սարը: Բայց հենց այդ օրերին Մասիսը համառորեն թաքնվել է մշուշի հետևում: Ցարը զայրացել է ու հեռացել: Ճանապարհին Մասիսը հայտնվել է, բայց այս անգամ էլ ցարն արդեն չի ցանկացել նրան տեսնել:

 

Կոնդի հարուստները
Կոնդում ապրել են բազմաթիվ նշանավոր ընտանիքներ, որոնցից ամենալավը կոնդեցիները հիշում են Մելիք-Աղամալյաններին: Նրանց տոհմի արմատները եկել են 16-րդ դարից: Այսօր Երևանի պատմության թանգարանում պահվում է այն ոսկե ժամացույցը, որը Նիկոլայ I-ը նվիրել է Մելիք-Աղամալյաններին, ռուս-պարսկական պատերազմում ռուսական բանակին ցուցաբերած աջակցության դիմաց: Ու չնայած Աղամալյանների տոհմի վերջին ներկայացուցչին՝ Սաշա Աղամա-լովին, խորհրդային տարիներին վտարել էին Կոնդի շքեղ տնից, ու նա մահացել է նկուղում, բայց թաղի ծերերը դեռ հիշում ու խոսում են նրա մասին: Մելիք-Աղամալյանների անունը կապվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հետ: Եկեղեցու շենքը թաղի միջնադարյան կառույցներից է եղել, որը սակայն ավերվել է 1679-ի երկրաշարժից: Իսկ ավելի ուշ՝ 1710-ին, վերակառուցվել է Մելիք-Աղամալյանների աջակցու-թյամբ: Ասում են նաև, որ «Դվին» հյուրանոցը 70-ականներին կառուց-վել է Մելիք-Աղամալյանների շքեղ տներից մեկի տեղում:

«ԵՐԵՎԱՆ» անսագիր, N3, 2013

Այս թեմայով