Բոլորս շատ լավ գիտենք, որ ապրում ենք ոչ թե սովորական Երևանում, այլ Երևան դարձած Էրեբունիում: Գիտենք նաև, որ քաղաքը սկիզբ է առել շատ վաղուց՝ Էրեբունի ամրոցից: Ամրոցը գտնվում է համանուն թաղամասում: Բայց հաճա՞խ ենք այնտեղ լինում: Իսկ զբոսաշրջիկնե՞րը: Փաստ է՝ այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չափազանց պասիվ է ներգրավված տուրիստական ծրագրերի մեջ: Բնական է, որ միայն թանգարանի էքսպոզիցիան դիտելու համար տուրիստներին դժվար է համոզել հասնել քաղաքի արվարձան: Yerevan Productions ընկերության մշակած նախագիծը ենթադրում է այս իրավիճակի փոփոխություն:
Արգելոց-թանգարանն այսօր իր տարածքում չունի ակտիվ գործող տուրիստական ենթակառուցվածք: Մինչդեռ ժամանակակից տուրիզմն առաջադեմ է, պահանջկոտ և խիստ մրցակցային: Նոր նախագիծը ենթադրում է «Էրեբունու» տարածքում զբոսաշրջիկների համար ստեղծել գրավիչ պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռեն իսկապես անմոռանալի ժամանակ անցկացնելու, լսողական և տեսողական անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, օրիգինալ հուշանվերներ ձեռք բերելու, մասնակցելու դրանց ստեղծմանը, թեկուզ կարճ ժամանակով սուզվելու Ուրարտուի դարաշրջանի մթնոլորտի մեջ:
Կարևոր է, որ ներկայացվող հայեցակարգը չի դիտարկում ամրոցի տարածքում ոչ մի շինարարություն կամ այլ միջամտություն, որը կարող է վնաս հասցնել հնագիտական օբյեկտին: Բոլոր շինությունները ժամանակավոր են և անհրաժեշտության դեպքում կարող են արագ ապամոնտաժվել: Առավել ևս, որ հատուկ տուրիստական գոտու ստեղծման համար ընտրվել է արգելոց-թանգարանի տարածքի այն հատվածը, որը հնագիտական տեսակետից հետաքրքրություն չի առաջացնում:
Այսօր, ցավոք, բացի թանգարանի շենքից և շքամուտքի աստիճաններից, մնացած տարածքը ոչ մի հատուկ ձևավորում չունի: Մասնավորապես՝ գոյություն ունի լուրջ խնդիր տարածքի ցանկապատման և ավտոմեքենաների և ավտոբուսների մուտքի հետ: Դաշտենցի փողոցի կողմից արգելոց-թանգարանի տարածք մտնող ավտոճանապարհն այսօր պարզապես անմխիթար վիճակում է, նույնիսկ դժվար է հասկանալ, թե որտեղ է սկսվում արգելոց-թանգարանի տարածքը:
Ներկայացվող նախագծով այն հատվածում, որտեղ արգելոց-թանգարանի տարածքը սահմանափակված է Դաշտենցի փողոցով, կտեղադրվի դեկորատիվ ցանկապատ, իսկ ավտոմեքենաների մուտքը կձևավորվի դարպասի տեսքով, որը խորհրդանշելու է յուրահատուկ մուտք դեպի այլ դարաշրջան: Դրան կավելանան նաև դարաշրջանին հատուկ ոճով պատրաստված նստարաններ, աղբամաններ, լուսավորության սյուներ և այլն:
Թվային եռաչափ մոդել
Հնարավոր չէ ամբողջովին վերականգնել կամ վերակառուցել Էրեբունի ամրոցը և նրա շինությունները: Փոխարենը 21-րդ դարում դա կարելի է անել վիրտուալ տարածքում: Ավելի ճիշտ՝ համատեղել իրական շինությունները եռաչափ մոդելի հետ: Այդ հնարավորությունն այցելուներին կընձեռվի հատուկ էլեկտրոնային-օպտիկական սարքերի միջոցով: Սարքերը սկզբում կլինեն ստատիկ՝ ֆիքսված կետերում, իսկ հետագայում նաև շարժական՝ սովորական ակնոցի տեսքով:
Սարքը համատեղում է տեղանքի ռեալ պատկերը և թվային եռաչափ մոդելը: Էկրանին դիտողը կտեսնի ամրոցը կամ նրա մի հատվածը՝ վերականգնված վիճակում և ռեալ մասշտաբով: Սարքը հնարավորություն ունի շրջվելու հորիզոնական և ուղղահայաց հարթություններում: Հորիզոնական հարթությունում շրջման անկյունը կազմում է մոտ 120, իսկ ուղղահայած հարթությունում՝ մոտ 30 աստիճան: Այս տեխնոլոգիան և նման կարգի սարքերն արդեն օգտագործվում են որոշ երկրներում, և գնալով դրանց որակը զգալիորեն աճում է: Որպես օրինակ կարելի է հիշատակել Չինաստանում Պեկինից ոչ հեռու գտնվող Յուանմինյուան թագավորական համալիրի փլատակների դիտման համար օգտագործվող ստատիկ սարքը, որը նույնպես աշխատում է եռաչափ թվային մոդելի հետ:
Շարժական ակնոց-սարքերը հասանելի կդառնան առաջիկա տարիների ընթացքում՝ այդ տեխնոլոգիան այս պահին ակտիվ զարգացման փուլում է: Սարքը կրելով՝ հնարավոր է տեղանքի վրա կոնկրետ կետերում ստանալ իրական և վիրտուալ պատկերների համատեղումը, պահպանելով դիտման անկյունը և նույնիսկ լուսավորությունը: Այսինքն՝ ակնոց կրողը կարող է տեղաշարժվել Էրեբունի ամրոցի տարածքով՝ տեսնելով ամրոցի ոչ թե իրական պատկերը, այլ թվային եռաչափ մոդելը՝ վերականգնված և դետալացված ամրոցը:
Կարմիր երթուղի
Խնդիրներից մեկը, որի հետ առնչվում են զբոսաշրջիկները պատմահնագիտական հուշարձաններ այցելելիս, տարածքով ճիշտ երթուղու ընտրությունն է, ինչը ուղղորդի բացակայության դեպքում հաճախ դառնում է լուրջ խնդիր: Որպեսզի ցանկացած զբոսաշրջիկի համար տեղաշարժումը Էրեբունիի տարածքով լինի նպատակային և հետաքրքիր, առաջարկվում է ամրոցի տարածքով անցկացնել այսպես կոչված՝ «կարմիր երթուղի»: Երթուղին բառացիորեն գծված կլինի հենց հատակին՝ կարմիր սալիկներով և կունենա հերթականությամբ համարակալված կետեր, որոնցում զբոսաշրջիկը կարող է կանգ առնել և լսել աուդիոտեղեկատվություն, տեսնել տեսահոլովակներ սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին, դիտել շրջակայքը 3D ձևաչափով՝ վերոնշյալ օպտիկական սարքերի օգնությամբ և այլն:
Հատուկ տուրիստական գոտի
Քանի որ արգելոց-թանգարանն այցելուների համար կարող է դառնալ նաև ժամանցային վայր, նախատեսվում է ստեղծել հատուկ տուրիստական գոտի՝ փոքրիկ «վարպետների ավան»: Դա մեկ հարկանի շինություններից կազմված փոքր համալիր է, որի ստեղծման հիմքում ընկած է այդ կառույցները ժամանցային, ուսուցողական, կիրառական և կոմերցիոն նպատակներով օգտագործման գաղափարը: Ավանը առաջարկվում է կառուցել հարթակում, որը գտնվում է ցիտադելի գլխավոր մուտքից մի փոքր ցած, դեպի ցիտադելի մուտք տանող ավտոճանապարհի կողքին:
Ավանում կլինեն բրուտի, կարի, ատաղձագործի արհեստանոցներ, դարբնոց և թոնրատուն: Նշված օբյեկտներից յուրաքանչյուրը ծառայելու է ինչպես արգելոց-թանգարանի տարածքում զբոսաշրջիկների ժամանցը կազմակերպելու, այնպես էլ՝ արգելոց-թանգարանի առօրյա կարիքները հոգալու համար: Բացի այդ, արհեստանոցներում հենց զբոսաշրջիկների աչքի առաջ պատրաստվելու են հուշանվերներ, որոնք կվաճառվեն «վարպետների ավանի» տարածքում, թանգարանի տարածքում, ինչպես նաև Երևան քաղաքի հուշանվերների խանութներում: Յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ոչ միայն հետևել վարպետների աշխատանքին, այլև ակտիվ մասնակցել գործընթացին, օգնել վարպետին, փորձել իր ուժերը, սեփական ձեռքերով պատրաստել խեցեղեն, զենք, հուշանվերներ:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012