09 Մայիս 2013, 15:53
1994 |

Հաղթանակի օրագրեր. ռադիոյի ավետիսը

Ռմբակոծումից հետո հաշվում էինք մարդկանց: Մեծ Մանթաշ գյուղից ընկերս չկար ոչ ընկածների, ոչ վիրավորների մեջ. պարզվեց` վախից կաթվածահար է եղել: Այդտեղ էլ թաղումը կազմակերպեցինք:

Պերճ Սողոյան.ՀՀ ոստիկանության գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի վետերան

Երբ պատերազմը սկսվեց, 17 տարեկան էի, ավարտել էի Գյումրու մանկավարժական ուսումնարանը: Պատմության ուսուցիչ էի Արթիկի Հայրենյաց գյուղի յոթնամյա դպրոցում: Մեր տնից արդեն ռազմաճակատ էին մեկնել երեք հորեղբայրս և երկու եղբայրս: 1942 թ. մարտի 15-ին լրացավ 18 տարիս. հայրենիքին ծառայելու իմ հերթն էր: Նախ ուղարկեցին Վրաստանի Լակոտեխե քաղաք՝ դիպուկահարների դպրոց: Այստեղ 3-4 ամիս ուսանելուց հետո մեկնեցի ռազմաճակատ: Միության զորքերն արդեն ջախջախել էին գերմանացիներին: Մեր դիպուկահարների խումբը եղավ ավերված Ստալինգրադում, մտանք գերմանացի գեներալ Պաուլյուսի ապաստանը: Ճիշտն ասած'շատ էինք ոգևորված մերոնց հաղթանակով, անհամբեր սպասում էինք առաջին մարտերին:

1943-ի վերջին ամիսներն էին, Ուկրաինայում համալրեցինք Առաջին մերձբալթյան ռազմաճակատի (գլխավոր հրամանատար՝ մարշալ Հ. Բաղրամյան) 51-րդ բանակի (գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Կրեյզեր) կազմը: Մեր առաջին նշանակետը Ղրիմի թերակղզին էր: 1944 թ. մայիսին 51-րդ բանակը Ղրիմին մոտեցավ Ուկրաինայի կողմից Սիվաշով, իսկ Սևծովյան բանակը՝ Կերչի կողմից: Ղրիմն ազատագրեցինք: Այս հաղթանակի համար էլ ստացանք մեր առաջին մեդալները: Բավական կորուստներ էինք ունեցել, բանակը նոր ուժերով համալրվեց, ու գնացքով շարժվեցինք դեպի Բելառուս: Հիշում եմ՝ ճանապարհին Գոմել և Մագիլյով քաղաքների արանքում ընկանք ռմբահարման տակ: Կարգադրված էր՝ հենց երևում են ինքնաթիռները կանգնեցնել գնացքն ու թաքնվել անտառում: Ռմբակոծումից հետո ես՝ որպես վագոնի ավագ, հաշվում եմ, որ մարդ չմոռանանք: Նկատում եմ, որ Մեծ Մանթաշ գյուղից Բաղդասարյան Արտաշը չկա, ընկածների ու վիրավորների մեջ էլ չկար, մի ռուս կար՝ Շարիկին, ասաց, որ տեսել է Արտաշին կամրջի տակ մտնելիս, գնացինք, գտանք. պարզվեց' վախից կաթվածահար է եղել: Այդտեղ էլ թաղումը կազմակերպեցինք:

Բելառուսում մեր առաջին նպատակակետը Վիտեպսկն էր, որտեղ գերմանացիներն ուժեղ դիմադրություն էին կազմակերպել: Մեզ հրամայվեց գիշերները Բելառուսի անտառներով առաջանալ, ցերեկները' դիրքավորվել: Այդպես 65 կմ ոտքով կտերլ-անցնելով՝ Վիտեպսկից հասանք Պոլոցկ, թափանցեցինք գերմանացիների թիկունք: Պոլոցկը գրավեցինք ու, փաստորեն, գերմանացու թիկունքում նոր ռազմաճակատ բացեցինք: Հսկողության տակ վերցրինք Արևմտյան Դվինա գետի կամուրջը, որը կենսական նշանակություն ուներ թշնամու համար. այն Վիտեպսկն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին էր:

Պոլոցկի մարտերում վիրավորվեց մեր դասակի հրամանատարը՝ լեյտենանտ Շարովը, քանի որ ես փոխհրամանատարն էի, ստանձնեցի դասակի հրամանատարությունը: Մեր դասակին հանձնարարվեց պաշտպանել կամուրջը: Հենց այդտեղ էլ հանդիպեցի գեներալ լեյտենանտ, ԽՄ հերոս Կրեյզերին: Կամրջի մոտ հերթապահում էի, ամերիկյան վիլիս մոտեցավ, իջան մի գնդապետ ու գեներալ լեյտենանտ: Մոտեցա, զեկուցեցի: Գեներալը կարգադրեց գրանցել իմ անունը, ազգանունը և զորամասը: Մինչ գեներալը զննում էր կամրջի տարածքը, վարորդից իմացա, որ գեներալ Կրեյզերն է, ավելի ձգվեցի: Երեք օր հետո կանչեցին գնդի շտաբ ու մեդալ տվեցին «Խիզախության համար» («За отвагу»):

Մեր ուղին շարունակվեց Լիտվայի տարածքով: Թշնամուն հանդիպեցինք Բիրժայ քաղաքում, այդտեղ վիրավորվեցի: Խրամատում էինք, գերմանացու նռնակն ընկավ մեզ մոտ, արագ վերցրի ու դուրս շպրտեցի, ձեռքիցս պոկվելն ու պայթելը մեկ եղան: Մի բեկորը կոպիս վերևի մասին խփեց: Մտածեցի՝ վերջ, կուրացա: Տեղափոխեցին Սալոսի ավանի հոսպիտալ, մոտ երեք ամիս բուժվեցի: 1944 թ. նոյեմբերի սկզբներին նորից ուղարկեցին ռազմաճակատ, այս անգամ ոչ թե 51-րդ բանակ, այլ 43-րդ բանակ՝ որպես դասակի հրամնատար: Շարունակեցինք մարտերը, գրավեցինք նաև Կրիտինգա քաղաքը: Կլայպեդա քաղաքի արվարձաններից մեկում փողոցային մարտի ժամանակ վիրավորվեցի: Ինձ ուղարկեցին Շաուլյայի ռազմական հոսպիտալը, որը գերմանացիներն էին կառուցել: Մոտ ամիսուկես բուժվեցի:

Արդեն 1945 թ. ապրիլ ամիսն էր, ուղարկեցին ռազմաճակատ՝ Արևմտյան Պրուսիա, 19-րդ գվարդիական կորպուսի գլխավոր հրամանատարության պահեստազորի կազմ: Այստեղ որպես հետախույզ երկու զինվորի հետ թափանցել եմ ռազմագերիների ճամբար, որ կազմակերպենք նրանց ընդվզումը թիկունքից: Մերոնք գրավեցին գերմանացիների համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պիլաու նավահանգիստը: Այստեղից ապրիլի 4-ին մեր զորամասը շարժվեց Քյոնիգսբերգ քաղաքի (այժմ Կալինինգրադ) ուղղությամբ: Արդեն ապրիլի 15-ին Քյոնիգսբերգը մերն էր: Այդ ճակատամարտի համար էլ արժանացա Փառքի շքանշանի:

Մենք Բեռլինի գրավմանը չհասանք, Արևելյան Պրուսիայի Ռաստենբուրգ քաղաքում էինք, մայիսի 9-ին հերթապահում էի գնդի շտաբում, «Ֆիլիպս» ֆիրմայի փոքր ռադիոընդունիչ ունեի մոտս: Մեկ էլ լսում եմ, թե պատերազմը ավարտվել է: Վազում եմ հրամանատարի հետ դուրս: Լուրը կայծակի արագությամբ տարածվել էր, զինվորները ցնծության մեջ էին: Ստալինի հրամանով առաջին հերթին զինվորական ծառայությունից ազատվեցին մանկավարժները, բժիշկները: Քանի որ մինչև բանակ գալն արդեն ամուսնացած էի, տղաս էլ ծնվել էր, դեռ չէի տեսել, որոշեցի վերադառնալ: 1945-ի դեկտեմբերի 21-ին զորացրվեցի:

Այս թեմայով