09 Մայիս 2013, 00:25
3596 |

Մարշալի աստղը

Կարիբյան ճգնաժամի տարիներին Սովետական միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյանի խաղացած դերն ու սովետական զինվորականների խմբի` Կուբայում վերաբազավորման օպերացիայի մանրամասններն ավելի քան երեսուն տարի խիստ գաղտնի էին պահվում:

30 օր' առանց արև
30 օր մարդկությունը սառել էր ու սպասում էր' ինչով կվերջանա երկու գերտերությունների միջուկային հակամարտությունը: Միացյալ նահանգներում անգամ միջուկային պատերազմի մանրամասն պլան էր մշակվել: Պաշտոնական Վաշինգտոնը չէր կարող համակերպվել. Կուբայում' Ֆլորիդայից ընդամենը իննսուն մղոն հեռավորության վրա, ԱՄՆ-ի հենց քթի տակ, ակնհայտ հակաամերիկյան ուղղվածությամբ պետություն էր ձևավորվել: Բայց Կարիբյան ճգնաժամը, այնուամենայնվի, հաջողվեց խաղաղ ճանապարհով հարթել: Զուր չէ, որ արտակարգ եռակողմ բանակցությունները' ԱՄՆ-ԽՍՀՄ-Կուբա, վստահեցին «Կրեմլի միակ մարդուն, ում հետ կարելի էր խոսել» (Ավերել Գարիման)' ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին: Անաստատ Իվանովիչի փաստարկներին կշիռ էր հաղորդում կուռ ռազմական աջակցությունը, որը սովետական լավագույն ճգնաժամային մենեջերի համար ապահովում էր «թիկունքի մարշալ» Հովհաննես Բաղրամյանի շտաբը:

Օպերացիայի մաշտաբները կարելի է համեմատել 1944-ին բրիտանական ու ամերիկյան զորքերի կողմից Լա-Մանշն անցնելու հետ: Թեև հիմա ամեն ինչ շատ ավելի խրթին էր. պետք էր ծովով 51 000 զինվորական ու ռազմամթերքի հսկայական քանակություն տեղափոխել 10 000 կիլոմետր հեռավորության վրա: Սովետական իշխանության հիմնական փաստարկը 5 գնդերն էին' զինված «երկիր-երկիր» կարգի միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով (2 000-4 000 կմ), որը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը ռմբակոծելու համար լիովին բավարար էր: Ռազմածովային ուժերի զինվորական և 85 հսկայական քաղաքացիկան նավերը 180 անգամ լողացին դեպի Կուբա և հակառակ ուղղությամբ (62-ի ամռանը Կուբայի հանդեպ խորհրդային «զբոսաշրջիկների» աճող հետաքրքրություն էր գրանցվում): Բացի այդ, պետք էր հոգալ Կուբայում խորհրդային խմբավորման նյութական ապահովման մասին: Եվ նավահանգիստներից անցկացվեցին ավելի քան 350 կմ մայրուղիներ ու հողային ճանապարհներ, որոնցով ընդամենը 4 ամսում զորքին մատակարարեցին շուրջ 300 000 տոննա տարատեսակ բեռներ: Հենց այս ամենի ծրագրմամբ ու իրականացմամբ էլ զբաղվում էր Բաղրամյանի շտաբը: Ստիպված էին գործել բացարձակ գաղտնիության պայմաններում. ոչ մեկ, անգամ կապիտանները չգիտեին' դեպի ուր են լողում իրենց նավերը: Նրանց պարզապես երեք փաթեթ էին տվել, որոնք պետք է հերթականությամբ բացեին. առաջինը, երբ դուրս գային ԽՍՀՄ ջրային տարածքից, երկրորդը, երբ կանցնեին Բոսֆորի ու Դարդանելիի նեղուցները, և երրորդը' Ջիբրալթարն անցնելուց հետո: Միայն վերջինի մեջ էր նշված վերջնական ժամանման վայրը' Կուբայի նավահանգիստներից մեկը: 62-ի «վտանգավոր ամռանը» մշակված հատուկ ռազմական գործողությունն այն աստիճան գաղտնի էր, որ անգամ անվանումը' «Անադիր», ոչ մի կերպ չէր կապվում Ազատության կղզին ողողող տաք ջրերի հետ:

Իսկ երբ խաղաղ համաձայնագիրը կնքված էր ու ճգնաժամը նահանջեց, Բաղրամյանի առջև մեկ այլ' շատ ավելի բարդ խնդիր էր ծառացել. հիմա այդ ամենը, կամ' գրեթե ամենը, պետք էր օտար երկրից հետ ուղարկել Հայրենիք, ընդ որում, կուբայական իշխանությունների ակնհայտ դժկամության պայմաններում: Յուրաքանչյուր նավի ժամանումը սովետական նավահանգիստ Բաղրամյանն անձամբ էր վերահսկում օրվա ցանկացած ժամին' գիշեր, թե ցերեկ: «Թիկունքի մարշալ» Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյանի ենթականերն ապահովեցին սովետական իշխանության կողմից առաջադրված քաղաքական խնդրի կատարումը' ցուցադրել ռազմական հզորություն խաղաղության ապահովման համար:

Թիկունքի մարշալ
Հովհաննես Բաղրամյանի թեկնածությունը որպես ԽՍՀՄ զորքերի թիկունքի ղեկավար քաղբյուրոյին առաջարկել էր Մալինովսկին: Նա հույս ուներ, որ համառ հայը, որը զորքի մոտ անսասան հեղինակություն էր վայելում, կամ «բատկոն», ինչպես նրան սիրով դիմում էին զինվորները, նոր պաշտոնում կկորցնի գլուխն ու ստիպված կլինի թոշակի գնալ: Չէ՞ որ Բաղրամյանը պետք է վերականգներ հետպատերազմյան շրջանում հիմնովին քայքայված թիկունքի կենտրոնացված կառավարումը: Այդպիսով, Ռոդիոն Մալինովսկին, որը սովետական ռազմական գերատեսչությունում հաջորդել էր Ժուկովին, հուսով էր Բաղրամյանի հետ հին հաշիվները մաքրել:

1942 թվականին Խարկովում սովետական զորքերը հայնվեցին շրջափակման մեջ: Այդ ժամանակ գերության մեջ էր հայտնվել ավելի քան 200 000 զինվոր ու սպա: Այդ օպերացիան մշակել էր Հարավ-արևմտյան շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Հովհաննես Բաղրամյանը: Ծրագիրը պարզ էր. թշնամուն կենդանի ուժով, զինանոցով ու տանկերով զգալիորեն գերազանցող սովետական զորքը գերմանական հենակետերը ճեղքելուց հետո պետք է դուրս գար դեպի Դնեպրի միջին հոսանքը: Ձախողման մեջ մեծ էր Հարավային ռազմաճակատի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մալինովսկու մեղքը. նա ինքնակամ հրացանակիր գնդերից մեկն ուղղել էր Վորոշիլովգրադի կողմը: Ավելի ուշ իր «Այսպես էինք գնում դեպի հաղթանակը» գրքում Բաղրամյանը գրում է. «... վիճահարույց և, իհարկե, Ռոդիոն Յակովլևիչին ոչ բնորոշ որոշումը ինչ-որ չափով ազդել էր 9-րդ բանակի պաշտպանության ամրության վրա»: Իսկ այդ ժամանակ' Խարկովյան օպերացիայի ձախողումից հետո, Բաղրամյանը ստիպված էր արդարանալ հենց իր' Ստալինի առջև: Միայն հրաշքով փրկվեց...

Պատերազմից հետո էլ մարշալների մեջ կոնֆլիկտ ծագեց: Բաղրամյանը, լինելով ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, անբավարար էր գնահատել Հեռավոր արևելյան զինվորական շրջանի ջոկատներից մեկի մարտունակությունը, որը ղեկավարում էր Մալինովսկին: Ճիշտ է, դա ոչ մի կերպ չխանգարեց վերջինիս կարիերային, և դառնալով պաշտպանության նախարար, Մալինովսկին միանգամից առաջարկեց Բաղրամյանին ուղարկել Հեռավոր արևելյան զինվորական շրջանը ղեկավարելու: Մարշալը հրաժարվեց գնալ Հեռավոր Արևելք' պատճառաբանելով ընտանեկան խնդիրներով: Մալինովսկին, որը նախորոք հաշվարկում էր բոլոր քայլերը, միանգամից առաջարկեց Բաղրամյանին ավելի դժվար տարածք' «թիկունքի մարշալ»: Երկրորդ անգամ հրաժարվելն անիմաստ էր: Ավելի լավ է միանգամից ազատվելու դիմում ներկայացներ: Առավել ևս, որ Մալինովսկու գաղափարը հավանության էր արժանացել ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի կողմից:

Բաղրամյանը 61 տարեկան էր. վերքերն ու հիվանդություններն առավել հաճախ էին սկսել իրենց մասին հիշեցնել: Խաղաղ կյանքին նորից փոխարինեց «ռազմական դրությունը»: Այն վարչությունը, որ մարշալը պետք է գլխավորեր, եթե չասենք լրիվ ոչնչացված, ապա' հիմնովին թուլացած էր: Բանակը, ինչպես պատերազմի առաջին ամիսներին, հիմա էլ գրեթե բոլոր առումներով կարիքի մեջ էր' սննդամթերք, հագուստ, վառելիք, փոխադրամիջոց: Խաղաղության տարիներին պատերազմի ընթացքում ձևավորված թիկունքի պաշտպանությունը կարծես անպետք մի բան դարձավ: Ամեն ինչ պարզեցրեցին, անգամ զինվորական ուսումնարանները: Բաղրամյանը գործին նայեց եթե ոչ զինվորականի, ապա հաստատ հայի տեսակետից. իրեն ոչ ոք չէր արգելել նոր զինվորական ուսումնական հաստատություն բացել: Ինչն էլ արեց Բաղրամյանը' հիմնելով Յարոսլավլի զինվորական ուսումնարանը: Իսկ այնտեղ պատրաստում էին... թիկունքի մասնագետներ: Բայց ԲՈՒՀ-ը թիկունքային չէր անվանվել: Ոչ լրիվ 2 տարի ուսումնառությունից հետո բանակը մասնագետ կադրերով էր ապահովվում: Մարշալի բախտը բերեց. Խրուշչովն այդպես էլ չիմացավ դրա մասին, այլապես Բաղրամյանը ստիպված կլիներ զբաղվել միմիայն սեփական ընտանիքի «թիկունքով»:

Մնաս բարո՞վ, զենք
Նման բան նրա կյանքում արդեն եղել էր: 1938 թվականին բոլոր քննությունները գերազանց հանձնած Բաղրամյանը չէր գտել իր ազգանունը Գենշտաբի շրջանավարտների ցուցակներում, իսկ հետո ընդհանրապես հեռացվել էր բանակից. նրան չէին ներել մեկ տարի առաջ աքսորված եղբորը պաշտպանելու փորձերը: Կես տարուց ավելի ապագա մարշալի ընտանիքը նստած էր չոր հացի ու կվասի վրա: Պաշտոնանկ սպան ոչ մի կերպ չէր կարողանում աշխատանքի տեղավորվել: Անգամ քաղաքացիական անձնագրի համար նա ստիպված էր լուսանկարվել կնոջ' Թամարա Հմայակովնայի աշնանային վերարկուով: Հուսահատ Բաղրամյանը դիմեց ծայրահեղ քայլի: Նա նստեց Կրեմլի Սպասսկայա աշտարակի մոտ, մինչև պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի հետ հանդիպման թույլտվություն ստանալը: Ազդեց. ժողկոմը Բաղրամյանի հետ զրույցից հետո վերականգնեց նրան Գենշտաբի ակադեմիայի դասախոսի պաշտոնում: Երկու տարի անց Հովհաննես Քրիստոփորովիչը շարք վերադարձավ: Նրան օգնեց Կիևյան հատուկ զինվորական շրջանի հրամանատար, զինված ուժերի գեներալ Գեորգի Ժուկովը(1924-25 թթ. նրանք միասին էին սովորել Լենինգրադի Բարձրագույն կավալերիական դպրոցում): Նա Բաղրամյանին նշանակեց իր զինվորական շրջանի 12-րդ բանակի օպերատիվ բաժնի ղեկավար: Երկու տարի անց դա արդեն Հարավ-արևմտյան ռազմաճակատն էր: Սկսվեց պատերազմը. տանկային մարտեր Դուբնո, Ռովնո, Լուցկա շրջաններում, պաշտպանական օպերացիա Կիևի շրջակայքում, հակագրոհ Ռոստովի, Ելեցկայայի, Օրլովսկայա, Վիտեբսկո- Օրշանսկայա («Բագրատիոն»), Ռիժսկայա, Մեմելսկայա (Կլայպեդսկայա) շրջաններում, Արևլապրուսական օպերացիան, Քյոնիքսբերգի պաշարումը: Այս բոլոր ռազմական գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Բաղրամյանը' հրաշալի զորավար, տաղանդավոր ռազմավար, խիզախ մարդ, քաջ, մեծ հոգով ու ազնվական սրտով: Զուր չէ բանաստեղծ Հովհաննես Շիրազը մարշալին համեմատել հայ ժողովրդական Էպոսի հերոս Սասունցի Դավթի հետ, իսկ Արարատ լեռն անվանել զորավարի թագը:

Վատ չի հնչում
Հովհաննես Բաղրամյանի զինվորական կարիերան սկսվել է 1915 թվականի աշնանը: Հայ ժողովրդի անելանելի վիշտը փոթորիկ բարձրացրեց Ցարական բանակի զինանշանի ներքո հանդես եկող երկաթգծային ուսումնարանի շրջանավարտի հոգում, որը որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ: Այդ ընթացքում նա ճանաչեց զինվորական կյանքի բոլոր դժբախտություններն ու դժվարությունները, և հենց այդ ժամանակ ձևավորվեց «բատկոյի» հոգատար վերաբերմունքը հասարակ զինվորների հանդեպ: 1918 թվականի մայիսի 21-ին Սարդարապատի ճակատագրական մարտերի ժամանակ I Հատուկ ձիավորների գնդի երիտասարդ սպայի հոտառությունը փրկեց իր մարտական ճյուղավորման բոլոր 5 անդամներին (1916թ. Բաղրամյանին ուղարկեցին Թիֆլիս, փոխգնդապետների դպրոց): Ձիերով հետախուզման ժամանակ նրանք հանդիպեցին ռուսական զինվորական համազգեստով մարտիկների խմբի: Սակայն նրանց վարքը անհանգստացրեց Բաղրամյանին: Հրամայելով իր զինվորներին նահանջել' Բաղրամյանը հայերեն ինչ-որ բան ասելով առաջացավ դեպի... թուրք հետևակային գումարտակը: Թե ինչպես էր այդ ժամանակ Բաղրամյանին հաջողվել ողջ մնալ թուրքերի գնդակոծությունների տարափի տակ և ողջ ու առողջ, առանց ձիու վերադառնալ գունդ, որտեղ նրան մեռած էին համարում, միայն պատերազմի աստծուն է հայտնի: Իսկ իր գնդի հրամանատարին սպան զեկուցեց, որ թուրքերը ռուսական համազգեստն օգտագործում են (Էրզրումի, Սարիղամշի ու Կարսի գրավումից հետո թուրքերի ձեռքն էին անցել համազգեստի ու սարքավորումների պաշարները) ոչ միայն իրենց բանակի զգեստավորման համար, այլև ռազմավարական նպատակներով, որպեսզի խուճապի մատնեն թշնամուն: «Հայի ճակատագրի համար մղվող կատաղի պայքարում քո շատ հայրենակիցներ են մարտնչում,- այդ ժամանակ ասել էր գնդի հրամանատար փոխգնդապես Զոլոտարյովը: -Դա և Սիլիկովն է, և Անդրանիկը, և Բեկ-Փիրումյան եղբայրները: Կանցնի ժամանակ, և ես վստահ եմ, շնորհակալ հայ ազգը քո անունը ևս կգրի այս մեծ զորավարների շարքում: Հովհաննես Քրիստոփորովիչ Բաղրամյան. ինձ թվում է' վատ չի հնչում»:

Պարգևներ
Սովետական Միության մարշալի կոչում Բաղրամյանը ստացել է 1955 թվականին: Զորավարի վաստակը նշանավորվել է Սովետական Միության հերոսի աստղերով (1944, 1955 թթ.), Լենինի 7 շքանշաններով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Կարմիր դրոշի 3 շքանշաններով, Սուվորովի 1-ին կարգի 2 և Կուտուզովի 1-ին կարգի շքանշաններով: Մարշալի մահից հետո նրա բարեկամները մեդալները նվիրաբերեցին Զինված ուժերի կենտրոնական թանգարանին: 1997 թվականին Մոսկվայում լուրեր տարածվեցին, թե Բաղրամյանի շքանշանները թանգարանից գողացել են: Պարզվում է, որ դեռևս 94-ին թանգարանի աշխատակիցները հայտնաբերել էին, որ Սուվորովի 1-ին կարգի երկու շքանշանները ինչ-որ մեկը փոխարինել էր... մուլյաժներով: Մինչ օրս մոսկովյան ոստիկանությունը փնտրում է մարշալի շքանշանները:

Ինչպես հաղթահարվեց լեզվական խոչընդոտը
1945-ից 1954 թվականներին Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյանը զբաղեցնում էր Մերձբալթյան զինվորական շրջանի հրամանատարի պաշտորնը: 1946 թվականին նա ընտրվեց Լատվիական ՍՍՀ Գերագույն խորհրդի անդամ: Հենց առաջին նիստը վարողը բացեց լատիշերերն: Մյուսները նույնպես սկսեցին ելույթ ունենալ լատիշերեն: Քանի որ ոչ բոլոր պատգամավորները այդ լեզուն գիտեին, իսկ դահլիճում թարգմանիչ չկար, շատերը հուսահատվել էին: Շատերը, բայց ոչ Բաղրամյանը: Երրորդ ելույթից հետո նա խոսք խնդրեց, դուրս եկավ ամբիոն ու խոսեց... հայերեն: Հասկանալով ակնարկը' բանախոսներն անցան բոլորին հասկանալի ռուսերենին:

Ձերբակալություն
«Ես դեռ դեռահաս էի, երբ հորս ընկերները հավաքվում էին մեր տանը և երկար ու, ինչպես ես հետագայում հասկացա, գաղտնի զրուցում էին: Այդ գաղտնի զրույցներից մեկը Բաղրամյանի ձերբակալության մասին էր: Հայրս' Ամիրջան Դանիելյանը' հին կուսակցական ու Ստեփան Շահումյանի մտերիմը, լավ ծանոթ էր Հովհաննես Քրիստափորովիչի հետ, անգամ նրան երաշխավորագիր էր տվել կուսակցություն մտնելիս: Բաղրամյանին ձերբակալել էին' միանգամայն ծիծաղելի մեղադրանքներ առաջադրելով: Այդ ժամանակ էլ հորս մոտ Վարաշիլովին գրելու միտք ծագեց: Նամակը կտրուկ էր. ընկերները գրում էին, որ եթե Հովհաննեսը ազգի թշնամի է, ապա նրանք բոլորը, անգամ Վարաշիլովն ու ինքը Ստալինն էլ են ազգի թշնամի: Հիշում եմ' տանը պատմում էին Ստալինի արձագանքի մասին: Ասում էին' Վորոշիլովը նրան ցույց է տվել նամակը, Ստալինը հրամայել է իր մոտ բերել ձերբակալված սպային ու հարցրել է' գիտի արդյոք, թե ովքեր են իր իսկական ընկերները: Բաղրամյանը, մտածելով, թե նրանց, ում անունը ինքը կտա, սպասվում է նույն ճակատագիրը, ինչ իրեն, տալիս է միայն մեկ անուն, այն էլ հանգուցյալի: «Ոչ, նա չէ քո լավագույն ընկերը, այլ այս նամակի հեղինակները»,- պատասխանել է Ստալինը: Բաղրամյանին բաց թողեցին»,- պատմաբան, կինոռեժիսոր Վացետի Դանիելյան:

Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի (1897-1982)
1915-ից' ցարական բանակում, 1920-ից'Կարմիր բանակում: 1923-31 թթ. հայկական հրաձգային դիվիզիայի հեծելազորային գնդի հրամանատար: Գերազանց ավարտել է Մ.Վ. Ֆրունզի անվան ակադեմիան (1934թ.), գենշտաբի Զինվորական ակադեմիան (193րթ.): 1940-ից' Կիևի հատուկ զինվորական շրջանի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար: 1941-ի դեկտեմբերից' Հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբի և Հարավ-արևմտյան ուղղվածության զորքերի շտաբի պետ: 1942-ի հուլիսից ղեկավարել է Հարավային ռազմաճակատի 16-րդ բանակը: 1943-ի նոյեմբերից' 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար: 1945-ի փետրվարից' Զեմլանդական զորախմբի հրամանատար, 1945-ի ապրիլից' 3-րդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար: Պատերազմից հետո եղել է Մերձբալթյան ԶՈՒ զորքերի հրամանատար, ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչ, Գենշտաբի զինվորական ակադեմիայի ղեկավար: 1958-ից' պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ թիկունքի ՊՆ ղեկավար: 1968-ից ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբում էր: Մարշալի աճյունով սափորն ամփոփված է Մոսկվայի Կարմիր հրապարակում' Կրեմլի պատի մեջ:

«Ереван» ամսագիր, N4, 2007

Այս թեմայով