09 Մայիս 2013, 15:38
1718 |

Հաղթանակի օրագրեր. բուժելով նույնիսկ թշնամուն

Պատերազմի դաշտում միայն կենաց-մահու պայքար մղող զինվորներ չէին: Կրակահերթերի ու ռմբակոծությունների տակ նրանց կողքին էին բժիշկները:

Սուրեն Ստեփանյան. բուժծառայության կրտսեր լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի վետերան

Սուրեն Ստեփանյանը Երևանի բժշկական տեխնիկումն ավարտելուց հետո, երբ լրացավ 18 տարին, 1943 –ին զորակոչվեց բանակ: Սկսվել է նրա զինվորական ծառայության ոդիսականը նախ Քանաքեռի գնդացրային-ականանետային ուսումնարանում,Վրաստանի գնդային ուսումնարանում, հետո արդեն Բելառուսում, Լիտվիայում և Գերմանիայում՝ մարշալ Բաղրամյանի ենթակայության ներքո գործող 3-րդ Բելառուսական ռազմաճակատի 11-րդ գվարդիական բանակի 1-ին մոսկովյան հրաձգային դիվիզիայի շարքերում:

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, երբ դեռ նոր էին ժամանել ու ռազմական գործողությունների չէին մասնակցել, մոտեցել է գլխավոր բժշկին և ցույց տվել դիպլոմը: Սուրեն Ստեփանյանին անմիջապես նշանակել են Սանիտարական դասակի հրամանատար և հանձնարարել վերակազմավորել 3-րդ դասակի բուժկետը: Այն ռմբահարվել էր, գրեթե հավասարեցվել հողին: Սուրեն Ստեփանյանը ոչնչից պիտի ստեղծեր վիրավորներին պատշաճ օգնություն տրամադրելու համար պիտանի անկյուն: Ոչ բժշկական, ոչ էլ զինվորական փորձառություն չունեցող Սուրեն Ստեփանյանը կարկամում է մեծ պատասխանատվության առաջ:

«Գլխավոր բժիշկին՝ Սմիրնովին, ասացի, որ փորձ չունեմ, միայն տեսականորեն եմ լավ տիրապետում մասնագիտությանս: Խնդրեցի՝ ինձ առայժմ առաջին գիծ ուղարկեն, որ մարտի մեջ լինեմ, անհրաժեշտ փորձ ձեռք բերեմ: Լավ է՝ համաձայնվեց: Հիշում եմ, որ առաջին գծում հրամանատարի հետ ընկանք գերմանացի դիպուկահարների կրակահերթի տակ, ոնց որ հարսանիքում լինեինք, պարում էինք փամփուշտների ներքո: Բախտներս բերեց՝ կողքերից էին խփում, եթե առջևից լիներ հաստատ կենդանի չէինք մնա: Մի քանի քայլ հեռու ռումբի ընկած տեղում բացված փոս կար, նետվեցինք մեջը: Մերոնք շուտ հասան: Փրկվեցինք»,- հիշում է Ստեփանյանը:

Փրկվել է և որոշ ժամանակ անց անցել իր հիմնական պարտականություններին: Արդեն Լիտվիայում նրա ենթակայության ներքո աշխատող բուժկետը Մերձբալթյան ռազմաճակատի գլխավոր բժշկի ստուգումներից հետո համարվել է ռազմաճակատի երկրորդ գծում գործող բուժկետերից լավագույնը:

«Հիվանդասենյակում 10-12 վիրավոր էին, շատ չէին, մեկն էլ եկավ, նստեց, որ զննեմ: Ես չեմ նկատում, որ գերամանացի է, մոտենում եմ ինչպես հերթական վիրավորի: Մեկ էլ տեսնեմ վիրավորներից մեկը «կատելյոկլով » հարձակվում է գերմանացու վրա: «Կուրվա» (թշնամի) որ ասեց, արդեն գլխի ընկա, «կատելյոկը» ձեռքից առա, տեղն ուղարկեցի: Մարդ է, վիրավոր է, օգնության կարիք ունի, իսկ մեր գործն օգնելն է: Նման պայմաններում մենք չէ, որ պետք է հաշվեհարդար տեսնենք նրա հետ»,- նշում է վետերանը:

Սուրեն Ստեփանյանը դասակի բուժկետում աշխատում էր 10-15 հոգու հետ, սովորեցնում էր վիրավորներին առաջին օգնություն ցույց տալու հմտությունները: Վերակազմավորումների ժամանակ դասակի բոլոր միավորումները ուսումնամարզական և այլ հանձնարարականներ էին կատարում, միայն բժշկական միավորումն էր ազատ մնում: Որպեսզի իր խումբն անգործ չմնա, Ս. Ստեփանյանը նրանց համար ուսուցողական զբաղմունք է մտածում: Թղթի փոքր կտորների վրա գրում է, թե այս կամ այն կոտրվածքի, վերքի ու վնասվածքի դեպքում անհրաժեշտ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, թղթերը փակցնում է զինվորների հագուստին ու հրամայում մարզման ժամանակ ինչ-որ պահի միասին ընկնել որպես վիրավորներ: Նպատակը' պետք է լավ ուսանել դասը, չսխալվել, լավ հիշել բոլոր ցուցումները, այլապես ընկնողներին չեն կարողանա ոտքի հանել, բացի այդ նրանք, ովքեր կմոտենան ընկածներին, նույնպես կկարդան գրությունները և որոշ անհրաժեշտ ինֆորմացիա էլ նրանք կստանան: Ստեփանյանի այս նորամուծությանը ներկա էր դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Պ. Տալստիկովը, ամենայն հավանականությամբ հայ լեյտենանտի մտահղացումը դուր է եկել ղեկավար կազմին, որովհետև Ստեփանյանը հետո իմանում է, որ ուրիշ զորամասերում էլ են այն կազմակերպել:

Հեշտ չի եղել ռազմաճակատային բժշկի առօրյան. «Ահավոր վերքերով գալիս էին, լինում էր' երկու-երեք գիշեր չէի քնում՝ ձեռքերս արյան մեջ թաթախված, հաց էլ չէի կարողանում ուտել: Ճակատագիրը բարի գտնվեց իմ հանդեպ. ինձ ոչինչ չպատահեց»:

Սուրեն Ստեփանյանը Բեռլին չի մտել, Մերձբալթյան ռազմաճակատի գործողությունների արդյունքում նվաճվեց գերմանական Քյոնիգսբերգ (այժմ Կալինինգրադ) քաղաքը: Այդ ճակատագրական գրոհին մասնակցած շատ զինվորներ Ստալինի կողմից նրա պատկերով հատուկ շնորհակալագրեր ստացան. մեկը Սուրեն Ստեփանյանի անձնական արխիվում է, տրվել է բուժծառայության կրտսեր լեյտենանտ Սուրեն Ստեփանյանին 1945 թ. ապրիլի 9-ին՝ հաղթանակից ուղիղ մի ամիս առաջ:

Այս թեմայով