09 Մայիս 2013, 15:31
1784 |

Հաղթանակի օրագրեր. «լեզու» բերողը

Հենակետը փոքր էր և ճահճոտ։ Որոշ տեղերում թշնամու խրամատների հեռավորությունը մեր դիրքերից միայն 50—60 մետր էր։

Մարտիրոսյան Վաչագան. հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի վետերան

Հայկական 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան կազմավորվեց 1941 թ. դեկտեմբերին Երևանում: «Թամանյան» սկսել է կոչվել Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելուց հետո: Սա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Բեռլինի գրավման մարտերում ցուցաբերած սխրանքների համար 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան 1945 թ. պարգևատրվել է Կուտոզովի II աստիճանի շքանշանով՝ դառնալով եռակի շքանշանակիր դիվիզիա։ Դիվիզիայի 9 մարտիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Նրա հազարավոր ռազմիկների կրծքերը զարդարվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։

Ռազմաճակատ մեկնեցի 1942-ին 89-րդ դիվիզիայի կազմում: 18-ս նոր էր լրացել: 10 օր մնացինք ադրբեջանական Գյոգչա գյուղի զորամասում: Լուսադեմին ուղարկեցին ուղիղ ռազմաճակատ՝ Գրոզնի, այնտեղ էլ առաջին մարտերը մղեցինք: Ու սկսեց մեր մարտական ուղին՝ Գրոզնիից մինչև Բեռլին: Գրոզնիից հետո Թաման թերակղզին գրավեցինք: Անցանք Կերչ: Ծանր օրեր շատ ենք անցկացրել, օրերով քաղցած էինք մնում: Կերչում ես ու մի քանի հետախույզներ հերթական հսկողությունն էինք իրականացնում: Նկատեցինք, որ մի ձի զարկվեց: Ասացի՝ պիտի այդ ձիու մսից բերեմ՝ ուտենք: Ասացի ու առաջ սողացի, մի մեծ կտոր կտրեցի, բերեցի: Կրակ արեցինք, կտրատեցինք, «կատելյոկում» տապակեցինք: Ընկերներս հերթ էին կանգնել, որ փորձեն: Ինձ հազիվ մի քանի կտոր հասավ:

Ռուսաստանի տարածքում շատ դժվարություններ ենք տեսել: Ոտքով կիլոմետրեր էինք կտրում անցնում, զինվորական հագուստով ու ծանր զենքով, իհարկե, դժվար էր առաջ գնալը, էլ չեմ ասում, որ հաճախ քաղցած էինք մնում: Ես ընկերներիս զգուշացնում էի, վաշտից հետ ընկնում, մտնում գյուղերը, ծեծում առաջին պատահած դուռը, ջուր ու հետը մի կտոր հաց էի խնդրում: Այսպես մի քանի տուն էի մտնում, հաց հավաքում, վազում ընկերներիս հասնում, հացը նրանց բաժանում: Արտասահմանում վիճակներս մի քիչ թեթևացավ: 1945-ին Լեհաստանի տարածով առաջ էինք շարժվում, անտառից ուժեղ կրակ բացեցին մեր ուղղությամբ, հենց այդտեղ էլ վիրավորվեցին մեր երկու գնդապետները՝ Կարապետյանն ու Բլբուլյանը: Այդտեղ Ն. Սաֆարյանը մեզ՝ հետախույզներիս, հրամայեց ինչ գնով էլ լինի «լեզու» բերենք: Երեք հոգի էինք, խորացանք նույն անտառի մեջ. երեքով չորս գերմանացի բերեցինք:

Հետախուզությունը հետաքրքիր ու միևնույն ժամանակ, շատ վտանգավոր կյանք է: Գնում ես որևէ խրամատում կամ հարմար մի տեղ դիրքավորվում ու սկսում հետևել թշնամու անցուդարձին: 1945-ի փետրվարից ապրիլ Օդեր գետի ձախ ափին գտնվող հենակետում էինք: Երկու ամիս, մինչև մեր զորքերի գլխավոր հարձակումը, Թամանյան դիվիզիան այդ հենակետը պահեց իր ձեռքում' այն դարձնելով մեր հարձակման կարևորագույն կետերից մեկը։ Հենակետը փոքր էր և ճահճոտ։ Որոշ տեղերում թշնամու խրամատների հեռավորությունը մեր դիրքերից միայն 50—60 մետր էր։ Մեր ամեն մի շարժումը թշնամու կրակակետերի, դիպուկահարների հսկողության տակ էր։ Այդ պատճառով էլ հիմնականում գիշերն էինք տեղաշարժվում: Այդտեղ էլ «լեզու» բերելու հրաման ստացանք: Մի քանի օր հետևում էինք գերմանական մի հենակետի անցուդարձին: Տեսանք, որ այդ օրը մի հոգի պահակ մնաց, մի հոգի էլ հաց բերեց, հետ գնաց: Հաց բերողը հենց գնաց, հարձակվեցինք:

Հանձնարարությունը լավ կատարելու համար երեք օր ազատ տվեցին: Հետո մասնակցեցինք Ֆրանկֆուրտի մարտերին ու մտանք Բեռլին: Հրաման ստացանք մայիսի 1-ին գրոհել և գրավել Հումբոլդ-Հայն այգում գտնվող երկու ամրոցները։ Դրանք պաշտպանական հզոր կետեր էին, որոնց երկաթբետոնե պատերի հաստությունը կազմում էր 5 մետր։ Մեր վաշտը մի 700 հոգի բարձրաստիճան ֆաշիստներ մի տեղից հանեց ու հանձնեց դիվիզիային: Մայիսի 2-ից Բեռլինում կրակը դադարեց: Շատ լավ տղաներ զոհվեցին մարտերի ընթացքում: Երևի բախտավոր աստղի տակ էի ծնվել, որ ողջ մնացի:

Հ.Գ.
Այս օրերին Վաչագան Մարտիրոսյանն Ուկրաինայում է: Մասնակցում է Մայիսի 9-ի փառավոր հաղթանակին և Սևաստոպոլի ազատագրմանը նվիրված տոնակատարություններին:

Այս թեմայով