09 Մայիս 2013, 00:50
1754 |

Հաղթողին չեն դատում

Մոսկվայի տանը մայիսի 9-ին ընդառաջ կայացած վետերանների հանդիպման ժամանակ Հայաստանի Վետերանների Միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը ներկայացել էր պատրաստված: Այդ առիթով նա հագել էր իր գրեթե 5 կգ քաշ ունեցող զինվորական պիջակը`կուրծքը ծածկված տասնյակ մեդալներով ու շքանշաններով։ Դրանց մեջ նա առանձնակի հպարտությամբ է ցույց տալիս «Կարմիր աստղ» շքանշանը։

Ի՞նչ պատմություն է թաքնված «Կարմիր աստղի» հետևում:
- 1943-ի օգոստոսն էր։ Հրետանային դիվիզիայի շտաբի պետ մայոր Պոպով հրամայեց ինձ մարտկոցը տեղակայել Ալեքսանդրովկա գյուղի մոտ։ Հրամանը հրաման է, պետք է կատարել։ Մութ էր, անձրևում էր։ Տղաները քնած էին, բայց իմ քունը չէր տանում։ Զինվորներից մեկն ասաց՝ լեյտենանտ, մենք շրջապատված ենք գերմանացիներով։ Պարզվեց՝ շտաբի պետը սխալ տեղեկություն է հաղորդել, ու մենք հենց թշնամու ափի մեջ ենք։ 60 զինվոր ու 4 թնդանոթ մեկ րոպեում հայտնվեցին գերմանացիների ձեռքում։ Ես երկու զինվորի անմիջապես ուղարկեցի շտաբ՝ իրավիճակի մասին տեղեկացնելու։ Ու սկսվեց կատաղի մարտը։ 12 ժամ կռվեցինք, զինամթերքը վերջանում էր։ Որոշել էի մեռնել, բայց գերի չընկնել երբեք։ Վիրավոր էի. ինձնից մի քանի մետր հեռավորության վրա ռումբ էր ընկել, բեկորները խրվել էին մարմնիս մեջ։ Ուժասպառ էինք եղել ու, անկեղծ ասած, հաշտվել պարտության մտքի հետ։ Հենց այդ ժամանակ լսեցի ՝ուռա՜. մեզ օգնության էին եկել։ Համատեղ ուժերով թշնամուն հետ շպրտեցինք։ Գիշվա ժամը 3-ին ինձ իր մոտ կանչեց գեներալ-մայոր Սիդինը և հարցրեց. «Ինչպե՞ս հայտնվեցիք թշնամու տարածքում»։ Չգիտեի՝ ինչ պատասխանել. մայոր Պոպովը սփրթնած ինձ էր նայում։ Ես ամբողջովին արյան մեջ կորած էի, մի կերպ ասացի՝ հաղթողին չեն դատում։ Հետո պատճառաբանեցի, թե սխալ եմ կողմնորոշվել տարածության մեջ։ Դրա համար նկատողություն ստացա, իսկ սխրանքիս համար՝ «Կարմիր աստղ»։ Հազիվ հասցրեցի ասել՝ ծառայում եմ Սովետական Միությանը. գիտակցությունս կորցրի ու ընկա։ Ուշքի եկա հոսպիտալում։ Ինձ վիրավորած բեկորներից մեկը մինչև հիմա այտիս մեջ է, արդեն 70 տարի հետս է ապրում։

Երբևէ մահվան աչքերի մեջ ուղիղ նայե՞լ եք, այսինքն, երբ թշնամուն դեմ առ դեմ հանդիպեք ու հասկանաք , որ սա վերջն է, փրկություն չկա այլևս։
- Ուկրաինայում էինք, չեմ հիշում տեղանքի անունը։ Միայն հիշում եմ, որ եգիպտացորենի դաշտեր էին։ Ինձ հանձնարարված էր թշնամու կրակակետերը հետախուզել ու ոչնչացնել։ Մենք սողեսող էինք շարժվում առաջ, եթե գլուխներս բարձրացնեինք, թշնամու նշանակետում կհայտնվեինք։ Նրանք բարձունքում էին, մենք՝ եգիպտացորենի դաշտում։ Նրանց շրջանցեցինք, հետախուզեցինք նշանակետերը, թշնամու դիրքը, զինամթերքի պաշարը: Վերադարձին լսելով նրանց մոտեցող ձայները՝ մտանք մի լքված հյուղակ։ Ես ու ընկերս թաքնվեցինք. ծածկվեցինք չոր խոտով։ Գերմանացիները մտան հյուղակ, ստուգեցին. ոչ ոք չկար։ Լսեցինք հեռացող ոտնաձայները։ Ես դուրս եկա թաքստոցից, ձեռքս տարա դեպի դուռը, հենց այդ ժամանակ ինչ-որ մեկը դրսից այն ինձնից ավելի շուտ բացեց։ Թաքնվեցի դռան հետևում, բայց դու մի ասա, կոշիկներիս քթերը դռան տակից դուրս են մնացել։ Մեկ էլ զգացի, որ սվինը խրվում է որովայնս։ Ձեռքով բռնեցի այն։ Մատներս կտրտվեցին, մինչև հիմա ափիս վրա վերքի սպի կա։ Այդ ժամանակ զգացի, որ սա վերջն է։ Կարող էի տեղնուտեղը կրակել նրան, բայց ձայնի վրա մյուս գերմանացիները կգային։ Մեկ էլ հարվածի բութ ձայն լսեցի, ու գերմանացին տապալվեց գետնին։ Ընկերս՝ Վորոտինցևը, դուրս էր եկել խոտի միջից ու հրացանի կոթով անաղմուկ հարվածել թշնամու գլխին։ Նա փրկեց ինձ, նրան եմ պարտական կյանքովս։

Պետրոս Պետրոսյանի աչքերն ամեն պատմության հետ երիտասարդական փայլով շողշողում են։ «Ով որ կասի, թե պատերազմի դաշտում չի վախեցել, չհավատաք, ստում է»,- ասում է հետախույզը։ Հպարտությամբ է խոսում հայ զինվորների քաջության, նվիրվածության մասին, առանձնակի ոգևորությամբ պատմում Հովհաննես Բաղրամյանի մասին. «Նա հանճարեղ զորավար էր»։

Այս թեմայով