24 Ապրիլ 2013, 11:38
3440 |

Մայրիկ

Գերմանական Վալդվիմերսբախ գյուղում՝ ծերանոցում, իրենց կյանքի վերջին տարիներն էին անցկացնում հարյուրավոր մարդիկ: Անձնակազմն արդեն անգիր գիտեր իրենց մոտ բնակվողների բոլոր սովորությունները, յուրօրինակությունները, քմահաճույքները: Եվ միայն մի կին չէր դադարում զարմացնել նրանց: Նրա անունով նամակներ ու նվերներ էին ստացվում ամբողջ աշխարհից: Ամեն անգամ, երբ նա բացում էր ծրարը կամ փաթեթը, նրա դեմքին ժպիտ էր փայլում: Սակայն որոշ ժամանակ անց նրան շրջապատողները դադարեցին հասկանալ նրան. մի քանի եվրոպական լեզու իմացող կինը մոռացավ դրանք և սկսեց խոսել անհասկանալի լեզվով: Ինչպես հետագայում պարզվեց, հայերեն: Այն լեզվով, որը վաղուց արդեն դարձել էր նրա զգացմունքների լեզուն: Նա այդ լեզուն սովորել էր՝ ապրելով հայրենիքից հեռու՝ հայերի մեջ, որոնք նրան անվանում էին Բյուլ մայրիկ:

Ամեն ինչ սկսվեց նավամատույցից
Մեկը մի անգամ ասել է, որ բոլոր մեծ պատմությունները սկսվում են փոքր տեղերում: Այս կինն էլ ահա ծնվել է Էստոնիայի Հաապսալու ոչ մեծ քաղաքում, որի անունը թարգմանվում է «նավամատույց»: Սկզբում դա ձկնորսական գյուղակ էր: XIX դարի վերջին Ռուսական կայսրության ծայրամասի այդ քաղաքի բնակչությունը 3000 հոգի էր, և կյանքն այնտեղ անսովոր հանդարտ ու սահուն էր ընթանում: Հենց այդ խաղաղ մթնոլորտում էին անցնում Աննա Հեդվիգի՝ վաճառական Թեոդոր Բյուլի դստեր օրերը: Լիակատար ապահովվածություն, լավ կրթություն. նրա երեխաները ստանում էին այն ամենը, ինչի մասին կարելի է միայն երազել: Բայց հուզական խառնվածքով, հարուստ հոգեկան աշխարհով և բարոյականության նկատմամբ հատուկ վերաբերմունքով մարդկանց մեջ ունեցվածքը միշտ ծնում է հոգևոր ոլորտին վերաբերող հարցեր՝ ստիպելով մտածել կյանքի իսկական իմաստի, մարդու նախասահմանման մասին: XIX դարի վերջին – XX դարի սկզբին դա վերաբերում էր հատկապես կանանց, որոնցից քչերն ունեին կայացման հնարավորություն: Թվում էր՝ ամեն ինչ ընթանում է կանխատեսելի հունով, բայց Աննա Հեդվիգը միշտ սպասում էր, որ ահա հրաշք կկատարվի, որը կփոխի նրա ճակատագիրը: Եվ այն կատարվեց. 1903 թվականի ամռանը Հաապսալու եկավ ավետարանչական քարոզիչ Իվան Կարգելը: Նա Ռուսաստանում հայտնի էր ռուսաստանյան բանտերում ակտիվ միսիոներական գործունեութան շնորհիվ: Հազարավոր բանտարկյալներ Կարգելի տպավորիչ քարոզներից հետո ճշմարիտ քրիստոնյաներ էին դառնում. նա քարոզիչ էր Աստծու շնորհով, իսկ Ավետարանը նրա ձեռքին ոգու իսկական զենք էր: Այդ մարդուն էլ Աննա Հեդվիգը ճակատագրի բերումով հանդիպեց իրենց տանը, որտեղ Կարգելը մի քանի հավաք անցկացրեց: Այդ հանդիպումը փոխեց նրա կյանքը, բեկումնային պահ եղավ նրա ճակատագրում: Դեռ բավականին երիտասարդ տարիքում նա որոշեց իր կյանքն ընդմիշտ նվիրել միսիոներությանը:

Դեպի Կիլիկիա
Ֆրաենվալդեի «Մալխե» գերմանական աստվածաշնչյան դպրոցում սովորելիս Աննա Հեդվիգը առաջին անգամ կարդաց հայերի, նրանց բարդ ճակատագրի մասին մի գիրք: Այն ժամանակ նա դեռ չգիտեր, որ այդ ժողովրդի հետ ինքն անցնելու է դեգերումների երկար ճանապարհներով, որ ինքն իր գրեթե ողջ կյանքը նվիրելու է հայերին: Այդ ժամանակ էլ նա Գերմանիայի հայկական ընկերությունից հրավեր ստացավ աշխատելու Թուրքիայում՝ Մարաշում, գտնվող միսիոներական կենտրոնում: Սակայն ուղևորությունը Կիլիկիա պետք եղավ որոշ ժամանակով հետաձգել. դեռ շատ երիտասարդ աղջիկը դժվարություններ կունենար անծանոթ երկրում: Որպես սկիզբ՝ նա որոշ ժամանակ աշխատեց գերմանացի երիտասարդների հետ, ապա ուղևորվեց Սանկտ Պետերբուրգ: Իսկ 1909 թվականի ամռանը Կիլիկիայից տագնապալի լուրեր սկսեցին ստացվել: Եվրոպական թերթերում հայտնվեցին հրապարակումներ կոտորածների մասին Թուրքիայում՝ Ադանա և Մարաշ քաղաքներում, ինչպես նաև մերձակա շրջաններում, որտեղ ապրիլի մի քանի օրվա ընթացքում սպանվել էին ավելի քան 30 000 հայեր: Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ սրված էր, և դարձյալ հարկ եղավ հրաժարվել ուղևորությունից: Սակայն հեռավոր Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ողբերգական ճակատագրի մասին այդ հակիրճ, կցկտուր տեղեկությունը ալեկոծեց երիտասարդ միսիոներուհու հոգին: Ինչ-որ հեռու տեղ ապրում էին մարդիկ, որոնք օգնություն էին խնդրում. նրանք ուրիշներից ավելի ունեին իր կարիքը: Եվ շուտով 24-ամյա անձնուրաց օրիորդը ճանապարհ ընկավ դեպի հեռավոր Կիլիկիա՝ Մարաշ քաղաքը, որպեսզի սկսի աշխատել գերմանական որբանոցում:

Հայ մտավորականության բռնի տեղահանումը. 1915M. Jacobsen/«Armenian Review» spring/summer 1992, vol.45
Հայ մտավորականության բռնի տեղահանումը.
1915M. Jacobsen/«Armenian Review» spring/summer 1992, vol.45

«Բեթել»-ի հարկի տակ
Առաջին միսիոներական որբանոցները Թուրքիայի կիլիկյան մասում բացել էին ամերիկացիները XIX դարի վերջին՝ սուլթան Աբդուլ Համիդի օրոք հայերի զանգվածային կոտորածներից հետո: Գերմանական բողոքականների որբանոցները հայտնվեցին ավելի ուշ. դրանք ավելի մեծ էին և նյութապես ավելի ապահովված: Գերմանիայի կառավարությունը բավականաչափ լուրջ էր վերաբերվում արտասահմանում այդպիսի հաստատությունների աշխատանքին. չէ՞ որ մնացած ամեն ինչից բացի՝ դրանք կադրերի լավ դարբնոց էին. գերմաներեն իմացող պատանիները դառնում էին թարգմանիչներ և սպասարկող անձնակազմ զինվորականների համար: Գերմանիայի և Թուրքիայի սերտ համագործակցության և ռազմական դաշինքի պայմաններում դա խիստ առօրեական խնդիր էր: Բյուլն ընդունվեց աշխատանքի Բելեֆելդում՝ աղջիկների «Բեթել» որբանոցում, որտեղ հիմնականում պահվում էին Ադանայի կոտորածից հետո որբացած հայ երեխաներ: Նրանց մեծ մասն ընկճված էր, տառապում էր բազմաթիվ վախերով և բարդույթներով: Նրանց հետ բարդ էր աշխատել. ամեն մի երեխային հատուկ մոտեցում էր պետք: Դրանից բացի՝ պետք էր նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել ուսման նկատմամբ. երեխաների մեծ մասն անգրագետ էր: Շատերը, կնքված քրիստոնյաներ լինելով հանդերձ, երբեք Աստվածաշունչ չէին կարդացել և Ավետարան չէին բացել: Հասկանալի է, որ որբանոցը դպրոց դարձնելու՝ Գերմանիայից ստացված թույլտվությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Բյուլը նրանցից մեկն էր, ովքեր հատուկ խանդավառությամբ ձեռնամուխ եղան այդ հանձնարարության կատարմանը: Ընդ որում պետք է ի նկատի ունենալ, որ ամբողջ աշխատանքը կատարվում էր թուրք տեսուչների մշտական հսկողությամբ. պետական համակարգը ստուգում էր բոլոր ուսումնական հաստատությունները թուրքամետ ուղղվածության առումով: Իսկ շուտով Աննա Հեդվիգը որպես դասատու ուղարկվեց նույն գերմանական միսիայի որբանոցը, որը գտնվում էր Մարաշից ոչ հեռու՝ Հարունիե գյուղում:

Միսիոներների գործունեությունը չէր սահմանափակվում միայն որբանոցով. նրանք հաճախ քաղաքային և գյուղական դպրոցներում հանդիպումներ և պարապմունքներ էին կազմակերպում, որոնց մասնակցում էին ոչ միայն երեխաներ, այլև նրանց ծնողները: Հայկական բնակչությունն իսկական տեղեկատվական քաղց էր զգում, մարդիկ ուզում էին ավելի շատ բան իմանալ քրիստոնեության մասին, քննարկել ընտանիքի, բարոյականության թեմաները:

Բյուլի հուշերից. «… Անհնար է մոռանալ այդ ժամանակը սարերում, որտեղ Տերը այդքան մոտ է գալիս, այդպես խոսում է լռության մեջ և գյուղական բնակչությանը այդքան շատ հնարավորություններ է տալիս խոսելու Աստծու մասին հավաքների ժամանակ, կիրակնօրյա դպրոցում, առանձին մարդկանց հետ: Պետք է զգալ նրանց՝ այդ հայերին, որոնց դեռ չեն դիպել մշակույթի նավի բերած ավերածությունները… Մեծ երեխաների նման նրանք ավետման ծարավ էին զգում…»:

Մեսոպոտամիի ճամփաներին. 1915 1915 Armin T. Wegner/«Armenian Review» spring/summer 1992, vol.45
Մեսոպոտամիի ճամփաներին.
1915 Armin T. Wegner/«Armenian Review» spring/summer 1992, vol.45

Առանց արցունքների
Սակայն ուսումնական գործընթացի և միսիոներական գործունեության կազմակերպման բոլոր բարդությունները ոչինչ էին այն ահավոր ողբերգության համեմատությամբ, որը ծավալվում էր նրա աչքերի առջև: Հանգամանքների բերումով Աննա Հեդվիգը և միսիայի մյուս աշխատողները վկա դարձան թուրքական կառավարության՝ իր դաժանությամբ և անմարդկայնությամբ հրեշավոր միջոցառմանը՝ Թուրքիայի ողջ հայ բնակչության արտաքսմանը Միջագետքի անապատները…

Բյուլի հուշերից. « … Երբ 1915 թվականի Զատիկին հայերին բաժին ընկավ այդ սարսափելի աղետը, իմ ականջներում հնչում էին հետևյալ բառերը. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը. նրա արյան կանչը երկրից բողոքում է ինձ»: Այո՛, նրանք իմ քույրերն ու եղբայրներն էին, որոնք հավաքվել էին մեր Տիրոջ տանը, երբ վաղօրոք նախապատրաստված կոտորածը հասավ Մարաշ քաղաքը… Կանայք, տղամարդիկ, ծերեր՝ հաշմանդամ, կույր, հիվանդ, օրեր շարունակ քայլում էին քարքարոտ կածաններով՝ այրող արևի տակ… Նրանք քայլում էին լուռ, նրանք արդեն նույնիսկ արցունքներ չունեին… Ո՞վ կհաշվի մեռյալների մարմինները, որոնք ընկած են այդ մահվան ճանապարհի երկայնքով, առևանգված կամ կորսված երեխաներին, որոնք լացով կանչում են իրենց մայրերին… Առավոտյան ինձ արթնացրին կրակոցները. գերիներին պարանոցներից շղթայել էին իրար և գնդակահարում էին մեր տան հետևում: Արդյոք իմ եղբայրնե՞րը չեն արնաշաղախ մարմինների կույտում…»:

Շատ աքսորվածներ Հարունիեով անցնելիս խնդրում էին որբանոցում պահել իրենց երեխաներին. Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր, և գերմանական որբանոցում հայ երեխաները ողջ մնալու ավելի մեծ հավանականություն ունեին: Հարյուրավոր փոքրիկներ և պատանիներ այստեղ փրկություն գտան: Սակայն միամիտ կլիներ ենթադրել, թե դաշնակից պետությանը պատկանելը որբանոցի և նրա բնակիչների անձեռնմխելիության երաշխիք էր: Համընդհանուր քաոսի մեջ ոչ մեծ միսիոներական որբանոցը նման էր փոքրիկ նավակին փոթորկահույզ ծովում: Թուրքական իշխանությունները բազմիցս փորձում էին արտաքսել հայ ուսուցիչներին, իսկ մի անգամ հրաման ստացվեց բոլոր հայ տղաներին՝ մոտ հազար հոգու, ուղարկել Կոստանդնուպոլիս՝ ձեռքերը մեջքներին կապած: Բոլորը հասկանում էին, թե ինչ է սպասում այդ դժբախտներին: Բայց հայր Փենո ֆոն Թոփելերի և հենց Բյուլի գերմարդկային ջանքերի շնորհիվ հաջողվեց երեխաներին պահել որբանոցում:

Հայ երեխաների համար ստեղծված ժամանակավոր դպրոցը. 1920-ականների սկիզբ
Հայ երեխաների համար ստեղծված ժամանակավոր դպրոցը. 1920-ականների սկիզբ

Հայերենի դասեր
1918 թվականի մայիսին աշխարհի քաղաքական քարտեզի վրա ավելի քան 600-ամյա ընդմիջումից հետո հայտնվեց հայկական պետություն. անդրկովկասյան Հայաստանը անկախություն ձեռք բերեց: Աննա Հեդվիգը կարծում էր, թե հայ որբերին ամենայն հավանականությամբ այնտեղ կտեղափոխեն, և քանի որ նրա մտքով չէր անցնում թողնել իր խնամարկյալներին, ինքն էլ սկսեց պատրաստվել տեղափոխվելու: Շուտով նա հիմնավորապես սովորեց հայերեն. կարողանում էր ոչ միայն խոսել, այլև ազատ կարդալ և գրել: Նա, որ մի քանի լեզու գիտեր, հրաշալի հասկանում էր մայրենի լեզվի նշանակությունը որբացած երեխաների համար, նրա կարևորությունը յուրօրինակության և մշակույթի պահպանման և ընդհանրապես ազգի ինքնապահպանման համար: Ե՛վ աշխատակիցներին, և՛ երեխաներին Բյուլն արգելում էր թուրքերեն խոսել, ավելին, հասավ այն բանին, որ որբանոցի նույնիսկ թուրքախոս աշխատողները սովորեն հայերեն:
Իսկ մինչ այդ որբանոցի վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում. բացի պարենի հետ կապված խնդիրներից՝ նրանց գլխին անընդհատ կախված էր թուրքական ավազակախմբերի հարձակման սպառնալիքը. կողոպուտն ու սպանությունները առօրյա բաներ էին դարձել: Պատերազմում պարտությունը և Թուրքիայից գերմանացիների հապճեպ հեռանալը բողոքականների միսիան լիովին անպաշտպան էին դարձրել. երկրում տիրում էր անիշխանականությունը, թուրքերը շարունակում էին հայերի հալածանքները, իսկ գերմանացիներից հետո եկած անգլիացիները և ֆրանսիացիները չէին վերահսկում իրադրությունը: Որբանոց էին բերվում նորանոր հայ որբեր, իսկ թուրք պաշտոնյաները պահանջում էին, որ այնտեղ ավելի շատ թուրքեր լինեին: Գերմանացի ուսուցիչները վտարվում էին երկրից: Բյուլը՝ որպես Էստոնիայի քաղաքացի, մինչև վերջ մնում էր Հարունիեում, բայց 1919 թվականի օգոստոսին, կարգադրություն ստանալով անհապաղ հեռանալ երկրից, նա ևս ստիպված եղավ լքել իր սաներին: Դա փաստացի աքսոր էր:

Բյուլի հուշերից. «… Նոր սարսափների մասին ամենատարբեր լուրեր են հետապնդում հայրենիք վերադարձած հայերի այդ խեղճ բազմություններին՝ շատերին խանգարելով սկսել աշխատել: Եվ դրա հետ մեկտեղ՝ ես ապշած էի, թե հայերն ինչ զարմանալի ջանասիրությամբ նորից նետվեցին դեպի արհեստագործական արտադրության ամենատարբեր ասպարեզներ: Սակայն մշտապես կրկին սպառնալից ամպեր են հայտնվում… Ի՜նչ խորությամբ էի ես այս շաբաթներին զգում այդ խեղճ ժողովրդի անվստահությունն ու լքվածությունը…»:

Բախտի քմահաճույքին հանձնված ապաստանը ենթարկված էր վերահաս վտանգին: 1920-ի մարտից այն բառի բուն իմաստով հայտնվեց շրջափակման մեջ: Ֆրանսիացի զինվորների փոքրաթիվ ջոկատը և հայ կամավորների փոքրիկ խումբը մինչև վերջին վայրկյանը պաշտպանում էին կացարանը թուրքերի հարձակումներից, բայց շուտով պարզ դարձավ, որ մարդկանց պետք է շտապ էվակուացնել: Ցուրտ ու անձրևոտ մի գիշեր, ցեխերի միջով երեխաներն ու դաստիարակները լքեցին իրենց ապաստանը: Իսկ առավոտյան Հարունի մտած թուրքերն այրեցին բոլոր հայկական տները, ավերեցին ու այրեցին ապաստանը: Բողոքականների առաքելությունը վախճանվեց, նրա հետ միասին մարեցին նաև հայերի' հարազատ վայրեր վերադառնալու հույսերը: Հետդարձի ճանապարհ այլևս չկար:

Ողբերգական մանրամասների մասին Բյուլն իմացավ հայ քույրերի նամակներից, որոնք աշխատում էին մեկ այլ առաքելությունում' Ավստրիայի Գրաց քաղաքում: Այնտեղ նա անցկացրեց շուրջ մեկ տարի, որից հետո վերադարձավ հարազատ Էստոնիա: Բայց մեկ անգամ դառնալով Թուրքիայի հայերի ճակատագրի մի մասը, նա այլևս երբեք չկարողացավ նրանցից հեռու մնալ, մանավանդ, որ այս դաժան պատմության վերջակետը դեռ դրված չէր... Մեկ տարի անց, որպես ֆրանսիական նորաստեղծ «Արևելյան առաքելություն» միսիոներական կազմակերպության անդամ, նորից մեկնեց հայերի մոտ, այս անգամ դեպի նրանց աքսորավայր Հալեպ...

Հայ գաղթականների ճամբարն Ալեպպոյում. 1920-ականների սկիզբ
Հայ գաղթականների ճամբարն Ալեպպոյում. 1920-ականների սկիզբ

Հալեպի ժանյակները
1915 թվականի ապրիլից հարյուր հազարավոր հայեր' Թուրքիայի գրեթե ամբողջ հայ բնակչությունը, ոստիկանների զինված պահակախմբի հսկողությամբ արտաքսվեցին Օսմանյան կայսրության հարավային շրջաններ, ճանապարհին սպանվելով, ենթարկվելով բռնության ու թալանի: Ծրագիրը հրեշավոր էր ու դաժան: Այդ երկար ճանապարհին մարդիկ պետք է իրենց մահը գտնեին սովից ու հիվանդություններից: Վերջին կետը Դեր Զորի անապատն էր: Երկրի բոլոր ծայրերից դեպի հարավ ուղղվեցին մահվան քարավանները' ճամփեզրերին իրենց հետևից թողնելով անհամար դիակներ:

Տեղահանված հայերի կենտրոնացման ամենամեծ կետերից մեկը դարձավ Հալեպը: Փաստորեն դա համակենտրոնացման ճամբար էր, որտեղ հավաքվեց մահվան դատապարտված շուրջ 100 000 մարդ: Ֆրանսիական վերահսկողության հաստատմամբ ու թուրքերի մեկնումից հետո հայերի մոտ ողջ մնալու հույս ծագեց. համենայն դեպս, այլևս ոչ ոք չէր հետապնդում:

Բայց 1922 թվականին Հալեպ եկած Բյուլը դաժան տեսարանի ականատես եղավ: Աշխատանք չկար, մարդիկ չէին կարողանում իրենց ընտանիքները կերակրել: Նրանք ապրում էին կավից ու տախտակներից պատրաստված, թիթեղներով ու լաթերով ծածկված բարաքներում, որտեղ ամռանը շատ շոգ էր, իսկ ձմռանը' անտանելի ցուրտ: Այս կացարանները ոչ լուսավորելու, ոչ էլ տաքացնելու հնարավորություն չկար: Բոլորը, այդ թվում նաև երեխաները, քրքրված շորերով էին...

Բյուլի հիշողություններից. «... Արդեն մի քանի օր է' ձմեռ է: Ցուրտ է, անձրևում է: Փախստականների ճամբարում սարսափելի աղքատություն է տիրում: Կավե պատերը քանդվում են, բարակ ծածկը չի խանգարում անձրևի' բարաքներից ներս լցվելուն, իսկ այնտեղ անգամ հատակ չկա: Ամենուր հիվանդներ են պառկած' ցրտի ու խոնավության մեջ...»:

Առաջին խնդիրներից մեկը բժշկական օգնության կազմակերպումն էր: Տարրական սանիտարական նորմերի ու որակավորված բուժման բացակայության պայմաններում ճամբարում ամեն օր տասնյակ մարդիկ էին մահանում: Շուտով ճամբարի կողքին հայտնվեց հիվանդանոցը: Իսկ ամենածանր հիվանդներին ուղարկում էին Հալեպի այլ հիվանդանոցներում բուժվելու: Ծախսերը հոգում էր Action Chretienne-ը, որը նաև օգնություն էր հատկացնում փախստականներին: Սակայն Բյուլը հստակ գիտակցում էի, որ այս մարդկանց համար իրական օգնություն կլինի նրանց աշխատանքով ապահովելը, որ ինքնուրույն կարողանան գումար աշխատել: Նրա մոտ գործարան բացելու միտք ծագեց, որտեղ կարտադրվեին գորգեր, ժանյակներ, կենցաղային տարբեր իրեր: Բայց դա չէր մտնում Action Chretienne-ի ծրագրերի մեջ: Այդ ժամանակ Աննա Հեդվիգը որոշեց տնտեսել կազմակերպության կողմից դուրս գրվող գումարներն ու դրանցով սկսել շինարարությունը: Զարմանալի է, բայց փաստ. շուտով գործարանը կառուցված էր, և ավելի քան 500 հայուհիներ այստեղ աշխատանք գտան: Պատրաստի գորգերն ու մյուս արտադրանքը ուղարկվում էին վաճառքի Եվրոպա և շուտով տարածվեցին ամբողջ աշխարհում: Գործարանում աշխատանքները շարունակվում էին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Կանայք զինվորների համար բրդե իրեր էին գործում:

Հայ դպրոցականները՝ դասագրքերով.  Ալեպպո, 1920-ականների վերջ
Հայ դպրոցականները՝ դասագրքերով. Ալեպպո, 1920-ականների վերջ

Վերածնունդը
Աննա Հեդվիգը հատուկ ուշադրություն էր դարձնում երեխաներին: Նա կարողացավ կրթաթոշակ ստանալ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 երեխաների համար: Իսկ ամենաաղքատ ընտանիքների երեխաների համար նա խնամակալներ գտավ. նրա խնդրանքով ապահովված եվրոպացիները կարծես որդեգրում էին աղքատ ընտանիքների երեխաներին և ամեն ամիս նրանց անունով մեկ ոսկեդրամ ուղարկում: Այս ճանապարհով ավելի քան 200 փախստական ընտանիք որոշակի օգնություն էր ստանում:

Հիվանդ երեխաների առողջության ամրապնդման համար Բյուլը որոշեց Թուրքիայի սահմանին գտնվող Ատեգ գյուղում առողջարան բացել: Դա նորարարություն էր ոչ միայն Հալեպի, այլև Սիրիայի համար: Մինչև այդ այստեղ երեխաներին ամառանոց տանելն ընդունված չէր: 1928 թվականին երկու բեռնակիր մեքենաներով շուրջ 50 երեխաներ ուղևորվեցին Ատեգ: Աննա Հեդվիգը այնտեղ երկու մեծ տուն էր վարձել. մեկում նա տղևավորեց տղաներին, մյուսում' աղջիկներին: Մինչ այդ կիսասոված ապրած երեխաները երեք ամիս անցկացրեցին բնության գրկում: Նրանք լավ սնվում էին, սովորում երգել ու պարել, ուսումնասիրում կրոնը: Այդպես շարունակվեց մինչև 1939 թվականը, երբ ֆրանսիացիները Կիլիկիան նվիրեցին թուրքերին: Ատեգի առողջարանը ստիպված էին փակել:

Բյուլի հիշողություններից. «... Այս մարդկանցից յուրաքանչյուրն իր վիշտն ունի, որը նրա հետ եկել է իր կորսված հայրենիքից: Այս վշտի հետքերը դեռ չեն ջնջվել, իսկ հին ցավերին նորերն են գումարվել: Ինչպե՞ս նրանք կկարողանան դիմակայել այս ամենին: Մի կողմից նրանց ճնշում են հին բարեկեցիկ կյանքի հիշողությունները, որն այժմ հեռավոր երազ է թվում: Մյուս կողմից' հիշողություններն այն մասին, թե ինչ դաժանությամբ այդ ամենը խլեցին իրենցից...»

Բայց Աննա Հեդվիգը չէր կարող անգործ նստել: Հիմա էլ նա սկսեց տուն կառուցել անտուն հայ այրիների համար'«Սարեբտա»: Դա իսկական երջանկություն էր հուսահատված մարդկանց համար' կացարան ստանալ ու վարձավճար չմուծել: Բայց կեցության խնդիրը հրատապ էր նաև ճամբարի մյուս բնակիչների համար: Պետք էր շտապ նոր տեղ գտնել: Ավելի ճիշտ, տեղը կար, բայց այնտեղ շինարարություն սկսելու համար թույտվություն էր պետք: Ահա այստեղ դիվանագետ միսիոներն օգտագործեց իր հեղինակությունն ու ֆրանսիական իշխանության հետ կապերը: Ֆրանսիացի պաշտոնյաները չէին կարող մերժել խելացի, գրագետ ու համառ էստոնուհու պահանջները. հայերին թույլատրեցին սեփական տների շինարարության համար հող գնել: Շուտով հին բարաքները քանդեցին, իսկ նոր թաղամասում աշխատանքը սկսեց եռալ: Աշխատում էին բոլորը, այդ թվում երեխաները: Բայց հայերը բախվեցին մեկ այլ խնդրի' շինանյութի պակասին: Եվ կրկին օգնության հասան Բյուլն ու Action Chretienne-ը: Շինհրապարակ բերեցին մեծ քանակությամբ անտառահումք ու բաժանեցին մարդկանց: Հետո Բյուլը հանձն առավ մեկ այլ մեծ խնդիր. նոր բնակելի թաղամասի համար ջրամատակարարման ցանցի նախագծում ու շինարարություն: Պետք էր բարձունքում ջրամբար կառուցել, որը Հալեպում ջրի սակավության պատճառով անհնար էր անել: Անհնար էր նաև ջրատար խողովակներ գտնելը: Բայց «անհնար է» բառը Աննա Հեդվիգի բառապաշարում չկար, և շուտով Հալեպի հայկական թաղամասն ապահովված էր ջրով:

Բարեգործությանը զուգահեռ նա ակտիվ զբաղվում էր դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, անձամբ էր մասնակցում դասավանդման գործընթացին, գրում էր հոդվածներ, գրքեր' այդ թվում նաև հայերեն: Եվ, իհարկե, կրոնի դասավանդումը միշտ նրա ուշադրության կենտրոնում էր. միսիոներական աշխատանքը երբեք չէր ընդհատվում: Աննա Հեդվիգն ասում էր, որ հայերը պետք է հաղթահարեն իրենց ցավը, հասարակության մեջ իրենց կրկին լիարժեք մարդ զգան, խորը, իրական հավատ ձեռք բերեն առ Աստված ու սերը, որ հաղթահարեն իրենց կյանքը խորտակած ատելությունը: Նա այդպես էր ասում, մտածում ու զգում, այդպես էր ապրում: Նրա կենցաղը ծայրահեղ համեստ էր, հագնվում էր պարզ, միշտ քչով էր բավարարվում: Սկզբնական շրջանում նա գետնափոր խրճիթում էր ապրում, և միայն երբ կառուցեցին Action Chretienne-ի կենտրոնը, տեղափոխվեց իրեն հատկացված սենյակը: Նա իրեն ոչինչ չէր պահում' ոչ հագուստ, ոչ սնունդ, և ուրախանում էր, երբ կարողանում էր ինչ-որ բան տալ մարդկանց: Փախստականների ճամբարում չկար մի ընտանքիք, որ Բյուլ մայրիկից օգնություն ստացած չլիներ:

Աննա Հեդվիգ Բյուլլի վերջին լուսանկարը: Ծերանոց Վալդվիմերսբախում Հայերեն գրություն պատի վրա. «Եղիր հավատարիմ մինչև մահ». 1980Վարդան Գրիգորյան,  «Հեդվիգ Բյուլ՝ հայ ժողովրդի էստոնացի բարեկամը» գրքից, «Նաիրի» հրատ. 2007 թ.
Աննա Հեդվիգ Բյուլլի վերջին լուսանկարը: Ծերանոց Վալդվիմերսբախում Հայերեն գրություն պատի վրա.
«Եղիր հավատարիմ մինչև մահ».
1980Վարդան Գրիգորյան, «Հեդվիգ Բյուլ՝ հայ ժողովրդի էստոնացի բարեկամը» գրքից, «Նաիրի» հրատ. 2007 թ.

Հայկական սիրտը
1940-ականների վերջում սկսվեց հայրենադարձությունը դեպի Սովետական Հայաստան: Աշխարհով մեկ սփռված հայերի մեծամասնությունը Հայկական ԽՍՀ-ն ընդունում էր որպես հայրենիք' չնայած, որ այն Սովետական Միության կազմում էր: Թող որ այն միայն նրա մի մասնիկն էր, թող որ խորհրդային կարգեր էին, բայց այնտեղ հայեր էին ապրում, որոնք խոսում էին մայրենի լեզվով' չվախենալով ազգայնական հողի վրա հետապնդումներից: Սիրիայում քչերն էին պատկերացնում' ինչ է իրենց սպասվում ԽՍՀՄ-ում, և ոգևորությամբ պատրաստվում էին մեկնումին: Աննա Հեդվիգը որոշեց մեկնել նրանց հետ: Այդ իրավիճակում նրա ցանկությունը միանգամայն հասկանալի էր. նա չէր ցանկանում իր սաներից, իրեն արդեն հարազատ դարձած մարդկանցից բաժանվել: Ով գիտի' ինչպես կդասավորվեր նրա կյանքը, եթե հայտնվեր ԽՍՀՄ-ում. նա կարող էր տուժել հետապնդումներից, որոնց ենթարկվում էին և ներգաղթողները, և քրիստոնեություն քարոզողները, կամ էլ գուցե վերջապես կկարողանար վերադառնալ հայրենի Էստոնիա, որը նույնպես խորհրդային էր... Բայց նրան կտրականապես մերժեցին ու թույլ չտվեցին գալ: ԽՍՀՄ իշխանությունների նման մերժումը հստակ ցույց էր տալիս' Բյուլի նմաններն իրենց պետք չէին... Նա այդպես էլ չկարողացավ հայրենիք վերադառնալ: 1951 թվականին, երբ սիրիահայերի կյանքը սկսեց սովորական հունով ընթանալ, նա տեղափոխվեց Եվրոպա: Սակայն Հալեպի հետ կապը չընդհատվեց. Բյուլ մայրիկին այնտեղ հիշում էին ու մշտապես հրավիրում էին տարբեր միջոցառումներին մասնակցելու: Էլ ի՞նչ տոնակատարություն առանց ամենահարազատ ու կարևոր մարդու գլխավորության: Ինչպես Աննա Հեդվիգը գրում էր նամակներից մեկում' «իմ հայկական սիրտը»: Եվ այդ սիրտը միշտ նրանց հետ էր, ում ջերմացրել էր, փրկել: Այդ փախստականների սերունդները հետագայում դարձան հայտնի բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ, մարզիկներ, մշակութային գործիչներ: Հայերի մեկ սերունդ չէ, որ փայփայում է նրա մասին հիշողությունները, որը գրեթե իր ողջ կյանքը նվիրեց անծանոթ երկրի, անծանոթ լեզվով խոսող մարդկանց, որոնք կորցրել էին իրենց հայրենիքը: Եվ արդյոք կա այնպիսի բառ, որը կարտահայտեր հայերի երախտագիտությունն այս կնոջը, որը նրանց հետ կիսում էր իրենց ուրախությունն ու ցավը, որի արարքներում առաջին հայացքից թվում էր' ոչ մի հերոսություն չկա: Չնայած' այդպիսի բառ գտնվեց' յուրաքանչյուր մարդու համար ամենակարևոր ու թանկ բառն աշխարհում' մայրիկ:

P. S.
1988 թվականի դեկտեմբերի 7-ին աշխարհով մեկ տարածվեցին սարսափազդու կադրերը. Հայաստանում ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլեց: Այդ ժամանակ աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան ուղարկվեց հումանիտար օգնություն' պարեն, դեղորայք, վրաններ, հագուստ... Հայաստան բերեցին նաև Գերմանիայում հավաքված տաք իրեր' ծածկոցներ, վերարկուներ, բաճկոններ... Ճակատագիրը հզոր դրամատուրգ է: Ինչպես հետո հայտնի դարձավ, Գերմանիայից ուղարկված հագուստի մեջ էր նաև Աննա Հեդվիգ Բյուլի վերարկուն. մարդասիրական նախաձեռնությանը մասնակցել էր նաև Վալդվիմմերսբրախի ծերանոցը... Ինքը՝ Բյուլը, մահացել էր մի քանի տարի առաջ, բայց անգամ դա նրան չխանգարեց ավերված Լենինականում ևս մեկ հայկական հոգի ջերմացնել, ճիշտ այնպես, ինչպես մի օր Մարաշում, Հարունիում, Հալեպում:

«Ереван» ամսագիր, N4(74), 2012

Այս թեմայով