09 Ապրիլ 2013, 15:50
1483 |

Մեզ երկու օր ժամանակ տվեցին, որ քաղաքը լքենք

Երբ իմացա, որ Լեոնը Իրաքից է, րոպե առաջ շտապեցի հարցազրույցի վայր: Մի պահ, երբ լսում ես այդ երկրի անունը, ակամայից երևակայությունդ պատերազմ է նկարում, իսկ երբ գտնվում ես մի մարդու կողքին, ով տեսել է այդ ամենը, անցել դրա միջով, ավելի է հետաքրքրությունդ բորբոքվում:

Համեստ, բարեհամբույր ու նույնիսկ ամաչկոտ՝ հիշեցրեց ռետրո ֆիլմերի ինչ-որ հերոսի: Լեոն Ֆրանգուլյան անուն ազգանունով հայրենակիցս ծնվել է Իրաքի Բասրա քաղաքում: Հայաստան է տեղափոխվել 2004-ին: «Հայրս այնտեղ շատ մեծ գործեր ուներ, բայց հետո կրոնականները սկսեցին խառնվել, ասացին' ոնց կարող է հայը մեզ ղեկավարել: Մեզ երկու օր ժամանակ տվեցին, որ լքենք քաղաքը, այլապես ասացին' կսպանենք: Մենք հազիվ կարողացանք հավաքել՝ ինչ ունեինք-չունեինք ու հեռացանք Բաղդադ, ապա' Սիրիա»,- պատմում է Լեոնը: Կրոնականները՝ մի կողմից, պատերազմը՝ մյուս: Լեոն ահով է հիշում է, թե ինչպես էին տանը վախվորած լսում ինքնաթիռների ու նռնակների ձայնը ու ամեն անգամ սրտատրոփ սպասում ամերիկացի և անգլիացի զինվորների ստուգայցին: «Մեզ մոտ անգլիացի զինվորներ կային, նրանցից մեկի անունը Թոմ էր, հետն ընկերացանք: Երբ մտավ ներս, տեսավ պատին կախած խաչը, հարցրեց' քրիստոնյա եք, ասացինք' այո: Ուրախացավ: Անընդհատ գալիս էր մեզ տեսակցության»,- հիշում է Լեոնը:

Սիրիայում մեկ ամիս ապրեցին, բայց այդ մեկ ամիսն էլ բավական էր, ասում է՝ դա իսկական մղձավանջ էր: Բարեբախտաբար, այդ ամենն արդեն անցյալում է և Լեոնն իր մոր, քրոջ և եղբոր հետ արդեն Հայաստանում է բնակվում, հայրը մնացել է աշխատելու: «Ախպերս շատ է սիրում Հայաստանը, դպրոցը, մենք նրան «հայաստանցի» ենք ասում: Մեկ-մեկ էնպիսի բառեր է ասում, ես չեմ հասկանաում»,-խոստովանում է Լեոնը:

Երբ Լեոնի հետ սկսեցի զրուցել Հայաստանի հետ կապված առաջին տպավորություններից, մեր զրույցը միանգամից մի տեսակ ծանրացավ: Նա այդքան էլ չէր ուզում հիշել Հայաստանում անցկացրած իր առաջին տարին' սկսած հարևաններից, վերջացրած սպասարկման ոլորտից, ամեն ինչ շատ գորշ էր: «Հարևաններ ունեինք, որ մեզ թուրք էին գոռում, ինչ ա թե արաբերեն էինք խոսում: Խանութում շատ փող էին վերցնում ու էլի նմանատիպ բաներ»,-հիշում է Լեոնը:

Ժամանակի ընթացքում նա, իհարկե, համակերպվեց հայկական իրականության հետ, բայց միևնույն է, Իրաքի կարոտն առկա է: Հիշում ու կարոտում է նույնիսկ իր չսիրած մարդկանց, օրինակ՝ հայերենի ուսուցչուհուն: «Անունը Վարդիթեր էր: Երևի հենց նրա անձի պատճառով էլ հայոց լեզուն չէի սիրում, ու վատ էի սովորում, մինչև նոր օրենք մտցրին, որ աղջիկներն ու տղաները պետք է առանձին սովորեն: Դուրս եկա դպրոցից ու տանն էի սովորում, բայց այդպես էլ լավ հայերեն գրել-կարդալ չսովորեցի»,- պատմում է Լեոնը:

Այժմ նա սովորում է Եվրոպական համալսարանի օտարերկրացիների խմբում, իրանցիների հետ միասին: Ունի նաև տեղացի ընկերներ: «Շատ չեմ շփվում հայաստանցիների հետ, կան տղաներ, որոնց բարևում եմ' Աստծուն բարև, ու ճամփաս շարունակում: Նրանք խնդում են հագածիս, մազերիս վրա: Ինձ «յոժիկ» էին ասում: Իրաքում նման բաներ չես տեսնի: Երիտասարդները ջինսերով են, ոչ մեկին չես տեսնի էդ Ալլադինի կոշիկներով, սևավորված»,-ասում է Լեոնը:

Ու չնայած այս ամենին, նա սիրում է Երևանը: «Եթե աշխատանք ունենաս, Երևանը շատ լավ ապրելու տեղ է, նաև շատ գեղեցիկ է: Ուղղակի էստեղի մարդիկ պիտի գիտակցեն, թե ինչ ունեն ու լավ պահեն իրենց ունեցածը: Օրինակ, ուրիշ տեղերում ժամը յոթին կյանքը մեռած է, այստեղ նոր-նոր է սկսվում»,- ավելացրեց Լեոնը:

Այս թեմայով