25 Մարտ 2013, 12:01
1841 |

Չզիջել սեփական տարածքը

Կարևորագույն սպորտային մրցումների ժամանակ տեսախցիկները սովորաբար նկարում են մարզիկներին, մարզիչներին ու երկրպագուներին: Քիչ ուշադրության է արժանանում անհանգստությունը նրանց, ովքեր պատասխանատու են դաշտերի ու կորտերի, լողավազանների ու սիզամարգերի կատարյալ վիճակի համար: Սա այն դեպքում, երբ մարզիկի ցուցաբերած վերջնական արդյունքը կարող է կախված լինել սխալ պահին սխալ տեղում հայտնված քարի փոքր կտորից:

Ալբերտ Գրիգորյան, 48 տարեկան
Երևանի հեծանվահրապարակի ծածկույթի պատասխանատու

Համալիրը նոր է բացվել. երեք ամիս է, ինչ աշխատում եմ այստեղ: Մեր հեծանվահրապարակն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Երկարությունը՝ 250 մ, լայնությունն էլ՝ 7 մ, վիրաժի առավելագույն թեքությունը շրջապտույտների վրա 42,7 աստիճան է: Մրցուղին պատրաստված է Գերմանիայում հատուկ տեխնոլոգիաներով մշակված սիբիրյան փիճուց: Երևանյան մրցուղին կառուցել են գերմանացի մասնագետները, նրանք ինձ փոխանցեցին դրա խնամքին վերաբերող հիմնային գիտելիքները: Շատ է օգնում նաև կահույքագործ լինելս: Խնդիրները նույնիսկ բնազդաբար եմ արդեն զգում: Աշխատանքային օրս սկսվում է պրոֆիլակտիկ շրջայցով: Գտնվելով բաց երկնքի տակ՝ մրցուղու մակերեսը հաճախ է ենթարկվում դեֆորմացիայի: Սա շատ վտանգավոր է, քանի որ ամենաաննշան թերությունը կարող է խանգարել արագ ու անվտանգ ընթացքին: Եթե վնասված հատվածն արդեն ենթակա չէ վերանորոգման, մենք այն հեռացնում ենք հատուկ սղոցի միջոցով, փոխում նոր կտորով ու ամրացնում մածիկով: Մրցուղու փայտե հիմքին որևէ հատուկ յուղ չենք քսում: Երկու-երեք օրվա ինտենսիվ աշխատանքից հետո մնում է միայն կարգ ու կանոնին հետևել. պետք է երբեմն թողնել, որ մրցուղին հանգիստ իր կյանքն ապրի:

Գագիկ Եղիազարյան, 47 տարեկան
Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտի սիզամարգի սպասարկման ու խնամքի պատասխանատու

Արդեն համարյա 17 տարի աշխատում եմ այստեղ: Մենք միշտ ձեռքով էինք ամեն ինչ անում, մինչև չորս տարի առաջ նորագույն տեխնիկա ստացանք: Ֆուտբոլային սիզամարգը ցանում ենք հինգ տարին մեկ անգամ՝ գարնան կամ աշնան սկզբին: Համակարգչային ծրագրի օգնությամբ հաշվում ենք ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալն ու միացնում ավտոմատ ռեժիմը: Ամռանն ու գարնանը խոտը պետք է հաճախ ջրել՝ ամեն օր 2-3 ժամը մեկ: Հիմնականում գիշերն ենք դա անում: Խոտի բարձրությունն էլ չպետք է գերազանցի 2 սանտիմետրը: Ֆուտբոլիստները միայն այդ դեպքում կարող են հանգիստ խաղալ: Իմ ոսկե կանոնը հետևյալն է. ինչքան խոտը կարճ, այնքան գնդակը «շնորհակալ»: Դաշտում խոտի բարձրությունն էլ ենք ավտոմատ կերպով կարգավորում՝ օգտագործելով կատարելագործված հնձիչ մեքենա: Դրա օգնությամբ է, որ ստանում ենք մուգ ու բաց կանաչ գծեր՝ տալով դաշտին ավելի խնամված տեսք: 3-4 ամիսը մեկ էլ խոտը պարարտացնում ենք, բծախնդրորեն պաշտպանում մոծակներից, խնամում արմատները: Ձմռանը խոտը հանգստանում է ձյան տակ, իսկ գարնանն ամեն ինչ նորից է սկսվում: Դաշտի նշանների համար էլ ենք հատուկ մեքենա օգտագործում: Ֆուտբոլ շատ եմ սիրում ու աշխատում եմ ոչ մի խաղ բաց չթողնել: Կարևորը՝ աշխատում եմ այն դաշտում, որտեղ մեր հավաքականի ֆուտբոլիստներն են խաղում:

Հովակիմ Աբաջյան, 60 տարեկան
Orange Fitness ակումբի թենիսի կորտի խնամքի պատասխանատու

Անձամբ ինձ համար թենիսի կորտը խնամելն արվեստ է: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ: Այստեղ աշխատում եմ արդեն երկու տարի: Մարզումներից հետո ամեն օր հիմնովին նորոգում ենք կորտը՝ նորից ծածկելով այն գրունտի շերտով: Սրա համար օգտագործում ենք կավից, ավազից ու հատուկ տեխնիկայի միջոցով ստացած տուֆի փշուրներից խառնուրդ: Մշակումից հետո քարը վերածվում է կարմրաշագանակագույն փոշու, որով էլ ծածկում ենք կորտը: Հետո այն հարթում ենք գլանակով, հիմքը ծածկում ավազով ու ջրում: Նախօրոք նշում ենք գնդակի նետման ու ցանցերի սպիտակ գծերը: Կորտի գրունտի վրա վրա նշաններն արվում են պլաստիկե գծերի միջոցով: Տարին մեկ դաշտերը թարմացվում են: Քանի որ գրունտային կորտի հիմքում ընկած է կավը, ճաքերից խուսափելու համար պարբերաբար ջրում ենք: Կորտի գլխավոր վնասատուները թենիսիստների կոշիկներն են: Դրանց հասցրած «վերքերը» պահանջում են բծախնդիր խնամք: Այս բոլոր աշխատանքներով ինձնից բացի զբաղվում է ևս երեք հոգի: Մրցումների ժամանակ գործը, իհարկե, ավելանում է. ստիպված ենք լինում ամբողջ օրը մի կորտից մյուսը վազել: Միևնույն ժամանակ ես մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ եմ հետևում բոլոր խաղացողների մարզումներին ու մրցումներին, բոլորին անուններով գիտեմ:

Գոռ Իսրաելյան, 27 տարեկան
Ծաղկաձորի սպորտբազայի լողավազանի ղեկավար

Արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Մեր լողավազանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին. երկարությունը՝ 50 մ, խորությունը՝ 1,75-ից մինչև 2,2 մ: Այն լցնելու համար պետք է 2 400 տոննա ջուր: Պատասխանատու գործ է: Նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով՝ մանրակրկիտ հետևում ենք լողավազանի հիգիենային: Ամեն անգամ, երբ գործի եմ գալիս, առաջին հերթին ջրին եմ ողջունում: Մի քանի րոպե շփվելուց հետո մենք ասես սկսում ենք միմյանց հասկանալ, ու ես անցնում եմ գործի: Ջուրը մաքրելու համար հատուկ միջոցներ ենք օգտագործում, որոնք լողավազանում 4 ամիս մաքրություն են ապահովում: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, նախկին ղեկավարս լողավազան մաքրելու մի քանի տարբերակ սովորեցրեց ինձ: Չեմ կարող վստահորեն ասել, որ ինքնուս եմ, բայց ունեմ ջուր խնամելու իմ սեփական, միայն ինձ հայտնի ձևերը: Լողավազանի հատակի մաքրման համար հատուկ ավտոմատ փոշեկուլ է օգտագործվում, բայց մենք այն հազվադեպ ենք օգտագործում. շնորհիվ իմ տեխնոլոգիաների կարողանում ենք առանց դրա էլ հատակը մաքուր պահել: Հենց լողավազանի տակը կաթսայատունն է: Օրական առվազն հինգ անգամ իջնում եմ այնտեղ, ստուգում զտիչների, օդորակիչների ու մնացած տեխնիկայի աշխատանքը: Ես ինքս լողի մեծ երկրպագու չեմ: Բայց այստեղ մարզվող բոլոր մարզիկները հետագայում լուրջ առաջնությունների են մասնակցում, ու ես ուրախությամբ հետևում եմ նրանց ելույթներին:

«Ереван» ամսագիր, N9(78), 2012

Այս թեմայով