25 Մարտ 2013, 14:26
4265 |

Քար հոգու համար

Հայերը դեռ անհիշելի ժամանակներում էին տիրացել քարին: Վարպետները հղկում էին տձև ապառաժները, փորագրում նրանց վրա սուրբ նշաններ ու շրջապատում դրանք հազարավոր զարդերից բաղկացած մանրաքանդակներով: Որտեղի՞ց է սկսվում խաչքարերի արվեստը, ի՞նչն էր նրանց նշանակությունը և ինչու՞ նրանք մինչև օրս հանգիստ չեն տալիս գիտնականներին. այս ամենի մասին պատմում է հնագիտական գիտությունների թեկնածու Տատյանա Վարդանեսովան:

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ խաչքարերի արվեստն սկսվում է քարակոթողներ՝ վիշապներ, կանգնեցնելու ավանդույթից: Այսինքն, խաչքարերը, որոնք մենք սովոր ենք համարել բուն քրիստոնեական երևույթ, իրենց արմատներով կապված են հեթանոսության հե՞տ:

- Սկսենք նրանից, որ ես չեմ համարում քարակոթողներ կանգնեցնելը բացառապես հեթանոսական ավանդույթ: Ինչպես քրիստոնեական դիցաբանությունն է հանդիսանում այսպես ասած երկրորդական առասպել՝ հիմնված առաջինի՝ շումերաաքքադականի վրա, այնպես էլ խաչը որպես խորհրդանիշ ծագել է մարդկության պատմություն սկզբում: Խորհրդանիշներն ունեն բազմաթիվ գործառույթներ և մեկնություններ. նրանք պահպանում են իրենց տեսքը, բայց քաղաքակրթությունների միջով անցնելով՝ փոխում են իմաստը: Ոչինչ չի հայտնվում հենց այնպես ու նորից անհետանում: Բայց խաչը խաչքարի վրա, անկասկած, քրիստոնեական խորհրդանիշ է: Եվ խաչքարերի մշակույթն էլ քրիստոնեական աշխարհընկալումն արտացոլող բացառապես քրիստոնեական երևույթ է:

Բայց այդ մշակույթը ո՞րտեղից է հայտնվել:

- Առաջին թվագրված խաչքարերը պատկանում են Բագրատունիների արքայատոհմի գահակալության շրջանին: Միջնադարյան մարդու կրոնամիստիկ պատկերացումները Քրիստոսի երկրորդ գալստյան ու հոգու հարության մասին շատ բարդ էին: Խաչքարերն աշխարհի վերջի նախանշաններն էին: Խաչը կամ սուրբ նշանը դրվում էր ի հովանավորություն որևէ մարդու, և իր ներկայությամբ կարծես պաշտպանում նրան Ահեղ Դատաստանի օրը: Խաչքարի այս նշանակության մասին համապատասխան արձանագրություններ են պահպանվել, որոնք դարերի ընթացքում նույնն են մնացել, ինչը նշանակում է, որ խաչքարերի նշանակությունն էլ չի փոխվել:

Ինչպե՞ս են խաչքարերի տարիքը որոշում:

- Խաչքարերի հորինվածքի կառուցվածքն ու զարդաքանդակների ձևը կախված են նրանց ստեղծման ժամանակից, այդ պատճառով էլ տարիքը հեշտ է որոշել ըստ քարակոթողների տեսքի: Վաղ խաչքարերը թե՛ տեսքով, թե՛ հորինվածքով բավականին պարզ են: Քարի վրա պատկերների ռելյեֆը շատ խորն է: Մշակույթի զարգացման սկզբնական փուլում խաչքարերի ճարտարապետական ձևը դեռ նոր էր գոյանում: Արդյունքում առաջին խաչքարերն ունեն բավականին տարբեր չափային լուծումներ: Այդ ժամանակաշրջանից մեզ հասել են թե՛ կիսաձվաձև, թե՛ քառակուսի ու ուղղանկյուն սալեր: Կարելի է ենթադրել, որ այդ շրջանում խաչի տեսքը պայմանավորվում էր ոչ թե հորինվածքի կանոններով, այլ քարի չափերով ու ձևով, որը ժամանակի ընթացքում ավելի ավանդական է դառնում, մեծանում է խորհրդանիշների ու նախշերի քանակը, բարդանում են զարդաքանդակները:

Իսկ ո՞րն է մեզ հայտնի ամենահին խաչքարը:

- Շատ բարդ է ճշգրիտ որոշել հնությունների տարիքը: Ներկա պահին ամենահին համարվում է 879 թվականի խաչքարը: Այն կանգնեցրել էր Աշոտ Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին՝ «ի փրկություն իր հոգու»:

Բայց դարերի ընթացքում փոխվո՞ւմ էին ձևերն ու նախշերը:

- Խաչքարերի մասին խոսելիս, պետք է հիշել, որ սա չնայած իր բազմազանությանը, կիրառական արվեստի ամենաավանդական տեսակներից է, և ունի շատ խիստ կանոններ: Դասական օրինակը խորանում գտնվող խաչն է, որն ասես վերև է բարձրանում արմավազարդից՝ քարե հովհարից: Խաչի վերնամասը «ծաղկում է», ծաղկած ճյուղերը իջնում են դեպի խաչման կետը: Այս կենտրոնական պատկերը շրջապատված է զարդաքանդակով, Քրիստոսի գալստյան մասին պատմող մանր նշաններով: Փոփոխություններ տեղի են ունեցել միայն փոքր դետալներում: Հին վարպետները, շարունակելով աշխատել, լրացնում էին միմյանց: Օրինակ, վաղ խաչքարերին բնորոշ են կառուցվածքի պարզությունն ու պատկերի նպատակահարմարությունը: Այստեղ պատահական նախշեր չեք տեսնի. յուրաքանչյուր տարր ֆունկցիոնալ է, ունի հստակ նշանակություն ու երբեք մյուսներին չի միաձուլվում: Խաչքարերի տեխնիկան աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի բարդ և 14-րդ դարում հասնում ծաղկման գագաթնակետին: Այստեղ արդեն գեղեցկությունը նույնքան կարևոր է, որքան գաղափարը: Մեզ են հասել խաչքարի արվեստի հիանալի նմուշներ, ինչպես, օրինակ, Հովանավանքում Մլքա և Սեդայի զույգ խաչքարերը կամ Պողոս վարպետի գործերը Գոշավանքում, որոնք որոշ գիտնականներ համարում են լավագույնը բոլոր հայտնի օրինակներից:

Խաչքարեր ամենից շատ կարելի է տեսնել երևի եկեղեցիներո՞ւմ:

- Այնտեղ և միջնադարյան գերեզմաններում: Բայց դրանց կարելի է հանդիպել նաև հեռավոր ու անսպասելի վայրերում: Որպես սրբություն՝ խաչքարերն օծում էին իրենց շուրջը գտնվող տարածքը, այդ պատճառով էլ դրանք կանգնեցնում էին ճանապարհների, աղբյուրների մոտ ու բարձունքների վրա: Բայց սրան ավելի պարզ բացատրություն էլ կա. դրվում էին այնտեղ, որտեղից լավ էին երևում, ու որտեղ շատ մարդ էր գալիս նրանց խոնարհվելու: Որքան շատ մարդ էր աղոթում խաչքարի մոտ, այնքան նշանակալի ու հզոր էր քարը համարվում:

Որպեսզի Դատաստանի ժամանակ իրեն կանգնեցնողին օգնի՞:

- Կանգնեցման նպատակը խաչքարի գլխավոր նշանակություններից մեկն է: Նպատակը գործնականում մեկն էր, բայց առիթները շատ էին: Պատմականորեն հաշվարկել են խաչքար կանգնեցնելու շուրջ հիսուն պատճառ: Դա կարող էր միջնադարյան հասարակության համար կարևոր ցանկացած իրադարձություն լինել՝ որևէ հոգևոր կամ աշխարհիկ շինության կառուցում կամ վերանորոգում, պատերազմի կամ խաղաղության հայտարարում, երազ, կանխագուշակում կամ լրիվ կենցաղային առիթ, օրինակ՝ այգու տնկում, բնակավայրի հիմնում, հողակտորի առք կամ վաճառք….

Այսինքն, խաչքարեր կարող էին դնել և՛ ուրախ, և՛ տխու՞ր առիթներով:

- Խաչքարերը հիմնականում բաժանում են երկու խմբի՝ ընծայական, այսինքն, Աստծոն նվիրված, ու շիրմային: Արտաքին տարբերություն չկա՝ խաչքարի հորինվածքի տրամադրությունը երբեք չի փոխվում: Բայց շիրմային խաչքարերը ամենատարածվածն են: Դրանք միշտ ուղղված են եղել դեպի արևմուտք, մահացածի դիրքն էլ այնպես են ընտրել, որ դեմքը լինի ուղղված դեպի քարակոթողը: Խաչքար կանգնեցնելու հնարավորություն ցանկացած մարդ չուներ. դա համարվել է շքեղություն: Զարմանալի չէ, քանի որ քարի մշակման համար ամենադժվարին նյութերից մեկի վրա կատարվում էր նրբագույն, զարդացանցավոր աշխատանք: Միջին մեծության սալի վրա փորագրվում էին հարյուրավոր, հազարավոր նախշեր:

Վարպետները երևի ամիսներով են աշխատել:

- Խաչքարի պատրաստումն ամենայն հավանականությամբ բավականին երկար է տևել: Սովորաբար ընտրել են քարի երկու տեսակ՝ բազալտ, քանի որ այն պահպանվում է դարերի ընթացքում, ու տուֆ, որը համարվում է ամենադյուրամշակելին: Մշակված քարակոթողը տեղադրում էին պատրաստի պատվանդանի վրա: Ի դեպ, որպես «կտավ», որի վրա արվում էին խաչքարի պատկերները, կարող էր լինել նաև հեթանոսական քարե սալը:

Եթե ընծայական ու շիրմային քարերը չեն տարբերվում միմյանցից, կարելի՞ է ենթադրել, որ խաչքարերի ոճերի բազմազանությունը պայմանավորված է կոնկրետ շրջանով:

- Այո: Հայաստանում կա մի քանի տասնյակ հազար խաչքար: Դրանք տարբերվում
են ըստ իրենց պատրաստման ու կանգնեցման վայրի: Բայց չնայած ձևերի ակնհայտ բազմազանությանը, տարբեր շրջանների խաչքարերի ոճական ընդհանրությունները թույլ են տալիս խոսել միջնադարյան Հայաստանում խաչքարի դպրոցների գոյության հնարավորության մասին:

Որո՞նք են եղել հիմնական դպրոցները:

- Դա դեռ պետք է պարզել: Շատերը կարծում են, որ Հայաստանում խաչքարերի պատմությունը ամբողջովին ուսումնասիրված է: Բայց այդպես չէ իրականում: Մեզ շատ քիչ բան է հայտնի խաչքարի դպրոցների մասին: Իմ թեկնածուական ատենախոսությունը այս հարցին նվիրված առաջին աշխատությունն է: Ես հայտնաբերել ու բնութագրել եմ տասնյակ հնարավոր դպրոցներից միայն մեկը՝ Արագածոտնի ու Կոտայքի բավականին մեծ ու վառ, ինքնատիպ ոճ ունեցող դպրոցը: Այսինքն, պարզ է, որ այս հարցի ուսումնասիրությունը դեռ նոր է սկսվում:

 «Ереван» ամսագիր, N10(79), 2012

Այս թեմայով