08 Ապրիլ 2013, 13:57
1883 |

Նոտր Դամցի Պատրիկը

1998-ին Փարիզում Վիկտոր Հյուգոյի «Սուրբ Աստվածամոր Տաճարը» ստեղծագործության հիման վրա ստեղծված նույնանուն մյուզիքլի պրեմիերան էր: Ողբերգական սիրո սրտառուչ պատմությունը, տպավորիչ երգերն ու արտակարգ կատարումը բեմադրմանը բերեցին համաշխարհային համբավ: Իսկ գլխավոր դերակատարները միանգամից դարձան հայտնի: Հայաստանում մյուզիքլի հանդեպ վերաբերմունքը հատուկ էր, քանի որ բեմի վրա գեղեցկուհի Էսմերալդայի ու սրտեր գերող Ֆեբայի դերակատարները՝ Էլեն Սեգարան ու Պատրիկ Ֆիորին, ունեն հայկական արմատներ: Հետաքրքրությունը նրանց նկատմամբ չմարեց նույնիսկ այն բանից հետո, երբ վերջիններս սոլո կարիերայով զբաղվելու համար լքեցին մյուզիքլը: Վերջերս կորսիկացի հայ Պատրիկ Ֆիորին այցելեց Երևան նախնիների հայրենիքում գտնվող Mezzo Classic House Club-ում երկրորդ ելույթով հանդես գալու համար:

Պատրիկ, եթե չեմ սխալվում, Հայաստան եկել եք ոչ միայն համերգներով:

- Համերգով Երևանում հանդես եմ գալիս երկրորդ անգամ: Չորս անգամ էլ եղել եմ այստեղ որպես զբոսաշրջիկ: Առաջին անգամ հորս հետ եմ եկել 2004-ին, որ հանդիպեմ նրա ազգականներին, որոնց նա 50 տարի չէր տեսել: Միշտ գիտեի, թե այս հողն ինչ արժեք ունի նրա համար, իսկ հայրս ինձ համար ամենավառ աստղն է: Այնպես որ Հայաստանն իմ կյանքում ներկա էր մինչև անձամբ ծանոթությունս: Բացի դրանից, հորիցս ու նրա ծնողներից լսել էի բազմաթիվ պատմություններ, որոնք ստիպում էին ինձ, ինքնաճանաչման ձգտելով, շարունակ փորփրել ներքինս: Այս փնտրտուքի մեջ ինչ-որ խորհրդավոր, գրավիչ բան կա: Յուրաքանչյուր հայ, երևի, նույն բանն է զգում աշխարհի ցանկացած կետում:

Ինչպե՞ս եք կարծում՝ այս տարիների ընթացքում երկիրը փոխվե՞լ է:

- Ութ տարի առաջ ակնհայտ էր, որ ուրախանալու շատ պատճառ չկա: Իսկ հիմա նորակառույց օդանավակայանում հայտնվելիս արդեն դեմքիդ ժպիտ է հայտնվում: Մթնոլորտն այնպիսին է, որ ոչ միայն անընդհատ ուզում ես վերադառնալ այստեղ, այլև նույնը խորհուրդ տալ ֆրանսիացի ընկերներիդ: Բայց ժողովուրդը մնացել է նույնը՝ բարի ու կարեկից՝ չնայած բոլոր զրկանքներին: Հիշում եմ, որ 2004-ին Էջմիածնում ինձ մի կին մոտեցավ: Սկզբում ինձ թվաց՝ ուզում է մի բան հարցնել կամ փող խնդրել: Բայց նա ուղղակի ձեռքը շրթունքներիս հպեց ու ասաց, որ շատ լավ մարդ եմ: Ասաց ու հեռացավ: Ապշել էի… Նրա ժպիտն ու բարությամբ շողացող աչքերն ինձ տատիս հիշեցրին:

Իսկ հայերենին տիրապետու՞մ եք:

- Ցավոք, դեռ ոչ, հայերենը բարդ լեզու է: Դրա փոխարեն ամեն երեկո Երևանի Վերնիսաժում հորս գնած դուդուկն եմ նվագում: Հիմա ոչ մի համերգ չեմ տալիս առանց այդ գործիքի:

Ինչպե՞ս եք համատեղում հայկական ու կորսիկական արմատները:

- Կորսիկացիները ուժեղ, ուղղամիտ ու ազնիվ ժողովուրդ են: Այսինքն՝ շատ առումներով նման են հայերին: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ծնողներս իրար սիրեցին: Ի դեպ, այնպես զուգադիպեց, որ նրանց ազգանունները՝ մորս Ֆիորին ու հորս Շուշանյանը, «ծաղկե» արմատներ ունեն:

Իսկ ինչու՞ մայրական ազգանունը վերցրեցիք:

- Այդ որոշումը կայացրեցի, երբ սկում էի բեմական կարիերան: Հորս թույլտվությամբ, իհարկե: Խնդիրը նա էր, որ դպրոցում ամբողջ ժամանակ դժվարություններ էին առաջանում Շուշանյան ազգանվան արտասանության հետ: Ուսուցիչները երբ մատյանում հասնում էին իմ անվանը, դժվարությամբ էին արտաբերում «Պատրիկ Շա… Պուշ… Շաշ…»… Չափազանց միամիտ կլինեի, եթե հույս տածեի, որ հանդիսատեսը կհիշի այդ ազգանունը:

«Մայրիկ» ֆիլմն է հիշեցնում: Այնտեղ էլ գլխավոր հերոսը մանկության տարիներին նույն խնդիրներն ուներ:

- Շա՛տ ճիշտ է: Ես շատ լավ հիշում եմ պատանի Ազատ Զաքարյանին, ով արդյունքում ազգանունը փոխեց: Նրա պես ես էլ որոշեցի հեշտացնել կյանքս: Խելքս գնում է այդ ֆիլմի ու դրա երաժշտության համար: Մի քանի տարի առաջ վերցրեցի գլխավոր մեղեդին ու գրեցի Les Montagnes d’Arménie (Հայաստանի Լեռները) երգը: Ի դեպ, դրանից առաջ Եվրոտեսիլին մասնակցելու համար ես Կորսիկային նվիրված երգ էի գրել: Մայրս, լսելով կատարումս, արտասվեց: Կորսիկան ու Հայաստանը նույնչափ կարևոր են ինձ համար:

Կորսիկացիներին չգիտեմ, բայց հայերը երգող ազգ են: Ձեր տանը հնչո՞ւմ էր երաժշտություն:

- Ինչ ինձ հիշում եմ, միշտ շրջապատված եմ եղել երաժշտությամբ: Երբ փոքր էի, քույրերս երգում էին հետս ու օրորում ինձ հին երգերի ներքո: Բոլորն են երգում, նույնիսկ հայրս, ով, չնայած օժտված չէ մեծ ձայնային տվյալներով, ստեղծագործում և իմպրովիզ է անում: Մեր տանը հաճախ էին հայկական երգեր հնչում: Դրանք պրոֆեսիոնալներ էին կատարում. հայրս տուն էր հրավիրում հայկական համայնքի ներկայացուցիչներին: Այդ հավաքույթների ժամանակ էլ հենց ելույթ էին ունենում իսկական երաժիշտները: 14 տարեկանում էլ ես տատիս համար, ով այդ ժամանակ արդեն մահամերձ էր, մի քանի հայերեն երգ կատարեցի: Սա թերևս կյանքիս ամենապատասխանատու ու կարևոր ելույթն էր. հպարտանում եմ դրանով:

Այդ պահին արդեն որոշե՞լ էիք, որ երգիչ եք դառնալու:

- Մյուս պատանիների պես ես էլ, երբ դեռահաս էի, ուզում էի հնարավորինս անկախ լինել: Էլ ի՜նչ ասես՝ չեմ արել, որ գրպանի փող վաստակեմ. էլեկտրիկ էի, զարդարար, նկարիչ, տարբեր բաներ եմ փորձել: Բայց դեռ մանկուց էի որոշել, որ վաղ թե ուշ դառնալու եմ երգիչ: 12 տարեկանում սկսեցի Մարսելի օպերայում երգել: Ինձ այնտեղ հրավիրել էր հայտնի դերասան Ֆրանկ Ֆերնանդելը: Բայց չէի հասնի այն ամենին, ինչն ունեմ այսօր, եթե ծնողներս չլինեին: Նրանք ընդառաջ գնացին երգիչ դառնալու իմ ցանկությանը և ընդհանրապես, երբեք ոչինչ չեն արգելել կամ պարտադրել: Հայրս նաև կիթառ նվագել սովորեցրեց: Նրանք, այսպես ասած, ձեռքս բռնեցին և օգնեցին ինձ անցել ընտրածս ճանապարհը: Ինձ թվում է՝ այս պատճառով է, որ ինչ նախաձեռնում եմ, անում եմ մեծ ուրախությամբ ու սիրով:

Դուք հաջողության հասաք «Եվրոտեսիլ»-ում մասնակցելուց հետո, իսկ համաշխարհային փառքի՝ «Փարիզի Սուրբ Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի շնորհիվ: Չե՞ք նյարդայնանում, որ շատերը մինչև հիմա Ձեզ կապում են Ձեր հերոսի հետ:

- Դա ինձ երբեք չի անհանգստացրել: Մեծ հաճույքով եմ հիշում այն մի քանի տարիները, որոնք անց եմ կացրել «Փարիզի Սուրբ Աստվածամոր Տաճար»-ում որպես գլխավոր դերակատերներից մեկը: Հիշում եմ բոլոր ելույթները, առաջին պրեմիերան: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ օրերից են, չնայած հեշտ չէր ամեն օր ընկերներս հետ բեմ դուրս գալ ու այդքան աշխատել: Մյուզիքլը այնպիսի մեծ հաջողություն ունեցավ, որ մեզնից հետո այն բեմադրեցին տասնյակ այլ թատերախմբեր, բայց կարծում եմ՝ մեզնից լավ ոչ մեկին չհաջողվեց կատարել այն: Դա մի հիասքանչ ճանապարհորդություն էր, հսկայական փորձ ու իհարկե, մի նախագիծ, որը կրկնապատկեց մեր փառքը. մյուզիքլի շնորհիվ իմ կարիերան Ֆերարիի պես սրընթաց վերև բարձրացավ: Ի դեպ, չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց միտք ունեմ մյուզիքլը Երևան բերել: Ինչքան գիտեմ, Հայաստանում քիչ չեն «Աստվածամոր Տաճարի» երկրպագուները:

Իսկ կա՞ նմանություն Ձեր ու Ձեր հերոսի՝ սրտեր գերող Ֆեբայի միջև:

- Չէի ասի, որ այդ կերպարն իմ կրկնօրինակն է: Ուղղակի նա ունի բոլոր տղամարդկանց բնորոշ որոշ հատկանիշներ:

Երբ Հայաստանում լայն տարածում գտան «Տաճարի» երգերը, միանգամից սկսեցին խոսել երեք գլխավոր աստղերի՝ Պատրիկ Ֆիորիի, Էլեն Սեգարայի ու Գառուի հայկական արմատների մասին…

- Ինչքանով գիտեմ, Գառուն հայ չէ: Չնայած հանգիստ կարող էր լինել՝ զվարթ է, տաղանդավոր, բարետես ու նաև ջենտլմեն: Չէ՞ որ մենք այդպիսին ենք: Իսկ Էսմերալդան, այսինքն՝ Էլեն Սեգարան, հայուհի է կիսով չափով, ինչպես ես: Ավելին՝ նա նույնպես Կորսիկայից է: Կորսիկայի հայերը սերտ կապեր ունեն միմյանց հետ, և մենք մյուզիքլում հայտնվելուց շատ առաջ արդեն ընկերներ էինք:
Մյուզիքլում Դուք առաջին անգամ համատեղեցիք երգը դերասանական խաղի հետ: Ցանկություն չկա՞ր շարունակել այդ փորձը թատրոնում կամ նույնիսկ կինոյում:

- Դերասանությունն իրոք, ինձ բավականին հետաքրքիր թվաց: Վերջերս հայտնի դերասան Միշել Գելաբրյույի հետ մի բեմադրության մեջ խաղացի՝ վատ չէր: Իսկ կինոն արդեն լրիվ ուրիշ աշխարհ է, որն այլ մոտեցում է պահանջում: Կարծում եմ, բավականին բարդ է համատեղել երգչի կարիերան նկարահանման հրապարակի հետ: Դրանից բացի, կինոյում դեռ ինձնով հետաքրքրված չեն, իսկ ինքս այն մարդկանցից չեմ, ովքեր խնդրում եմ, որ իրենց դերեր տան: Եթե վիճակվի, մի օր էլ կադրում կհայտնվեմ:

Ունե՞ք հաջողության Ձեր գաղտնիքը:

- Ամեն ինչ շատ պարզ է՝ եղի՛ր այն, ինչ ես ու մի՛ կրիր դիմակներ:

Բայց կարծիք կա, որ շոու բիզնեսում չես կարող ինքդ քեզ չկորցնել:

- Առաջին հերթին՝ ես այդքան էլ շոու բիզնեսում չեմ: Ու հետո՝ չնայած դերասան եմ, ապրում եմ Ձեր կյանքին շատ նման կյանքով, հավատացե՛ք: Ես նույնպես աշխատանքի եմ գնում, վերադառնում տուն, խոհանցում դուռն եմ ներկում, խանութ եմ գնում, հեռուստացույց դիտում: Ամեն ինչ մարդուց է կախված: Իսկ մարդը սկսում է ընտանիքից: Ինձ տանը սովորեցնում էին, որ չի՛ կարելի խաբել ո՛չ ինքդ քեզ, ո՛չ մյուսներին. պետք է սրտիդ թելադրանքին լսես ու մարդկանց հարգես: Այդպես էլ աշխատում եմ ապրել:

Պատրիկ Ֆիորի
Իսկական անունը՝ Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյան
Ծնվել է Մարսելում 1969-ին:
12 տարեկանում առաջին անգամ հանդես է եկել երաժշտական բեմադրության մեջ:
17 տարեկանում ձայնագրել է առաջին սինգլը:
1993-ին 24 տարեկանում Mama Corsica երգով մասնակցել է Եվրոտեսիլին ու զբաղեցրել 4-րդ տեղը:
1998-ին կատարել է Ֆեբայի դերը Ռիկարդո Կոչանտեյի «Փարիզի Սուրբ Աստվածամոր Տաճարը» մյուզիքլում:
Ֆիորին հիմա ունի շուրջ 8 ալբոմ ու երկու տասնյակ սինգլ: Հայաստանում երգչի առաջին համերգը 2004-ին էր, իսկ 2012-ի մարտին նա հանդես եկավ Mezzo Classic House Club երևանյան ակումբում:

«Ереван» ամսագիր, Н5(75), 2012

Այս թեմայով