06 Փետրվար 2017, 23:45
3302 |

Պատերազմի, Լուի եղնիկի և տիկին Էմմայի մասին

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մի մասը Հայ-ադրբեջանական չեզոք գոտում է՝ անբնակիչ կիսավեր հասցեները, խաչազուրկ եկեղեցին ու երբեմնի մրգատու ծառերին ականներով փոխարինած այգիները բնակիչների համար սովորական են: Մինչև այսօր մերթընդմերթ լսվում են կրակոցների ձայներ, որոնց լուռ վկայությունը բնակելի տների վրա փամփուշտների հետքերն են: Պատերազմի վտանգը դատարկել է գյուղը, փակ դռներով տներն ավելի շատ են: Անտառափեշին ծվարած Ոսկեպարի ներկայիս բնակիչները պատերազմին ընտելացած խաղաղ են ապրում:

Պատերազմը Լուի եղնիկին տվեց ընտանիք

Ոսկեպարցի 63 ամյա տիկին Էմմա Պապյանը այսօր մեծ տանը ապրում է ամուսնու հետ: Չորս աղջիկներն էլ ամուսնացել են ու տնից գնացել, սակայն ակտիվ ու կենսասեր բնավորության շնորհիվ երբևէ միայնակ չի զգացել իրեն: Նա աչքի է ընկել գյուղում նախաձեռնողականությամբ ու ակտիվությամբ, հաճախ է պատահել, երբ գյուղացիներին հուզող հարցերը բարձրացրել է համապատասխան տեղերում: Պատերազմի ժամանակ էլ հրացանն ուսից չի գցել: Տիկին Էմման պատմում է, պատերազմը ոչ միայն մարդկանց էր ահի ու սարսափի մեջ պահել, այլ նաև անտառի կենդանիներին: «Կենդանիներին էլ է դժվար պատերազմի օդը շնչել»,- հավելում է Էմմա Պապյանը:

Կռվի օրերից մի  երեկո տիկին Էմմայի ամուսինը անտառում ծառի տակ կուչ եկած եղնիկի ձագ է գտնում ու տուն բերում: Տիկին Էմման վստահ է, որ ամուսինը եղնիկին փրկել էր պատերազմից, իսկ ինքը փրկվածին ընտանիք էր տվել՝ առանց որևէ փոխաբերության: Տպավորված կարդացած գրքերի հերոսներով՝ եղնիկին Լուի է անվանել: «Այծի կաթ էի առնում, միայն դա էր ուտում: Հետո, երբ մեծացավ ամեն ինչ ուտում էր, որ տրամադրություն չէր ունենում շոկոլադի թուղթն էի խշխշացնում անմիջապես վեր էր կենում ու քայլում դեպի ինձ: Որտեղ նստում էի գալիս մոտս տեղավորվում էր, ինչ ուտում էի կեսն էլ իրեն էի տալիս: Հիշում եմ մի անգամ ամբողջ օրը ոչինչ չկերավ, հասկացա որ հիվանդացել է, չգիտեի ինչ անեի, շատ էր խելոքացել, մտածեցի մրսել է՝ շալս փաթաթեցի փորին ու բազմոցին նստեց»,- խանդավառությամբ պատմում է Տիկին Էմման:

Հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է եղնիկը բարձրացել երկրորդ հարկը, տիկինը քմծիծաղով արձագանքեց. «Գոմում անասունների հետ հո չէինք թողնելո՞ւ, խանդում էր, որ բացի իրենից ուրիշ կենդանիներ էլ լինեին, ինքը մեր տղան էր դարձել… Անգամ բարեկամները նվեներով էին մոտը գալիս, ձմռանը նասկիներ էի հագցնում: Սովորել էր, հեշտ բարձրանում  կանգնում էր պատշգամբում ու երկար նայում անտառին, երևի կարոտում էր, բայց տնից չէր փախչում, հասկանում էր՝ գնա կկրակեն»:

Լուի եղնիկը 5 տարեկանում հիվանդանում է, տիկին Էմմայի սրսկած դեղերն ու անհատական խնամքը տևական ժամանակ երկարեցնում են Լուիի կյանքը, սակայն փրկության համար լրիվ պայքարել չի հաջողվում, ի վերջո սատկում է: Տիկին Էմման, այսօր խնամքով պահում է Լուի մշակված գլուխը, մորթին ու եղջյուրները, որոնց մի մասը մտերիմները տարել են որպես հիշատակ, իսկ 3 տարեկանի եեղջյուրներից մեկն էլ սիրով նվիրեց մեզ:

 

Այսօր տիկին Էմման հիշում է Ասկիբարի ադրբեջանցիների հետ խաղաղ էին ապրում՝ նույն խանութներից էին օգտվում, օգնում էին իրար, չի հասկանում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեց պատերազմը: «Թուրքը թուրք է մնում, իրենցից մեզ մոտ գերի կար խնամքով էինք վերաբրվում, ինքս եմ խաշլամա սարքել ամուսինս տարել է, որ սոված չմնա, իսկ իրենք  նույնկերպ չէին վերաբրվում: Մեր համագյուղացիներից մի կնոջ խոզեր հատել էին սահմանը, կինը գնացել էր խոզերի հետևից՝ էն օրն էին գցել, սարսափելի՝ նկարագրելու չի»,- պատմում է տիկին Էմման: Տիկին Էմմայի տարիքն ու առողջությունը այսօր թույլ չեն տալիս առաջվա նման ակտիվ լինել, չնայած զբաղելու միշտ ինչ-որ բան լինում է: Տիկին Էմման պատերազմի մասին այսպես անգամ հումորով է խոսում. «Էդ պատերազմը երազի նման է, գիտես որ հետո միշտ պետք է արթնանաս ու շարունակես ապրել: Էլի են կրակում, միշտ էլ կրակում են: Ես  էլ կրակոցների ձայնից վաղ արթնանում եմ ու մի գործ կանեմ, այգին կմշակեմ, այ գիտեք ինչո՞ւ է էսպես բերքառատ այգի»,- ծիծաղում է ու հրավիրում սեղան համտեսելու կրակոցների ձայնից վաղ արթնացած իր ձեռքով մշակած այգու պտուղներն ու հայ տնտեսուհուն վայել պատրաստած այլ բարիքներ:

Տպավորված գյուղի բնությամբ, գյուղացիների ջերությամբ ու Լուիի պատմությամբ, վերադառնում ենք քաղաք՝ ճանապարհին մտածելով, թե ինչ վերջաբան տալ շարունակվող կրակոցների ներքո ապրող գյուղացու մասին պատմությանը, երբ լսում ենք տաքսիստի ձայնը. «Աղջիկ ջան էս կողմում նստի, վտանգավոր է հնարավոր է կրակոց լինի»: Վերջաբանն էր:

Այս թեմայով