24 Նոյեմբեր 2016, 23:39
105 |

ЕрМИ-ի տղաները՝ Բժշկականում. նշվեց ЕрМИ ՈւՀԱ թիմի 25-ամյակը

Նոյեմբերի 24-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալվեցին ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը և թիմի այլ անդամներ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի կազմակերպած «Ուսանողական աշուն 2016» փառատոնն այս տարի նվիրված է ЕрМИ ՈւՀԱ թիմի 25 և ՈՒՀԱ-ի 55-ամյակներին:

Հոբելյական միջոցառումն ուղեկցվեց երաժշտական և հումորային համարներով. ելույթ ունեցան բուհի «Մեդունի» էստրադային համույթը, ԵՊԲՀ ՈՒՀԱ ARMMED թիմը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահեցրեց, որ հիմնադրամի համար ուսանողության բոլոր ծրագրերը կարևոր են անկախ ամյակներից: Այնուհետև նշեց, որ առանձնահատուկ տեղ ունի ЕрМИ թիմի 25-ամյակը. «90-ականներին հավաքել նման թիմ ու ներկայանալ Բժշկականի անունից և բարձր դիրքերի հասնել թե՛ մեր բուհի, թե՛ երկրի պատիվն է: Ուստի այդ ամյակը նշելը մեր ուսանողների համար կարևորվում է: Հույս ունեմ, որ այսօրվա ուսանողության մեջ էլ կան մարդիկ, որ լինելով բժիշկներ` կարողանում են և՛ լավ ստեղծագործել, և՛ տարբեր մրցույթների մասնակցել ու, որ ամենակարևորն է, հաղթել: Բոլորին ցանկանում եմ հաղթանակ ոչ թե մրցանակի տեսքով, այլ իրենց ստեղծագործությունների, գիտելիքների և հմտությունների տեսքով»: Դիտարկմանը, թե վերջին տարիներին ՈՒՀԱ-ի` ուսանողական երիտասարդական թիմեր հիմնականում աչքի չեն ընկնում, պարոն Ավագյանն այսպես արձագանքեց. «Հումորային մասով միգուցե նման խնդիր առաջացել է, բայց գիտական, կրթական ոլորտում ոչ, քանի որ թե՛ առարկայական օլիմպիադաներում հաղթանակները, թե՛ երիտասարդ գիտնականների տարբեր հաջողությունները միջազգային ասպարեզում թույլ են տալիս հպարտանալու, որ մեր ուսանողությունը բոլոր հարթակներում ճիշտ է ներկայացված: Եթե նման ծրագիր կա, որ հնարավորություն է տալու մեր երիտասարդական հումորային թիմերին ներկայանալ միջազգային հարթակներում, ապա այդ ծրագիրը կքննարկվի հիմնադրամի կողմից»:

Ողջույնի ու շնորհակալական խոսքերով հանդես եկան նաև ЕрМИ թիմի անդամները:

«Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ կարծես ժամանակի մեքենա լինի. ամեն անգամ բուհ վերադառնալիս վերադառնում են այն տարիները, երբ սկսել էին իրենց գործունեությունը և զգում ջերմություն ու տաքություն: Դառնալով երիտասարդների հումորային կատարումներին՝ պարոն Ղազարյանը նշեց, որ նրանք բավականին բարձր որակի հումոր են ցուցադրում: Ուսանողների ՈՒՀԱ թիմերի՝   միջազգային փառատոններին մասնակցության խնդրի մասին Կարեն Ղազարյանը նշեց. «Կարծում եմ այստեղ լեզվի, ինտելեկտի, գիրք կարդալու հետ կապված խնդիր կա: Այն, ինչ տեսանք բեմում, համենայն դեպս տեղ ունի զարգանալու և առաջ գնալու»:

«Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանին ևս դուր եկավ Բժշկականի ՈՒՀԱ թիմի ցուցադրած հումորը. «Երիտասարդներն ունեն լավ որակի հումոր և արտիստիկ տվյալներ: Ամենակարևորը, հանդիսատեսը նրանց սիրում  և ջերմ  է ընդունում: Իսկ թե ինչու ՈՒՀԱ-ի երիտասարդական թիմերը չեն կարողանում ներկայանալ միջազգային  փառատոններին, կարծում եմ դրա հիմնական պատճառն այն է, որ ավելի քիչ են գիրք կարդում և ավելի քիչ աշխատում իրենց վրա»:

 

Այս թեմայով