31 Հուլիս 2014, 15:44
2010 |

Մարկ Սաղաթելյանի կյանքի կանոնները

Պարզ երգեր գրում են նրանք, ում մտքում սիմֆոնիաներ են հնչում: Մարկ Սաղաթելյանի երգերը նրա հումորն ու խարիզման էին: Նա տեսնում էր բարդը, բայց միշտ ընտրում էր պարզը, ոչինչ չպարտադրողը և դրականը: Սկզբում նա ՈՒՀԱ-ի լեգենդար ԵրՄԻ թիմի դեմքն էր. թիմ, որը իսկական հեղափոխություն արեց ուրախների և հնարամիտների ակումբում՝ առաջարկելով ելույթի անսպասելի, հանդուգն ձևաչափ: Հետո Մարկը շարունակեց գործունեությունը հայկական և ռուսական հեռուստաընկերություններում որպես հաղորդավար, շոումեն: Նրա բոլոր դերերը, նախագծերը թվարկելը շատ ժամանակ կխլի, թեպետ բոլորս էլ շատ լավ հիշում ու սիրում ենք դրանք: Դրա փոխարեն առաջարկում ենք հիշել նրա մտքերը, գաղափարները, մեջբերումները, որոնք պարզ էին, կյանքից վերցրած ու հենց դրանով էլ զավեշտալի:

Ես մի բան եմ հասկացել՝ պետք է հաճույք ստանալ կյանքի ամեն պահից: Նյարդայնանալ ընդհանրապես իմաստ չունի: Կյանքում այնքան վատ բաներ կան, որ մարդը նույնիսկ չի էլ կարող պատկերացնել: Ես անցել եմ այդ ամենի միջով ու հասկացել, որ պետք է հաճույք ստանալ կյանքի յուրաքանչյուր վայրկյանից, ժպտալ, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Հասկանում եմ՝ դա բարդ է, բայց այդպես է պետք ապրել, որովհետև վաղվա օրը կարող է այդպես էլ չգալ: Այսօր դու կարող ես ուրախ քայլել, իսկ վաղը հնարավոր է ընդհանրապես գոյություն չունենաս:

Մարդկային անխելքությունն ու հիմարությունը սահման չունեն: Նաև ինձ ապշեցնում է համատարած անգրագիտությունը:

Երբեք չեմ հասկացել մարդկանց, որոնք դաջվածքներ են անում: Ինձ թվում է՝ դա նույնն է, ինչ ամեն օր նույն վերնաշապիկը կրես:

Մի անգամ ՈՒՀԱ ԵրՄԻ-ի թիմով հավաքվեցինք սցենար գրելու: Արդեն երիտասարդ չէինք, մեծ մարդիկ էինք, բայց ինչ-որ պահի մեզ հետ տեղի ունեցավ հրաշալի մետամորֆոզ: Միանգամից ինչ-որ տեղ անհետացան վերջին 20 տարիները: Ակնթարթորեն մոռացվեցին մեր զբաղեցրած պաշտոնները, սոցիալական և ֆինանսական կարգավիճակները, հաջողություններն ու հիասթափությունները: Մենք բոլորս, ի դեպ ենթագիտակցորեն, վերածվեցինք 20 տարեկան տղաների՝ տաք վերակուներով նստած ու մատները տաքացնող Ֆուջիկա կերոսինկայի մոտ, որպեսզի կարողանային գրել: Դա հեռավոր 1992-ին էր, մութ նկուղում, մոմի լույսի տակ: Հենց այդ ժամանակ էր, որ մեզ հաջողվում էր գրել լավագույն կատակներն ու բեմադրությունները: Հենց այդ ժամանակ էր, որ մենք ՈՒՀԱ-ի անպարտելի ԵրՄԻ թիմն էինք: Հենց այդ ժամանակ էինք մենք իսկական մենք: Եվ այսօր ես հասկացա՝ հենց այն ժամանակ, 20 տարի առաջ, մենք իսկապես երջանիկ էինք:

Մի անգամ հեռավոր 90-ականներին բեմից ասացինք՝ «Ազատությունը նման է վարտիքի ռեզինի, երբ այն շատ է, վարտիքը ընկնում է» Ստացեք…
Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ տնտեսագետ, բայց ես գիտեմ, որ պետք է զարգացման այլ ուղիներ փնտրել: Այդ ժամանակ հասարակությունը ավելի բարի կդառնա:

Այսօր մեր հասարակությունը բարի չէ, մարդիկ չարացած են: Ես նրանց հասկանում եմ՝ մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ:

Այսօր փողը համարվում է ամենաբարձր արժեքը: Առաջ ընկերությունն էին գնահատում, փողի վրա նույնիսկ ուշադրություն չէին դարձնում:

Համատարած սոցիալական անհավասարություն: Խելացի մարդը պետք է լավ ապրի, իսկ այսօր հակառակն է:

Գնահատեք այն լավը, որն ունեք: Այնքան բարդ է դա ձեռք բերել և այնքան հեշտ կորցնել: Եղեք ավելի հանդուրժող և բարեհոգի շրջապատի նկատմամբ: Միայն բարի սիրտն է մտքի հետ համահունչ բաբախում:

Ինչո՞ւ են միշտ հեռանում նրանք, որոնք անհրաժեշտ է ու պարտադիր, որ մնան, որովհետև իրենց կյանքով լույս ու հույս են տալիս մյուսներին…

Ապրիլի 24: Տարվա մեջ միակ օրն է, երբ մենք՝ հայերս, մտածում, անհանգստանում, արտահայտվում ենք միանման, բոլորս մեկ հոգու պես: Այդ դեպքում ինչո՞ւ մենք նույնը չենք անում նաև տարվա մյուս օրերին: Ի՞նչ է պատահել, մի՞թե չենք կարող միասնական լինել: Հենց այդ օրը թող սկսեն խորը մտածել այն հայերը, որոնք գնում են հանգստանալու Անթալիա, Քեմեր:

Սարերից բարձր կարող են լինել միայն մեր սարերը:

Մարդիկ, ինչպես և շախմատում, բաժանվում են սպիտակների և սևերի, պարզապես կյանքում առաջին քայլը միշտ սևերն են անում:

Երբեմն պետք է կյանքին նայել ուրիշի աչքերով, որպեսզի քեզ կողքից տեսնես:

Ինտելիգենտ լինել նշանակում է աշխարհին և մարդկանց հանդուրժողաբար վերաբերվել:

Շատերը քննադատում են շոու-բիզնեսը, որովհետև խառնում են այն մշակույթի հետ: Առաջինը շոուի միջոցով գումար վաստակելու փորձ է, իսկ մշակույթը կենսակերպ է, որով մարդը տարբերվում է կենդանուց, ժողովուրդները՝ մեկը մյուսից:

Հիմարին փայփայում են, հիմարին հոգատար կերպով աճեցնում են: Հիմար լինելը դարձել է օրինաչափ, մի որոշ ժամանակ հետո հիմար լինելը կլինի իդեալական:

Փակ աչքերով ես ոչնչի չեմ հավատում: Ես պետք է ամեն ինչ տեսնեմ իմ աչքերով և համոզվեմ:

Նրանք, որոնք թույլերի հետևից են գնում, սխալվում են: Ի՞նչ կարելի է սովորել թույլից. միայն վախկոտություն:

Ես բնակվում եմ Չարենցի փողոցի վրա: Արդեն 7 օր է՝ չեն վերանորոգում մեր փողոցի ասֆալտը: Ուղղակի վիրավորական է: Փաստորեն «Ավելի լավ Երևանը» չասֆալտապատված Երևանն է:

Ծանր սրտով, բայց պարզ մտքով լքում եմ Երևանը: Ծանր սրտով, որովհետև փողոցը, որի վրա ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետև ընկերներս այդպես էլ ավելի լավ չսկսեցին ապրել, որովհետև մարդկանց աչքերում այդպես էլ հույս չտեսա, որովհետև իմ քաղաքը այլևս այդքան էլ իմը չէ: Ու միայն պարզ միտքն է հանգստացնում՝ ես դեռ կվերադառնամ, մենք դեռ կվերադառնանք:

Այս թեմայով