25 Հոկտեմբեր 2014, 18:03
1588 |

Սկսում ենք ռեանիմացվել

Անիմացիոն ֆիլմերի մեծ պրեմիերաներ, անվանի հյուրեր, ինքնատիպ նորարարություններ. վեցերորդ ՌեԱնիմանիա կինոփառատոնը խոստանում է զարմացնել։

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 25-31-ը: Այս տարի փառատոնը հարուստ է աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերի պրեմիերաներով. «Երեւանյան պրեմիերաներ» արտամրցույթային ծրագրի շրջանակներում տեղի կունենա լիամետրաժ անիմացիոն ֆիլմի 6 տարածաշրջանային պրեմիերա:

Հայաստանում կհյուրընկալվեն արտասահմանյան անվանի անիմատորներ, կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն մի շարք արտամրցութային նորարարական ծրագրեր:

Կինոփառատոնի բացումը կնշանավորվի ռեժիսոր Ստեֆան Բեռլանի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը»  ֆիլմի պրեմիերային ցուցադրությամբ: «Ֆրանսիական այս անիմացիոն մյուզիքլն արդեն մասնակցել է միջազգային երեք փառատոններին, և մեզ վերջապես հաջողվեց բերել այն Հայաստան: Մեզ համար նաև մեծ պատիվ է հյուրընկալել այդ ֆիլմի ռեժիսորին Հայաստանում», - ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը:

Նա նաև նշում է, որ փառատոնի տարածաշրջանային պրեմիերաները ընտրված են  այս տարի ստեղծված աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերից:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա մեկ այլ նշանավոր իրադարձություն՝ Հելեն Ժիրոյի «Թրթուրներ: Արկածներ մրջյունների հովտում» ֆիլմի պրեմիերան: 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ «ՌեԱնիմանիա» 6-րդ անիմացիոն կինոփառատոնը կներկայացնի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «Ֆոլիմաժը»՝ իր ֆիլմերի լավագույն ընտրանիով: Ծրագրի շրջանակներում կցուցադրվի ստուդիայի 4 լիամետրաժ կինոնկար, ինչպես նաեւ կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Սերժ Բեսեթը:

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր եւ կարեւորագույն նորորարություններից մեկը արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է. Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը, Իլյա Յուդովիչի եւ Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Ավանդույթի համաձայն՝ «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Վարպետության դասընթացներ» ծրագիրը: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի եւ մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ եւ դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա):

«Անիմացիայի հսկաները» ծրագրի շրջանակներում այս տարի կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 եւ հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանա ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրությունների ծրագիրը:

 «ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կմասնակցեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից։

Այս տարի «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր եւ հոլովակներ: Փառատոնի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում («Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմեր») կցուցադրվի շուրջ 200 ֆիլմ:

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերային ցուցադրումով:

Կինոփառատոնի բացման եւ փակման պաշտոնական  արարողությունների բեմադրիչն է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

Երեւանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:

Այս թեմայով