25 Հոկտեմբեր 2013, 17:35
2659 |

Կենդանի պատկերներ

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Երևանում հինգերորդ անգամ տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը: Փառատոնի հիմնադիր և ղեկավար Վրեժ Քասունին պատմում է, թե այդ օրերին հատկապես որ ֆիլմերը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել և, ընդհանրապես, ինչով է առանձնահատուկ այս տարվա «ՌեԱնիմանիան»:

«Արջուն. զինվոր-արքայազնը»,
Հնդկաստան, 2012
Ռեժիսոր՝ Արնաբ Չաուդհուրի
Մանկությունից ու անմեղությունից միանգամից մտնելով խաբեության և դավաճանության գորշ աշխարհը, Արջունը տարիքն առնելով դառնում է իր ժամանակների ամենահզոր մարտիկը, բացահայտելով, թե ինչ ճանապարհ է պետք անցնել հերոս կոչվելու համար: «Տեսել եք բազմաթիվ հնդկական կինոնկարներ, ժամանակն է տեսնել նաև հնդկական անիմացիա: Հետևել եմ ֆիլմի ստեղծման տարբեր փուլերին՝ սկսած մոտավորապես 2009 թվականից, իսկ այս տարի արդեն տեսա այն Աննսիի փառատոնի շրջանակներում: «Արջունը» մասնակցում էր մրցույթում և, ի վերջո, հեռացավ մրցանակով: Շատ հետաքրքիր է ֆիլմի սյուժեն, որը հիմնված է հնդկական էպոսի վրա: Արջունը, փաստորեն, իրենց Սասունցի Դավիթն է: Հսկա աշխատանք է տարվել վիզուալ մասի վրա՝կերպարները, նրանց բնակության աշխարհը փայլուն մակարդակի վրա են: Հնդիկ անիմատորներին հաջողվել է գրեթե հասնել դիսնեյյան անիմացիայի որակներին, չկորցնելով իրենց հատուկ ազգային նրբությունները: Վստահ եմ, որ «Արջունը» դեռ մեծ բարձունքների կհասնի զանազան փառատոներում: Կարևոր հավելում՝ հնդկական կինոյին հատուկ երգեր ու պարեր այստեղ չկան»:

«Առաքյալը»,
Իսպանիա, 2012
Ռեժիսոր՝ Ֆերնանդո Կորտիսո
Բանտից փախուստ կատարած դատապարտյալը գնում է մի հեռավոր գյուղ, որպեսզի վերցնի այնտեղ տարիներ առաջ թաքցրած գողոնը: Բայց այն, ինչ նա գտնում է, արժանացնում է նրան ավելի վատ բախտի: Չարակամ ծեր մարդիկ, տարօրինակ անհայտացումները, հոգիները, տարօրինակ ծխական քահանան և անգամ Սանտիագո դե Կոմպոստելայի ավագ քահանան կհանդիպեն մի պատմությունում՝ լի ահաբեկչությամբ, հումորով և ֆանտազիայով: «Տիկնիկային է: Սյուժեն այնքան վարպետորեն է մշակված, որ դիտելու ընթացքում մի պահ մոռանում ես, որ մուլտֆիլմ է, թվում է՝ լուրջ դետեկտիվ կինոնկար ես դիտում' իսկական դերասաններով: Շատ հետաքրքիր է նաև անիմացիայի տեխնիկան՝ Իսպանիան տիկնիկային անի-մացիայի մեծ ավանդույթներ ունի, և «Առաքյալը» դրա ամենավառ ապացույցներից է»:

«Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն»,
Բրազիլիա, 2013
Ռեժիսոր՝ Լուիս Բոլոնյեզի
Պատմությունը կառուցված է անմահ հերոսի և Ժանայնայի սիրո շուրջ. մի կնոջ՝ ում հերոսը սիրում է 600 տարի: Սյուժեն ընդգրկում է Բրազիլիայի պատմության չորս կարևոր ժամանակահատված. 1500 թվականը, երբ երկիրը հայտնաբերվել է պորտուգալացի ճանապարհորդների կողմից, 1800 թվականը, երբ այնտեղ դեռ ծաղկում էր ստրկատիրությունը, 1970 թվականը, երբ տիրում էր դիկտատորական համակարգը և ենթադրվող 2096-ը, որի ընթացքում երկրում ընթանում է պատերազմ ջրի պաշարներին տիրանալու համար: «Ճիշտն ասած, ինքս դեռ չեմ դիտել «Ռիոն», բայց կարող եմ ասել, որ այն հետաքրքիր է թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում մեծ ծաղկում ապրող բրազիլական անիմացիայի առաջին լիամետրաժներից է և այս տարվա Աննսիի գլխավոր մրցանակակիրը: Բացի դրանից էլ, ինչպես կարող է չհետաքրքրել վեց հարյուր տարվա սիրո պատմությունը. միանշանակ պետք է դիտել:

«Մինչ Սբորնիան կբաժանի մեզ»,
Բրազիլիա, 2013
Ռեժիսոր՝ Օտտո Գերրա, Էննիո Տորրեսան-կրտսեր
Ինչ է տեղի ունենում, երբ փոքր երկիր Սբորնիան մնացյալ աշխարհից բաժանող պատը պատահաբար քանդվում է: Հանդարտ և ժամանակում քարացած Սբորնիայի մարդիկ այժմ ենթարկվում են մեծ քաղաքից եկող քամիների հարվածներին: Ուժեղ մշակութային ցնցման արդյունքոմ առաջացած կոնֆլիկտները խառնաշփոթի մեջ են նետում գլխավոր հերոսների՝ Կրաունուսի և Պլետսկայայի՝ երկու հայտնի սբորնիացի երաժիշտների կյանքը: «Եվս մեկ բրազիլական ֆիլմ: Բառացիորեն օրեր առաջ է առաջին անգամ ներկայացվել հայրենիքում և ահա, դրանից հետո միանգամից պրեմիերա Հայաստանում: Ռեժիսոր Օտտո Գերրան Բրազիլիայի ամենամեծ վարպետներից է, ես կասեի՝ բրազիլական Ռոբ Սահակյանցը: Ի դեպ, նա արդեն եղել է «ՌեԱնիմանիայի» հյուրը և ներկայացրել է իր նախորդ ժապավենը՝ «Սեքս, օրեգանո, ռոքնռոլ»: Այս անգամ էլ Օտտոն կլինի Երևանում, և բոլոր հարցերը հնարավոր կլինի տալ իրեն անձամբ»:

«Իմ մայրը Ամերիկայում է և նա հանդիպելէ Բուֆալո Բիլին»,
Ֆրանսիա/Լյուքսեմբուրգ, 2013
Ռեժիսոր՝ Մարկ Բորեալ, Տիբո Շատել
Ժանը նման է ցանկացած վեցամյա տղայի, բացառություն է միայն այն փաստը, որ նա իր մոր հետ կապված ոչ մի հիշողություն չունի: Մի օր նա բացիկ է ստանում: «Աչքերս սրբելով եմ դուրս եկել դահլիճից, վստահեցնում եմ՝ դուք էլ կհուզվեք, երբ դիտեք այն Երևանում: Պատկերապատման էկրանավորում է, հիմնականում դիալոգային է, բացառիկ գեղեցիկ գրաֆիկայով: Ի դեպ, ռեժիսոր Մարկ Բորեալի հետ Աննսիում շփվելիս պարզեցի, որ իր կինը հայ է: Ամենայն հավանականությամբ, նա էլ անձամբ կներկայացնի ֆիլմը մեր հանդիսատեսին»:

«Հաստատված է որդեգրման համար»,
Ֆրանսիա/Բելգիա, 2012
Ռեժիսոր՝ Լորան Բուալո
Այս ճամփորդությունը ժամանակով կտանի Չանգին՝ որդեգրված կորեացուն, դեպի խաղաղ համակեցության իր ներքին բազմազանությունների միջև: «Սա էլ դեռ չեմ տեսել, բայց մեծ հետաքրքրությամբ սպասում եմ, քանի որ սա վերջին տարիներին անիմացիոն կինոյի նոր, շատ հետաքրքիր մի ենթաժանրի օրինակներից է: Խոսքը, այսպես կոչված՝ վավերագրական անիմացիայի մասին է: Ավելի ճիշտ, պատմական-քաղաքական, իրական փաստերի վրա հիմնված անիմացիայի: Այդպիսիք էին, օրինակ, «Պերսեպոլիսը» և «Վալսը Բաշիրի հետ» գործերը, որոնք անցած տարիներին ցուցադրել ենք այստեղ: Թեման՝ որբ երեխաների վաճառքը, ինքնին հետաքրքիր է: Առհասարակ, բաց մի թողեք «Քաղաքական-պատմական ֆիլմեր» ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է լինելու «ՌեԱնիմանիայում»:

Վրեժ Քասունին' այս տարվա յուրահատկությունների մասին
Մեծ ճանապարհ ենք անցել հինգ տարվա ընթացքում: Երբ 2009-ին դիմում էինք լուրջ կազմակերպությունների, փառատոների, ընկերությունների՝ ֆիլմեր բերելու համար, մեզ հետ մեծ կասկածով էին խոսում, քանի որ անհայտ էինք: Այսօր արդեն մեզ հետ հաշվի են նստում, հասկանում են, որ մենք ցուցադրում ենք միայն լավագույն անիմացիոն ֆիլմերը: Ինչ վերաբերում է երևանյան հանդիսատեսին, ապա մի քանի տարի առաջ շատ խորն էր այն կարծրատիպը, թե անիմացիոն ֆիլմը «մուլտիկ» է՝ երեխաների համար: Եղել էին դեպքեր, երբ ծնողները եկել էին երեխաների հետ ֆիլմ դիտելու, պարզվել էր, որ կային էրոտիկ կամ բռնության տեսարաններ: Բայց հինգ տարվա մեջ մենք ձևավորեցինք մեր հանդիսատեսին, որը հասկանում է՝ մենք ցուցադրում ենք լուրջ կինո, որը պարզապես կատարված է անիմացիոն տեխնիկայով և որ «անիմացիա» բնավ չի նշանակում «մանկական»:
Սիրահարների այգում կայացող ցուցադրությունները՝ նվիրված մեր անիմացիայի 75-ամյակին, հիանալի են անցնում, ամեն անգամ 200 հարյուրից ավելի մարդ է գալիս, զբաղեցնելով նախատեսված բոլոր հնարավոր տեղերը: Ներկան էլ, իր հերթին, տեղում չի դոփել: Այս տարվա կարևորագույն իրադարձությունները Նաիրա Մուրադյանի «Բալետն» է և Հայկ Սահակյանցի «Քվանտային թռիչքը», որոնք, իհարկե, կցուցադրվեն փառատոնի ընթացքում՝ մի քանի այլ հայաստանյան նոր ֆիլմերի հետ: Մի խոսքով, անիմացիայի սիրահարները կգտնեն ամեն ինչ:

Այս թեմայով